Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:28

Հովհաննես Ծործորեցի

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
   

   Ամեն [ամեն] եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Մարդու Որդուն Իր արքայությամբ եկած»:

   [Տերը] վշտերի ու չարչարանքների մասին շատ բաներ ասաց և աշակերտներին խստորեն պատվիրեց մահը հանձն առնել, [որն] այս աշխարհում այնպե՜ս մոտ էր, իսկ բարիքները՝ [միայն] հույսով ու սպասումով, ուստի կամեցավ այժմ նրանց աչքերով ապացուցել և ցույց տալ, թե ինչպիսին է այն փառքը, որ գալու է, ինչը կարող էին նրանք տեսնել այստեղ՝ այս կյանքում, որպեսզի երբ վշտերի փոխարեն գեղուղեշ 861 լույսով փառքը տեսնեին, չտրտմեին ոչ միայն Տիրոջ, այլև իրենց մահվան համար, հատկապես Պետրոսը, որ չափազանց խոր էր խոցվել:

   Բայց դու տես և այն, որ թեպետ ասաց, թե հատուցելու է ըստ գործերի, երբ Հոր փառքով գա, [այսինքն]՝ ոչ միայն արդարներին արքայությունն [է պարգևելու], այլև մեղավորներին գեհենն [ուղարկելու], և պետք էր, որ երկուսի օրինակն էլ բերեր, սակայն Նա արքայության օրինակը ցույց տվեց, իսկ դժոխքի մասին ոչինչ չհիշատակեց: Ինչո՞ւ: Որովհետև եթե [աշակերտները] թանձրամիտ լինեին, պետք կլիներ դա նույնպես ցույց տալ, սակայն քանի որ ընտիր էին և հասկացող, հրեշտակներով է նրանց հորդորում: Երբ տե ղը պահանջում է, [Տերը] գեհենն էլ է հիշեցնում, ինչպես երբ [պատմում է] հարյուր դահեկանը պահանջողի կամ էլ կեղտոտ զգեստ հագածի մասին 862: Իսկ այստեղ դրա կարիքը չկար, ուստի միայն արքայության մասին է խոսում և այն ցույց տալիս ոչ միայն խոսքով, այլև գործով:

   «Ամեն, ամեն եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք [մահ չեն ճաշակի]»: [Տերը] գործածում է այս բառը՝ [«ամեն»], որ թարգմանվում է «ճշմարիտ» կամ «թող լինի» ձեզ (և ոչ թե մի ուրիշին) այն, ինչ ասելու եմ, հաստատելու համար այն երևումը, որ պատրաստվում էր ցույց տալ: Եվ «ամեն»-ը կրկնում է խոսքերի և գործերի համար, որովհետև ինչպես որ Նրա խոսքն է ճշմարիտ, այդպես էլ գործը, որ ցույց էր տալու:

   Այստեղ կանգնածներից ոմանք». [նախ]՝ չհայտնեց՝ ովքեր, որպեսզի մյուս [աշակերտները] չտրտմեին, բայց ակնարկում էր Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին, ովքեր տեսնելու էին արքայության փառքը: Այս պատճառով էլ չասաց՝ բոլոր այստեղ կանգնածները, այլ՝ նրանցից [ոմանք]:

   Բայց կարող է մեկը հարցնել. «Այդքան օրերի ընթացքում ի՞նչ պիտի պատահեր, որ ասում է՝ մահ չեն ճաշակի»: Ասենք, որ մահն ամենքին էլ մոտ է՝ ըստ հենց Տիրոջ խոսքի. «Իբրև որոգայթ է հասնում» (Ղուկ. 21։35), և այլուր՝ «Ձեր ժամանակն ամեն ժամ պատրաստ է» (Հովհ. Է 56): Այս կյանքում բազմաթիվ պատահարներ են մեզ մահվան հասցնում՝ բարձրությունից ընկնելը, ջրում խեղդվելը, կրակի մատնվելը, երկրաշարժն ու սուրը կամ հանկարծահաս տենդը և այլ այսպիսի [վտանգներ]: Ուստի [Տերն] այսպիսի [բաների հանդեպ] վախն է փարատում՝ [ասելով]. «Այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն [Մարդու Որդուն Իր արքայությամբ եկած]»: Սրանով նաև ցույց է տալիս, որ կյանքի և մահվան տերն է և Ինքն էր, որ Եզեկիայի կյանքին հավելեց տասնհինգ տարի 863, Ինքն է, որ Ենովքին ու Եղիային մարմնով կենդանի է պահում 864, Ով Իր [կյանքի] մասին էլ ասում է. «Իշխանություն ունեմ դնելու այն և իշխանություն՝ վերստին ընդունելու այն» (Հովհ. 10։18), ինչպես և արեց Իր անճառելի մահվամբ և Իր ինքնիշխան զորությամբ [կատարած] հրաշալի հարությամբ:

   Երկրորդ՝ [Տերը] նկատի ունի այն հավատացյալներին, ովքեր դեռ լինելու են երկրի վրա, երբ [Նրա] գալուստը մոտենա՝ ըստ այսմ. «Այս սերունդը չի անցնի, մինչև ամեն ինչ չկատարվի: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24։34-35):

   Եվ երրորդ՝ խոսում է ողջերի մասին, որ լինելու են այս աշխարհում և ովքեր առանց մահ ճաշակելու վերափոխվելու և նորոգվելու են Տիրոջ գալստյանը՝ ըստ առաքյալի. «Մենք՝ Տիրոջ գալստյան ժամանակ ողջ մնացածներս, չենք հասնելու ննջեցյալներին, այլ ամպերով հափշտակվելու ենք Տիրոջն ընդառաջ» (հմմտ. Ա Թես. 4։14, 16): Նաև՝ «Տեսնելու են Մարդու Որդուն ամպերով գալիս» (հմմտ. Մատթ. 26։64) ՝ ըստ հրեշտակի [խոսքի]. «Այս Հիսուսը, որ բարձրացավ ձեզ մոտից դեպի երկինք, այն նույն ձևով է գալու, ինչ ձևով տեսաք Նրան երկինք գնալիս» (Գործք 1։11)՝ այն մարմնով հանդերձ, որը ձեզնից վերցրեց:

   Իսկ «արքայություն» է [Տերը] կոչում երկնքի թագավորությունը, որով տիրում է բոլոր ազգերին՝ ըստ Դանիելի տեսիլքի 865, և թագավորում բոլոր հեթանոսների վրա, ուստիև ասում է «Ի՛ր», որը [նշանակում է] Իր բնությանը հատուկ փառքով և սեփական թագավորությամբ, այսինքն՝ աստվածության կերպարանքով: Որովհետև մշտական չէ նվաստանալու ժամանակը, այլ սրանից հետո [Տերն] Իրեն հայտնելու է՝ սքանչելի և ահավոր երևմամբ ծագելով երկնքից, երբ բոլոր արարածներին հավաքելու է մի վայրում, դատաստանի համար՝ իբրև Արարիչ և Տեր հարցաքննելու Իր արարածներին ու ծառաներին:
   

Ստեփանոս Սյունեցի

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
   
   «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած Իր արքայությամբ»:
   Չի ճաշակի մահ [նա], ով ուտում է կենդանի հացը՝ Քրիստոսի մարմինը՝ ճշմարիտ Հացը, և ըմպում Բանի արյունը՝ ճշմարիտ ըմպելիքը: Իսկ մահ ճաշակում է [նա], ով ուտում է վիշապից, որի մասին գրված է. «Որպես կերակուր տվեցիր Եթովպիայի ժողովրդին» (հմմտ. Սաղմ. 73։14):

   Դարձյալ՝ մահ չի ճաշակի [նա], ով ուտում է կենդանության ծառից: Եվ [նա] է ճաշակում մահ, ով ուտում է [այն] ծառից, որի մասին ասաց. «Այն օրը, երբ ուտեք դրանից, կմեռնեք» (Ծննդ. 2։17): Արդ, Փրկչի ասած, թե՝ մահը չեն ճաշակի, վերաբերվում է նրանց, ովքեր ուտում են Նրա մարմինը արժանիորեն, ինչպես և ըմպում են Նրա արյունը: Եվ ոչ թե այս է ասում, թե կապրեն և չեն տեսնի մահ, որովհետև բոլորն էլ վախճանվեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20