Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
««Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]` Հերովդես թագավորի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին»։
Մենք պետք է շատ զգոն լինենք ու շատ աղոթենք, որպեսզի ի վիճակի լինենք բացատրել այս հատվածը և պարզել, թե ովքե՞ր էին այդ մոգերը, որտեղի՞ց և ինչպե՞ս էին եկել, ո՞վ էր նրանց դրդել դա անել և ինչպիսի՞ աստղ էին նրանք տեսել: Բայց եթե կուզեք, նախևառաջ դիտարկենք այն, թե ինչ են ասում ճշմարտության հակառակորդները։ Սատանան այնպես է տիրել նրանց, որ նրանք նույնիսկ այստեղ էլ են առիթ գտնում ճշմարտության խոսքի դեմ զինվելու համար։ Ի՞նչ են ասում նրանք. այն, որ Քրիստոսի Ծննդյան ժամանակ աստղ է երևացել, սա նշանակում է, - ասում են նրանք, - որ աստղագուշակությունը անվիճելի գիտություն է: Սակայն եթե Քրիստոս ծնվել է աստղագուշակության օրենքների համաձայն, ապա ուրեմն Նա ինչպե՞ս «կործանեց» աստղագուշակությունը, երբ մերժեց «ճակատագիր» կոչվածը, պապանձեցրեց դևերի շուրթերը, հեռու վանեց մոլորությունը և տապալեց ամեն տեսակի գուշակությունը:
Ուրեմն մոգերն ի՞նչ կարող են իմանալ Նրա աստղի միջոցով. որ Նա հրեաների Թագավո՞րն էր։ Հիսուս, սակայն, երկրային թագավորության Թագավորը չէր, ինչպես որ Նա Ինքն իսկ ասաց Պիղատոսին. «Իմ թագավորությունն այստեղից չէ» (Հովհ. 18:36): Եվ իսկապես, Քրիստոս Իրեն որպես Թագավոր չցուցադրեց. Նա Իր հետ չուներ ո´չ նիզակակիրներ, ո´չ վահանավորներ, ո´չ ձիեր, ո´չ լծկան կենդանիներ, մի խոսքով ասած` թագավորին հատուկ որևէ բան, այլ վարում էր պարզ ու աղքատ կյանք և Իր հետևից տանում էր տասներկու հոգու, որոնք ոչնչով հայտնի չէին։ Ուրեմն, եթե մոգերն իրենք էլ գիտեին, որ Հիսուս Թագավոր է, ապա ինչո՞ւ եկան։ Աստղագուշակության «գործը», ինչպես ասում են, ամենևին էլ այն չէ, որ աստղերի օգնությամբ պարզեն, թե ով է ծնվելու, այլ ա´յն, որ ըստ ծննդյան ժամանակի կանխագուշակեն ապագայում տեղի ունենալիք իրադարձությունները։ Ընդորում մոգերը ո´չ Մոր ծննդաբերելու ժամանակ էին ներկա, ո´չ էլ գիտեին, թե երբ է ծննդաբերել, ու այդ իսկ պատճառով էլ որևէ հիմք չունեին աստղերի շարժին հետևելով ապագայի մասին եզրակացություններ անելու: Ընդհակառակը, Հիսուսի Ծնունդից շատ առաջ, տեսնելով իրենց երկրում երևացած աստղը, գնում են Նորածնին տեսնելու. սա հասկանալը նույնիսկ առավել բարդ է, քան նախորդը: Ո՞րն էր նրանց ճանապարհորդության դրդպատճառը։ Ինչպիսի՞ վարձատրության հույսով էին նրանք այդքան հեռավոր մի երկրից գալիս Թագավորի առջև խոնարհվելու։ Եթե անգամ մոգերը մտածեին էլ, որ Նա լինելու էր իրենց Թագավորը, ապա նույնիսկ դա նրանց համար բավարար պատճառ չէր լինի Մանկան մոտ գնալու համար: Եթե Նա ծնվեր թագավորական պալատներում, եթե Նրա հայրը թագավոր լիներ և Նրա կողքին լիներ, ապա կարելի էր ասել, որ նորածին Մանկանը երկրպագելով՝ նրանք ցանկանում էին հաճոյանալ նրա հորը և այդպիսով արժանանալ նրա բարեհաճությանը։ Սակայն այժմ մոգերը գիտեն, որ այդ Նորածինը լինելու է ոչ թե իրենց, այլ մեկ այլ ժողովրդի Թագավորը՝ այն էլ իրենցից հեռու գտնվող մի երկրում: Մոգերը գիտեն, որ Մանուկը դեռևս հասուն տարիքում չէ. ուրեմն այդ դեպքում նրանք ինչո՞ւ են ձեռնարկում նման ճանապարհորդության, նվերներ տանում այդ Մանկանը, և դեռ ավելին` այդ գործը գլուխ բերելու համար էլ իրենց մեծամեծ վտանգների են ենթարկում:
Բոլոր դեպքերում, երբ Հերովդեսը լսեց Հիսուսի Ծննդյան մասին, վրդովվեց, և ամբողջ ժողովուրդը նույնպես, երբ մոգերից լսեց կատարվածի մասին, խռովվեց։ Մի՞թե մոգերը սա չէին կանխատեսել. դա անհավանական է: Մոգերը, եթե նույնիսկ կատարյալ անհեռատեսություն էլ ցուցաբերեին, չէին կարող գլխի չընկնել, որ երբ իրենք գնան մի քաղաք, որն ունի իր թագավորը, և սկսեն հրապարակայնորեն հայտարարել, որ բացի այդ գործող թագավորից մեկ այլ թագավոր էլ կա, այդպիսով իրենք իրենց կենթարկեին անխուսափելի մահվան: Ուրեմն նրանք ինչո՞ւ էին երկրպագում խանձարուրով փաթաթված Մանկանը….
Եթե այդ Երկրպագվողը հասուն տարիքում եղող մեկը լիներ, ապա այդժամ կարելի կլիներ ասել, որ մոգերն իրենց ակնհայտ վտանգի էին մատնում՝ Նրա օգնությանը ապավինելով: Սակայն անգամ ա´յդ դեպքում նրանց արարքը ծայրահեղ անխոհեմության դրսոևորում կլիներ. պարսիկը կամ բարբարոսը, որը ոչ մի ընդհանուր բան չունի հրեա ժողովրդի հետ, ինչո՞ւ պիտի որոշեր հեռանալ իր երկրից, թողնել իր հայրենիքը, իր հարազատներին ու իր տունը և ենթարկվել օտար տիրապետության:
Եթե նկարագրված իրավիճակն իսկ անհիմն է թվում, ապա որչափ առավել անհիմն էր տեղի ունեցածը….Ուրեմն դա ի՞նչ էր նշանակում։ Այդքան երկար ճանապարհ անցնել, պարզապես խոնարհվել, բոլորին վրդովվեցնել ու անմիջապես էլ հեռանալ։ Եվ դարձյալ, թագավորական պատվին հարիր ինչպիսի՞ նշաններ գտան մոգերը, երբ տեսան քարանձավը, մսուրը, խանձարուրի մեջ փաթաթված Մանկանը և խեղճ մորը։ Մոգերն ո՞ւմ համար էին նվերներ բերել, դա ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Արդյո՞ք կար այդպիսի հաստատված և ընդունված սովորույթ` այդօրինակ պատվի արժանացնել յուրաքանչյուր նոր ծնված թագավորի: Արդյո՞ք մոգերը շրջել էին ամբողջ տիեզերքով մեկ ու պարզել, որ հենց Հիսուս Մանուկն էր, ստորին և աղքատ վիճակից բարձրանալով` Թագավոր դառնալու, ուստի այդ իսկ պատճառով էլ մոգերը երկրպագություն մատուցեցին Նրան նախքան Վերջինիս` թագավորական գահին բարձրանալը: Սակայն ոչ ոք չի կարող պնդել այս տեսակետը։ Ինչո՞ւ էին մոգերը երկրպագում Նրան։ Եթե նրանք իրենց շահերն էին հետապնդում, ապա ի՞նչ կարող էին ակնկալել երեխայից և նրա աղքատ մորից: Եթե ապագա բարօրության հույսն էին փայփայում, ապա ինչպե՞ս կարող էին վստահ լինել, որ խանձարուրով բարուրված այն Մանուկը, Ում իրենք երկրպագում էին, հետագայում հիշելու էր այդ մասին։ Ենթադրենք, թե Մանկան մայրը Նրան կհիշեցներ այդ մասին: Սակայն եթե դա էր մոգերի երկրպագության իրական դրդապատճառը, ապա այս դեպքում ևս նրանք արժանի կլինեին ոչ թե գովասանքի, այլ մեղադրանքի, քանի որ իրենց այդ արարքով մոգերն ակնհայտ վտանգի ենթարկեցին Մանուկ Հիսուսին. չէ՞ որ այդուհետ Հերովդեսը, մոգերից լսածի պատճառով վրդովվելով, հարցաքննություններ նախաձեռնեց, սկսեց իր փնտրտուքները և ամեն միջոց ձեռք առավ Մանկանը սպանելու համար։
Եվ իսկապես, ցանկացած մեկ այլ վայրում նույնպես հասարակ (ոչ թագավորական) ընտանիքում ծնված մի մանկան մասին ասել, որ նա թագավոր է լինելու, կնշանակեր ոչ ավել, ոչ պակաս` մահապատժի ենթարկվելու վտանգին ու բազմաթիվ այլ նեղությունների մատնել նրան: Տեսնո՞ւմ ես, թե որքան անհամապատասխանություններ են բացահայտվում, երբ այս իրադարձության մասին դատում ենք մարդկային դատաստանով և ընդունված սովորության համաձայն։ Եվ դեռ ավելին, թվարկված անհամապատասխանություններից բացի կարելի էր գտնել նաև բազմաթիվ այլ, նույնիսկ առավել խրթին դժվարաբանություններ։
Այժմ, սակայն, ժամանակն է վերադառնալու սկզբում մեր ընթերցածին։ Իսկ ո՞րն էր այդ սկիզբը. «Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]` Հերովդես թագավորի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ»: Մոգերն ընթանում էին իրենց առաջնորդող աստղի հետևից, մինչդեռ հրեաները չէին հավատում նույնիսկ իրենց քարոզող մարգարեներին: Սակայն ավետարանիչը ինչո՞ւ է հիշատակում և՛ ժամանակը, և՛ վայրը՝ ասելով. «Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]` Հերովդես թագավորի օրոք»։ Ավետարանիչն ինչո՞ւ է մատնանշում նաև Հերովդեսի արքայական պատիվը. Մատթեոսը խոսում է Հերովդեսի դիրքի մասին, քանի որ «Հերովդես» անունով մեկ այլ պաշտոնյա էլ կար, որը սպանել էր Հովհաննես Մկրտչին, բայց այդ Հերովդեսը չորրորդապետ էր, իսկ այս մեկը (որը փնտրում էր Մանուկ Հիսուսին` Նրան սպանելու համար)՝ թագավոր:
Դարձյալ, ավետարանիչը մատնանշում է իրադարձության կատարման ժամանակը և վայրը, որպեսզի այդպիսով մեր հիշողության մեջ արթնացնի հնագույն մարգարեությունները, որոնցից մեկն արտաբերվել էր Միքիայի շուրթերով. «Եվ դու, Բեթղեհեմ-Եփրաթա, որ փոքր ես Հուդայի հազարավորների մեջ» (հմմտ. Միք. 5:2): Մյուս մարգարեության հեղինակն էլ Հակոբ նահապետն էր, որը, ժամանակը ճշգրիտ սահմանելով հանդերձ, մատնանշում է նաև, թե որն է լինելու Քրիստոսի գալստյան ամենակարևոր նշանը. «Հուդայից գավազան չի պակասելու, և ոչ էլ օրենսդիր` նրա կողերից, մինչև որ գա Հաշտարարը, և Նրանը կլինի ժողովուրդների հնազանդությունը» (հմմտ. Ծննդ. 49:10):
Ուսումնասիրության է արժանի նաև այն, թե մոգերի մտքում ինչպե՞ս է ծագել Երուսաղեմ գնալու գաղափարը և ի՞նչն է նրանց դրդել դա անել: Ինձ թվում է, որ դա մեկ աստղի «պատճառով» չէր, այլ Աստուած Ի´նքն է քաջալերել մոգերի սրտերը` ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Տերը նաև Կյուրոսի´ն ուղղորդեց՝ բաց թողնելու հրեաներին: Այդուամենայնիվ, Աստված դա արեց՝ առանց մարդու ազատ կամքին խոչընդոտելու` ճիշտ այնպես, ինչպես որ ի վերուստ հնչող ձայնով Տերը կանչել էր նաև Պողոսին` դրա հետ մեկտեղ նրան հայտնելով Իր շնորհներրը և «բացահայտելով» Պողոսի հնազանդությունը:
Սակայն գուցե ասես, թե այդ բացահայտումն ինչո՞ւ չտրվեց առհասարակ բոլոր մոգերին. որովհետև ոչ բոլոր մոգերը կհավատային, այլ միայն այս երեքը, որոնք մյուսներից առավել պատրաստ էին դրան։ Հազարավոր ժողովուրդներ կործանվեցին, բայց Հովնան մարգարեն առաքվեց միայն նինվեացիների´ մոտ: Խաչի վրա երկու ավազակներ կային, սակայն նրանցից միայն մեկը փրկվեց։ Եվ ուրեմն իմացի´ր, որ մոգերն առաքինաբար վարվեցին ոչ միայն Երուսաղեմ գնալով, այլև քաջասրտություն ցուցաբերելով։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին.
Ավետարանիչը նախ խոսեց [Հիսուսի] ծննդյան կերպի և այն մասին, որ Նրանով էր փրկություն լինելու, որ դա կանխագուշակվել էր մարգարեների և հրեշտակների միջոցով, և որ այդ խորհուրդն իրագործվեց Սուրբ Հոգու և անարատ Կույսի կողմից, ապա գրում է [ծննդյան] տեղի ու ժամանակի մասին: Եվ ո՛չ աննպատակ, այլ որպեսզի հիշեցնի հին մարգարեությունները, որոնք խոսքով պարզորոշ հայտնեցին [այս մասին]: Որովհետև Միքիան, այլաբանորեն [դիմելով] ասես բանական արարածի, ասում է. «Եվ դո՛ւ, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ կրտսեր չես Հուդայի իշխանների մեջ. քեզնից կելնի Ինձ համար մի իշխան, ով կհովվի Իմ Իսրայել ժողովրդին» (Միք. 5:2): Դավիթն էլ [ասում է]. «Ահա լսեցինք նրա մասին Եփրաթայում և գտանք նրան մայրիների դաշտում (Սաղմ. 131:6): Որովհետև ինչ որ եբրայերեն «Բեթղեհեմ» է, ըստ հունարենի «Եփրաթայի տուն» է 53, իսկ մեր [լեզվով] թարգմանվում է «Հացի տուն» որտեղից և երկնքից իջած Հացը տրվեց աշխարհին՝ [նրան] կյանք պարգևելու համար: Սրա հետ առնչվող մի ուրիշ խորհուրդ էլ կա. ասվում է« թե Եվայի գերեզմանը Բեթղեհեմում է, ինչպես որ Ադամինը՝ Գողգոթայում, և ինչպես որ [Բեթղեհեմը] Եվայի հանցանքները վերացրեց մահվամբ, այդպես էլ [Տիրամոր] ծնելով վերացվեց նախամորը [տրված] երկունքի անեծքը 54:
Իսկ [Քրիստոսի] գալստյան ժամանակը նահապետ Հակոբն է մարգարեացել. «Հուդայից իշխան չի պակասի և ոչ պետ՝ նրա երանքից, մինչև գա Նա, Ով կա և մնում է, և Նա է հեթանոսների հույսը» (Ծննդ. 49:10): Այս մարգարեության իրականացման ժամանակ, երբ ծնվում էր Քրիստոսը, Իսրայելում իշխում էր Հերովդեսը, ում ավետարանիչը «թագավոր» է կոչում. նրա թագավորության երեսունչորսերորդ տարում Քրիստոսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]: Այս ժամանակն անթերի բովանդակում է այն տարիների թիվը, որի մասին հրեշտակապետն ասաց Դանիելին, թե յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ է սահմանվել ժողովրդի համար մինչև Օծյալի [գալուստը], ապա կվերանան օծումները, և կգան հավիտենական սրբությունները 55: Այս ամենը միասին կազմում է չորս հարյուր ութսուներեք տարի՝ հրեշտակի խոսքի [արտաբերումից] մինչև Քրիստոսի ծնունդը, երբ ճշմարիտ Օծյալի գալստյամբ Իսրայելում վերացան քահանայական և թագավորական օծումները և տրվեցին բոլոր հեթանոսներին, որոնց մուտքի մասին գեղեցկապես պատմում է այս ավետարանիչը:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]` Հերովդես թագավորի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին»: (Սինոդական թարգ․)[1]
Այս համարի բացատրությունը տալիս մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք Փրկչի մանկության սկզբնական իրադարձությունների արագընթաց փոփոխության հավանականությանը: Դժվար թե մենք կարողանանք ենթադրել, որ Փրկչի Ծննդից հետո Բեթղեհեմում Նա երկար ժամանակ էր մնացել, որ Հիսուսի Ծննդից մինչև Նրա Ծննդյան համար տաճարում ընծա մատուցելը և ապա` դեպի Եգիպտոս փախուստից մինչև այդ երկրից վերադառնալն անցել էր բավականին երկար ժամանակ: Ամենայն հավանականությամբ, այս բոլոր իրադարձությունները միասին տևել են ընդամենը մի քանի ամիս։ Քրիստոսի Ծննդյան իրադարձությունների հաջորդականության վերաբերյալ ներկայումս ամենքի կողմից ընդունված համընդհանուր տեսակետն այսպիսին. Հովսեփի և Մարիամի` Բեթղեհեմ մեկնելը (Ղուկ. 2:12), Քրիստոսի Ծնունդը (Մատթ. 1:18-25, Ղուկ. 2:3-7), հովիվների երկրպագությունը և Փրկչին ընդառաջ գնալը (Ղուկաս 2:8-39), մոգերի երկրպագությունը և փախուստը դեպի Եգիպտոս (Մատթ. 2:1-18), իսկ այնուհետև` վերադարձը Նազարեթ (Մատթ. 2:19-23, Ղուկ. 2:39):
«Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]` Հերովդես թագավորի օրոք…եկան Երուսաղեմ» - հունարեն բնագրով ընթերցելիս` այս խոսքերը կարելի էր հասկանալ երկու եղանակով…կա՛մ այնպես, որ Հիսուս ծնվել է Հերովդեսի թագավորության օրոք, կա՛մ ալ այնպես, որ մոգե´րը եկան Հերովդեսի օրոք։ Սակայն վերջին ըմբռնմանը խոչընդոտում է բնագրում առկա «ιδού» - «ահա» բառը, որը տարանջատում է խոսքը և դրդում «Հերովդես թագավորի օրոք» բառերը վերագրել «ծնվեց» բառին…
«Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում]» - երկու ավետարանիչները՝ Մատթեոսն ու Ղուկասը (2:4), համաձայնում են այն հարցում, որ Հիսուս Քրիստոս ծնվել է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Բեթղեհեմը, որտեղ ծնվել է Փրկիչը, Ավետարանում կոչվում է հրեական քաղաք («Հրեաստանի»)` ի տարբերություն մյուս Բեթղեհեմի, որը գտնվում էր Զաբուղոնի ցեղի տարածքում` Գալիլեական լճից ոչ հեռու (Հեսու 19:15), չնայած այն հանգամանքին, որ, բոլոր դեպքերում, ավետարանիչն այստեղ չէր ցանկանում աշխարհագրական տվյալներ հաղորդել: Հնագույն ժամանակներում Բեթղեհեմը կոչվել է նաև մեկ այլ անունով՝ Եփրաթա (Ծննդ. 35:16-րդ, 19-րդ համարներ, 48:7-րդ համար; Միք. 5:2-րդ համար, ինչպես նաև` Հին Կտակարանի շատ այլ տեղիներ): Այդտեղ էր, որ Ռաքելը Հակոբի համար ծնեց Բենիամինին, և քանի որ «Ռաքելի երկունքի ցավերը ծանր էին», նա մահացավ և թաղվեց դեպի Եփրաթա, այսինքն` դեպի Բեթղեհեմ տանող ճանապարհին։ Հռութն այդ քաղաքը գնաց Նոոմիի հետ (Հռութ 1:19), այդտեղ` Բոոսի արտում, հասկեր հավաքեց, ամուսնացավ նրա հետ և նրա համար ծնեց Օբեդին, որն էլ ունեցավ որդի` Հեսսեին՝ Դավթի հորը (Հռութ 3:17):
Քանի որ Դավիթը ծնվել և սկզբնապես ապրել է Բեթղեհեմում, ուստի այն կոչվում է նաև «Դավթի քաղաք» (Ղուկ. 2:4, 11): Ներկայումս Բեթղեհեմը նույնպիսի փոքրիկ մի քաղաք է, ինչպիսին մշտապես եղել է նաև նախկինում` Երուսաղեմից երեք ժամվա ճանապարհի հեռավորության վրա (10-12 մղոն), Քեբրոն տանող ճանապարհին, որը վերոհիշյալ ճանապարհից գտնվում է մեկուկես մղոն հեռավորության վրա` դեպի արևելք: Գարնանը, երբ բուսնում է կանաչը, երբ ծաղկում են ծառերը և բուրում են հոտավետ անեմոնները, Բեթղեհեմի շրջակա տարածքը շատ գեղատեսիլ տեսք է ստանում։ Բեթղեհեմյան տների հարթ տանիքներից կարելի է տեսնել մեծ թեքությամբ դեպի հարավ-արևելք ձգվող տարածությունը, որում կան բազմաթիվ կլորավուն, ճերմակադեղնավուն բլուրներ, իսկ հեռվում էլ տեսանելի է Մեռյալ ծովը…Բեթղեհեմում չկան ո´չ, գետեր, ո´չ առուներ, և սովորաբար ջրի պաշարը հագեցվում է ջրամբարների միջոցով, որոնք էլ, իրենց հերթին, լցվում են անձրևաջրերով։ Սակայն Բեթղեհեմից մի փոքր ավելի հարավ գտնվող հարթավայրում` առատաջուր «Սողոմոնի լճակներից», հոսում են առվակներ։ Բեթղեհեմիի բնակիչներն աշխատասեր են, հիմնականում զբաղվում են ճանապարհորդների համար զանազան իրեր պատրաստելով ու վաճառելով և հողի մշակությամբ, հո´ղ, որը վաղուց ի վեր աչքի էր ընկնում իր պտղաբերությամբ։ Քրիստոսի Ծննդյան վայրում ներկայումս նույնպես կա մի քարայր, որում թանկարժեք ճրագներ են կախված։
«Հերովդես թագավորի օրոք (օրերում)» -խոսքն այստեղ այն Հերովդեսի մասին է, որը կոչվում է «մեծ»: Նա եդովմացի Անտիպատրոսի որդին էր, իսկ նրա մայրն էլ արաբուհի էր։ Նա Հռոմում թագադրվել էր որպես հրեաների թագավոր և այդուհետ զենքով պետք է պահպաներ իր թագավորությունը։ Այս Հերովդեսին հրեաները ատում էին նրան, չնայած այն հանգամանքին, որ հրեաներին հաճոյանալու համար Հերովդեսը մեծ շքեղությամբ վերակառուցել էր Երուսաղեմի տաճարը։ Հերովդեսը շատ դաժան կառավարիչ էր և ոչնչի առջև կանգ չէր առնում իր թագավորությունը զորացնելու համար։ Նա մահապատժի է ենթարկում իր աներձագին (իր կնոջ՝ Մարիամնեի եղբորը), աներոջը, զոքանչին, երեք որդիներին և շատ այլ անձանց՝ նրանց կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Բավականաչափ ճշգրիտ հաշվարկների համաձայն՝ Հերովդեսը մահացել է Հռոմի հիմնադրման 750-րդ տարում՝ Փրկչի Ծնունդից անմիջապես հետո, իր թագավորության 38-րդ տարում և կյանքի 70-րդ տարում։ Հերովդեսի թագավորության վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ ենք ստանում Հովսեփոս Փլավիոսի հեղինակած «Հրեական հնագրություններ» աշխատության շնորհիվ (14-17-րդ գլուխներ):
«Արևելքից մոգեր» - Փրկչին երկրպագելու եկած մոգերի ծագումնաբանության վերաբերյալ ոչ մի հստակ բան հայտնի չէ` բացի միայն այն, որ այդ մոգերը եկել էին Արևելքի երկրներից, իսկ այդ «Արևելքը», իհարկե, դիտարկվում է Երուսաղեմի հետ հարաբերությամբ: Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ մոգերը, որոնք թե՛ եբրայերենու, և թե՛ հունարենում կոչվում էին «մոգեր», ապրել են շատ երկրներում և շատ ժողովուրդների մեջ՝ Արաբիայում, Պարսկաստանում, Քաղդեայում ու Պարթևստանում:
Վերջին ժամանակներում, հիմնվելով ասորա-բաբելոնական սեպագիր արձանագրություններից քաղված նորագույն հայտնագործությունների վրա, գերմանացի էգզեգետ Զանը և ուրիշներ առաջ են բերել մոգերի ծագումնաբանության հետևյալ, ըստ ամենայնի, ամենահավանական վարկածը: Կարճ ասած` համաձայն այդ տեսակետի, «Արևելքից» արտահայտությունը (ἀπὸ ἀνατολῶν), որը կիրառված է առանց նախդիրի և հոգնակի թվով, ակնարկում է Պաղեստինից արևելյան ուղղությամբ ձգվող մի անորոշ տարածության մասին հասկացությունը և այդպիսով արդեն իսպառ վերացնում Արաբիայի հետ նույնականացման հնարավոր կանխավարկածը` նույնիսկ եթե Նաբաթեայի թագավորությունը, որը Գաղ. 1:17-րդ համարում (հմմտ. Բ Կորնթ. 11:32) կոչվում էր «Արաբիա» և գտնվում էր Հուդայից դեպի արևելք` տարածվեր մինչև Դամասկոս….
Հստակորեն կարելի է փաստել միայն, որ մոգերը ծագումով հրեաներ չեն եղել։ Սա պարզ է դառնում արդեն իսկ նրանց տված հարցից. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված Թագավորը» (և ոչ թե` «մե´ր Թագավորը»): Բացի դա` մոգերն ակնհայտ անծանոթություն են ցուցաբերում այնպիսի մի անձի նկատմամբ, ինչպիսին Հերովդեսն էր, ում թագավորության օրերում և մանավանդ հենց նրան` այդ դաժան ու արյունարբու թագավորին, այդօրինակ հարցեր տալը բոլորովին «անվտանգ» զբաղմունք չէր: Մոգերի` հրեա չլինելու մասին է վկայում նաև Բեթղեհեմի տեղագրության վերաբերյալ նրանց անտեղյակությունը, և այլն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-12․ Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։ Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:
Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն:
Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան:
Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Միքիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «Ի քէն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի» (Միք. 5։2), կամ ինչպես վերաշարադրված է Մատթեոսի մոտ` «Ի քէն ելցէ ինձ իշխան՝ որ հովուեսցէ զժողովուրդ իմ զԻսրայէլ» (Մատթ. 2։6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի:
Մոգերը ճանապարհ ընկան դեպի Բեթղեհեմ: Եվ ահա նորից տեսան այն լուսատուն, որը երևացել էր իրենց, և հետևելով լուսավորին՝ քայլեցին, մինչև որ այն հանգեց նորածնի ծնված տեղի վրա: Մոգերը մտան տուն և տեսան Նորածնին և մորը. երկրպագեցին և բացելով իրենց բերած ընծաների սնդուկները, նորածին արքային նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Հասնելով իրենց նպատակին, պատրաստվեցին վերադառնալ, սակայն տեսիլքով հրաման ստացան չգնալ Երուսաղեմ և լուր չտալ Հերովդեսին, որի միտքը չար էր, այլ Բեթղեհեմից բռնելով արևելքի ճանապարհը, վերադառնան իրենց երկիր: Այդպես էլ նրանք արեցին: Մոգերի Բեթղեհեմ հասնելը շատերը դնում են Հիսուսի ծնունդից մի քանի օր անց, և իբրև դրա հաստատություն, ներկայացնում են Լատին եկեղեցու տոների կարգը, որ դեկտեմբերի 25-ին տոնում է Ծնունդը, հունվարի 1-ին՝ թլպատությունը, հունվարի 6-ին՝ Հայտնության անվան տակ մոգերի գալուստը, և հունվարի 13-ին՝ Մկրտությունը: Սակայն այդ կարգը չի կարող փաստ լինել, քանի որ հայտնի է, որ հունվարի 6-ը Հիսուսի բոլոր հայտնությունների տոնն էր՝ ծնունդն էլ մեջը լինելով, և ոչ թե մոգերի գալստյան հիշատակը: Հետևաբար, մոգերի գալուստը ծնունդից 12 օր հետո դնելու համար լատին տոների շարակարգությունն իբրև փաստ օգտագործելը բավարար չէ:
Մենք այդ գալուստը դրեցինք ավելի ուշ՝ ծնունդի քառասունքից հետո: Մեր կարծիքը հիմնավորող փաստ ենք համարում նախ այն, որ մոգերի գալուստին և հետո նրանց՝ Երուսաղեմ չգնալուն հաջորդեց Հերովդեսի բարկությունն ու մանուկների կոտորածը: Եվ եթե քառասունքն արդեն կատարված չլիներ, ապա Երուսաղեմ գալը և քառասունք կատարելը անհնար կլիներ: Երկրորդ, պիտի ընդունենք, որ լուսատուն չերևաց Հիսուսի ծնունդից առաջ, քանի որ այդ դեպքում այն նշանակություն չէր ունենա: Արդ, եթե լուսատուն երևաց Հիսուսի ծնունդից հետո, ապա մինչև մոգերը տեսնեին, քննեին, ճանապարհ դուրս գային, հասնեին Երուսաղեմ, Հերովդեսից բացատրություն ստանային, և գնային Բեթղեհեմ, ապա 12 օրից էլ ավելի ժամանակ էր հարկավոր, եթե ոչ երկու ամիս ժամանակահատված: Ուշագրավ է նաև Մատթեոսի պատմության մեջ հիշված մոգերի՝ «տուն» մտնելու պարագան «եւ իբրեւ մտին ի տուն», որով հայտնի է դառնում, թե Մարիամն ու Հովսեփը մնացել էին ոչ թե իջևանատան ախոռի մեջ, այլ մնալու համար տուն էին գտել և կիսով չափ գոնե տեղավորվել էին այնտեղ: Իսկապես, Ղուկասը գրում է, թե քառասունքի արարողությունից հետո վերադարձան Նազարեթ Ղուկ. 2։39, սակայն Ղուկասը չի խոսում մոգերի գալստյան և Եգիպտոս փախուստի մասին, այլ հիշում է վերջնական կերպով Նազարեթում բնակություն հաստատելու մասին, ինչ որ Մատթեոսն էլ է հաստատում Եգիպտոսից տունդարձի պատմության մեջ Մատթ. 2։23: Իսկ թե ինչո՞ւ ազգահամարի համար Բեղթեհեմ գալուց հետո անմիջապես Նազարեթ չդարձան, կարող ենք ասել, թե Հիսուսի ծնունդից հետո քառասունքը նույն տեղում կատարելը թե´ օրինական էր և թե´ բնական: Քառասունքից հետո արդեն շատ չուշացավ մոգերի գալուստը ու Եգիպտոս փախուստը, որով Նազարեթ վերադառնալն արգելվեց: Մյուս կողմից՝ Մատթեոսը հիշում է, թե Եգիպտոսից հետ դառնալու ընթացքում վախեցան Հրեաստան գալ, որ ցույց է տալիս, թե նույն ընթացքում և դրանից առաջ Հովսեփն ու Մարիամը միտք ունեցան թողնել Նազարեթն ու Բեթղեհեմ հաստատվել, բայց չկարողացան իրենց այդ մտադրությունն իրագործել:
Մոգերի գալստան առիթով, հետաքրքիր է պարզել, թե ովքե՞ր էին և որտեղի՞ց եկան: Նախ և առաջ ասենք, որ Ավետարանում ոչինչ չկա այդ մասին: Միայն ասում է, թե Հրեաստանի արևելյան կողմից էին եկել, իսկ Հրեաստանի արևելքը կարող է տարածվել Եդոմի և Մովաբի երկրներից մինչև պարսիկների և հնդիկների կողմերը: Ավետարանը չի ասում նաև, թե կարող է նրանք իշխաններ լինեին: Իսկ ինչ որ տեսնում ենք այդ մասին պատկերների վրա, լոկ ավանդություն է՝ հիմնված սաղմոսի խոսքերի հիման վրա. «Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարագս բերեցին նմա» Սաղմ. 71։10: Մոգ անունը համեմատեցին պարսից մոգի հետ, և Քրիստոսին փնտրող մոգերը կարծվեցին այդ կողմից: Ոմանք մոգ անունը նույնացրին Մոկք գավառի հետ, ուրիշներն էլ մտածեցին այլ բացատրություններ, որոնք, հավանական է, որ ավանդական չեն: Սրանցից առավել ճշմարտանման է այն, թե նրանք Հրեաստանի հարևան երկրներից եկած իմաստուններ էին, քիչ թե շատ տեղյակ հրեական մարգարեություններին:
[Մոգերի որտեղի՞ց լինելու ավանդությունից] ավելի հաստատուն է նրանց անունների ավանդությունը. բոլոր եկեղեցիները համաձայն են երեք մոգերին ճանաչել Մելքոն, Գասպար և Բաղդասար անուններով, որոնց ոսկորները պահվում են Գերմանիայի Քյոլն քաղաքի հրաշակերտ մայր եկեղեցում, ուր փոխադրվել են 1162 թվականին, Իտալիայի Միլանո քաղաքից:
Մոգերի տված ընծաներին խորհրդավոր նշանակություն է տրվում, որովհետև ոսկին, որ ճոխության նշան է, ընծայված է իբրև թագավորի, կնդրուկը, որն անուշ խունկ է, ընծայված է իբրև Աստծո, զմուռսը, որ դառնահամ խեժ է, ընծայված է իբրև Փրկչի: Ուստի մոգերի ընծայաբերումը եղել է կատարյալ մի դավանության արտահայտություն, ճանաչելով Քրիստոս մանկանն իբրև երկնավոր թագավորի, իբրև Աստված և մարդու, և իբրև աշխարհի փրկչի՝ իր անձի զոհողությամբ:
Խնդրո առարկա է նաև մոգերին հայտնված լուսատուն: Արդյոք լոկ հրաշալիք էր, թե՞ բնական լուսավոր մի երևույթ, պարբերաբար երևացող գիսավոր մի մարմին, թե նոր հայտնվող մի լուսատու: Բոլոր կարծիքներն էլ ունեն իրենց պաշտպանները. քրիստոնյա աստղագետները նույնսիկ իրենց հաշվարկներով պաշտպանեցին իրական և երկնային լուսավոր մի երևույթի գոյությունը: Ոմանց կարծիքով Հիսուսի ծննդյան մոտավոր թվականին Լուսնթագ, Երևակ և Հրատ մոլորակների մերձեցումը պետք է եղած լինի հենց այն հրաշալի աստղը, որը երևացել էր մոգերին: Մինչև անգամ կատարվածի մեջ բնական մի երևույթ գտնելու համար հիշատակություններ են բերվում չինական ավանդություններից: Մենք այս տեսությունների մեջ չենք մտնում, որովհետև Ավետարանի պատմության նպատակը ոչ թե բնական մի լուսավոր՝ այլ գերբնական մի երևույթ ցույց տալն է, որը վերաբերում է Քրիստոսի ծնունդին և ոչ թե հետևանք է երկնային բնական և պարբերական շարժումների:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին.
(Արարատ թարգ․) Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ:
(Գրաբար) Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհէմ Հրէաստանի յաւուրս Հերովդի՛ արքայի: Ահա մոգք յարեւելից եկին յԵրուսաղէմ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: