Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։35

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր:
   
   Միաժամանակ կասես, որ Քրիստոս Հոր կարիքը չունի, այլ գործում է սեփական իշխանությամբ: Այսպես ուրեմն, նախապես խոստովանի՛ր, որ Նա Հոր կարիքը չունի և գործում է իր իշխանությամբ. այդ ժամանակ ես էլ քեզ կհարցնեմ այն աղոթքի մասին, կամ, ավելի ճիշտ, կսովորեցնեմ այն աղոթքը, որով Նա ասաց, որ դա Նրա թույլտվության և տնօրինությունը գործն է (քանզի Քրիստոսը, իհարկե, Հեսու Նավեից ցածր չէ),  և որ Նա կարող է մեզ առանց աղոթքի էլ սովորեցնել: Ինչպես ուսուցչի ասած ու թվարկած տառերը լսելով՝ դու նրան անծանոթ չես անվանում, և երբ նա հարցնում է՝ «որտե՞ղ է այսինչ տառը», դու հասկանում ես, որ նա ոչ թե անտեղյակությունից է հարցնում, այլ որպեսզի սովորողին խրատի, այնպես էլ Քրիստոս աղոթեց առանց աղոթքի անհրաժեշտությունն ունենալու, քանի որ  ցանկացավ քեզ մշտապես աղոթքի հանդեպ ուշադիր, արթուն և հսկող–անքուն լինել ու անընդհատ աղոթել  սովորեցնել։ «Անքնություն կամ հսկում» ասելով՝ ոչ միայն գիշերը արթնանալը նկատի ունեմ, այլ նաև օրվա ընթացքում աղոթքով արթուն մնալը, քանզի այդպիսի մարդն է արթուն–հսկող կոչվում: Եվ գիշերը աղոթելով՝ կարելի է քնել, և  օրվա ընթացքում առանց աղոթելու՝ կարելի է հսկել, երբ հոգին ուղղված է լինում դեպի Աստված, երբ հասկանում է, թե Ում հետ է խոսում, և Ում է ուղղված իր խոսքը, երբ մտքում ունենում է, որ հրեշտակները վախով ու դողով են կանգնում Նրա առաջ, սակայն այս ամենը իմանալով՝ մարդը սկսում է հորանջել ու ծոծրակը  քորել։
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:32
   

Որոգինես

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր:
   
   Եթե Հիսուսը աղոթում է (Նա առանց օգուտի չի աղոթում, քանզի աղոթքով ստանում է այն, ինչ խնդրում է, հնարավոր է նաև, որ առանց աղոթքի Նա չստանար Իր խնդրածը), ապա մեզանից ո՞վ կարող է անտեսել աղոթքը: Մարկոսը ասում է, որ առավոտյան մոտ՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր (տե՛ս Մարկ. 1:35)։ Ղուկասը ևս ասում է. «Եվ եղավ, որ Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան» (Ղուկ. 11:1), իսկ մեկ այլ տեղում շարունակում. «Եվ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6:12)։ Իսկ Հովհաննեսը, նրա աղոթքը նկարագրելով, ասում է. «Հիսուս, երբ այս բաները խոսեց, աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի»» (Հովհ. 17:1)։ Կրկին Հովհաննեսի մոտ ենք գտնում, թե ինչպես Տերն ասաց. «Ես գիտեմ, որ ամեն ժամ լսում ես Ինձ» (Հովհ. 11:42)։ Սա նշանակում է, որ միշտ աղոթելու շնորհիվ Նա մեզ լսում է:
   

Ա. Լոպուխին

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: (Սինոդական թարգ․)[35]
   
   Առավոտ կանուխ՝ գրեթե գիշերը (ennucon lian – ռուսերեն թարգմանության մեջ այս արտահայտությունը ճիշտ չէ թարգմանված. «Շատ վաղ»), Տերը դուրս եկավ Սիմոնի տնից, որտեղ Իր համար ապաստան էր գտել,  և աղոթքի համար անհետացավ մի մեկուսացած վայրում: Հիսուս Քրիստոսի աղոթքի մասին ընթերցի՛ր Մատթ. 14:23 համարի մեկնաբանության մեջ: Սպուրժոն այս առիթով իր ճառերից մեկում ասում է. «Քրիստոս աղոթում է.  ծանր օրվա աշխատանքից հետո արդյո՞ք նա դրա մեջ իր համար խաղաղություն է գտնում: Պատրաստվո՞ւմ է արդյոք հաջորդ օրվա աշխատանքին: Այո՛, երկուսն էլ: Աղոթքով անցկացված վաղ առավոտը բացատրություն է տալիս Նրա այն զորության մասին, որը Նա ցույց էր տվել երեկոյան... Եվ հիմա, երբ օրվա աշխատանքն ավարտվել, և հիանալի երեկոն անցել է, նրա համար ամեն ինչ դեռ ավարտված չէ: Նա դեռ իր կյանքի  գլխավոր  գործը պետք է կատարի, ուստի պետք է աղոթի:  Աշխատավորը կրկին մոտենում է ուժի աղբյուրին, որպեսզի Իր համար սահմանված պայքարին դուրս գալով, կրկին այս զորությամբ գոտեպնդի Իր մեջքը» (Սպուրժո,  Քրիստոս աղոթքի ժամանակ):
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր:
(Արարատ թարգ․) Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։
(Գրաբար) Ընդ ա՛յգ ընդ առաւաւտն ՝ յարուցեալ ՝ ե՛լ եւ գնա՛ց յանապատ տեղի, եւ անդ կայր յաղաւթս: