Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»:
Սա այն պատճառով է ասում, որ՝ քանի որ «լուծ» ասացի, մի՛ կարծիր, թե դժվարին է, և որ «բեռ» անվանեցի, մի՛ վախեցիր, թե շատ ծանր է, այլ խոստացված բարիքների հույսի պատճառով քաղցր է ու թեթև: Ըստ առաքյալի՝ «Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքին, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8։18), և՝ «Ինչ որ աչքը չտեսավ...., պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար» (Ա Կոր. 2։9): Իսկ եթե խոսքերիս չհավատաս, նայիր մարտիրոսների դեմքին, թե ինչպես էին տանջանքի բազմատեսակ միջոցներն իբրև ծաղիկ հավաքում և, անմահ կյանքի հույսով պրկված, տապակի մեջ կանգնում՝ ասես շուշանի մեջ զովանալով: Եթե մի ուրիշ տեղ [Տերն Իր ճանապարհը] «նեղ» կոչեց, ապա դա թույլերի ու ծույլերի համար ասաց, իսկ արիներին այն հույժ թեթև ու քաղցր է թվում: Նաև՝ առաքինություններ գործողները քաղցրանում են [դրանք] գործելիս և ասես թեթևացած՝ այժմ մտքով են բարձրանում, առաքյալի նմանությամբ 626 մինչև երրորդ երկինք հափշտակվում՝ հոգով, մարմնով ու մտքով երկրպագելով Եռանձնյա Աստվածությանը և ընդունելով Նրա անճառ խոսքերը, իսկ ապագայում ամպերով են ընդառաջ [գնալու] Տիրոջը օդում 627:
Ստեփանոս Սյունեցի
որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
«Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Ովքեր անօրենության լուծը գցեն ու մտնեն Քրիստոսի ծառայության լծի տակ, սրանց [համար] թեպետև որոշ ժամանակ բեռը ծանր կթվա, և լուծը՝ խստագույն, սակայն այն բարիքների հույսը. «որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (Ա Կորնթ. 2։9), և այդ պատրաստված բարիքներից օգտվելու ակնկալությունը, այս լծի ու բեռների ծանրությունն ու խստությունը ավելի քաղցր կդարձնի՝ քան ամենաքաղցրները, և ավելի թեթև՝ քան ամենաթեթևները: Ինչպես [երբ մեկը] գոտեմարտի մտնի հաստատապես [հաղթության պսակի] ակնկալությամբ, այսպիսի [մեկի համար] հակառակորդի զորությունը՝ անզորություն և տկարություն է համարվում:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: