Ա․ Լոպուխին
«Իսրայելի որդիներից կազմված զորքից տեղահանվածները տիրելու են Քանանի երկրին մինչև Սարեփթա, իսր Երուսաղեմից վերաբնակեցվածները, որոնք գտնվում են Եփրաթայում, իբրև սեփականություն են ստանալու հարավային քաղաքները»: (Սինոդական թարգ․) [20]
20−րդ համարում շարունակվում է 19−րդ համարի նոր աստվածպետական թագավորության սահմանների ընդլայնման մասին միտքը: 20−րդ համարի բովանդակությունը նույնպես որոշակի շփոթություն է առաջացնում և ռուսերենում ենթադրաբար է փոխանցվում: «Իսրայելի որդիներից կազմված զորքից (uchel hasseh) տեղահանվածները (vegaluh) տիրելու են Քանանի երկրին մինչև Սարեփթա»: Այս խոսքերի թարգմանության ժամանակ ռուսերեն տեքստում «hasseh» դերանունը բաց է թողնվել. ավելացվել է «irschu» (տիրելու են) բայը: «Hachel» արտահայտությունը (նույն ընկալումն է նաև Վուլգաթայում) որպես «զորք, բանակ» է հասկացվում (ընդ որում՝ ենթադրվում է, որ «hache» արտահայտությունը 11−րդ համարում առկա «hachejl»−ի ընթերցման մեկ այլ տարբերակ է): Հավանաբար, «hachel» արտահայտությունը «chalal»−ից ծագեցնելով՝ Յոթանասնիցն այն «h arch» (սկիզբ) բառով է թարգմանել, և ամբողջ արտահայտությանը մասորեթական տեքստից տարբերվող իմաստ է հաղորդել։ Սլավոներենում «Իսրայելի առաջին աքսորյալները կժառանգեն» տարբերակն է: Սովորաբար, ժամանակակից մեկնաբաններն էլ են (Շեգգ, Օրելի, Կոնդամին) «hachel» արտահայտությունը «զորք» իմաստով ընկալում: Սակայն ոմանք այս բառին այլ իմաստ են տալիս՝ «ամրոց» (Գիտցիգ), «ավազ» (Էվալդի տեսակետի համաձայն` «hel»=«chol». «այդ ավազից, այսինքն՝ այդ ափերից վերաբնակեցվածները): Միտքը, սակայն, բոլոր նշված տարբերակներում էլ անհասկանալի է մնում. հասկանալի չէ, թե ինչու է «զորք» բառին «hasseh−այդ» ցուցական դերանունն ավելացվում. անհասկանալի է նաև այն, թե ինչու է առաջ քաշվում միայն զորքերի վերաբնակեցումը, երբ ամբողջ ժողովուրդն էր վերաբնակեցվել: Այս հանգամանքը հաշվի առնելով` Մարտին առաջարկում է «achel hasseh» արտահայտության ներքո այն տեղանքի պատմական անվանումը տեսնել, որտեղից մարդիկ վերաբնակեցվել էին: Գոոնակերը «hachel hasseh» արտահայտության փոխարեն առաջարկում է «hachalah seh» ընթերցել: «Hachalah» բառը «սպասել» իմաստով (տե՛ս Ծննդ. 8:1; Դատ. 3:25) կիրառվող «chul» բայից առաջացած (մասնիկով) դերբայ համարելով՝ Գոոնակերը եբրայերեն տեքստի «vegaluth hachel−hasseh» արտահայտությունը «ու Իսրայելի որդիներից գերության տարվածները սպասում էին» տարբերակով է թարգմանում: [Նմանատիպ ընկալման պարագայում] մարգարեն դիմում է նրանց, ովքեր, ըստ նրա կանխատեսման, դեռևս հայրենիք չէին վերադարձել և սպասում էին դրան: Հաջորդիվ Աբդիուն առանձին−առանձին խոսում է Իսրայելի որդիների և Երուսաղեմից գերի տարվածների մասին: «Քանանի երկիրը». եբրայերեն տեքստում «ascher kanaanim» անհասկանալի տարբերակն է, Յոթանասնիցում` «gh twn Cananaiwn», Վուլգաթայում` «omnia loca Chananeorum» («քանանացիների բոլոր վայրերը»): Ներկա կիրառման պարագայում անհասկանալի «ascher» (որը) դերանունը Նովակին և Գոոնակերին հիմք է տալիս ենթադրելու, որ «ascher» բառից հետո, ըստ 20−րդ համարի երկրորդ (որոնք Սարեփթայում են) հատվածի, սկզբնական տեքստում եղել է այն տարածքի անվանումը, որտեղ բնակվում էին գերիները, իսկ հաջորդիվ տեղադրված է եղել այն բայը, որի համար «kanaan» (այսինքն՝ Փյունիկիա, Ես. 23:8) արտահայտությունը իբրև լրացում է ծառայում: «Մինչև Սարեփթա». Սարեփթան Տյուրոսի ու Սիդոնի միջև գտնվող փյունիկյան քաղաք է, որն էլ հայտնի էր Եղիա մարգարեի կողմից այստեղ կատարած աղքատ ու այրի կնոջ որդու հարության հրաշքով (տե՛ս Գ Թագ. 17:17−23): «Իսկ Երուսաղեմից վերաբնակեցվածները (vegaluth), որոնք (аscher) Եփրաթայում են (bisepharad), իբրև սեփականություն (irschu) են ստանալու հարավային (hannegev) քաղաքները (eth araj)»: Այստեղ խոսքը Սեֆարդայում (հայերենում՝ «Եփրաթա») բնակվող Երուսաղեմից գերի տարվածների մասին է: Ասվում է, որ նրանք, Հակոբի տան հետ միանալով, տիրելու են հարավային քաղաքներին: Հստակ կերպով հայտնի չէ, թե մարգարեն ինչ նկատի ունի Սեֆարդա անվան ներքո: Այս անվան փոխարեն Յոթանասնիցը «ewj Efraqa» (սլավոներենում` «մինչև Եփրաթա») է ընթերցում: Թարգումը, ասորերեն թարգմանությունը, սուրբ Եփրեմ Ասորին, միջնադարյան ռաբբիներն ու քրիստոնյա որոշ մեկնաբաններ «Սեֆարդա»−ն որպես մի հեռավոր երկրի, մասնավորապես Իսպանիայի, անվանում են ընդունում: Վուլգաթայում «bisepharad» արտահայտությունը «in Bosphoro» տարբերակով է թարգմանվել: Երանելի Հիերոնիմոսն իր մեկնության մեջ հայտնում է, որ Եփրաթայի ու Բոսֆորի նույնը լինելու հանգամանքի մասին նա իմացել է այն հրեայից, ում օգնությունն օգտագործել է իր ուսումնասիրությունների ժամանակ: Ժամանակակից մեկնաբանները Սեֆարդա անվանումը նույնացնում են պարսկական արձանագրություններում հիշատակվող Սպարադ կամ Սպարդա անվան հետ։ Սա ազգության կամ տարածաշրջանի անվանում է, որի ներքո հասկացվում են Մարաստանը կամ էլ Սարդի քաղաքը (Գիտցիգ, Կնաբենբաուեր). Սեֆարդա անվանումը նույնացվում է նաև Սպարտա քաղաքի հետ (Կեյլ), որի անվանումը հրեաներին կարող էր հայտնի լինել փյունիկեցիների միջոցով: Լենորմանն ու Շրադերը Սեպարադ անվանումը նույնացնում են Սարգոնի արձանագրություններում հիշատակվող Մարաստանի հարավարևելյան հատվածում գտնվող «Schaparda» շրջանի հետ (Sayce A.H. The Land of Sepharad. Expos. Times.1902, vol. 4, p. 308): Գոոնակերը «Sepharad» անվան փոխարեն առաջարկում է ընթերցել «Sepharah», և դա Աստվածաշնչում հիշատակվող Սեփարուիմ քաղաքի կամ էլ բաբելոնյան Սիպարա բնակավայրի անվան եզակի թվով ընթերցման ձևը համարել (Դ Թագ. 17:24; 18:34): Վինկլերը և նրանից հետո նաև Մարտին Սեփարդան նույնացնում են սեպագիր արձանագրություններում հիշատակվող Separda անվան հետ և կարծում են, որ այն որպես Փոքր Ասիայի և հատկապես Փռյուգիայի անվանում կիրառության մեջ է մտել այս տարածաշրջանների վրա պարսկական տիրապետության հաստատումից ի վեր (Schrader E. Die Keilinschriften und das Alte Testament. 3. Aufl. Berlin, 1902–1903. S. 301): «Հարավային քաղաքները» (hannegev) արտահայտության փոխարեն Յոթանասնիցի հետ համընկնող սլավոներեն տեքստում «Նագեբի քաղաքները» տարբերակն է:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսրայէլի առաջին աքսորեալները կը ժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կը ժառանգեն Նագեբի քաղաքները:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիների՝ գերության գնացած այս զորքը պիտի ժառանգի քանանացիների երկրից մինչև Սարեփթա։ Եվ Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթում են, հարավային քաղաքներին պիտի տիրեն։
(Գրաբար) Եւ գերութեան սկիզμն ա՛յն իցէ որդւոցն Իսրայելի. երկիր Քանանացւոց մինչև ի Սարփաթ. և գերութիւնն Երուսաղեմի մինչև յԵփրաթա. և ժառանգեսցեն զքաղաքս Նագեբայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: