Ա. Լոպուխին
Սրանցից է, որ բաժանվեցին և ծովեզերքում բնակություն հաստատեցին ժողովուրդները՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրում ունեցած լեզուների և տոհմերի: (Սինոդական թարգ․) [5]
...ծովեզերքի (կղզիների) ... ժողովուրդներ…Սա համընդհանուր կիրառություն ունեցող աստվածաշնչյան անվանումն է Պաղեստինից դուրս բնակվող հեթանոս ժողովուրդների, որ ապրում էին Միջերկրական, Սև, Կասպից և Արալյան ծովերի առափնյա շրջաններում (Սաղ. 71:10, Ես. 41:5, 42:4, 10, 49:1, 51:5, 60:9, Եր. 2:10, 25:22 և այլք): Այս անվան ծագումը հեշտ է բացատրել հին հրեաների միամիտ պատկերացումների միջոցով: Ոչ մի գաղափար չունենալով մյուս մայրցամաքների և իրենց իսկ հայտնի ծովերի չափերի մասին` նրանք հակում ունեին չափազանց խոշորացնելու ծովերը և փոքրացնելու մայրցամաքները` նկարագրելով նրանց որպես ոչ մեծ կղզիներ համատարած ջրային տարերքի մեջ: Հետևաբար, նրանց դիտարկած անվանումները հավանաբար ավելի շատ վերագրվել են այս ծովերից ամենախոշորին` Միջերկրականին, ասել է, թե` այժմյան Հարավային Եվրոպային ու նրա բնակիչներին:
Ասելով «սրանցից», այսինքն` վերոնշյալ ժողովուրդներից բնակեցվեցին Փոքր Ասիայի և Եվրոպայի ծովեզրյա առավել հեռավոր վայրերը: Աստվածաշնչյան տարեգիրը լռելյայն ենթադրում է, առաջին, որ մատնանշած ժողովուրդները տարբեր էին այդ կղզիներում ապրողներից, և երկրորդ, որ ժամանակի ընթացքում նրանք արտագաղթել են դեպի այդ կղզիները: Գիտության լեզվով ասած` Աստվածաշունչը հակիրճ տեղեկություն է տալիս նախապատմական արիացիների մեծ արտագաղթի մասին` Հայկական լեռնաշխարհից և Հիմալայան բարձունքներից, սկզբում` դեպի Փոքր Ասիայի սահմանները, իսկ հետո դեպի Հարավային Եվրոպայի կողմերը: Ընդ որում Աստվածաշունչն ունի հատկանշական մի մանրամասնություն, նշելով թե սրանցից «առանձնացան-առաջացան» կղզիների բնակիչները, այսինքն ոչ թե բուն բնակչությունն է լքել իր հայրենի հողը և վերաբնակվել կղզիներում, այլ նրանից անջատված միայն հայտնի մի մաս:
ժողովուրդները՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրում ունեցած լեզուների և տոհմերի:Ահավասիկ, ժողովուրդների ճիշտ դասակարգման գործում աստվածաշնչյան հեղինակի ընդգրկուն և ամբողջական լուսավորյալ հայացքի լավագույն ապացույգը. վերջինս կատարվել է չորս հիմնական դիտանկյունից` աշխարհագրական (ըստ իր երկրի), լեզվաբանական (իր լեզվով), ցեղական (իր տոհմով) և ազգային (ժողովուրդներ):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի:
(Արարատ թարգ․) Սրանցից բաժանվեցին ժողովուրդներն իրենց երկրներով՝ ըստ իրենց լեզուների, ազգությունների և տոհմերի:
(Գրաբար) Եւ ի սոցանէ՛ մեկնեցան կղզիք ազգաց յերկրի իւրեանց. իւրաքանչի՛ւր ըստ լեզուս յա՛զգս իւրեանց և ի տոհմս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: