Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ խաբվել է մոգերի կողմից, խիստ զայրացավ և [մարդիկ] ուղարկեց՝ կոտորելու Բեթղեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից»։

   

   Անշուշտ, Հերովդեսը պետք է ոչ թե բարկանար, այլ երկյուղեր, համակերպվեր ու հասկանար, որ ինքն անհնարին մի գործ է նախաձեռնում: Սակայն Հերովդեսը չի հանդարտվում։ Այն հոգին, որն անզգա և անբուժելի է, այդ հոգին չի ընդունում Աստծո կողմից տրված որևէ բժշկություն: Տե´ս, թե Հերովդեսն ինչպես է դարձյալ ձեռնամուխ լինում իր նախկին գործերը գործելուն, սպանությանը սպանություն է ավելացնում և, վերջիվերջո, խելագարվում է: Զայրույթով ու նախանձով լցված` դիվահարի նման, Հերովդեսը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, կատաղում է նույնիսկ բնության դեմ, և ասես իրեն «ծաղրող» մոգերի կողմից բորբոքված իր զայրույթը Հերովդեսը հեղում է անմեղ մանուկների վրա, և այդպիսով Պաղեստինում այնպիսի մի չարագործություն է կատարում, որը նմանվում էր մի ժամանակ Եգիպտոսում տեղի ունեցած վայրագությանը:
    «…Ուղարկեց՝ կոտորելու Բեթղեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից»: Այստեղ ուշադրություն դարձրեք իմ խոսքերին: Շատերը խիստ անխոհեմաբար են դատում այս անմեղ մանուկների կոտորածի հարցի վերաբերյալ ու վրդովվում են նրանց անարդար կոտորածից: Եվ ի դեպ` ոմանք բավականին համեստորեն են արտահայտում իրենց տարակուսանքները, իսկ որոշներն էլ՝ անզուսպ հանդգնությամբ։ Այսպիսով, ոմանց հիշյալ հանդգնությանը վերջ տալու և մյուսների տարակուսանքները փարատելու համար խորհուրդ կտամ համբերությամբ ունկնդրել այս հարցի շուրջ իմ հակիրճ մտածումները։ Եթե որոշ մարդիկ դատապարտում են այն երևույթը, որ աստվածային Նախախնամությամբ թույլ է տրվել մանուկների կոտորածը, ապա նրանք թող այդ նույն Նախախնամությանը դատապարտեն նաև Պետրոսին հսկող զինվորների մահվան համար։

   Ինչպես որ այս պարագայում` Մանուկ Հիսուսի փախուստից հետո, փնտրվող Մանկան փոխարեն այլ մանուկներ են սպանվում, այնպես էլ Գործք առաքելոցում, երբ հրեշտակը Պետրոսին ազատեց բանտից ու կապանքներից, այդժամ թե´ անվամբ և թե´ բարոյականությամբ Հերովդեսին նման բռնակալը, Պետրոս առաքյալին չգտնելով, փոխարենը սպանեց նրան հսկող զինվորներին: «Սակայն արդյո՞ք սա լուծում է…., - կհարցնես դու, - թե՞ միայն էլ առավել է բարդացնում խնդիրը»։ Իհարկե, ես ինքս էլ գիտեմ, որ սա չէ մանուկների կոտորածին վերաբերող հարցի լուծումը, սակայն հենց այդ լուծմանը հասնելու համար եմ այս օրինակը բերում, որպեսզի նմանատիպ բոլոր խնդիրներին մեկ լուծում առաջարկեմ։ Այսպիսով, ո՞րն է այդ լուծումը: Ավելի գոհացուցիչ ի՞նչ լուծում կարելի է առաջարկել, քան այն, որ մանուկների մահվան պատճառը ոչ թե Քրիստոս էր, այլ թագավորի (Հերովդեսի) դաժանությունը: Ճիշտ այնպես, ինչպես, բնականաբար, ոչ թե Պետրոսն է պատճառ դարձել իրեն հսկող զինվորների սպանության համար, այլ Հերովդեսի խելացնորությո´ւնը։

   Եվ իսկապես, այն դեպքում, եթե վերջինս խորտակված պատեր կամ ջարդված դռներ գտած լիներ, ապա այդժամ գուցե իրավունք կունենար առաքյալին հսկող զինվորներին մեղադրել անփութության մեջ։ Սակայն քանի որ ամեն ինչ իր տեղում էր, թե´ դռներն էին կողպված, թե´ շղթաներն էին մնացել պահակների ձեռքերում (այն դեպքում, որ այդ շղթաները միաժամանակ կապված էին Պետրոսի ձեռքերին), ուստի նա (Հերովդեսը) առանց որևէ կասկածանքի, եթե միայն կարողանար ողջամտորեն դատել տեղի ունեցածի վերաբերյալ, սրանից կարող էր եզրակացնել, որ կատարվածը մարդկային զորության դրսևորում կամ որևէ տեսակի խաբեության հետևանք չէր, այլ աստվածային ու հրաշագործի մի զորության դրսևորում: Այդ գիտակցումն ունենալու պարագայում Հերովդեսին այլ բան չէր մնա անել, քան միայն` երկրպագել այդ հրաշագործությունը Կատարողի առջև, այլ ոչ թե` պատիժ գործադրել պահապանների դեմ:

   Ահա թե ինչու Աստված այս բոլորն այնպես արեց, որ հնարավորություն թողներ ո´չ միայն պահապաններին` պատժի չենթարկվելու, այլև` նրանց միջոցով անձամբ թագավորի´ն ճշմարտության ճանապարհը ցույց տալու համար։ Բայց եթե այդ թագավորն անզգամություն ցուցաբերեց, ապա այդ դեպքում մի՞թե պետք է հիվանդի անփութությունը բարդել հոգիների ամենաիմաստուն Բժշկի վրա, Որն ամեն միջոց գրոծադրել էր` այդ նույն թագավորին բարիքի արժանացնելու համար:

   Նույնը կարելի է ասել նաև այս պարագայում. Հերովդե´ս, դու ինչո՞ւ զայրույթով լսվեցիր, երբ լսեցիր մոգերի ազդու խոսքերը։ Մի՞թե չգիտեիր, որ Մանկան Ծնունդն աստվածային էր։ Դու չէի՞ր, որ քեզ մոտ կանչեցիր քահանայապետերին։ Դու չէի՞ր, որ քեզ մոտ կանչեցիր օրենսգետներին։ Մի՞թե այն հրեաները, որոնց դու կանչել էիր քեզ մոտ` այդ խնդրին հանգուցալուծում տալու նպատակով, իրենց հետ չէին «բերել» նաև ա´յն մարգարեի խոսքերը, որը վաղուց կանխագուշակել էր Փրկչի Ծննդյան մասին։ Մի՞թե այդ խոսքերում դու չտեսար այն համաձայնությունը, որն առկա էր հնի ու նորի միջև (խոսքը Հին և Նոր Կտակարանների մասին է): Մի՞թե չլսեցիր այն մասին, որ մինչև իսկ աստղն էր ծառայում մոգերին։ Դու չամաչեցի՞ր բարբարոսների (իմացիր` հեթանոսների. խոսքը մոգերի մասին է) նախանձախնդրությունից։ Չզարմացա՞ր նրանց քաջասրտությունից։ Չսարսափեցի՞ր մարգարեական ճշմարտությունից: Մի՞թե դու չէիր կարող, անցյալին ականատես և ունկնդիր լինելով, եզրակացնել գալիք իրադարձությունների մասին։ Այսքանից հետո դու ինչո՞ւ չխորհեցիր այն մասին, որ գուցե այդ ամենը տեղի էր ունեցել ոչ թե մոգերի խաբեության հետևանքով, այլ Աստծո զորության շնորհիվ, որն ամեն ինչ ճշգրտորեն կարգավորում է։ Սակայն նույնիսկ եթե մոգերն էին քեզ խաբել, ապա ուրեմն ինչո՞վ էին մեղավոր մանուկնե´րը, որոնք բացարձակապես որևէ ձևով չէին վիրավորել քեզ։ Դա իսկապես այդպես էր, քանի որ հիշյալ «պատիժը» կարող էր կիրառվել միայն սարսափելի հանցանքներ գործած մեծահասակների նկատմամբ: Բայց այսքան անժամանակյա մահվան արժանացած այս մանուկներն իրենց ո՞ր մեղքերի համար «հատուցեցին» այդօրինակ տառապանքով։ Սակայն մի՞թե դուք չեք լսել, թե ես ինչ ասացի. եթե մեղքեր չկան, ապա ուրեմն այստեղ կրած չարչարանքների համար այնտեղ վարձատրությո´ւն կա։ Այսպիսով, ի՞նչ վնաս էին տվել վերոհիշյալ պատճառով սպանված և այդքան շուտ հանգչած այդ մանուկները։ Դու կասես, որ նրանք բազմաթիվ ու միգուցե մեծամեծ գործեր կանեին, եթե նրանց կյանքը շարունակվեր։ Մինչդեռ Աստված նրանց փոքր վարձատրություն չի առաջարկում` նման պատճառով իրենց կյանքից զրկվելու փոխարեն. հակառակ դեպքում, եթե այդ մանուկները հնարավորություն ունենային մեծ դառնալու, Տերը թույլ չէր տա, որ նրանք վաղաժամ մահանային: Եթե Աստված Իրեն հատուկ համբերատարությամբ թույլ է տալիս ապրել նույնիսկ նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքն անցկացնում են չարություն գործելով, ապա որչափ առավել Տերը թույլ չէր տա, որ այս մանուկնե´րը մահանային այս եղանակով, եթե Իր ամենիմաց նախիմացությամբ գիտենար, որ նրանք մի ինչ-որ մեծ գործ պիտի գործեին:

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից:
   
    Այդ ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ խաբվել է մոգերից, հույժ բարկացավ: Թեպետ պետք էր ոչ թե բարկանալ, այլ երկյուղել, խոնարհվել և պատահածը վերագրել աստվածային ազդմանը, որը, իմանալով Մանկան հետ կապված նրա սրտի չար դիտավորությունը, այս մասին հայտնել էր մոգերին, սակայն Հերովդեսը չէր հանդարտվում: Որովհետև անմիտ հոգիները, երբ ընկնում են անբուժելի ցավերի մեջ, չեն ախորժում Աստծո շնորհած դեղն ընդունել, ինչպես սա, ով, ինքն իր հետ կռիվ տալով և ասես վայրագ դևից քշված, բարկությունից կատաղեց բնության դեմ և իրեն խաբած մոգերի վրեժն անմեղ մանուկներից հանեց: Ձիեր արձակեց՝ արշավելու Պաղեստինի երկիրը:

    Եվ ուղարկեց կոտորեց Բեթղեհեմում և նրա բոլոր սահմաններում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից: Հերովդեսը նմանվեց Սավուղին, ով կարծում էր, թե իր ձեռքին է Դավթին սպանելը՝ չգիտենալով, որ նա իրենից բարձր է դառնալու 79: Նմանվեց նաև փարավոնին, ով կարծում էր, թե եբրայեցի բազմաթիվ մանուկների հետ [ջրում] խեղդել է նաև Մովսեսին՝ չիմանալով, որ նրա ձեռքով էր ինքը ծովի մեջ ընկղմվելու 80 : Այդպես էլ սա. քանի որ, հետապնդելով անորսալի Մանկանը, անզավակ թողեց Բեթղեհեմի մայրերին, նրանից վրեժ խնդրվեց նրա երեք որդիներով ու կնոջով հանդերձ 81: Քանի որ ձեռնարկեց նորագյուտ սպանության, այսինքն՝ անչափահաս մանուկների, իր [որդիներին] էլ [չխնայեց], ինչից ավելի նորագյուտ չարիք ուրիշ մեկի չպատահեց: Սրանք ամենքը սատանայի որդիներն են՝ թե՛ նա, ով կարծեց, թե ոչնչացրել է Մովսեսին, թե՛ ով մտածեց սպանել Դավթին և թե՛ ով ջանաց խողխողել Դավթի Որդուն: Դավիթը հալածվեց Սավուղից, ինչպես [նրա] Որդին՝ Հերովդեսից: Քահանաները կոտորվեցին Դավթի համար 82, և մանուկները՝ մեր Տիրոջ: Այդ քահանաներից փրկվեց Աբիաթարը 83, իսկ մանուկներից՝ Հովհաննես [Մկրտիչը] 84: Մեր Տերն արդեն Իր ծննդյան ժամանակվանից, այն այգուց 85, որը պտուղ չտվեց իր Տիրոջը, իբրև պտուղների երախայրիք՝ Հորն ուղարկեց ողկույզների կողովներ՝ այդ մանուկներին:

    Սակայն մարդկանց բազմաքնին միտքը մանուկների վախճանի վերաբերյալ քննություն է կատարում, և ոմանք՝ ավելի մեղմ, ուրիշներ էլ ավելի հանդուգն բաներ են մոլեկանորեն խոսում:

    Ասում են. «[Աստված] ինչո՞ւ թույլ տվեց, որ մանուկներն Իր պատճառով կոտորվեն»: Այսպիսիներին կարճ խոսքով ճշմարիտ պատասխան տանք: Մանուկների կոտորածի պատճառը ոչ թե Քրիստոսը եղավ, այլ թագավորի դիվային ցասումը, ինչպես որ [պահապան] զինվորների [սպանության պատճառը] ոչ թե Պետրոսն էր, այլ մյուս Հերովդեսի 86 չար անմտությունը: Որովհետև եթե [Պետրոսը բանտից] ազատված լիներ մարդկային հնարներով, [նման սպանության համար] թերևս լիներ պատճառ: Սակայն [Հերովդեսը] տեսավ, որ բանտի դռները փակ են և պահապանները՝ իրենց տեղում, ուստի պետք է սքանչանար և երկրպագեր Աստծուն՝ թողություն խնդրելով [իր] հանդգնության համար, և ոչ թե սպաներ պահապաններին 87: Այդպես էլ այս [Հերովդեսը], երբ տեսավ, որ հեթանոսները եկել են երկրպագելու, պատմվում է աստղի երևման մասին, և լսեց մարգարեությունը, պիտի հավատար և շտապեր [ինքն էլ] երկրպագություն մատուցելու և ոչ թե նենգեր և մեկին ոչնչացնելու նպատակով սպաներ շատերին:

    [Նաև] ասում են. «Մանուկները, եթե երկար ապրեին, թերևս բազմաթիվ արդար գործեր կատարեին»: Սակայն սրանով և՛ս ոչ սակավ գանձեր հավաքվեցին երկնքում նրանց համար, ովքեր Քրիստոսի փոխարեն հեռացան աշխարհից: Եթե ամենատես Բնությունն իմանար, որ [այդ մանուկները] մեծամեծ գործեր էին կատարելու [հետագայում], սպանողների ձեռքը չէր մատնի նրանց, որովհետև Ինքն է ամեն ինչ տնօրինում: Նաև թեև մեղք չէին գործել, որ չարչարանքով արդարանային, սակայն անմեղությամբ խողխողվելը նրանց համար մեծ վարձատրության առիթ դարձավ: Եվ ի՞նչ վնաս ունեցան անչափահաս տարիքում կոտորվելուց. վաղաժամ հասան խաղաղ նավահանգիստ: Մինչդեռ հետո նույնպես մեռնելու էին անշուշտ, բայց թերևս ո՛չ այդպիսի բարի պատճառով:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից:
   
