Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորս սերունդ են. և Դավթից մինչև Բաբելոնում վերաբնակեցումը՝ տասնչորս սերունդ. և Բաբելոնում վերաբնակեցումից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ»։
   
    Ավետարանիչն ամբողջ ծագումնաբանությունը բաժանում է երեք մասի` այդպիսով կամենալով ցույց տալ, որ տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իշխանափոխությունները հրեաներին ավելի լավը չեն դարձրել, այլ թե՛ արիստոկրատիայի կառավարման ժամանակ, թե՛ թագավորների օրոք, թե՛ օլիգարխիայի տիրապետության ժամանակ հրեաներն անբաժան էին միևնույն արատներից: Դատավորների, քահանաների և թագավորների կառավարման օրոք նույնպես նրանք առաջընթաց չցուցաբերեցին առաքինության մեջ։ Սակայն ավետարանիչն ինչո՞ւ է ծագումնաբանության միջնահատվածում բաց թողնում երեք թագավորների անուններ, իսկ տոհմաբանության վերջին մասում էլ զետեղում է տասներկու սերունդների` նշելով, որ նրանք տասնչորսն են։ Առաջին հարցի պատասխանը գտնելու գործը թողնում եմ ձեր սեփական ուսումնասիրությանը՝ անհրաժեշտ չհամարելով ամեն հարց լուծել ձեր փոխարեն, որպեսզի դուք ծուլության մեջ չընկնեք:
    Իսկ ահա երկրորդ հարցի առնչությամբ ահա թե ինչ կարող ենք ասել: Ինձ այնպես է թվում, որ ավետարանիչը թվարկվող սերունդների մեջ ներառում է նաև գերության ժամանակաշրջանը ու հենց Իրեն` Հիսուս Քրիստոսին, այդպիսով ամենուր Նրան մեզ հետ միավորելով։ Եվ, ի դեպ, նա հիշատակում է գերության մասին՝ ցույց տալով, որ հրեաներն անգամ գերության մեջ ավելի խոհեմ չեն դարձել, այնպես որ ամեն ինչ խոսում էր Քրիստոսի գալստյան անհրաժեշտության մասին։ Բայց ոմանք կարող են ասել` ինչո՞ւ Մարկոսը նույն կերպ չի վարվում և այդ եղանակով չի ներկայացնում Հիսուսի ծագումնաբանությունը, այլ ամեն ինչի մասին հակիրճ է խոսում։ Կարծում եմ, որ Մատթեոսն իր Ավետարանը գրել է մյուսներից ավելի վաղ, դրա համար էլ նա կարողանում է ամենայն ճշգրտությամբ շարադրել Հիսուսի ծագումնաբանությունը և կանգ է առնում ամենակարևոր հանգամանքների վրա, իսկ Մարկոսը, Մատթեոսից ավելի ուշ գրելով իր Ավետարանը, հակիրճություն է պահպանում` ասես հաղորդելով այն, ինչը նախկինում արդեն իսկ պատմվել և հայտնի էր դարձել։
    Այդ դեպքում ինչո՞ւ է Ղուկասը նույնպես ծագումնաբանություն ներկայացնում, և դեռ մի բան էլ` ավելի լիարժեք մի ծագումնաբանություն: Պատճառն այն է, որ նա, որպես հիմք ընդունելով Մատթեոսի Ավետարանը, կամենում է մեզ ավելի շատ տեղեկություն հաղորդել, քան դա անում էր Մատթեոսը։ Եվ ի դեպ` նրանցից յուրաքանչյուրն (թե´ Ղուկասը, և թե´ Մարկոսը) ընդօրինակում էր ուսուցչին՝ մեկը Պողոսին, որի խոսքերն ասես հոսում էին գետի նման, իսկ մյուսը՝ Պետրոսին, որը հակիրճության սիրահար էր։ Իսկ ինչո՞ւ Մատթեոսն Ավետարանի սկզբում իր խոսքը չշարադրեց մարգարեների օրինակով ու չասաց. «Այն տեսիլքը, որը ես տեսա» (Եզեկ. 11:24), կամ թե` «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» (Եզեկ. 37։15, 38։1)։ Այս հարցի պատասխանն էլ այն է, որ Մատթեոսը գրում էր բարեմիտ մարդկանց և նրանց, ովքեր առանց այդ էլ շատ ուշադիր էին իր խոսքերի նկատմամբ։
    Եվ տեղի ունեցած հրաշքները հաստատեցին ավետարանիչների կողմից գրվածները, ու ընթերցողները լցվեցին հավատով։ Մինչդեռ մարգարեների ապրած ժամանակներում այնքան էլ շատ հրաշքներ չկային, որոնք կարող էին հաստատել նրանց քարոզչությունը, այլ ընդհակառակը, կային բազմաթիվ սուտ մարգարեներ, որոնց հրեա ժողովուրդն ավելի մեծ հետաքրքրասիրությամբ էր լսում: Ահա թե ինչու հնում ճշմարիտ մարգարեների համար ասես անհրաժեշտություն էր իրենց մարգարեությունների համար հիշյալ նախաբանն ընտրելը: Իսկ եթե այդ հին ժամանակներում հրաշքներ կատարվում էլ էին, դրանք տեղի էին ունենում հեթանոսների´ համար, որպեսզի վերջիններս ավելի մեծ թվով դիմեին հուդայականությանը, այլև այդ հրաշքները նպատակ ունեին ցուցադրելու Աստծո զորությունն այն ժամանակ, երբ հրեաներին հպատակեցնող թշնամիները կարծում էին, թե նրանց հաջողվել է հրեաներին հաղթել իրենց աստվածների զորության շնորհիվ:
    Այսպիսով, ասվածից պարզ է դառնում, որ ավետարանիչը Քրիստոսի նախնիներին երեք մասի չի բաժանել` առանց հիմնավորում ունենալու կամ զուտ պատահականորեն: Ուշադրությո´ւն դարձրու, թե ավետարանիչն ումից է սկսում և ումով է ավարտում: Սկսելով Աբրահամից` նա ծագումնաբանությունը տանում-հասցնում է մինչև Դավիթ, ապա Դավթից մինչև Բաբելոնյան գերություն, իսկ այնտեղից էլ՝ մինչև Քրիստոս։ Ավետարանիչը, ինչպես ամբողջ ծագումնաբանության սկզբում էր իրար կողք կողքի դրել երկուսին` Դավթին և Աբրահամին, այդպես էլ ծագումնաբանության վերջում է հիշատակում նրանց երկուսի մասին, քանի որ, ինչպես ես նախկինում արդեն ասել եմ, նրա´նց էին խոստումներ տրվել։
    Իսկ ավետարանիչն ինչո՞ւ է, Բաբելոնյան գերության մասին հիշատակելով, լռության մատնում Եգիպտոսում վերաբնակեցման իրողությունը։ Ա´յն պատճառով, քանի որ հրեաներն այլևս չէին վախենում եգիպտացիներից, սակայն շարունակում էին սարսափել բաբելոնացիներից, և քանի որ հրեա ժողովրդի` Եգիպտոսում վերաբնակեցման իրադարձությունը տեղի էր ունեցել շատ վաղուց, իսկ Բաբելոնյան գերությունը` բոլորվին վերջերս: Ավելին, հրեաները դեպի Եգիպտոս տարվեցին ոչ իրենց մեղքերի պատճառով, մինչդեռ Բաբելոնյան գերության պատճառը ժողովրդի անօրինություններն էին։ Եթե որևէ մեկը կամենա խորասուզվել անունների բուն իմաստի մեջ, ապա այստեղ ևս կգտնի խորհրդածության շատ առարկաներ, որոնք մեծապես կծառայեն Նոր Կտակարանի բացատրությանը: Այդպիսին են Աբրահամի, Հակոբի, Սողոմոնի և Զորաբաբելի անունները, քանի որ այդ անունները նրանց տրվել են ոչ առանց որոշակի դիտավորության:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
   
    Արդ՝ Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ: [Մատթեոսը] բաժանում է ազգահամարը նույնաթիվ երեք կարգի: [Առաջինն է] Աբրահամից մինչև Դավիթ, որոնց տրվեց ավետիսն օրհնության Զավակի, Ով Քրիստոսն է: [Սրանով Մատթեոսը] ցույց է տալիս, թե Քրիստոսը որտեղից էր և որ ցեղից: [Այնուհետև] հիշատակում է Բաբելոնյան գերությունը, որպեսզի ցույց տա, որ [հրեաներն] իրենց ամբարշտության պատճառով կրեցին այդ բոլոր չարիքները: Սակայն Աստծո խնամքը նրանց չլքեց գերության ժամանակ, այլ միշտ խրատում էր մարգարեների միջոցով և զորացնում հրաշքներով՝ մխիթարելով նրանց վերադարձի հույսով, և վերադարձրեց ողորմությամբ՝ չնայած նրան, որ մարդկանց համար Նրա թափած այնքան ջանքն ի դերև ելավ: Որովհետև ավելի շատացրին չար գործերը, մինչև հարկ եղավ, որ Նա Ինքը գար, որով իրագործվեց ամենքի փրկությունը:

    Իսկ ինչո՞ւ [ավետարանիչը] Եգիպտոսում եղած պանդխտությունը չի հիշում և [հիշում է] միայն Բաբելոնում եղածը: Որովհետև Եգիպտոսինը վաղուց էր եղել, իսկ սա՝ նոր. առաջինից վախ չունեին, իսկ երկրորդի հանդեպ մտավախություն կար: Այլև՝ Եգիպտոս գնացին ոչ թե մեղքերի պատճառով, այլ հացի կարոտության, իսկ Բաբելոն տարվեցին [իրենց] անօրինությունների պատճառով:

    Ինչո՞ւ է [ազգաբանության մեջ] միջին մասի երեք թագավորներին բաց թողնում, իսկ վերջում տասներկու նահապետներին տասնչորս դարձնում: Նախ՝ ինչպես կանխավ ասել ենք, [այդ երեք թագավորներն] իրենց չարիքների պատճառով արժանի չէին Տիրոջ նախնիների մեջ թվարկվելու: Երկրորդ՝ ինչպես երևում է, [ավետարանիչը] գերության ժամանակը որպես սերունդ է դիտում և Քրիստոսին ևս ներառում [ազգաբանության մեջ], այսինքն՝ վերջին տասնչորսի սկիզբը պետք է համարել Հեքոնիային, ով գերությունից հետո ծնեց Սաղաթիելին, իսկ վերջը՝ Քրիստոսին, որով ամբողջանում է տասնչորս թիվը:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորս սերունդ են. և Դավթից մինչև Բաբելոնում վերաբնակեցումը՝ տասնչորս սերունդ. և Բաբելոնում վերաբնակեցումից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ»։ (Սինոդական թարգ․)[17]
   
    «Բոլոր» բառն առավել շատ վերաբերում է Աբրահամից մինչև Դավիթ Մատթեոսի հաշված սերունդներին։ Սույն համարի հաջորդող արտահայտություններում մյուս սերունդները թվարկելիս ավետարանիչն այս բառն այլևս չի կրկնում։ Այդ իսկ պատճառով էլ «բոլոր» բառի ամենապարզ բացատրությունը, կարծես թե, հետևյալն է. Ավետարանիչն ուզում է ասել «այս ազգաբանության մեջ իմ կողմից հիշատակված բոլոր սերունդները՝ Աբրահամից մինչև Դավիթ», և այլն։ Հազիվ թե 14 թիվը սուրբ եղած լիներ հրեաների մեջ, չնայած այն հանգամանքին, որ այդ թիվը կազմված էր երկիցս կրկնվող սրբազան 7 թվից։
    Կարելի է ենթադրել, որ ավետարանիչը, Աբրահամից մինչև Դավիթ, ինչպես նաև` Հեքոնիայից մինչև Քրիստոս տասնչորս սերունդներ հաշվելով, այդպիսով ցանկացել է որոշակի կլոր թիվ սահմանել և ճշգրտություն ցույց տալ սերունդների հաշվարկի մեջ, ինչի պատճառով էլ իր շարադրած ազգաբանության միջնահատվածում (արքաների անունների թվարկման մեջ) նույնպես հիմնվել է 14 թվի վրա՝ այդ թիվը «պահելու» նպատակով որոշ սերունդների անուններ ուղղակիորեն բաց թողնելով։ Թեպետ հաշվարկման այս տեխնիկան ինչ-որ չափով արհեստականորեն է գործում, սակայն լիովին համահունչ է հրեաների սովորույթներին ու մտածելակերպին: Այսօրինակ հաշվարկի ենք ականատես լինում նաև Ծննդ. 5:3-րդ և հաջորդող համարներում ու 11:10-րդ և հաջորդող համարներում, որոնցում Ադամից մինչև Նոյ և Նոյից մինչև Աբրահամ հաշվվում է մինչև 10 սերունդ: Այստեղ «սերունդ» բառը կիրառվում է իր այն իմաստով, որը մատնանշում է հորից որդի անցումը և կապը։
    Այսպիսով, համաձայն Մատթեոսի շարադրած ազգաբանության` Քրիստոսի ազգաբանությունը կարող է ներկայացվել հետևյալ կերպ.
    I. Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Հուդա, Փարես, Եսրոմ, Արամ, Ամինադաբ, Նաասոն, Սաղմոն, Բոոս, Օբեդ, Հեսսե, Դավիթ։
    II. Սողոմոն. Ռոբովամ, Աբիա, Ասա, Հովսափատ, Հովրամ, Օզիա, Հովաթամ, Աքազ, Եզեկիա, Մանասե, Ամոն (Ամոս), Հովսիա, Հովակիմ։
    III. Հեքոնիա, Սաղաթիել, Զորաբաբել, Աբիուդ, Եղիակիմ, Ազովր, Սադովկ, Աքիմ, Եղիուդ, Եղիազար, Մատթան, Հակոբ, Հովսեփ, Հիսուս Քրիստոս։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1

--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
(Արարատ թարգ․) Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
(Գրաբար) Արդ՝ ամենայն ազգքն յԱբրահամէ մինչեւ ի Դաւիթ՝ ազգք չորեքտասանք: Եւ ի Դաւթէ մինչեւ ի գերութիւնն բաբելացւոց՝ ազգք չորեքտասանք: Եւ ի գերութենէն բաբելացւոց մինչեւ ի Քրիստոս՝ ազգք չորեքտասանք: