Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հովսեփն էլ` նրա ամուսինը, որ արդար էր և չէր ցանկանում խայտառակել նրան, ուզում էր գաղտնի արձակել նրան»։
   
    Ասելով, թե Կույսից Ծնվածը Սուրբ Հոգուց է և ծնվել է առանց մարմնական մերձեցման` ավետարանիչը ևս մեկ ապացույց է բերում դա փաստելու համար: Որևէ մեկը կարող է հարցնել. դա որտեղի՞ց է հայտնի: Երբևէ ո՞վ է տեսել, ո՞վ է լսել, որ նման բան տեղի ունենա: Սակայն որպեսզի քո մեջ աշակերտի հանդեպ կասկած չառաջանա առ այն, որ նա այս պատմությունը մտահղացել է իր Ուսուցչի նկատմամբ տածած սիրուց դրդված, ավետարանիչը հիշատակում է Հովսեփին, որն իր հետ տեղի ունեցածով իսկ քո մեջ հաստատուն հավատ է ձևավորում ասվածի հանդեպ։ Ավետարանիչն այստեղ կարծես թե ասում է հետևյալը. «Եթե անգամ դու ինձ չես հավատում և կասկածում ես իմ վկայությանը, ապա հավատա´ ուրեմն Մարիամի ամուսնու հավաստիացմանը։ «Հովսեփն էլ, - ասում է, - նրա ամուսինը, որ արդար էր»: Այստեղ ավետարանիչն «արդար» է կոչում նրան, ով զարդարված էր բոլոր առաքինություններով։ Չնայած որ արդար լինել` նշանակում է չյուրացնել այն, ինչը պատկանում է ուրիշներին, սակայն «արդարություն» անվամբ է կոչվում նաև բոլոր առաքինությունների համագումարը։ Այս հատուկ իմաստով է, որ Սուրբ Գիրքը գործածում է «արդարություն» բառը, երբ, օրինակ, ասում է. «Այդ մարդը անարատ ու արդար էր» (Հոբ 1:1): Եվ դարձյալ. «Երկուսն էլ արդար էին» (Ղուկ. 1:6):
    Այսպես, Հովսեփը, լինելով արդար, այսինքն՝ բարի և խոնարհ, «ուզում էր գաղտնի արձակել նրան»։ Ավետարանիչը նկարագրում է այն, ինչ տեղի էր ունեցել դեռևս Հովսեփի անգիտության ժամանակ, որպեսզի այդ նկարագրության շնորհիվ դու որևէ տեսակի կասկած չունենաս, երբ իմանաս տեղի ունեցածի մասին: Չնայած այն հանգամանքին, որ մեղքի մեջ «կասկածվողը» (խոսքը Սուրբ Կույսի մասին է) արժանի էր ոչ միայն բանավոր խայտառակության, այլև նույնիսկ` օրենքի ուժով պատժի ենթարկվելու: Այդուամենայնիվ, Հովսեփը Մարիամին ազատագրեց ոչ միայն այդ մեծ պատժից, այլ նաև փոքրից, այսինքն՝ ամոթահար լինելուց: Հովսեփը ոչ միայն չուզեց պատժել Սուրբ Կույսին, այլև չկամեցավ խայտառակել նրան։ Նրա մեջ չե՞ս տեսնում արդյոք մի իմաստուն տղամարդու, որը զերծ էր ամենատանջալից կրքից: Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչ է խանդը։ Ահա թե ինչու այս կիրքը լավագույնս ճանաչողն այսպես է բնութագրում այն. «Խանդը ամուսնու զայրույթն է, և նա չի խնայելու վրեժխնդրության օրը» (հմմտ. Առակ. 6:34): Նաև` «խանդը դաժան է դժոխքի նման» (Երգ 8:6):
    Մենք նույնպես ճանաչում ենք շատերին, որոնք կնախընտրեն զրկվել իրենց կյանքից, քան թե ենթարկվել կասկածանքի ու խանդի մոլուցքին: Մինչդեռ այստեղ այդ հնարավոր կիրքն արդեն մի պարզ կասկած չէր. Մարիամի համար որպես մեղադրական էին հանդես գալիս հղիության ակնհայտ նշանները: Սակայն, այդ ամենով հանդերձ, Հովսեփն այնչափ ազատ էր հիշյալ կրքին ենթակա լինելուց, որ չէր իսկ ուզում Կույսին նույնիսկ չնչին վիշտ պատճառել: Քանի որ Մարիամին իր մոտ պահելը կհակասեր օրենքին, իսկ այդ հարցը բարձրաձայնելն ու Կույսին դատարանի առջև կանգնեցնելը կնշանակեր մահապատժի ենթարկել Սրբուհուն, Հովսեփը չի վարվում ո´չ այս կերպ, ո´չ էլ այն կերպ, այլ օրենքից էլ ավելի վեր է գործում։ Իսկապես, շնորհի հայտնությունը պետք է նշանավորեր նաև բարձրագույն իմաստության բազմաթիվ նշանների դրսևորումը: Ինչպես արեգակը, դեռևս իր ճառագայթները ցույց չտալով հանդերձ, իր լույսով հեռվից լուսավորում է տիեզերքի մի մեծ հատվածը, այդպես էլ Քրիստոս, ծագելով Կույսի արգանդից, նախքան Իր հայտնվելն իսկ լուսավորում է ողջ տիեզերքը։ Ահա թե ինչու դեռ Նրա Ծնունդից առաջ էլ մարգարեները ցնծում էին, և կանայք կանխագուշակում էին գալիքը (խոսքը Եղիսաբեթի մարգարեության մասին է): Հովհաննեսն էլ, դեռևս արգանդից դուրս չեկած, խաղաց իր մոր որովայնում: Այստեղ մեծ իմաստություն ցուցաբերեց Հովսեփը, որը չմեղադրեց ու չնախատեց Կույսին, այլ միայն մտադրվեց արձակել նրան։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան:
   

    Նրա ամուսին Հովսեփը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել: [Ավետարանիչը] նախ ասաց, որ [Քրիստոսի ծնունդը Սուրբ] Հոգուց է և առանց ամուսնության, ուստի որպեսզի ոչ ոք չասի, թե սա որտեղի՛ց է հայտնի, վկայաբերում է Հովսեփին. թե ինձ չես հավատում, ասում է, գոնե այս մարդո՛ւն հավատա, որովհետև ոչ թե մի աննշան մարդ էր, այլ հույժ արդար: Ըստ աշխարհիկ մտածողների՝ «արդար»–ը նա է, ով անիրավություն չի գործում և ոչ ոքի զրկանք չի պատճառում: Իսկ Սուրբ Գրքում «արդար» է կոչվում նա, ով իր մեջ բովանդակում է առաքինության բոլոր տեսակները, ինչպես որ Հոբի մասին է [Սուրբ Գիրքը] վկայում, թե «ճշմարիտ ու արդար» մարդ էր (Հոբ 1։1), կամ Զաքարիայի և Եղիսաբեթի՝ թե «երկուսն էլ արդար էին» (Ղուկ. 1։6): Այսպես էլ ավետարանիչը սրա մասին է ասում, թե արդար էր, այսինքն՝ հեզ և քաղցրաբարո:

    Չէր կամենում նրան խայտառակել, ուստի մտածեց լռելյայն արձակել [նրան]: [Լռելյայն արձակել նրան], ով ոչ միայն ենթակա էր խայտառակման՝ ըստ [եղած] կասկածների, այլև տանջանքի և մահվան՝ ըստ [Մովսիսական] օրենքի 38: Իսկ Հովսեփը ոչ միայն մեծ, այլև փոքր խայտառակությունից ազատել կամեցավ [Մարիամին]. սրանով տե՛ս նրա ճշմարիտ արդարությունը: Գիտե՛ք, թե այսպիսի հարցում ինչպիսին է տղամարդու խանդը. սա Սողոմոնն է հայտնում, ով քաջատեղյակ էր, որ «խանդով լի է տղամարդու բարկությունը և չի խնայում դատաստանի օրը» (Առակ. 6։34): Նաև այլուր [ասում է]. «Դժոխքի պես խիստ է խանդը» (Երգ 8։6): Սրա փորձը հայտնի է ամենքին. որովհետև ավելի լավ են համարում իրենց անձը մահվան մատնել, քան կնոջից [դավաճանվելու] կասկածի տակ ընկնել: Իսկ [Հովսեփի] դեպքում ոչ թե կասկած կար, այլ ճշմարիտ իրողություն, որովհետև դեպքերի հետագա ծավալումը պիտի հանդիմաներ նրան: Սակայն այնքան ազատ էր խանդից, որ նույնիսկ մի փո՛քր չկամեցավ տրտմեցնել Կույսին. իր տանը [նրան] պահելն օրինազանցություն էր համարում, սակայն [կատարվածը] հայտնի դարձնելու դեպքում հարկ կլիներ [Կույսին] ատյան տանելու և մահվան մատնելու: Բայց սրանցից ոչ մեկն էլ չարեց, և սրանից պարզ է դառնում, որ [Սուրբ] Հոգի՛ն ընտրեց այդպիսի մարդուն՝ լինելու [աստվածային] մեծ խորհրդի սպասավոր: Այլև՝ Շնորհի մերձեցման ժամանակ առաքինություններն Օրենքի [պահանջածից] ավելի բարձր դրսևորում պիտի գտնեին, ինչպես որ նախքան ճառագայթները տարածելը արևն առավոտյան լույսով է լուսավորում ամբողջ աշխարհը: Այդ պատճառով էլ նախ մարգարեները ցնծալով կարապետեցին, Հովհաննես [Մկրտիչը] նախքան [մոր] որովայնից դուրս գալը խաղաց Կուսորդու առաջ 39, և ըստ այդմ էլ Հովսեփն Օրենքի [պահանջածից] ավելի բարձր արդարություն ցուցաբերեց: Որովհետև Օրենքը հրամայում էր, որ նախ ամուսնու ձեռքը պիտի բարձրանա՝ քարկոծելու [շնացածին], իսկ Հովսեփը կամեցավ գաղտնի արձակել [Մարիամին], քանզի երբեք լկտի բան մտքով չանցկացրեց նրա մասին, այլ իր հոգում հասկացավ, որ կատարվածն աստվածային բան է:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Հովսեփն էլ` նրա ամուսինը, արդար լինելով և չցանկանալով խայտառակել նրան, ուզում էր գաղտնի արձակել նրան»։ (Սինոդական թարգ․)[19]
   
    «Նրա ամուսինը» - «ամուսին» բառը հունարենից բառացի թարգմանությամբ նշանակում է հենց ամուսին, և ոչ թե նշանադրված: Սակայն պարզից էլ պարզ է, որ ավետարանիչն այս բառը գործածում է «պաշտպան», «հովանավոր» և գուցե նույնիսկ «նշանադրված» իմաստով։ Հակառակ դեպքում ավետարանչի այս խոսքերն ակնհայտ հակասություն կստեղծեին նրա իսկ շարադրած պատմության հետ։ Սուրբ Գրքում «ամուսին» և «կին» բառերը ոչ միշտ են օգտագործվում «ամուսիններ» նշանակությամբ:
«Արդար լինելով» - եբրայերենում` «cadik»: Այսպես էին կոչվում այն բարեպաշտ մարդիկ, որոնք մշտապես փորձում էին կատարել օրենքի պատվիրանները։ Միանգամայն պարզ է, թե Հովսեփն այստեղ ինչու է այդպես անվանվում. տեսնելով, որ Մարիամը հղի է, նա կարծեց, որ Մարիամը մեղսավոր արարք է գործել, և քանի որ օրենքը պատժում էր այդօրինակ մեղսավոր արարքներ գործելու համար, ուստի Հովսեփը նույնպես մտադրվում է պատժել Մարիամին, չնայած որ այդ պատիժը, Հովսեփի բարության շնորհիվ, թեթև պիտի լիներ։ «Արդար» բառը, սակայն, չի նշանակում «բարի» կամ «սիրառատ»։ Ավետարանում հստակորեն կարելի է նկատել Հովսեփի հոգու մեջ տիրող զգացմունքների պայքարը. մի կողմից Հովսեփն արդար էր, իսկ մյուս կողմից էլ՝ նա կարեկցանքով վերաբերվեց Մարիամին։
    Օրենքի պահանջից ելնելով՝ Հովսեփը պետք է գործադրեր իր իշխանությունը և պատժեր Մարիամին, բայց վերջինիս հանդեպ սիրուց դրդված` չցանկացավ խայտառակել նրան, այսինքն` Մարիամի հղիության մասին բարձրաձայնել, պատմել ուրիշներին և այդուհետ, իր իսկ հրապարակային հայտարարության կամ պատմության վրա հիմնվելով` պահանջել, որ Մարիամին համապատասխան պատժի ենթարկեն: «Արդար» բառը չի բացատրվում «չցանկանալով» արտահայտությամբ. այս վերջին բառը հավելյալ և հատուկ նշանակություն ունեցող արտահայտություն է։ Հովսեփն օրենքի խստիվ պահապանն էր և, դրանից զատ նաև, չէր ցանկանում դատապարտել Մարիամին:
    «Խայտառակել» («հրապարակել, բարձրաձայնել») բառը հունարենում տարբեր կերպ կարող է հասկացվել.
