Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Նա որդի պիտի ծնի, և Նրա անունը «Հիսուս» կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից»։
Հրեշտակը Հովսեփին հավաստիացնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցածի, այլ նաև ապագայի վերաբերյալ: «Նա որդի պիտի ծնի, - ասում է նա, - և Նրա անունը Հիսուս կդնես: Չնայած որ Ծնվածը Սուրբ Հոգուց է, սակայն քո մասին այնպես մի´ կարծիր, թե դու դադարում ես մարմնավորման գործընթացում քեզ վստահված սպասավորությունն իրականացնելուց: Թեև դու մասնակից չես դառնում Ծննդյանը, և Աստվածածինն էլ անձեռնմխելի է մնում, այնուամենայնիվ, առանց Մարիամի կուսական արժանապատվությունը վնասելու, այն իրավասությունը, ինչը պատկանում է հորը, թողնում եմ քեզ, այսինքն՝ քոնն է Ծնվածին անուն տալու իրավասությունը. դու «կդնես Նրա անունը»: Չնայած այն հանգամանքին, որ Նա քո որդին չէ, դու Նրա համար պետք է հորը փոխարինող մեկը լինես: Այսպիսով, անվանակոչումից իսկ սկսած՝ ես քեզ եմ հանձնում Ծնվողին»:
Այնուհետև, որպեսզի որևէ մեկն այս ամենի հետևանքով չհանգի այն եզրակացությանը, որ Հովսեփը Մանկան ֆիզիոլոգիական հայրն է, լսի´ր, թե հրեշտակն ինչպիսի զգուշությամբ է շարունակում խոսել: «Նա, - ասում է, - որդի պիտի ծնի»: Հրեշտակը չի ասում՝ «քեզ համար պիտի ծնի», այլ անորոշ կերպով է արտահայտվում՝ «պիտի ծնի», քանի որ Մարիամը ծնեց ոչ թե նրա, այլ համայն տիեզերքի համար։
Ահա այդ պատճառով էլ Հիսուսի անունը հրեշտակը «բերում» է երկնքից, որպեսզի այդպիսով ցույց տա, թե որքան հրաշալի էր Մանկան Ծնունդը. չէ՞ որ Աստված Ինքն է ի վերուստ հրեշտակի միջոցով Հովսեփին «ուղարկում» Մանկան անունը: Իսկապես, դա պարզապես անուն չէր, այլ անսահման օրհնությունների գանձարան: Այդ իսկ պատճառով էլ հրեշտակը բացատրում է այն, բարեմիտ հույսեր է ներշնչում և այդպիսով Հովսեփին զորացնում է հավատքի մեջ։ Մենք սովորաբար առավել հակված ենք դեպի բարեմիտ հույսերը, ուստի և առավել պատրաստակամ ենք հավատալու դրանց: Այսպես, և՛ անցյալին, և՛ ապագային, և՛ ներկային առնչվող ամեն հարցում հրեշտակը Հովսեփին ամրացնում է հավատքի մեջ` ակնարկելով նաև նրան ցուցաբերված մեծ պատվի մասին ու, ի դեպ, հրեշտակը մեջբերում է մարգարեի խոսքերը, որը հաստատում է ասվածը: Սակայն նույնիսկ առանց մարգարեական խոսքերը մեջբերելու էլ հրեշտակը հաղորդում է այն օրհնությունների մասին, որոնք նորածին Մանկան միջոցով պարգևվելու էին աշխարհին։ Իսկ որո՞նք էին այդ օրհնությունները. մեղքերից ազատագրումը և դրանց վերացումը. «Նա, - ասում է հրեշտակը, - Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից»: Եվ այստեղ ահա մի հրաշալի լուր է հաղորդվում: Հաղորդվում է ոչ թե զգացական պատերազմներից կամ բարբարոսներից ազատագրվելու ավետիսը, այլ ա´յն բարի լուրը, որը շատ ավելի կարևոր է` ազատագրումը մեղքերից, որոնցից նախկինում ոչ ոք չէր կարող ազատագրել:
Ոմանք կհարցնեն, թե հրեշտակն ինչո՞ւ ասաց միայն` «Իր ժողովրդին», և չավելացրեց նաև հեթանոսների անունը: Որպեսզի այդպիսով հանկարծակի շփոթության մեջ չգցեր իր ունկնդրին։ Հրեշտակն իր խելամիտ ունկնդրին ակնարկեց իր խոսքերում տեսնել նաև հեթանոսներին, քանի որ «Նրա ժողովուրդը» ոչ միայն հրեաներն են, այլ նաև բոլոր նրանք, ովքեր գալիս և Տիրոջից իմաստություն են ստանում:
Տե´ս, թե հրեշտակն ինչպես է մեզ հայտնում նաև Քրիստոսի մեծապատվության մասին՝ հրեա ժողովրդին անվանելով «Իր ժողովուրդը»: Այդպիսով հրեշտակը պարզորոշ ցույց է տալիս, որ Ծնվողն Աստծո Որդին է, և որ ինքը խոսում է երկնայի´ն Թագավորի մասին, քանի որ բացի այդ միակ Էությունից ոչ մի այլ զորություն չէր կարող մեղքերին թողություն շնորհել:
Հատուկ ուշադրություն դարձրու [ավետարանչի արտահայտություններին]. [Հիսուս] դեռևս չէր սկսել քարոզել, դեռ չէր ուսուցանում, սակայն [ավետարանիչն արդեն] ասում է` «Իր ժողովրդին», որպեսզի դու իմանաս, որ Հիսուսի չարչարանքներից հետո չէր, որ ժողովուրդը դարձավ «Իր ժողովուրդը», որ Հիսուս Իր չարչարանքների «շնորհիվ» չէր, որ սեփականեց ժողովրդին, այլ Նա ժողովրդի Տերն էր դեռևս նախքան Իր չարչարանքները, իսկ Իր չարչարանքներով Քրիստոս Իրենը դարձրեց տիեզերական Եկեղեցին: «Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից…Եվ Տեր Աստված Նրան կտա…»: Նրան` ո՞ւմ. ըստ մարմնացման տնօրինության` քեզնից Ծնվածին. «Եվ Տեր Աստված Նրան կտա գահը»: Ո՞ր գահը. «Նրա հոր` Դավթի»: Սա նշանակում է, որ Հիսուս ստանում է ոչ թե այն երկնային Թագավորությունը, որն այսպես թե այնպես Նրան էր պատկանում, այլ այժմ ձեռք է բերում նաև հենց ա´յս թագավորությունը, որը դևերը խլել էին Դավթի տոհմիվ: «Եվ Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի գահը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (հմմտ. Ղուկ. 1:32, 33):
Եթե Նրա թագավորությունը հավիտենական է և վախճան չունի, ապա ուրեմն ի՞նչ կարող են նշանակել սխալ մեկնված այս խոսքերը. «Երբ Նա թագավորությունը հանձնի Աստծուն և Հորը»: Ես նախկինում արդեն իսկ ասել եմ, որ Սուրբ Գիրքը «թագավորություն» է կոչում ոչ միայն թագավորական մեծապատվությունը, այլև հենց ժողովուրդներին, որոնց կառավարում է թագավորը։ Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ թագավորը, եթե չլինի ժողովուրդը, ում նա կկարողանա թագավորել: Այսպիսով, այստեղ «թագավորություն» է կոչվում թագավորին ենթակա ցեղը, ժողովուրդը և համայն տիեզերքը։ Ինչպես որ կարող ենք ասել՝ «պարսիկների թագավորությունը», այսինքն` պարսիկների երկիրը, կամ «հռոմեացիների թագավորությունը», այդ նույն կերպ էլ այստեղ «թագավորություն» անվամբ կարող ենք հասկանալ այն, ինչը գտնվում է թագավորի իշխանության ներքո, այսինքն` Թագավորի իշխանությանը ենթակա մարդկային տոհմին (ասել է թե` ողջ մարդկությանը)։
Համոզվելու համար, որ վերոհիշյալ խոսքերն իսկապես ճշմարիտ են, լսի´ր, թե Սուրբ Գիրքն ինչպես է «թագավորություն» անվանում թագավորի իշխանությանը ենթակա ժողովրդին: Երբ Աքաբ թագավորը փնտրում էր երանելի Եղիա մարգարեին, նրա տնտեսն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. չկա մի ազգ կամ թագավորություն, որտեղ իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու համար. և երբ նրան ասում էին, որ դու այնտեղ չես, նա երդվում էր վերցնում այդ թագավորությունից և ժողովրդից, որ չեն կարողացել գտնել քեզ» (հմմտ. Գ Թագ. 18:10, կամ` «նա այրել տվեց իր բոլոր հպատակներին, երբ չգտավ քեզ):
Տեսնո՞ւմ ես, որ «թագավորություն» անվամբ է կոչվում ոչ միայն թագավորական մեծապատվությունը, այլ նաև` թագավորին հպատակ ժողովուրդները։ Այսպիսով, Փրկիչը ստանձնում է թագավորությունը, այսինքն` իրավասու է դառնում թագավորելու ա´յն մարդկության վրա, որը մի ժամանակ ենթակա էր մեղքի իշխանությանն ու մահվան զորությանը: Քրիստոս այդպիսով մարդկությանը պիտի ազատագրեր այդ նախկին լծից, նորից պիտի «նվաճեր» այդ թագավորությունը և այն պիտի մատուցեր Աստծուն և Հորը։ Եվ այսպես, ա´յն, որ Նա թագավոր եղավ Սիոնի վրա, ա´յն, որ Աստված Հիսուսին տվեց Նրա հոր՝ Դավթի գահը, ա´յն, որ Քրիստոս այս վերջերս նվաճված թագավորության՝ Հակոբի տան վրա, թագավորում է հավիտյան, այս ամենն անառարկելիորեն վկայվում է Սուրբ Գրքում։
Իսկ այն, որ Հիսուս Թագավոր էր նաև նախքան Իր մարմնավորումն ու մարդացումը և մինչև Իր չարչարանքները, նաև ա´յն, որ նախքան Իր մարմնական նախահոր` Դավթի թագավորությունը ստանալը Նա արդեն իսկ հավիտենական գահ ունի, այս ամենի մասին դեռևս Եսային էր վկայում՝ ասելով. «Եվ ես տեսա Տիրոջը` նստած բարձր և վսեմացած գահի վրա, և Նրա պատմուճանի եզրերը լցրել էին ամբողջ տաճարը» (հմմտ. Ես. 6:1): Եվ այնուհետև մի փոքր ներքևում մարգարեն ասում է. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, քանի որ ես պիղծ շուրթերով մի մարդ եմ և բնակվում եմ պղծաշուրթ ժողովրդի մեջ, բայց իմ աչքերը տեսան Թագավորին` Զորությունների Տիրոջը» (հմմտ. Ես. 6:5):
Եսային ո՞ւմ տեսավ։ Ո՞ւմ մասին ասաց այս խոսքերը: Հարցրո´ւ Հովհաննես ավետարանիչին, որպեսզի քեզ համար որևէ բան պարտադրանքով չլինի, այլ ամեն բան վկայվի ճշմարտությամբ: Այն, ինչը հիմնված է մարդկային դատողությունների վրա, ենթակա է հերքման նմանօրինակ այլ դատողություններով, իսկ ահա այն, ինչը մարգարեների և առաքյալների շուրթերով հռչակվում է Սուրբ Հոգու կողմից, առարկության ենթակա չէ, ու եթե նույնիսկ առարկողներ հայտնվեն էլ, նրանք դատապարտված կլինեն պարտության մատնվելու:
Այսպես ուրեմն, Եսային ո՞ւմ էր տեսել. «Եվ իմ աչքերը տեսան Թագավորին` Զորությունների Տիրոջը»։ Ի՞նչ վիճակում տեսան. «Գահի վրա նստած՝ բարձր և վսեմացած»։ Իսկ ի՞նչ պատվիրվեց նրան (Եսայուն). «Գնա՛ ու ասա՛ այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսեք, բայց չեք հասկանա, և տեսնելով պիտի տեսնեք, բայց չեք ճանաչի»: Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է, և ծանր են լսում իրենց ականջներով, ու փակել են իրենց աչքերը, որպեսզի չլինի թե իրենց աչքերով տեսնեն ու ականջներով լսեն և սրտով իմանան» (հմմտ. Ես. 6:9-10), և այդպես շարունակ:
