Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:20

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց մինչ նա խորհում էր այդ մասին, ահա Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան երազում ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր ընդունել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է»։
   
    Երբ Հովսեփը հայտնվում է նման դժվարին իրավիճակում, հրեշտակը երևում է նրան ու վերացնում է նրա բոլոր տարակուսանքները: Այստեղ քննության է արժանի այն իրողությունը, թե ինչու հրեշտակը ավելի վաղ չէր հայտնվել Հովսեփին` նախքան վերջինս այսպիսի մտքեր կունենար, այլ հրեշտակի երևումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ Հովսեփի մտքում արդեն իսկ ծագել էին այդօրինակ մտածումները։ «Բայց մինչ նա խորհում էր այդ մասին», - ասում է ավետարանիչը, - գալիս է հրեշտակը: Եվ սա այն դեպքում, երբ հրեշտակը, միևնույն ժամանակ, Կույսին բարի լուր էր ավետել դեռևս նրա հղիությունից էլ առաջ` մի հանգամանք, ինչը դարձյալ մի նոր տարակուսանքի տեղիք է տալիս։ Եթե հրեշտակը Հովսեփին նախապես ոչինչ չէր ասել, ապա ուրեմն ինչո՞ւ հրեշտակից ավետիս ստացած Կույսը լռեց` իր փեսացուին շփոթված վիճակում տեսնելով, և չփարատեց Հովսեփի տարակուսանքը։ Դարձյալ, ինչո՞ւ ուրեմն հրեշտակը Հովսեփի հետ չխոսեց` նախքան վերջինս շփոթության կմատնվեր:
    Նախ անհրաժեշտ է պարզաբանել առաջին հարցը. ինչո՞ւ հրեշտակը նախապես չխոսեց Հովսեփի հետ։ Որպեսզի Հովսեփն անհավատություն չցուցաբերեր և նրա հետ չպատահեր այն նույն բանը, ինչ եղավ Զաքարիայի հետ։ Առավել դյուրին է հավատալ մի բանի, ինչն արդեն իսկ քո աչքի առաջ է, իսկ երբ նույնիսկ դրա սկիզբն էլ չի երևում, այդ ժամանակ ասված խոսքերն այդքան հեշտությամբ չէին կարող ընդունելություն գտնել։ Ահա թե ինչու հրեշտակը Հովսեփին սկզբնապես չասաց գալիք իրադարձության մասին: Այդ միևնույն պատճառով էլ նաև Կույսը լռություն պահպանեց։ Մարիամը կարծում էր, որ ինքը չի կարողանա իր անմեղության մասին վստահեցնել Հովսեփին՝ պատմելով նրան տեղի ունեցած արտասովոր իրադարձության մասին, այլ ընդհակառակը, կվշտացնի Հովսեփին՝ նրան մղելով այն մտածումին, որ Մարիամը կոծկում է կատարված հանցագործությունը։ Եթե Սուրբ Կույսն ինքը, լսելով Իրեն տրված նմանօրինակ շնորհի մասին, մարդկայնորեն է դատում և ասում է. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկ. 1:34), ապա որչափ առավել կտարակուսեր Հովսեփը` մանավանդ երբ այդ մասին լսեր հենց իր «կասկածյալ» կնոջից:
    Ահա թե ինչու Կույսը կատարվածի մասին ընդհանրապես ոչինչ չի ասում Հովսեփին, իսկ հրեշտակն էլ հայտնվում է այն ժամանակ, երբ հանգամանքներն են պահանջում։ Ոմանք գուցե հարցնեն, թե հրեշտակն ինչո՞ւ նույն կերպ չի վարվում նաև Կույսի հետ, ինչո՞ւ նրան նույնպես այդ լուրը չի հաղորդում հղիանալուց հետո։ Որպեսզի այդպիսով Մարիամին պաշտպանի ամոթից և մեծ շփոթությունից: Առանց խնդրի մասին հստակ պատկերացում ունենալու` Մարիամը, բնականաբար, կարող էր որոշել մի ինչ-որ վատ բան անել ինքն իր հետ և, ամոթին չդիմանալով, կախվեր կամ սրախողխող աներ իրեն: Իսկապես, Կույսն արժանի էր հիացմունքի ամեն հարցում: Ղուկաս Ավետարանիչը նույնպես, նկարագրելով Աստվածածնի առաքինությունը, ասում է, որ երբ նա լսեց ողջույնը, անմիջապես չտրվեց ուրախությանը և չհավատաց ասվածին, այլ շփոթվեց և մտածմունքների մեջ ընկավ. «Ի՞նչ բան էր այս ողջույնը» (Ղուկ. 1:29):
    Այդ ժամանակ տիրող խիստ կանոնների պատճառով Սուրբ Կույսը վշտից կարող էր խելակորույս լինել՝ ինքն իրեն խայտառակված երևակայելով և հույս չունենալով, որ որևէ մեկը կհավատա իր խոսքերին, երբ նա ասեր, որ իր հղիությունը դավաճանության հետևանք չէր: Այսպիսով, որպեսզի դա տեղի չունենար, հրեշտակը Մարիամին երևում է նախքան նրա հղիությունը: Մարիամը, ում արգանդի մեջ էր մտել ամեն ինչի Արարիչը, չպետք է որևէ տեսակի շփոթմունք ունենար, որպեսզի այսօրինակ մեծագույն խորհուրդներին ծառայելու արժանացած նրա հոգին զերծ լիներ ամեն տեսակի շփոթմունքից: Ահա թե ինչու է հրեշտակը գալիք իրողությունների մասին Սուրբ Կույսին հաղորդում նախքան նրա հղիանալը, իսկ Հովսեփին` Մարիամի հղիությունից հետո:
    Շատերն իրենց պարզամտության ու թյուրըմբռնողության պատճառով անհամաձայնություն են տեսնում այն հարցում, որ Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Մարիամին տրված ավետիսի մասին, իսկ սուրբ Մատթեոսը` Հովսեփին հաղորդված բարի լուրի մասին, մինչդեռ իրականում տեղի է ունեցել թե´ մեկը, և թե´ մյուսը: Նույն հանգամանքը կարող ենք դիտարկել նաև ողջ պատումի վերաբերությամբ, ինչի շնորհիվ մենք լուծում կտանք բազմաթիվ թվացյալ տարաձայնությունների։
    Այսպիսով, հրեշտակը գալիս է շփոթված Հովսեփի մոտ: Մինչ այդ պահը հրեշտակը չէր հայտնվել Հովսեփին ինչպես վերոհիշյալ պատճառաբանությամբ, այդպես էլ ա´յն պատճառով, որպեսզի այս կերպ բացահայտվեր Հովսեփի իմաստությունը: Իսկ ահա երբ գործը մոտենում էր իր ավարտին, հրեշտակը վերջապես հայտնվում է Հովսեփին։ «Բայց մինչ նա խորհում էր այդ մասին, ահա Տիրոջ հրեշտակը» հայտնվում է Հովսեփին «երազում»: Նկատո՞ւմ ես արդյոք այս մարդու խոնարհությունը։ Նա ոչ միայն չպատժեց Մարիամին, այլև որևէ մեկին` նույնիսկ իր «կասկածյալ» նշանադրյալին չպատմեց իրեն հաղորդված լուրի մասին, այլ խորհեց միայն ինքն իր ներսում և անգամ հենց Սուրբ Կույսից էլ փորձեց թաքցնել իր շփոթության պատճառը։ Ավետարանիչը չի ասում, թե Հովսեփն ուզում էր դուրս վռնդել Մարիամին, այլ` «արձակել» նրան: Ահա թե որքան հեզ ու խոնարհ էր Հովսեփը:
    «Բայց մինչ նա խորհում էր այդ մասին», հրեշտակը երազում հայտնվեց նրան: Ինչո՞ւ հրեշտակը Հովսեփին չի երևում իրականում, ինչպես դա արել էր հովիվներին, Զաքարիային և Կույսին հայտնվելու պարագաներում: Հովսեփը շատ մեծ հավատք ուներ, ուստի կարիք չկար, որ հրեշտակը իրականում (և ոչ թե` երազում) հայտնվեր իրեն։ Մինչդեռ Կույսի համար, նախքան տեղի ունենալիք իրադարձությունը, անհրաժեշտություն էր հրեշտակի` այդպիսի արտասովոր մի հայտնությունը, քանի որ այն, ինչ պետք է հաղորդվեր Մարիամին, հույժ կարևոր էր, առավել կարևոր, քան այն, ինչ հաղորդվել էր Զաքարիային: Իսկ ահա հովիվների համար իրական հայտնություն էր պետք, քանի որ նրանք պարզ մարդիկ էին։ Հովսեփը հայտնություն է ստանում Մարիամի հղիությունից հետո, երբ նրա (Հովսեփի) հոգին արդեն իսկ հեղեղվում էր չարատանջ կասկածներով և, միևնույն ժամանակ, պատրաստ էր լցվելու բարեհույս ակնկալիքով, եթե միայն որևէ մեկը հայտնվեր նրան և ցույց տար ճշմարիտ ճանապարհը:
    Այս ավետիսը Հովսեփին հաղորդվում է նրա հոգում կասկածանքների արթնացումից հետո, որպեսզի այդ ավետիսն ինքնին որպես ասվածի ապացույց ծառայեր: Այն, ինչ Հովսեփը որևէ մեկին չէր ասել, այլ միայն իր մտքում էր խորհել, այդ նույնը նա լսում է հրեշտակից, ինչն անկասկածելի նշանն էր այն բանի, որ հրեշտակը եկել և խոսում էր Աստծո անունից, քանի որ միայն Աստված կարող է իմանալ սրտի խորհուրդները: Տեսնո՞ւմ ես, թե քանի-քանի նպատակներ է հետապնդում այս հայտնությունը: Այն բացահայտում է Հովսեփի իմաստությունը: Այլև, ճիշտ ժամանակին հաղորդված ավետիսն օգնում է Հովսեփին իր հավատքի զորացման մեջ: Դարձյալ, հրեշտակի հայտնածն այդպիսով ինքնին ճշմարտվում է, քանի որ ցույց է տալիս, որ Հովսեփը հենց այն կացության մեջ էր, որում պետք է լիներ։
    Հրեշտակն ինչպե՞ս է հավաստիացնում Հովսեփին։ Լսի´ր և հիացի´ր ասված խոսքերի իմաստությամբ: Հրեշտակը գալով` Հովսեփին ասում է. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր ընդունել քո կնոջը՝ Մարիամին»։ Հրեշտակն անմիջապես Հովսեփի մտքում արթնացնում է Դավթի կերպարը, ումից պիտի սերեր Քրիստոս, և իր այդ խոսքով թույլ չի տալիս, որ Հովսեփը շփոթության մեջ մնա՝ նախահոր անվան հիշատակությամբ հիշեցնելով իր ամբողջ սերնդին տրված խոստման մասին։ Այլապես նա ինչո՞ւ պետք է «Դավթի որդի» կոչվեր։
    «Մի´ վախեցիր» - մյուս պարագաներում Աստված այսպես չի վարվում. երբ շատ ժամանակ առաջ մի մարդ Աբրահամի կնոջ դեմ ոչ ճիշտ նպատակադրում ունեցավ, այդժամ Աստված գործածեց ամենասաստիկ միջոցներն ու սպառնալիքները` չնայած այն հանգամանքին, որ այդպիսի նպատակադրման պատճառն անտեղյակությունն էր: Փարավոնն իր անտեղյակության պատճառո´վ կամեցավ Սառային իր մոտ տանել, սակայն Աստված սարսափի մատնեց նրան։ Իսկ այստեղ Աստված ավելի մեղմ է գործում, քանի որ շատ մեծ կարևորություն ունեցող մի իրադարձություն էր կատարվելու, և փարավոնի ու Հովսեփի միջև տարբերությունն էլ ահռելի էր, ինչի պատճառով սպառնալիքներ գործադրելու անհրաժեշտություն չկար: Հրեշտակի «մի՛ վախեցիր» խոսքը ցույց է տալիս, որ Հովսեփը վախենում էր վշտացնել Աստծուն՝ իր տանը պահելով մի կնոջ, որը կասկածվում էր շնության մեջ. չէ՞ որ եթե այդ հանգամանքը չլիներ, Հովսեփը չէր էլ մտածի Մարիամին արձակելու մասին։
    Այսպիսով, ամեն ինչ խոսում է այն մասին, որ հրեշտակն Աստծո կողմից էր ուղարկվել՝ բացահայտելու և պատմելու համար այն ամենը, ինչի մասին Հովսեփը խորհում էր և ինչը խռովվել էր նրա միտքը։ Կույսի անունն արտաբերելով՝ հրեշտակն այդքանով չսահմանափակվեց, այլ հավելեց` «քո կինը»: Հրեշտակը Մարիամին ոչ մի դեպքում այս կերպ չէր անվանի, եթե Սրբուհու կուսությունն ապականված լիներ։ Այստեղ նա Մարիամին «կին» է կոչում` «նշանադրված» իմաստը նկատի ունենալով: Այս նույն կերպ` Սուրբ Գիրքը սովորաբար նշանվածներին իրար «հարսնացու» և «փեսացու» է անվանում նաև նախքան նրանց ամուսնությունը:
    Իսկ ի՞նչ է նշանակում` «ընդունել»: Նշանակում է` պահել Մարիամին իր տանը, քանի որ Հովսեփն արդեն իսկ մտովի արձակել էր Կույսին։ «Նրան, ում ուզում ես արձակել, - ասում է հրեշտակը, - պահի´ր քեզ մոտ. Աստվա´ծ է նրան քեզ հանձնում, և ոչ թե` նրա ծնողները: Տերը Մարիամին քեզ է հանձնում ոչ թե ամուսնության, այլ միասին ապրելու համար: Հանձնում է քեզ՝ իմ միջոցով հայտնելով այդ մասին»։
    Ինչպես ավելի ուշ Քրիստոս Սուրբ Կույսին հանձնեց Իր աշակերտի խնամքին, այդպես էլ այժմ նա (Մարիամը) վստահվում է Հովսեփին: Այնուհետև հրեշտակը, ակնարկելով իր երևալու պատճառի մասին, ոչինչ չի ասում Հովսեփի չարատանջ կասկածների վերաբերյալ, բայց և, այնուամենայնիվ, հրեշտակն առավել մեղմ ու պարկեշտ կերպով ի չիք է դարձնում այդ բոլոր կասկածանքները` Հովսեփին բացատրելով հղիության նպատակը և ցույց տալով, որ հենց ա´յն պատճառով, ինչ պատճառով Հովսեփը վախենում էր և ուզում էր արձակել Մարիամին, այդ նույն պատճառով նա պետք է ընդուներ և իր մոտ պահեր նրան: Եվ, այդպիսով, հրեշտակը Հովսեփին լիովին ազատագրում է իր անհանգստությունից: «Մարիամը ոչ միայն հեռու է անօրինական խառնակումից, - ասում է հրեշտակը, - այլ նաև` նրա արգանդում հղիությունը տեղի է ունեցել գերբնական եղանակով: Ուստի հարկ է, որ ոչ միայն հեռու վանես քեզնից վախը, այլ նաև ցնծաս, «որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է»»:
    Սա մի անօրինակ երևույթ էր, որը գերազանցում էր մարդկային ըմբռնողությանը և վեր էր բնության օրենքներից։ Հովսեփը, որը երբևէ չէր լսել նմանօրինակ դեպքերի մասին, ինչպե՞ս կարող էր վստահ լինել դրանում։ «Անցյալի բացահայտման միջոցով», - ասում է հրեշտակը: Այդ իսկ նպատակով էլ հրեշտակը բացահայտեց այն ամենը, ինչ կատարվում էր Հովսեփի մտքում և ինչը վրդովվեցնում էր նրան, ինչից Հովսեփը վախենում էր և ինչի պատճաոռվ որոշել էր արձակել իր նշանածին…դրանով իսկ հրեշտակի խոսքերն արժանացան Հովսեփի վստահությանը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է:
   
    Եվ մինչ նա մտածում էր այս մասին, ահա Տիրոջ հրեշտակը տեսիլքում հայտնվեց նրան և ասաց:

    Ինչո՞ւ [հրեշտակը չհայտնվեց Հովսեփին] հայտնապես, ինչպես Կույսի, Զաքարիայի և հովիվների առաջ, այլ երազի տեսիլքով երևաց նրան: Որովհետև այս մարդը մեծ հավատ ուներ և կարիք չուներ մարմնապես տեսնելու: Նաև պետք է պարզել, թե ինչո՛ւ [տեսիլքը] եղավ մտածմունքի մեջ նրա ընկնելուց հետո և ոչ թե առաջ: Որպեսզի նրան հավատալ տար, որ տեսիլքն Աստծուց է, Ով գիտի սրտի խորհուրդները:

    Իսկ ինչո՞ւ Կույսը, նրան թախծած տեսնելով, նրան չէր հայտնում հրեշտակի ավետիսի և հրաշալի հղիության մասին: Որով-հետև սրանից [Հովսեփն] ավելի՛ կզայրանար՝ կարծելով, թե հանցանքը ծածկելու համար [Մարիամը] բարուրանքներ է կցկցում, քանի որ կատարվածն անհավատալի և աննախադեպ բան էր: Այլև՝ Կույսի լուռ մնալը նշան էր մեծ հավատի և համեստության, որովհետև գիտեր, որ ով տվել է իրեն այդ անարատ հղիության ավետիսը, նույնը կարող է նաև փարատել Հովսեփի կասկածները: Այս պատճառով էլ պատշաճ էր, որ հրեշտակը Կույսին երևար նախքան հղիությունը, որպեսզի [Կույսը], իմանալով հղիության պատճառը, անտեղի բաներ չմտածեր և տրտմությունից իրեն վնաս չհասցներ: Իսկ Հովսեփին [հրեշտակը հայտնվեց երազում], երբ փորձով երևաց նրա արդարությունը՝ Կույսի հանդեպ նրա ներողամիտ գտնվելով: Եվ ի՞նչ ասաց հրեշտակը.

    Հովսե՛փ, Դավթի՛ որդի:

    Նախ հիշեցնում է նրան Դավթին, ումից Քրիստոսն էր լինելու, և նախնու անվամբ [Հովսեփի] մտքից հանում է խռովքը: Սրանով հիշեցնում է նաև ամբողջ ազգին տրված ավետիսի կատարումը:

    Մի՛ վախեցիր,– ասում է:

    Սա ասելով՝ ցույց է տալիս, որ [Հովսեփը] կասկածների մեջ էր, թե գուցե Աստծուն հակառակ բան է անում, որ հանցավորին պահում է իր տանը: Ուստի [հրեշտակը] նաև Կույսի անունն է տալիս.

    Քեզ մոտ վերցնելու Մարիամին,– և ավելացնում է.– քո կնոջը:

    Այստեղ «կին» է կոչում նշանածին, ինչպես որ [Սուրբ] Գրքին հատուկ է նաև նշանված տղամարդկանց «փեսա» կոչել նախքան ամուսնությունը, ինչպես Ղովտի փեսաների դեպքում՝ ըստ նախապես [մեր] ասածի: Իսկ հրամայում է «վերցնել իր կնոջը»՝ ոչ թե ամուսնության համար, այլ նույն տեղում՝ [Հովսեփի] տանը, պահելու. որովհետև Հովսեփը մտքում [Մարիամին] իբրև արձակված [կին] էր համարում: Քո կողմից արձակվածին, ասում է, Աստված քեզ է հանձնել, որ լինես տեսուչ ու խնամակալ: Ինչպես որ հետո Քրիստոսն [Իր մորը] հանձնեց Իր աշակերտին՝ [Հովհաննեսին] 40, այդպես էլ այժմ Աստված հրեշտակի միջոցով [Մարիամին] հանձնում է Հովսեփին: Իմացի՛ր, ասում է [հրեշտակը], որ նրա հղիությունը ոչ միայն մաքուր է անօրեն խառնակությունից, այլև գերազանցում է [մարդկային] բնության օրենքները: Ուստի ոչ միայն պիտի հեռացնես վախը մտքիցդ, այլև ուրախանաս մեծապես:

    Որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է:

    Նորահրաշ է այս խոսքը և գերազանցում է մարդկային բնությանը. ինչո՞ւ [հրեշտակը] «ծնված» ասաց և ոչ թե «հղացված»: Սրանով հայտնեց, որ [Աստծո] Խոսքը Մարիամի մեջ իջնելիս կատարյալ անդամներով է գոյացել և ո՛չ թե, ինչպես մենք« որովայնում գոյացել է քառասուն օրում:

    Իսկ ինչո՞ւ [հրեշտակն ասաց]. «Սուրբ Հոգուց է»: Որպեսզի իմանաս« որ Աստծո Որդու տնօրենությունը ինչպես Հոր կամքով, այդպես էլ Հոգո՛ւ հաճությամբ եղավ՝ ըստ Գաբրիելի՝ Կույսին ասածի. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի,– ասաց,– քեզ վրա» (Ղուկ. 1։35), որպեսզի սրանով հայտնի դառնար, որ Սուրբ Երրորդությունը մեկ կամք ունի, և ցույց տրվեր, որ ոչ միայն Որդիով, այլև Հորով և Հոգով եղավ աշխարհի փրկությունը:

   

Բացատրական Աստվածաշունչ

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Բայց մինչ նա խորհում էր այդ մասին, ահա Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան երազում ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր ընդունել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է»։ (Սինոդական թարգ․)[20]
   
    «Բայց մինչ Հովսեփը խորհում էր այդ մասին» արտահայտության մեջ «խորհել» բառը հունարենում բովանդակում է «երկմտանք և կասկած» ու նույնիսկ «տառապանք» իմաստը:
    «Ահա Տիրոջ հրեշտակը» - «Ահա» բառը մեծավ մասամբ գործածվում է Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում ու առանձնահատուկ զորություն է հաղորդում իրեն հաջորդող խոսքին: Ընթերցողը կամ ունկնդիրը հրավիրվում են այստեղ հատուկ ուշադրություն կենտրոնացնելու։ Այնուհետև ավետարանիչը պատմում է, թե Հովսեփի կասկածներն ու տարակուսանքներն ինչ կերպ ի չիք դարձան։ Ավետման դրվագում Տիրոջ հրեշտակն իսկապես հայտնվեց Մարիամ Աստվածածնին, քանի որ անհրաժեշտ էր, որ վերջինիս կողմից գիտակցված վերաբերմունք ցուցաբերվեր հրեշտակի ավետիսի և այդ ավետիսին իր համաձայնությունը տալու նկատմամբ: Հրեշտակի կողմից Մարիամին տրված ավետիսը վերաբերում էր ապագային և գերագույն իմաստ ուներ: Հրեշտակը Հովսեփին հայտնվում է երազում` քունն ընտրելով որպես գործիք կամ միջոց, որը, միևնույն ժամանակ, հայտնության առավել նվազ կատարյալ եղանակ էր, քան արթուն տեսիլքը՝ աստվածային կամքը հայտնելու համար: Հովսեփին տրված ավետիսն այն նույն նշանակությունը չուներ, ինչ Մարիամին տրված ավետումը, այլ պարզապես նախազգուշացում էր:
    «Հրեշտակ» նշանակում է «պատգամաբեր», «սուրհանդակ»: Սակայն այստեղ նկատի է առնվում ոչ թե մի սովորական պատգամաբեր, այլ Տիրո´ջ պատգամաբերը: Ինչպես Ղուկասի Ավետարանից կարելի է եզրակացնել` դա Գաբրիել հրեշտակապետն էր։ Նա իր պատգամը Հովսեփին հաղորդեց երազի միջոցով (Հովսե´փ, Դավթի´ որդի – հունարենում կիրառվում է ուղղական հոլովը` կոչականի փոխարեն), որպեսզի Հովսեփը չվախենար ընդունել Մարիամին` իր կնոջը։
    «Մի՛ վախեցիր» - այս խոսքն այստեղ ունի հետևյալ նշանակությունը. մի´ տարակուսիր որևէ քայլ անելու հարցում:
    «Ընդունել» - այս բառի մեկնությունը կախված է այն հանգամանքից, թե արդյոք Մարիամը Հովսեփի տա՞նն է եղել, թե՞ այդ տնից դուրս: Եթե Մարիամը եղել է Հովսեփի տանը, ապա «ընդունել» բառը պետք է որ նշանակեր նշանադրված կնոջ իրավունքների վերականգնում: Իսկ եթե Մարիամը Հովսեփի տանը չէր բնակվում, ապա, բացի հիշյալ իրավունքների վերականգնումից, խոսքը վերաբերում էր նաև Մարիամին իր հայրական տնից կամ այն ազգականի տնից, ուր նա բնակվում էր` ընդունել Հովսեփի տուն:
«Քո կնոջը» - այստեղ սույն խոսքը չի կիրառվում «որպես քո կինը» իմաստով:
    Ո՞րն էր պատճառը, որ Հովսեփը ստիպված էր ընդունելու Մարիամին և «նրա մեջ ծնունդ առածին», այսինքն՝ այն երեխային, որը դեռ չէր ծնվել և դեռ լույս աշխարհ չէր եկել, այլ պարզապես հղացվել էր…Այդ երազը տեսնելու պահից սկսած` Հովսեփը պետք է դառնար թե՛ մոր, և թե՛ Մանկան պահապանն ու հովանավորը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18

--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է:
(Արարատ թարգ․) Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
(Գրաբար) Եւ մինչդեռ նա զայս ածէր զմտաւ ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երեւեցաւ նմա՝ եւ ասէ. Յովսէփ որդի Դաւթի, մի երկնչիր առնուլ առ քեզ զՄարիամ կին քո, քանզի որ ի նմայն ծնեալ է՝ ի Հոգւոյն Սրբոյ է: