Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:20

Հովհաննես Ծործորեցի

«խջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի.»

 

    Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի:

    Սրանից առաջ նշած հեզությունն է բացատրում, որովհետև [Հիսուսի] համար դյուրին էր նրանց՝ իբրև ոչ թե առողջ, այլ տրորված եղեգ, կոտրել ու ոչնչացնել, այսինքն՝ նրանց իշխանությունը վերացնել՝ ըստ այսմ. «Ջախջախված եգիպտացու վրա՞ ես հույսդ դրել» (հմմտ. Ես. 36։6), բայց չկոտրեց՝ սպասելով [նրանց] դարձին ու ապաշխարությանը: Իսկ «առկայծող պատրույգ»-ը նշանակում է նրանց քահանաների բորբոքված ցասումը, որը [Հիսուսը] կարող էր հանգցնել, բայց ներեց, որպեսզի Իր երկայնմտությունը 644 երևա և նրանք ի րավացիորեն տանջվեն խաչի հաղթանակից հետո հռոմեացիների ձեռքով, երբ փշրվեցին և [հրեաների] թագավորությունն ու քահանայությունը հանգան:

    «Ջախջախված եղեգը» նաև հրեա ժողովուրդն էր, որին [Հիսուսը] չփշրեց, այլ առողջացրեց, իսկ «պատրույգը» հնացած Օրենքն էր, որը [Հիսուսը] լրացրեց և ամբողջացրեց:

    «Եղեգն» ու «պատրույգը» նաև մեր Տիրոջ մանկությունն են՝ մարմնի տկար բնության պատճառով, որը Նա մեզնից վերցրեց, և որը թեպետ Հերովդեսը կամեցավ սպանել, իսկ ժողովուրդը՝ քարկոծել, սակայն չկարողացան փշրել ու հանգցնել:

    Նաև, ինչպես ասվեց, «եղեգն» ու «պատրույգը» հրեաներն են, ովքեր ցրվեցին՝ գերության մեջ ջախջախվելով և ծառայությամբ նվազելով, և [Տերը] նրանց ամբողջապես չի փշրում ու հանգցնում աշխարհից, որովհետև չարժե մեռածին սպանել կամ մեռցնել և վերքի վրա վերք ավելացնել՝ ըստ այսմ. «Այլևս չեմ անիծի երկիրը» (Ծննդ. 8։21): Այլ ներում է ջախջախվածներին ու առկայծողներին, մինչև կհավատան Իրեն այս աշխարհի ավարտին՝ նեռի օրոք, ըստ Հովհաննեսի տեսիլքի՝ յուրաքանչյուր ցեղից տասներկու հազար կնքված 645, որովհետև սա է հաստատում [Եսայու մարգարեական խոսքի] հաջորդ [նախադասությունը]. «[Մինչև որ դատաստանը] հաղթանակի կհասցնի», որովհետև հավատով կտիրի նրանց, ովքեր առաջինը պիտի հավատային, իսկ մնացածին հետո կփշրի ու կհանգցնի:

    «Ջախջախված եղեգը» խորհրդանշում է նաև մեր մարմինը, որ մեղքի պատճառով ջախջախվեց մահվամբ, և Տերը չփշրեց այն, այսինքն՝ ամբողջապես չոչնչացրեց, այլ նորոգեց հարության հույսով՝ Իր փառավոր մարմնի նմանությամբ 646՝ դառնալով «ննջեցյալների առաջին պտուղ»-ը (Ա Կոր. 15։20): Իսկ «պատրույգը» խորհրդանշում է հոգու հանցանքները, որոնք [Տերը] չհանգցրեց՝ թույլ չտալով, որ [հոգին] խավարի մեղքերով, այլ ինչպես որ Իրեն վառեց Իր աստվածության ճրագի լույսով, այդպես էլ մեր [հոգին]՝ արդարության օրենքով ու ողորմության յուղով:

    Այլաբանորեն՝ կարծում եմ՝ «ջախջախված եղեգն» այն է, որ մեկն Աստծո պատվիրաններն ինչ-որ արատով է կատարում: Սա չարժե փշրել ու կտրել, այլ բժշկել տերունական խոսքով թե՝ «Մի՛ արեք ի ցույց մարդկանց» (հմմտ. Մատթ. 6։1), ոչ էլ գոռոզությամբ ու փառասիրությամբ, այլ ամեն ինչ գործեք առանց տրտնջալու, Աստծո փառքի համար: Իսկ «առկայծող պատրույգն» այն է, որ մեկն Աստծո պատվիրանները կատարում է ոչ թե ցանկանալով ու սիրուց մղված, այլ ծուլությամբ և իմիջիայլոց: Սա պետք չէ հանգցնել, այսինքն՝ խափանել, այլ վառել Աստծո դատաստանի հիշատակով:

     Մինչև որ դատաստանը հաղթանակի կհասցնի:

    Երբ Իր ամբողջ [տնօրենությունն] իրականացնի՝ խաչի միջոցով մարդկանց փրկությունը, այնուհետև վրեժխնդրության կդիմի, որովհետև արդար իրավունքից հետո, որը «դատաստան» է կոչում, և նրանց հանդգնության համար առիթ չթողնելուց հետո, մեծ պատիժների կենթարկի նրանց: Նաև մարդկանց ստությունն է խայտառակում, թե մարդկանց իրավունքը ճշմարտությունից հեռու է և լի է ընդունայն կարծիքներով՝ ըստ մարգարեի. «Ինչո՞ւ եք նանրություն 647 սիրում» (Սաղմ. 4։3), այնուհետև Իր դատաստանն իբրև հաղթող ցույց տալիս և ներկայացնում իբրև մարդ-կանց իրավունքից խիստ բարձր՝ ըստ այսմ. «Աստված ճշմարիտ կլինի, և ամեն մարդ՝ սուտ» (Հռոմ. 3։4), «Արդար կլինես Քո խոսքերում և հաղթող՝ դատելիս» (Սաղմ. 6։6): Այլև՝ սատանային հաղթեց ոչ թե բռնությամբ, այլ դատաստանի իրավունքով՝ խաչով և [Իր] անմեղ մահվամբ: Եվ երեք օրից հարություն առնելով՝ ելավ խավարասեր իշխանի դեմ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

«խջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի.»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15