    1. Մի տարընթերցման համաձայն՝ «խայտառակել» (δειγματίσαι) պետք է բացատրել հետևյալ կերպ՝ ցույց տալ որպես օրինակ, բացահայտել` որպես նախադեպ ծառայեցնելու համար (որպեսզի ամենքը տեսնեն և խուսափեն այդօրինակ «մեղսագործությունից»)։ Այս բառը հազվադեպ է հանդիպում, հունարենում չի օգտագործվում, իսկ Նոր Կտակարանում, առհասարակ, այն գործածվում է միայն Կող. 2։15-րդ համարում։ Այս բառը կարող է համարժեք լինել «ուղղակի բաց թողնել» արտահայտությանը:
    2. Շատ այլ ձեռագրերում գործածված է ավելի արտահայտիչ իմաստ ունեցող մի բառ՝ «խայտառակել» կամ «վտանգի ենթարկել», հրապարակել` այդուհետ մի չարիքով պատուհասելու նպատակով, մահվան դատապատժի ենթարկել` որպես անհավատարմություն ցուցաբերած մի կնոջ (παραδειγματίσαι):
    «Ուզում էր» - հունարենում այս հատվածում այլ բառ է գործածվում, և ոչ թե վերևում կիրառված «չցանկանալով» եզրույթը: Սա նշանակում է որոշում, ցանկություն` մտադրությունն իրականացնելու համար: Հունարեն այն բառը, որն այստեղ թարգմանված է «արձակել» իմաստով, իրականում (hունարենում) նշանակում է «ամուսնալուծվել»։
    Ամուսնալուծությունը կարող էր լինել գաղտնի կամ բացահայտ: Առաջին տեսակի բաժանությունն իրականացվել է ընդամենը երկու վկաների ներկայությամբ՝ առանց ամուսնալուծության պատճառների վերաբերյալ բացատրություններ տալու։ Երկրորդ տեսակի ամուսնալուծությունը տեղի էր ունենում հանդիսավոր կերպով և դատարանում ամուսնալուծության պատճառների բացատրությամբ: Հովսեփը մտադրվել էր վարվել առաջին տեսակի համաձայն: «Գաղտնի» բառն այստեղ կարող է ունենալ նաև «առանց ամուսնալուծության թղթի` գաղտնի բանակցություններ վարելու» նշանակությունը: Սա, իհարկե, հակասում էր Բ Օր. 24։1-ին համարի օրինականությանը, սակայն ամուսնալուծության թղթի տրամադրումն էլ, եթե նույնիսկ դա գաղտնի արվեր, կհակասեր Ավետարանում գործածված «գաղտնի» կիրառությանը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18

--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան:
(Արարատ թարգ․) Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։
(Գրաբար) Եւ Յովսէփ այրն նորա, քանզի արդար էր՝ եւ ո՛չ կամէր առակել զնա, խորհեցաւ լռելեա՛յն արձակել զնա: