Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:10
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ:
   

    Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի:

    Այսինքն՝ երբ մե կը հոժարություն ու ջանասիրություն ունենա, Աստծո կողմից ամեն ինչ կտրվի նրան, իսկ երբ մեկը դրանցից թափուր գտնվի և ինքն իր կողմից ջանք չթափի, ապա Աստծուց էլ ոչինչ չի տրվի նրան, ինչպես և ասում է [Տերը], թե «ունեցածն էլ կվերցվի նրանից». ոչ թե Աստված կվերցնի, այլ [մարդն] ինքն է, որ իրեն անարժան կդարձնի [ունեցածին]: [Տերը] լավ ասաց նաև այն, թե [կվերցվի] «այն, ինչ [մարդը] կարծո՛ւմ է, թե ունի» (Ղուկ. 8։18), որպես թե դա՛ էլ չունի: Նաև ով բարի գործերի պտուղ ունի, կտրվի նրան առակավոր իմաստները Հոգով լսելու [կարողություն], իսկ ով չունի, լսե՛լն էլ կվերցնեմ նրանից, [ասում է Տերը], որպեսզի չհասկանա՝ ըստ այսմ. «Ամեն ուռ, որ պտուղ չի տալիս, [Իմ Հայրը] հատում է» (հմմտ. Հովհ. 15։2), և՝ «Արմատախիլ կարվի ամեն տունկ, որն Իմ Հայրը չտնկեց» (Մատթ. 15։13), այլ չարը: Նաև ով արդարության գործեր ունի, կփոխհատուցեմ նրան հանդերձյալում և հավելյալ փառք կշնորհեմ, իսկ ով չունի առաքինության գործեր, կվերցնեմ նրանից նաև այն շնորհը, որն ունի Ինձնից՝ ըստ այսմ. «Մեջտեղից կտրե՛ք դրան» (հմմտ. Մատթ. 24։51):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

 որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ:
   
    «Ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ»:
Գտանք Որոգինեսի՝ Մատթեոսի ավետարանի մեկնության տասներկուերորդ գլխում, թե ամենայն տունկ, որ տնկեց Աստծու Միածին Որդու Հայրը, այն տնկիում Միածնի վարդապետությունը պիտի աճի: Եվ ոչ ոք թող չկարծի թե Պողոսի տնկածը և Ապողոսի աճեցրածը՝ Աստծու տնկիներից դուրս են (Ա Կորնթ. 3։6), քանզի ամեն [տունկ], որ Աստծու կամքով է տնկված, Աստծու տունկ է կոչվում: Եվ ավելանում է այդպիսի տնկիում [Միածնի վարդապետությունը]: Ով ունի այդպիսի տունկ, այնպիսիին պիտի ավելացվի: Բայց այն որը չտնկեց երկնավոր Հայրը մարդկանց հոգիներում, այլ հակառակորդները, և այն, որ ունեն նրանից պիտի վերցվի:

    Այդ այդպես մեկնեց Որոգինեսը, և ես չեմ ընդդիմանում, բայց ըստ այժմեական մեկնության, կարծում եմ, թե ով ունի բարի սերմը՝ բարի հոգին, որ [բարի] հող անվանվեց, նրան պիտի տրվի և ավելացվի: Իսկ որն ընկավ ճանապարհի եզրին և ժայռերի վրա, այն է, որ ընդունեց Քրիստոսի վարդապետությունը, բայց չարը գալով՝ վերցրեց այն, որովհետև հաստատված չէր սրտի մեջ. նրանից վերցվեց [նաև] այն ամենը, ինչ ուներ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4