Ծննդոց գրքի մեկնություն 10:2

Ա. Լոպուխին

Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յավանը, (Ելիսան), Թոբելը, Մոսոքը և Թիրասը: (Սինոդական թարգ․) [2]
   

   Հաբեթի որդիները… Դատելով նախորդ կոնտեքստից` Հաբեթը Նոյի ոչ թե ավագ, այլ, հակառակը, կրտսեր որդին է եղել, ուստի տարեգիրը, սկսելով իր ժողովուրդների աղյուսակը հենց նրա սերնդից, ակնհայտ է, որ ոչ թե ժամանակագրական, այլ ինչ-որ այլ նպատակ է հետապնդել, հատկապես այն, ինչն ամենայն հավանականությամբ կապված էր Նոյի նախորդ մարգարեության հետ` Հաբեթի սերնդի փայլուն ճակատագրի մասին, կանխագուշակելով նրանց թե քանակական առավելություն, և թե որակական գերակշռություն հետջրհեղեղյան մարդկության բոլոր մյուս նահապետների զավակների հետնորդների նկատմամբ:

   Գամեր (ըստ եբրայական բնագրի՝ Գոմեր) ...Այս անվանը վերագրվող ազգության հետ մեկ անգամ էլ մենք հանդիպում ենք աստվածաշնչում, Եզեկիելի մարգարեության մեջ, ուր այն ներկայացվում է որպես Թոբելի ու Մոսոքի և Հյուսիսային Սիրիայում ու Փոքր Ասիայում բնակվող մի ամբողջ շարք ազգերի հարևան (Եզեկ.38:6): «Գիմերացիներ» (ժողովուրդի) անունը գտնվել է նաև Ասուրբանիպալի սեպագրերի մեջ» (Գ. Կ. Վլաստով): Հեղինակավոր մեկնաբանների մեծ մասը նույնացնում է սրանց բուն կիմերացիների հետ (Օդիսեյ, 4:11, 11:13-19), որ Կասպից և Արալյան ծովերի ափերին են բնակվելիս եղել, ապա վերաբնակության նպատակով այդտեղից շարժվել են դեպի արևմուտք` Հյուսիսային Գերմանիայի սահմանները և Բրիտանիայի կղզիները (կիմբրեր, տևտոններ): Ոմանք կապ են տեսնում կիմերացիների և Գոմեր ու Ղրիմ (Կրիմ) անունների միջև:

   Մագոգ… Նույն Եզեկիել մարգարեի մոտ այս ազգատոհմի ներկայացուցիչները հանդես են գալիս` որպես փորձառու և վարժ նետաձիգներ (Եզեկ. 38:2, 39:3), և ճիշտ նույն կարգով տեղադրվում են վերոնշյալ ժողովուրդների հարևանութամբ` քիչ ավելի դեպի հյուսիս: Նկատի առնտլով այս, մեկնիչների մեծամասնությունը հակված է այստեղ տեսնելու սկյութներին, որ ապրում էին Ազով ծովի ափերին և Կովկասի մատույցներում, իսկ ոմանք էլ Մագոգ անվան մեջ հայերին են տեսնում: Հայտնության գրքում էլ Գոգ և Մագոգ գաղափարները ծառայում են մարմնավորելու այն երկու աստվածամարտ ուժերին, որոնք հակաքրիստոսի գալուց առաջ պետք է դաշինք կնքեն միմյանց հետ` Քրիստոսի և նրա Եկեղեցու դեմ մարտնչելու նպատակով (Հայտն. 20:7-10):

   Բոհարտը Գոգ կամ Մագոգ անվանումները տեսնում է կովկաս անվան մեջ, որը կոլխիդացիների ու հայերի լեզվով Գոգ Հազան(Խազան), Գոգի ամրոց էր կոչվում (հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու գրքում գործածված Գովք ժողովուրդը, ենթադրվում է, թե Գոգ անունից է և հայ մեկնիչի կարծիքով մատնանշում է հոների հորդան, Թարգմանչի կողմից): Մագոգն ամենայն հավանականությամբ թուրաններն ու սկյութներն են (կալմիկների մեջ համանման անուն հանդիպում է, Գ.Կ. Վլաստով): Այս սկյութների ճակատագրի մեջ իրականացավ նաև Եզեկիելի մարգարեությունը, Համոն(Խամոն) Գոգի հովտում սրանց կործանման մասին, երբ Պաղեստինի մոտ Փսամետիքսի զորքից դաժան պարտություն կրեցին, հետո էլ բնաջնջվեցին իրենց մեջ տարածված համաճարակից, ինչի մասին վկայում է Հերոդոտեսը (1:105-106):

   Մադան… ըստ Պարսկաստանի և Հնդկաստանի սուրբ գրքերի համաձայնեցված տեղեկությունների, որ հաստատված են ասորական աղբյուրներով, այս անվանումով են կոչվել նախաստեղծ արիացիները, որ ապրում էին արևմտյան Ասիայում` հենց Մեդիայում, որտեղից մեծամասնությունը ժամանակի ընթացքում արտագաղթել է դեպի արևելք և ստացել ինդուս անվանումը, իսկ փոքր մասը մնացել է տեղում և պահպանել մեդացիներ անվանումը: Մեդացիների հետ պարսիկների և ընդհանրապես արիացիների ցեղակցության մասին է վկայում նաև Դանիել մարգարեն (Դան. 5:28):

   Յավան… Ոչ պակաս, ավելի ճիշտ, առավել քան անորոշ է նաև այս անվանումը, որը խեթական արձանագրություններում հանդիպում է Յևաննա, Դարիա Գիստասպի դարաշրջանի արձանագրություններում` Յավանա, սանսկրիտ լեզվում՝ Յավանա,հին պարսկերենում` Յունա ձևերով: Այն մատնանացույց է անում հույներին, առաջին հերթին` հոնիացիներին, ապա մնացած բոլորին: Հույներին ուղղված նմանօրիանակ ակնարկներ կան Սուրբ Գրքի նաև այլ մասերում (Ես. 66:19, Եզ. 27:13, Դան.8:21, Հովել, 3:6):

   Ելիսա… Թարգմանությունների մեծ մասում այս անունը զետեղված է ոչ թե Հաբեթի որդիների, այլ թոռների շարքում, ինչը կրկնվում է և ռուսական թարգմանության մեջ: Եվ քանի որ այն, ինչպես կտեսնենք հետո, նույնպես մատնանշում է հույներին, ապա սրանով էլ հավանաբար հենց բացատրվում է դրա հիշատակումն այստեղ` Յավանի հետնորդների շարքում:

   Թոբել, Մոսոք (ըստ եբրայական բնագրի՝ Մեսեք)…. Ինչպես Ծննդոց գրքում, այնպես էլ Սուրբ Գրքի այլ մասերում նշված այս երկու ժողովուրդները սովորաբար մեկտեղվում և նկարագրվում են միասին` իբրև Մագոգի շառավիղներ (Եզեկ.38:2, 39:1 ): Ի դեպ, մեկ անգամ նրանք միացվում են Յավանին (Եզեկ.27:13), ևս երկու անգամ նրանց բնակավայրը տեղադրվում է Պաղեստինի հյուսիսում: Ասորական թագավորների տարեգրքերում հաճախակի հիշատակվում են Մուսքը և Թաբալը` իբրև Կիլիկիայում բնակվող հարևան երկու ազգություններ, իսկ Հերոդոտեսը հաղորդում է թիբարեքների կամ իբերների (իբերացիների) և Կոլխիդայի հարևանությամբ ապրող մոսխերի մասին: Գիտնականները ենթադրում են, որ ամենասկզբում այս երկու ազգությունները բնակվել են Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքներում` Մեդիայի և Սկյութիայի միջև, այսինքն Կոլխիդայում ու Իբերիայում, որ գտնվում էին ժամանակակից Կովկասի հարավում (Թոբել`ենթադրաբար իբերները կամ վրացիներն են):

   Եվ Թիրաս … Մեկնաբանների մեծ մասը կարծում է, որ այս անվանումը կրճատ (գուցե և արտագրությունների ժամանակ աղավաղված) ձևով ներկայացնում է հնագույն «թրակիացիներին»` պելազգիական ազգաբնակչության այն ճյուղերին, որ հետագայում ժողովվեցին Փոքրասիական Տյուրոս քաղաքի շուրջը: Ենթադրում են, որ նախապատմական հնագույն մի ժամանակահատվածում այս ազգատոհմը ներթափանցել է Եվրոպա, բնակեցրել Հելլադան ու մասամբ` Իտալիան: Հին եգիպտական արձանագրություններում Թուրաշը սովորաբար Մաշուաշին է միացվում` աստվածաշնչյան Թոբել և Մեսեք բառակապակցության օրինակով: Ըստ Քնոբելի և Լենորմանի` աստվածաշնչյան Թիրասը նույնն է, ինչ դասական «թիրենացիները»` պելազգիական հնագույն այն ժողովուրդը, որ սկզբում բնակվում էին հին Լիդիայում և Փյունիկիայում, այնուհետև Հունաստանում և, ի վերջո, Իտալիայիում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:
(Արարատ թարգ․) Հաբեթի որդիներն էին Գոմերը, Մագոգը, Մադան, Հավանը, Թոբելը, Մեսեքը ու Թիրասը:
(Գրաբար) Որդիք Յաբեթի. Գամեր, և Մագովգ, և Մադա, և Յաւան, և Ելիսա, և Թոբէլ, և Մոսոք, և Թիրաս։