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»:
Կծնվի Որդի: Ինչո՞ւ չասաց. «Քե՛զ համար կծնվի որդի»: Որպեսզի [«որդի»] բառի ընդհանուր գործածությամբ բացառի Հովսեփի՝ [Քրիստոսի] ծննդյան պատճառը լինելը և որպեսզի հայտնի, որ ոչ միայն նրա, այլև ամբողջ աշխարհի համար է Փրկիչ ծնվել՝ ըստ Եսայու, [ով ասում է]. «Մանուկ ծնվեց մեզ համար» (Ես. 9։6):
Եվ Նրա անունը «Հիսուս» կդնես: Ասում է. «Այն պատճառով, որ ասացի, թե Սուրբ Հոգուց է հղիությունը, մի՛ կարծիր, թե քո սպասավորության կարիքը չունի, որովհետև թեև Նրա հղացմանը ոչնչով չօգնեցիր, սակայն ինչ որ պատշաճում է հորը՝ խնամք տանել, սա քեզ եմ հանձնելու, որ նաև մանկան անունը դու դնես»: Եվ սա մեծ պատվի նշան է. որովհետև թեպետ հրեշտակն ինքը բերեց «Հիսուս» անունը երկնքից՝ Հորից, սակայն Հովսեփին է հրամայում դնել ծնունդից հետո: Ինչպես Ադամին Աստված մասնակից դարձրեց Իր արարչությանը կենդանիներին անուններ դնելու 41 համար, այն դեպքում, որ [Ադամն] Աստծո մոտ չէր [վեցօրյա արարչության ժամանակ], այդպես էլ [Իր] Որդու անվանադրությանը մասնակից դարձրեց Հովսեփին, ով մասնակից չէր հղացման [գործին]: Եվ [մասնակից դարձրեց] անուն դնելուն ո՛չ սովորական կերպով, ինչպես [այլ] մարդիկ, այլ ըստ պատահած դեպքի՝ հույժ խորհրդաբար: Որովհետև «Հիսուս»–ը փրկիչ է թարգմանվում, որը հենց հրեշտակն է բացատրում և կանխապես քարոզում այն բարիքների մասին, որոնք լինելու էին Նրանով, և թե ինչպե՛ս
Մեղքերից կփրկի Նա Իր ժողովրդին: Այս խոսքով [հրեշտակը] զարմանալի իրողություն է հայտնում. որովհետև ոչ թե մարմնի փրկություն է ավետարանում, այլ այն, որն առավել մեծ է՝ [փրկություն] հոգուն վնասողից, ով մեղքի ծածուկ պատերազմով գերեց մարդկանց հոգիները, որպեսզի իրեն ծառայեն:
Իսկ ինչո՞ւ է [հրեշտակը] միայն «ժողովրդին» փրկել ասում և չի ավելացնում «հեթանոսներին», ովքե՛ր հատկապես ազատություն ստացան [Քրիստոսով]:Որպեսզի լսողներին հենց սկզբից չխրտնեցնի. այլև հայտնի, որ [հրեաները] նույնպես ունեն Քրիստոսի փրկության կարիքը, որովհետև թեև Օրենքով արդարանում էին, սակայն ամենքն էլ մեղքի տակ էին: «Ժողովուրդ» ասելով՝ [հրեշտակը] նաև հեթանոսներին է ակնարկում, որովհետև երկուսից կազմվելու էր մեկ ժողովարան՝ Նրա կողմից, Ով «քանդելու էր ցանկապատի միջնորմը» (Եփես. 2։14):
Այս փրկական անունը նախապես նաև Մովսեսն էր ցույց տվել, երբ Նավեի որդի Օսեի 42 անունը փոխել էր՝ Հիսուս 43 դնելով: Վերջինս փրկեց իր ժողովրդին հեթանոսների պատերազմներից և [Աստծուց] խոստացված երկիրը ժառանգել տվեց, ինչպես որ աշխարհի ճշմարիտ Փրկիչը, պատերազմելով ծածուկ թշնամու հետ, նրան վանեց և նրան հաղթողներին իբրև ժառանգություն տվեց երկնքի արքայությունը: Հեսուն [սա արեց] Մովսեսի վախճանից հետո, իսկ Քրիստոսը՝ Մովսիսական օրենքի դադարումից հետո, Հեսուն Իսրայելին մկրտեց Հորդանանում, իսկ Քրիստոսը՝ հավատացյալներին՝ Սուրբ Հոգով:
Երբ [հրեշտակը «Հիսուս»] անվան խորհրդով հայտնեց այս ամենը [Հովսեփի] իմաստուն մտքին, իր խոսքը կնքեց մարգարեի վկայությամբ:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Նա որդի պիտի ծնի, և նրա անունը «Հիսուս» կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից»։ (Սինոդական թարգ․)[21]
«Որդի պիտի ծնի – այստեղ գործածվում է այն նույն` «τέξεται» բայը, ինչ 25-րդ համարում` մատնացույց անելով հենց ծննդյան իրողությունը (հմմտ. Ծննդ. 17:19, Ղուկ. 1:13): Իսկ ահա «γεννάω» բայն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում մատնացույց անել երեխաների ծագումն իրենց հորից։
«Եվ նրա անունը կդնես…» - «կանվանես, կկոչես»…այսպես է հունարենում, իսկ սլավոնական և ռուսերեն որոշ հրատարակություններում՝ կանվանվի, կկոչվի)` «կոչի´ր, անվանի´ր» բառերի փոխարեն, այսինքն` կիրառվում է ապագայական (ենթակայական) ժամանակաձևը` հրամայականի փոխարեն: Այս արտահայտչաձևը գործածվում է հրամաններն ավելի մեղմացված եղանակով փոխանցելու համար` իրենց ձևով երբեմն բոլորովին չտարբերվելով հրամայական եղանակից:
«Որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից» - Նա, հենց Նա և միայն ու միայն Նա´ պիտի փրկի Իր ժողովրդին (հունարենում այսպես է), այսինքն` հանրաճանաչ այն ժողովրդին, որը պատկանում է միայն Նրան և ուրիշ ոչ մեկի: Այստեղ առաջին հերթին նկատի է առնվում հրեա ժողովուրդը. ամեն դեպքում, Հովսեփն այդպես կարող էր հասկանալ հրեշտակի այս խոսքերը: Այնուհետև նաև այս խոսքերը կարող են վերաբերվել յուրաքանչյուր ազգի` այդ թվում հրեաների կամ այլ ժողովուրդների թվին պատկանող այն մարդկանց միայն, որոնք Նրա (Հիսուս Քրիստոսի) հետևորդներն են, հավատում են Նրան և պատկանում են միայն Նրան:
«Իրենց մեղքերից» - հունարենում խոսքը «իր», այսինքն՝ ժողովրդի մեղքերի մասին է: Ոչ թե մեղքերի պատճառով վրա հասնող պատժից, այլ բուն իրենց մեղքերից` մի շատ կարևոր նկատառում, որը ցույց է տալիս Մատթեոսի Ավետարանի իսկությունը: Ավետարանական բարի լուրի (ավետիսի) հռչակման հենց սկզբում, երբ դեռևս Քրիստոսի հետագա գործունեությունն անհստակ և անորոշ էր, նշվում է, որ Հիսուս Քրիստոս Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից` ոչ թե աշխարհիկ իշխանությանը հնազանդաբար ենթարկվելուց, այլ հենց բուն մեղքերից ու Աստծո պատվիրանների դեմ սանձազերծվող մեղսագործություններից: Այստեղ մենք պարզորոշ ակնարկ ենք տեսնում ապագայում «Քրիստոսի հոգևոր գործունեության» բնույթի վերաբերյալ։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»:
(Արարատ թարգ․) Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
(Գրաբար) Ծնցի որդի, եւ կոչեսցես զանո՛ւն նորա Յիսուս, զի նա՛ փրկեսցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: