Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

24-26․ «Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»»։ «Նա ասաց. «Այո՛, [վճարում է]»։ Եվ երբ նա տուն մտավ, Հիսուս նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»»։ «Պետրոսը նրան պատասխանեց՝ «օտարներից»։ Հիսուս նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են»»։ «Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով (լիճ), կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, ու նրա բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես․ վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր Իմ ու քո տեղը»։
   

    «Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում» (Մատթ. 17:24)։ Ի՞նչ էին այս երկդրամյանները։ Երբ Աստված հարվածեց եգիպտացիների անդրանիկներին, նրանց փոխարեն ընդունեց Ղևտացիների ցեղը։ Բայց, քանի որ ղևտացիների թիվը պակաս էր հրեաների անդրանիկների թվից, Տերը, նրանց թիվը լրացնելու համար, հրամայեց սիկղ վճարել։ Այդ ժամանակից սկսած սովորույթ դարձավ այսպիսի տուրք վճարել անդրանիկների համար։ Եվ քանի որ Քրիստոս անդրանիկ զավակ էր, իսկ Պետրոսը կարծես աշակերտներից առաջինն էր, ուստի տուրք հավաքողները նրան մոտեցան։ Նրանք, ինչպես ինձ է թվում, տուրք էին հավաքում ամեն մի քաղաքից, դրա համար էլ եկան Նրա հայրենիք, որը Կափառնաումն էր։ Անմիջապես Քրիստոսին մոտենալ նրանք չհամարձակվեցին, այլ եկան Պետրոսի մոտ, սակայն վերջինիս նույնպես մոտեցան ոչ թե բռնի պահանջով, այլ համեստորեն։ Նրանք հրամայաբար չէին պահանջում, այլ միայն հարցնում էին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։ Այդ մարդիկ Քրիստոսի մասին պատշաճ կարծիք դեռևս չունեին, այլ Նրան համարում էին մի պարզ մարդ, սակայն, որոշակի ակնածանք ու պատիվ էին ցուցաբերում Նրա հանդեպ նախորդիվ իրականացված նշանների պատճառով։ Եվ ի՞նչ է նրանց պատասխանում Պետրոսը։ «Նա ասում է. այո»։ Տուրք հավաքողներին Պետրոսն ասաց, թե Քրիստոս կտա երկդրամյանը, բայց անձամբ Քրիստոսին այս մասին չհայտնեց՝ միգուցե ամաչելով Փրկչի հետ խոսել այդպիսի թեմայի մասին։ Դրա համար էլ հեզ և ամեն ինչ հստակորեն իմացող Հիսուս, նրան կանխելով, ասում է. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։ Երբ Պետրոսը պատասխանեց՝ օտարներից, Քրիստոս ասաց. «Ուրեմն, որդիներն ազատ են» (Մատթ. 17:25-26)։ Որպեսզի Պետրոսը չմտածի, թե Հիսուս ինչ-որ բան է լսել հարկահավաքներից, Քրիստոս նրան կանխում է՝ բացահայտելով Իր մտքերը հենց այս նույն նյութի շուրջ, և Պետրոսին համարձակություն տալով, քանի որ ավելի վաղ վերջինս չէր համարձակվում խոսել այդ մասին։ Հիսուսի խոսքերի իմաստը, ուրեմն, սա է. «Ես ազատ եմ տուրք վճարելուց։ Եթե երկրի թագավորները հարկ չեն վերցնում իրենց որդիներից, այլ օտարներից, ապա առավել ևս Ե՛ս պիտի ազատ լինեմ նրանց պահանջից, Ես՝ Թագավորս և Թագավորի Որդիս, ու այն էլ՝ ո՛չ թե երկրավոր, այլ երկնայի՛ն»։ Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես տարբերակեց որդիներին նրանցից, ովքեր որդիներ չեն համարվում։ Եթե Նա Ինքը որդի չլիներ, ապա իզուր տեղը բերած կլիներ թագավորների օրինակը։ Ճիշտ է, - ասում են, - Նա Որդի է, բայց ոչ ճշմարիտ Որդի․ հետևաբար՝ Որդի չէ։ Իսկ եթե Որդի չէ, և ճշմարիտ Որդի չէ, ապա Աստծո Որդի չէ, այլ օտար է։ Իսկ եթե օտար է, ապա թագավորների օրինակը որևէ ուժ չունի։ Նա խոսում է ոչ թե պարզապես որդիների մասին, ինչպիսին էլ լինեն նրանք, այլ օրինական, սեփական որդիների մասին, որոնք մասնակից են իրենց ծնողների արքայությանը։ Դրա համար էլ, տարբերություն մտցնելու համար, Հիսուս հակադրեց «օտար» որդիներին՝ այդպես անվանելով նրանց, ովքեր ծնված չեն նրանցից (թագավորներից)։ Իսկ «իրենց որդիներ» կոչում է նրանց, ում թագավորներն իրենք են ծնել։ Բայց այստեղ ուշադրությո՛ւն դարձրու նաև, թե ինչպես է Քրիստոս Իր խոսքերով ամրապնդում Պետրոսին բացահայտված գիտելիքը։ Սակայն Նա սրանով էլ չի սահմանափակվում, այլ Իր խոնարհությամբ էլ է նույնը ներշնչում. մեծագույն իմաստության մի նոր դրսևորում։ Սա ասելով՝ Հիսուս ավելացնում է. «Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով (լիճ), կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, ու նրա բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես․ վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր Իմ ու քո տեղը» (Մատթ. 17:26)։ Տեսնո՞ւմ ես, թե Նա ինչպես և՛ տուրքը վճարելուց չի հրաժարվում, և՛, դրա հետ մեկտեղ, ոչ էլ պարզապես հրամայում է տալ այն։ Նախապես ցույց տալով, որ Ինքը տուրքի ենթակա չէ, այնուհետ միայն տալիս է այն. առաջինն անում է, որպեսզի աշակերտները չգայթակղվեն, վերջինը՝ որպեսզի հարկահավաքները չգայթակղվեն։ Տուրքը վճարում է ոչ որպես դա անելուն պարտավոր մեկը, այլ՝ նրանց տկարության հանդեպ Իր ներողամտությունից դրդված։

    Մեկ այլ տեղում, կերակրի մասին դատողություն անելով, Քրիստոս արհամարհում է գայթակղությունը. սրանով Նա մեզ ուսուցանում է տարբերել ճիշտ ժամանակը, թե երբ է հարկավոր հոգալ գայթակղվողների մասին, և երբ է կարելի առանց ուշադրության թողնել նրանց։ Ի դեպ, հենց այն կերպը, որով Հիսուս տալիս է տուրքը, բացահայտում է, թե Նա Ով է․ ինչո՞ւ Նա չի հրամայում տուրքը վճարել իրենց մոտ պահվող գումարներից։ Ա՛յն բանի համար, որ, ինչպես վերևում ասացի (և ինչպես այս դեպքում էլ կամենում է ցույց տալ), մատնանշի Իր՝ ամեն ինչի Աստված լինելը, նաև ա՛յն, որ ծովը նույնպես Իր իշխանության ներքո է։ Այս իշխանությունը Քրիստոս ցույց տվեց դեռևս այն ժամանակ, երբ խաղաղեցրեց ծովին, և հենց այս նույն Պետրոսին թույլ տվեց ալիքների վրայով քայլել։ Այդ միևնույն իշխանությունը նաև այժմ է ցույց տալիս, թեև փոքր-ինչ այլ կերպով, բայց դարձյալ մեծ զարմանք է հարուցում։ Իսկապես, քիչ բան չէր նշանակում ծովի խորքի մասին ասել, թե այնտեղ առաջին ձուկն իսկ կբռնվի պահանջվող տուրքը բերանում, և որ Քրիստոսի հրամանը, ասես անդունդի մեջ նետված կարթ, կորսա բերանում սատեր ունեցող մի ձկան։ Բայց հենց աստվածային և անպատում իշխանության ձեռքի գործ է հրամայել ծովին, որպեսզի այն ընծա բերի, և ցույց տալ, թե այն ինչպես է ամեն ինչում Աստծուն հնազանդվում։ Ծովը ցույց տվեց, որ հնազանդ է Քրիստոսին թե՛ այն ժամանակ, երբ, ալեկոծված լինելով, հանկարծ հանդարտվեց և ալիքների կատաղության միջից բարձրացրեց իր ծառայակցին, և թե՛ այժմ, երբ տուրք պահանջողներին վճարում է Հիսուսի փոխարեն։ «Տո՛ւր նրանց, - ասում է, - Իմ ու քո տեղը»։ Տեսնո՞ւմ ես այդ մեծ պատիվը։ Ճանաչի՛ր ուրեմն նաև Պետրոսի խորին իմաստությունը։ Այս կարևոր հանգամանքի մասին չի հիշատակում Մարկոսը՝ Պետրոսի աշակերտը, որպես Քրիստոսի կողմից Պետրոսին ցուցաբերված մեծ պատիվ, բայց Պետրոսի հանդիմանվելու մասին նա գրում է։ Այն մասին, ինչը կարող էր փառաբանել Պետրոսին, Մարկոսը լռում է, միգուցե, որովհետև Ուսուցիչն էր արգելել աշակերտի մասին ասել այն, ինչը վերաբերում էր նրա փառքին։

    «Իմ ու քո տեղը», - քանի որ Պետրոսն էլ էր անդրանիկ։ Զարմանո՞ւմ ես Քրիստոսի զորության վրա։ Զարմացի՛ր նաև աշակերտի հավատի վրա, որն այսքան հնազանդ գտնվեց այսքան դժվարին իրավիճակում։ Իսկապես, մարդկային բանականության համար այս պարագան չափազանց դժվարին էր թվում։ Որպես պարգև այսպիսի հավատքի համար՝ Քրիստոս Պետրոսին միացրեց Իր հետ՝ վճարելով տուրքը երկուսի փոխարեն. «Իմ ու քո տեղը»։

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»:
   
    Երբ տուն մտավ, Հիսուսը, կանխելով նրան, ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն, ազգերի թագավորներն ումի՞ց են հարկերը կամ տուրքը վերցնում՝ իրենց որդիների՞ց, թե օտարներից»:

    Երևում է՝ [Տերը] կամենում է Պետրոսին հասկացնել թե՝ «Վայել չէ, որ Ես հարկ տամ, ինչը դու իրավացի համարեցիր», ուստի նրան էլ դատավոր է դարձնում [այդ իրադրության համար]: Դա հաստատում է ոչ միայն այդ հարցով, այլև [հարկի մասին Պետրոսի] խոսելը կամ մեկ ուրիշի կողմից հայտնելը կանխելով: Նաև Պետրոսին խոսելու համարձակություն է տալիս, քանի որ նա դանդաղում էր՝ ամաչելով պատահածից: «Ինչպե՞ս է քեզ թվում,- ասում է.- ազգերի թագավորներն ումի՞ց են հարկեր վերցնում կամ քահանաները՝ տուրք», այսինքն՝ թեպետ արարչագործության ժամանակ մարդիկ հավասար ստեղծվեցին՝ ամենքը թագավոր լինելով, բայց մեղանչելուց հետո ոմանք բռնանալով տիրեցին շատերին և հարկ են հավաքում: Ուրեմն՝ այդ բռնակալներն ումի՞ց են հարկ պահանջում՝ որդիների՞ց, թե օտարներից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:23