Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:6

Հովհաննես Ծործորեցի

Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:

 

   Ուստի երկու մարմին չեն, այլ մեկ:

   Հին Օրենքից մեջբերեց և խոսքերով ու գործերով ցույց տվեց, որ [դրա] Տվիչը հավատարիմ է, այնուհետև Ինքն է այն բացատրում և օրենք հաստատում թե` «երկու մարմին չեն, այլ մեկ», այսինքն` ինչպես որ մեկ մարմինը կիսելը խիստ անպատշաճ է, այդպես էլ տղամարդուն կնոջից բաժանելը մեծ անօրինություն է: Հետևաբար, տղամարդն ու կինը մեկ բնություն ունեն` ո՛չ անձով, այլ կամքով և սիրո կցորդությամբ, ուր տղամարդն ասես իշխան է, իսկ կինը` անվարան հնազանդվող:

   Ուրեմն` ում Աստված միացրեց, թող մարդը չբաժանի:

   Երբ նրանց մեծապես ամբաստանեց արարչության այդ [օրինակով], հրամանով ու մարգարեությամբ և օրենք հաստատեց, չասաց` մի՛ քակտեք ու բաժանեք միմյանցից, այլ` «Ում Աստված միացրեց, մարդը թող չբաժանի», որը նշանակում է նույնը, ինչ «արու և էգ ստեղծեց նրանց» [խոսքը]: Որպես թե ասում է` ովքեր հանդգնում են բաժանել մինչև մահը, Աստծո հրամանին են հակառակվում, ինչպես գրում է Պողոսը թե` «Կինը կապված է այնքան ժամանակ, որքան կենդանի է նրա ամուսինը, իսկ եթե նրա ամուսինը վախճանվի, ազատ է` ամուսնանալու, ում հետ կամենում է» (Ա Կոր. 7։39): Որովհետև ինչպես որ մահն է Աստծո հրամանով բաժանում մեկ դարձած հոգին ու մարմինը, իսկ ովքեր հանդգնում են Նրա կապածն ու միացրածը քակտել, արյունահեղ են կոչվում և են, այդպես էլ եթե մեկը բաժանի Աստծո միացրած տղամարդուն ու կնոջը, սպանողների շարքը կդասվի: Եթե Մովսեսի վրա ես հիմնվում, ես` Մովսեսի Տիրոջ, որովհետև Աստված միացրեց [տղամարդուն ու կնոջը], և [Աստծո սահմանած] այս [օրենքն] ավելի մեծ է Ինձ թվում, քան [Մովսիսական] Օրենքը, թեպետ Իմ կողմից [ասվելու պատճառով] նոր է համարվում:

   Բայց տե՛ս այս խոսքի զորությունը, թե քանի՛ օրինակով հաստատեց տղամարդուն և կնոջը չբաժանել: Նախ` [ասաց]` մեկ մարմին են, և մեկ մարմինը երկուսի հատելը երկուսի համար էլ մահ է, թեկուզ տղամարդը կամ կինը հաշմված լինի, բորոտ կամ դիվահար, որովհետև բորոտ մարմինը, երբ տառապում է այդ ցավից, չենք կտրում ու դեն նետում: Երկրորդ` ասաց, որ Աստված է միացրել, իսկ դու, մարդ, որ բաժանում ես, նայի՛ր բնությանը, որովհետև Նա Արարիչ է, իսկ [դու]` արարած, Նա շինում է, իսկ դու` քանդում: Երրորդ` [բաժանողը] պիտի պատկառի այդ օրինակից, որովհետև ով [տղամարդուց] բաժանում է կնոջը, համարիր, թե Եկեղեցին Քրիստոսից է հեռացնում, ինչպես Սաբելը, Արիոսը 1001 կամ չար թագավորները, որ [քրիստոնյաներին] բռնությամբ մղում էին ուրացության: Ուրեմն նրա՛նց է հավասարվում բաժանողը, քանի որ տղամարդն ու կինը Եկեղեցու խորհրդանիշ են, ինչպես ասում է Պողոսը. «Այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու մասին» (Եփես. 5։32): Որովհետև ինչպես որ այնտեղ Ադամի կողից ստեղծվեց Եվան` «մարմին` նրա մարմնից և ոսկոր` նրա ոսկորներից» (հմմտ. Ծննդ. 2։23), այդպես էլ Եկեղեցին Երկրորդ Ադամի կողից ստեղծվեց իբրև Նրա հարս` ըստ Հովհաննես [Մկրտչի]` «Ով հարսին ունի, նա է փեսան» (Հովհ. 3։29): Ուստի թողնելով Հորը երկնքում և մորը` խաչի մոտ` գնաց դեպի մահ ու դժոխք և Իր համար մարմին ու պանծալի դշխո դարձրեց սուրբ Եկեղեցին` ըստ առաքյալի. «Դուք Քրիստոսի մարմինն եք» (Ա Կոր. 12։27), իսկ Ինքն [ասում է]. «Ով ուտում է Իմ մարմինը և խմում Իմ արյունը, բնակվում է Իմ մեջ, և Ես` նրա» (Հովհ. 6։57): Երկու չէ, այլ մեկ ճշմարտապես` Իր մարմնի ներմիության օրինակով, թեպետ արու և էգ է: Արու է ըստ մարգարեության և Պասեքի մեկ տարեկան [գառի] 1002, ներգործական զորության պատճառով, իսկ էգ` նյութական մարմնի կրելի 1003 էության պատճառով:

   Իսկ եթե մեկը հարցնի, թե ինչպե՞ս ենք Տիրոջ մարմնի պես մեկ մարմին դառնում, կպատասխանենք` Սուրբ Հոգո՛վ` ըստ առաքյալի. «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, Նրանը չէ» (Հռոմ. 8։9), որովհետև հայտնի է, որ Քրիստոսի մարմինը մարդկային սերմից չէ, այլ Սուրբ Հոգուց` ըստ Կույսին հրեշտակի տված տված ավետիսի. «Ով ծնված է նրա մեջ, Սուրբ Հոգուց է» (Մատթ. 1։20): Այսպես մենք, Ավազանում Հոգին ընդունելով ու մաքրվելով, [Քրիստոսի] Մարմնին ու Արյանը հաղորդվելով, դառնում ենք Քրիստոսի մարմին. իսկ եթե մեկը սա չունի, Նրա մարմինը չէ, ինչպես ասաց Պողոսը: Ուստի [Հիսուսն] ավելացրեց. «[Ում] Աստված միացրեց, թող մարդը չբաժանի», այսինքն` Հոր կամքով եղած միությունը` Եկեղեցու` Խոսքի հետ և Խոսքի` Իր մարմնի հետ, թող ոչ ոք չհամարձակվի բաժանել: Նրանն աղանդավորական խոսքերով չբաժանել, ինչպես Նեստորը 1004և նրա համախոհները, իսկ Եկեղեցունը` կամ ուրիշին գայթակղեցնելով և ուրացության մղելով, կամ սեփական անձը անօրեն գործերով աղտեղելով և [Եկեղեցուց] բաժանելով` ըստ առաքյալի. «Քրիստոսի անդամ ներն առնենք դարձնենք պոռնիկի՞ անդամներ, քա՛վ լիցի» (Ա Կոր. 6։15): Որովհետև սա հերձվածողների փորձությունն է, որոնց [Տերը] փոխաբերաբար կոչեց «փարիսեցիներ». նրանցից պետք է խորշել և աստվածային խոսքերով պապանձեցնել:

   Այս խոսքը հարմարապես վերաբերում է նաև որևէ մարդու, ինչպես մի փոքր հայտնել ենք: Որովհետև մարդն ի սկզբանե արու և էգ ստեղծվեց, այսինքն` հոգի և մարմին, որոնք ոչ ոք չպիտի բաժանի, ոչ իրենը` ինքնասպան լինելով, կամ ջուրը գցվելով, կամ բարձր տեղերից ցած նետվելով, ոչ էլ ուրիշներինը` որևէ կերպ` սրով կամ թույնով կամ նման այլ բանով, որովհետև սա հատուկ է Բանսարկուին, ով ի սկզանե մարդասպան է, և նրա կամարարներին: Նրանցից է պահանջվելու Աբելից սկսած մինչև վերջին սպանվածների արյունը: Եթե իրավացիորեն սպանեցին, դահիճ կհամարվեն, իսկ եթե անիրավաբար` արյունահեղ ու պղծագործ կկոչվեն, ովքեր չեն հասնի [իրենց օրերի] լուսավոր կեսին 1005, այլ ահավոր խավարը [կժառանգեն]:
   

Ստեփանոս Սյունեցի

Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
   
    «Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են»:
   Ուրեմն տղամարդու և կնոջ միաբանությունը Աստծուց է սահմանված, տղամարդուն որպես իշխանի, իսկ կնոջը՝ հնազանդվողի: Հաստատապես երկու չեն, այլ մեկ մարմին: Ինչն ակնարկում է Քրիստոսի և Եկեղեցու [միությունը]: Հայրը Եկեղեցին զուգեց Քրիստոսի  հետ, և Ինչ Աստված միավորեց, եկեղեցական մարդն իր անարժան գործերով թող չբաժանի իրեն Քրիստոսից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3