Աբդիուի մարգարեության մեկնություն 1:19

Ա․ Լոպուխին

«Եվ նրանք, ովքեր դեպի հարավ են գտնվում, տիրելու են Եսավի լեռանը, իսկ փղշտացիները, ովքեր որ դաշտերում են, տիրելու են Եփրեմի ու Սամարիայի դաշտերին, Իսկ Բենիամինն էլ տիրելու է Գաղգաղային»: (Սինոդական թարգ․) [19]
   
   19−20−րդ համարներում մարգարեն պարզաբանում է այն միտքը, որն արտահայտել էր 17−րդ համարի վերջին հատվածում: 19−20−րդ համարների տեքստը անհասկանալի է և ռուսերենում ենթադրաբար է փոխանցվում: «Եվ նրանք, ովքեր դեպի հարավ (vejarschu hannegev)  են, տիրելու են Եսավի լեռանը (eth−har esav)»: «Hannegev» (բառացիորեն` «չոր հող») արտահայտությունը, որը Յոթանասնիցում փոխանցվում է կաʹմ որպես հատուկ անուն՝ «Nageb» (այսպես է Աբդիու մարգարեի գրքում), կաʹմ էլ որպես հասարակ գոյական՝ «erhmoj−անապատ» (Ծննդ. 13:1, 24:12 և այլ հատվածներ), ի սկզբանե եղել է աշխարհագրական տերմին և մատնանշել է Հուդայի երկրի այն հատվածը, որը, Պաղեստինի մնացյալ տարածքների հետ համեմատած, սակավաջուր է: Հյուսիսում «negev»−ի համար իբրև սահման էր ծառայում Քեբրոնի մոտ գտնվող բլուրների շղթան կամ էլ Հուդայի լեռը, հարավում «negev»−ը ձգվում էր մինչև Ջեբել ել−Մագրա լեռը, արևելքում` մինչև հարավային Գորա և Արաբիա, իսկ արևմուտքում` Միջերկրական ծովի ափի երկայնքով ձգվող ավազոտ գոտին: Ժամանակի ընթացքում «negev» բառը սկսել է «հորիզոնի երկիր, հարավ» նշանակել: Աբդիուի գրքում այս արտահայտությունը կիրառվում է իբրև աշխարհագրական տերմին («negev» արտահայտության իմաստների մասին ընթերցի՛ր Cheyne T.K. Encyclopaedia biblica. London, 1902. Vol. III. P. 3374–79): Ռուսերեն տեքստում «hannegev» արտահայտությունն իբրև «vejsrschu» (տիրելու են) ստորոգյալի ենթակա է կիրառվում, ընդ որում, հաշվի առնելով «vejsrschu»  ստորոգյալի հոգնակի թվով գործածված լինելը, այն ազատորեն «նրանք, ովքեր դեպի հարավ են» տարբերակով է թարգմանվում: Ռուս թարգմանիչները այս նույն «vejsrschu» ստորոգյալի համար որպես ենթակա են համարել նաև դրանից մի փոքր ավելի հեռու գտնվող «haschschephelah» արտահայտությունը, որն էլ «իսկ ովքեր դաշտերում են» տարբերակով են թարգմանել: Եբրայերեն տեքստը նման կերպով է ընկալել նաև Յոթանասնիցը, որը «negev» (en Nageb) և «haschschephelah» («en th Sefhla», Թեոդիտոն` «en ksiladi») արտահայտություններն առանց թարգմանության է թողել։ Այստեղից էլ սլավոներեն տեքստում ծագել է «Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, և դաշտերը` օտարազգիները (այսինքն՝ փղշտացիները. Յոթանասնիցում`«oi en th Sefhla»)»: Ըստ ռուսերեն և սլավոներեն տեքստերի իմաստի` Հրեաստանի հարավային մասում ապրող (կամ բնակություն հաստատած) հրեաները տիրելու են Եսավի լեռանը, այսինքն՝ Եդոմին, իսկ դաշտավայրերում բնակություն հաստատածները հպատակեցնելու են փղշտացիներին: Ժամանակակից մեկնաբանները 19−րդ համարի տեքստն այլ կերպ են հասկանում. նրանք «vejarachu» արտահայտության համար ենթակա են համարում 18−րդ համարի «Հակոբի տունը և Հովսեփի տունը» բառերը. «Negev» ու «haschschephitah» արտահայտությունները դիտում են որպես «vejarachu» բառի անմիջական լրացումներ, իսկ «eth−har esav» (Եսավի լեռը) և «eth−pilischthim» (փղշտացիները) արտահայտությունները համարում են «negev» ու «haschschephitah» բառերի բացահայտիչներ: Նմանատիպ ընկալման պարագայում 19−րդ համարի առաջին հատվածը «և տիրելու են (Հակոբի տունը և Հովսեփի տունը) հարավին` Եսավի լեռանը և դաշտավայրին` փղշտացիներին» տեսքը կունենա. (Նովակ, Վելհաուզեն, Գոոնակեր. ընդ որում՝ «Եսավի լեռանը և փղշտացիներին» արտահայտությունը հետագայի հավելում է համարվում): Նմանատիպ ընկալման պարագայում միտքն ավելի հստակ է դառնում, քան ընդունված տեքստում է: Ըստ մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) տեքստի՝ 19−րդ համարի երկրորդ հատվածը «և տիրելու են Եփրեմի ու Սամարիայի դաշտերին, Իսկ Բենիամինն էլ տիրելու է Գաղգաղային» տարբերակով է ընթերցվում: «Եփրեմի դաշտ»−ը կամ էլ, ըստ Յոթանասնիցի, «oroj Efaim»−ը նույնն է, ինչ Սամարիայի դաշտավայրը, այսինքն՝ տասնատոհմյան թագավորության տարածքը: Ռուսերեն տեքստի համաձայն` «տիրելու են» ստորոգյալի համար իբրև ենթակա ծառայում են 19−րդ համարի առաջին հատվածի «ովքեր հարավում են, և ովքեր դաշտերում են» բառերը: Վերոհիշյալ արտահայտության իմաստը, ըստ ռուսերեն տեքստի, այն է, որ հրեաները տիրելու են Իսրայելական թագավորության տարածքներին, իսկ Բենիամինն էլ միևնույն ժամանակ տիրելու է Գաղգաղային, այսինքն՝ անդրհորդանանյան տարածաշրջանին: Պետք է նշել, որ Բենիամինի անունից հետո դրված «տիրելու է» արտահայտությունը ռուս թարգմանիչների կողմից է ներմուծվել. բնագրում այն բացակայում է: 19−րդ համարի երկրորդ հատվածում Բենիամինի մասին հիշատակությունը շփոթություն է առաջացնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ արդեն իսկ հիշատակվել էր Հակոբի ողջ տունը, որն իր մեջ ընդգրկում է նաև Բենիամինին: Յոթանասնիցը վերացրել է այս շփոթմունքը` ընդունելով, որ «Բենիամին» բառը, ինչպես նաև «Գաղգաղան», ոչ թե ենթականեր են, այլ «vejarschu» (տիրելու են) բայի լրացումներ: Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի 19−րդ համարի երկրորդ հատվածի «ու կվերցնեն Եփրեմի լեռը, և սամարական դաշտերը, և Բենիամինին ու Գաղգաղային» ընթերցումը: Այսպիսի ընկալման պարագայում միտքն ավելի անհստակ է դառնում: Ժամանակակից մեկնաբանները ենթադրում են, որ.

   1․ 19−րդ համարի երկրորդ հատվածի, ինչպես նաև առաջինի համար իբրև ենթակա պետք է համարվի 18−րդ համարի «Հակոբի տունը և Հովսեփի տունը» արտահայտությունը,

   2․ «Սամարիայի դաշտավայրեր» արտահայտությունը պետք է նախորդող «Եփրեմի դաշտավայրերը» բառի համար իբրև բացահայտիչ դիտվի,

   3․ պետք է ենթադրել, որ բնագիր տեքստում Բենիամին արտահայտության փոխարեն հիշատակվել է մի երկրի անվանում, որի համար «Գաղգաղա» բառը բացահայտիչ է համարվել։ Մասնավորապես խոսքը անդրհորդանանյան տարածաշրջանի (veabarhajarden) անվան մասին է: Այս պարագայում 19−րդ համարի երկրորդ հատվածը «ու կտիրեն Եփրեմի դաշտավայրին` Սամարական դաշտավայրին, և անդրհորդանանյան երկրին` Գաղգաղային» տարբերակով կընթերցվի (Գոոնակեր): Մարգարեն այն միտքն է արտահայտում, որ աստվածպետական նոր թագավորությունը ոչ միայն տիրելու է նախկին սահմաններին, այլև ավելի է  ընդարձակվելու (Ես. 54:1): Միևնույն ժամանակ, մարգարեն առանձին և՛ Հակոբի տան (հրեաների) համար է սահմանների ընդլայնում նշում, և՛ Հովսեփի տան (իսրայելացիների):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նագեբացիները կը ժառանգեն Եսաւի լեռը, Սեփելացիները՝ օտարազգիներինը, նրանք կը ժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, ինչպէս նաեւ Բենիամինի ու Գաղաադի երկիրը:
(Արարատ թարգ․) Հարավցիները պիտի տիրեն Եսավի լեռանը, դաշտայինները՝ փղշտացիների երկրին, նաև պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը՝ Գաղաադին,
(Գրաբար) Եւ ժառանգեսցեն Նագեբացիք զլեա՛ռն Եսաւայ, և Սեփելացիք զայլազգիս. և ժառանգեսցե՛ն զլեառն Եփրեմայ, և զդաշտն Շամրնի և զԲենիամին, և զԳաղաադացին։