    «Մարդ ուղարկելով՝ կոտորեց Բեթղեհեմում գտնվող բոլոր մանուկներին»:
    Ովքեր կամովին մահանում են Քրիստոսի անվան համար, կատարյալ են, իսկ այս դեպքում Նրա համար և Նրա փոխարեն այն մանուկներն էին [նահատակվում], ովքեր ունեին Քրիստոսի նույն հասակը և ծննդյան նույն վայրը:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ խաբվել է մոգերի կողմից, խիստ զայրացավ և [մարդիկ] ուղարկեց՝ կոտորելու Բեթղեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից»։ (Սինոդական թարգ․)[16]
   

    Այստեղ մատնացույց է արվում Հերովդեսի չարագործությունը, որը նա դրսևորել է` կոտորելով Բեթղեհեմի մանուկներին: Սույն այս հատվածի բնօրինակային, ճշմարիտ հեղինակության, ինչպես նաև այստեղ պատկերված փաստերի պատմական նշանակության դեմ կա այն առարկությունը, համաձայն որի` մանուկների այս կոտորածի մասին Հովսեփոս Փլավիոսին ոչինչ հայտնի չէր: (Այդուհանդերձ, դրանում զարմանալի ոչինչ չկա: Այդ ժամանակաշրջանում Բեթղեհեմը չափազանց փոքր մի գյուղ էր, որտեղ, հավանաբար, նորածին տարիքի ընդամենը մի քանի (գուցե` մի քանի տասնյակ) երեխաներ կային միայն: Մարիամն ու Հովսեփը, ամենայն հավանականությամբ, չէին էլ կարող իմանալ այդ կոտորածի մասին, քանի որ իրենք մեկ այլ քաղաքի (Նազարեթի) բնակիչներ էին):
    Այս ամենի վերաբերությամբ կարող ենք միայն հավելել, որ մյուս ավետարանիչները (բացառությամբ Մատթեոսի) նույնպես լռում են մանուկներին կոտորածի ենթարկելու մասին։ Թե ինչո՞վ է պայմանավորված այդ «լռությունը», այդ հարցին ներկայումս անհնար է լիովին բավարարող պատասխան գտնել։ Այնուամենայնիվ, Մատթեոսի հաղորդած այս փաստը, վերոհիշյալ պատճառների ազդեցությանը ենթարկվելով, բնավ չի կորցնում իր պատմական նշանակությունը, քանի որ մանկասպանության հավանական այդ իրողությունն ամբողջովին համապատասխանում է Հերովդեսի` ամենքին հայտնի դաժանության և արյունարբու բնավորության մասին մեր ունեցած տեղեկություններին։
    Ներկայումս գիտնականները միաբերան համաձայնում են, որ սպանված նորածինների թիվը մեծ չէր, քանի որ Բեթղեհեմը երբեք էլ մեծ քաղաք չի եղել։ Ծիսապաշտամունքային գրքերում 14 հազար և նույնիսկ 144,000 կոտորված մանուկների մասին հիշատակությունը պետք է համարել ավելի ուշ շրջանում ներմուծված, ոչնչով չհիմնավորված և ծայրահեղ չափազանցեցված մի հավելադրում, որը, ամենայն հավանականությամբ, ծագել է Հերովդեսի մեղքն առավել ծանրացնելու ցանկությունից: Հերովդեսի հանցանքը, սակայն, որևէ կերպ չի նվազում կամ չի ծանրանում` պայմանավորված այն հանգամանքով, թե նա սպանել է 20, թե՞ 14000 նորածին մանուկների. Հերովդեսի այդ քայլը նույնքան ամոթալի և անմարդկային է թե´ առաջին պարագայում, թե´ երկրորդ դեպքում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

16-18․ Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։ 
   

    Հերովդեսի բնիկ հրեա չլինելը, այլ եդովմայեցի, Անտիպատրոսի զավակ լինելը իրեն տարօրինակ գործերի էր մղում: Մոգերի բերած լուրը, թե ծնվել է խոստացված Մեսիան, իր կասկածը մեծացրեց,  և նա ուզեց ստուգել այդ իրողությունը: Քննել տվեց Ս. Գիրքը, մոգերին հանձնարարեց, որ իրեն լուր բերեն և ավետավոր լուսատուի երևալու ժամանակն էլ խնամքով ճշտել ուզեց: Իր կարծիքով, երբ որ մոգերը լուր բերեին, նորածնին ինչ-որ ձևով մեջտեղից վերացնելու կերպը կգտներ: Բայց արդյունքն այլ եղավ, որովհետև, ինչպես ասացինք (Մատթ. 2:1-12), նրանք առանց Երուսաղեմ մտնելու և լուր բերելու՝ իրենց երկիրը վերադարձան:

    Հերովդեսը շփոթվեց և զայրացավ, որովհետև մտածեց, թե մոգերն իրեն խաբեցին, սակայն նորածնի Բեթղեհեմում գտնվելը ստուգվեց՝ թե´ մարգարեությունների մեկնությամբ և թե´ մոգերի այցելությամբ, որի լուրը իհարկե Հերովդեսին էլ հասավ: Այս դիպվածը Հերովդեսին իր նպատակն իրագործելուց ետ չկանգնեցրեց, և երբ սահմանված նորածնի վրա   ուղղակի ձեռք դնելու փորձը չհաջողվեց, նա իր ծրագիրը տարածեց Բեթղեհեմի բոլոր նորածինների վրա: Նա հրաման տվեց, որ Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող բոլոր երկու տարեկանից փոքր տղաները սպանվեն, որպեսզի Քրիստոս էլ սպանված լինի նրանց հետ: Սպանության ձևը ցույց չի տրված, բայց առաքեաց կոտորեաց  բացատրությունը բավարար է ցույց տալու, թե զինվորներն ուղարկվեցին Երուսաղեմից և Բեթղեհեմում տնից տուն փնտրելով`հրամանն իրագործեցին:

    Մինչև 2 տարեկանների վրա հրամանի տարածվելը չպետք է մտածել տա, թե միգուցե Հիսուս ավելի վաղ է ծնվել, մինչ մեր հաշվով երկու-երեք ամսական կարող էր լինել: Հարցն այստեղ ապահով լինելն էր. ծծկեր և խանձարուրապատ տղաների օրն ու տարին որոշելն այնքան էլ հեշտ չէր, վիճակագրական զննություններին էլ չէր կարելի ուշադրություն դարձնել, հոգ չէր, որ մի քանի տղա ավելի սպանվեր, միայն թե սահմանված նորածինը  դուրս չմնար: Ավետարանի հիշելը, թե՝ այդ հրամայեց ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն,այսինքն՝ աստղի երևալու ժամանակ, և որ նշեց մինչև երկու տարեկանը, ժամանակագրական խիստ նշանակություն չէր կարող ունենալ:

    Իսկ սպանված Անմեղ Մանուկների թիվը, մի քանի եկեղեցիների հայսմավուրքներում հասցնում են մինչև 144.000-ի, բայց ոչ պատմական ավանդությամբ, այլ միայն Հայտնության խոսքերի մեկնությունից ելնելով. «Եւ տեսի և ահա գառն կայր ի վերայ լերինն Սիոնի, և ընդ նմա հարիւր քառասուն և չորս հազարք, որ ունէին զանուն նորա» Հայտ․ 14:1: Արդ, Բեթղեհեմի մանուկների Հիսուսի անունով և Հիսուսի տեղ սպանվելու համար սուրբ հայրերից ոմանք այդ հատվածը նրանց են վերագրել: Սակայն, 144.000 երկու տարեկանից փոքր երեխա գտնվելու համար, եթե վերցնենք սովորական հարաբերությամբ, որ 1000 հոգուն տարեցտարի միայն 30 նորածին է հաշվվում, որը երկու տարվա համար կկազմի 60, ապա Բեթղեհեմի և նրա շրջակայքի բնակչությունը պետք է լինի մոտ 3,5 միլիոն, մինչ Բեթղեհեմը ամեն տեղ հիշվում է որպես փոքրիկ և փոքրաթիվ, հազիվ 3000 բնակիչ ունեցող: Եթե անգամ այդ թիվը կրկնապատկենք, ապա դարձյալ շատ հեռու կլինի Հայտնության թվից: Այս համեմատությամբ կոտորված Անմեղները երկու հարյուրից ավելի չեն կարող լինել:

    Բեթղեհեմի Անմեղ մանուկները տոնելի սրբեր են բոլոր եկեղեցիներում, իբրև Հիսուսի անվան վկայողներ և մարտիրոսներ: Որքան էլ որ այդ չհասունացած մանուկներն իրենց վրա կատարած գործողության գիտակցությունը չէին կարող ունենալ և որպես այդպիսին չէին կարող արդյունավոր սրբություն ստանալ, Եկեղեցին ուզել է հատուկ կերպով պատվել այդ անմեղ և սուրբ մանուկներին, որոնք Հիսուսի անվան համար առաջին վկաներն ու մարտիրոսները եղան:

    Մատթեոս Ավետարանիչը, որ ամեն պարագայում հին մարգարեությունները Հիսուսին  պատշաճեցնելու միտում ունի, այստեղ էլ առաջ է բերում Երեմիայի խոսքերը. Ձայն գուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ, Ռաքէլ լայր զորդիս իւր, և ոչ կամէր մխիթարել զի ոչ էին, կամ թե Երեմիայի բնագրի համեմատ՝ Ձայն ի Հռամայ լսելի եղեւ, ողբումն և լալումն եւ գուժումն. Ռաքէլ լայր զորդիս իւր, և ոչ կամէր մխիթարել ի վերայ որդւոց իւրոյ՝ զի ոչ գոյին Երեմ․ 31:15: Ռաքելը՝ Հակոբի կինը, Եփրաթայի մոտ ծնեց իր վերջին զավակներին՝ Բենիամինին, և երկունքի ցավերից մեռնելով թաղուեցաւ ի ճանապարհին Եփրաթայ, այն իսկ է Բեթղեհէմ Ծննդ․ 35: 19: Այս դեպքում Բեթղեհեմում կատարված բոլոր դեպքերը Ռաքելի ողբեր կոչվեցին և Ռաքելը Բեթղեհեմացի վշտակիր մայրերի օրինակը եղավ: Երեմիան իր մարգարեության մեջ խոսում է Բենիամինի ցեղի գերության մասին և Սուրբ Հայրերի տված մեկնության համաձայն, դրանում ակնարկված է Բեթղեհեմի մանուկների կոտորածի օրինակը, որը և Մատթեոսը գեղեցիկ ձևով Ռաքելի որդեծնության ցավը Բեթղեհեմի որդեկորույս մայրերի ցավի ու ողբի նախատիպն է ներկայացնում:

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից:
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։
(Գրաբար) Յայնժամ իբրեւ ետես Հերովդէս թէ խաբեցաւ ի մոգուց անտի, բարկացա՚ւ յոյժ, եւ առաքեաց կոտորեա՛ց զամենայն մանկունս որ էին ի Բեթղեհէմ եւ յամենայն սահմանս նորա՝ յերկեմե՛նից եւ ի խոնարհ, ըստ ժամանակին զոր ստուգեա՛ց ի մոգուցն: