Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որտե՞ղ է հրեաների նոր ծնված Թագավորը, որովհետև մենք Նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք երկրպագելու Նրան»։
   
    Մոգերը, որպեսզի կասկածելի մարդկանց տպավորություն չթողնեին, ժամանելուն պես սկսում են պատմել իրենց «առաջնորդողի» և անցած երկար ու ձիգ ճանապարհի մասին և, միևնույն ժամանակ, մեծ քաջություն են ցուցաբերում` ասելով. «Եկանք երկրպագելու Նրան»: Այդպես վարվելով` մոգերը ցույց տվեցին, որ չեն երկնչում ո՛չ ժողովրդի կատաղությունից, ո՛չ էլ թագավորի դաժանությունից։
    Այդ ամենից ես կարող եմ եզրակացնել, որ իրենց հայրենիքներում ևս մոգերը Մանկան Ծննդյան հայտնության մասին քարոզել են իրենց հայրենակիցներին: Եթե այստեղ՝ Երուսաղեմում, մոգերը չէին վարանում խոսել այդ մասին, ապա որչափ առավել մեծ համարձակությամբ դա կքարոզեին իրենց հայրենի երկրներում՝ այն բանից հետո, երբ հայտնություն ստացան հրեշտակից և վկայություն` մարգարեի կողմից։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»:
   
    Ահա, – ասում է, – Արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև արևելքում տեսանք նրա աստղը և եկանք՝ երկրպագելու նրան»: Մանրազնին քննության կարիք ունենք՝ [իմանալու], թե որտեղի՛ց էին մոգերը, ո՛ր երկրից, ո՛վ դրդեց նրանց ու բերեց [Երուսաղեմ] և ի՛նչ պատճառով: Նրանք ազգությամբ պարսիկ էին և արևելյան երկրից, ինչպես ցույց է տալիս ավետարանիչը: Իսկ նրանց գալու պատճառը ոչ հատուկ իրենցից էր, ոչ էլ միայն Աստծուց« այլ նրանք կամեցան, իսկ Աստված դրդեց, ինչպես Պողոսին, որովհետև իմացավ նրա մեջ եղած բարին, ուստի ի վերուստ կանչեց նրան, և ինչպես որ դեպի նույնը դրդում է բոլոր այն մարդկանց, որոնց ճանաչում է իբրև բարին սիրողների:

    Խոսենք նաև աստղի մասին, թե ինչ պատճառով երևաց և իսկապես ա՞ստղ էր, թե միայն նրա տեսքն ուներ: Սրա ճշմարիտ բացատրությունը հենց այդ դեպքերն են տալիս: Այն այս բնական աստղերից չէր, այլ նոր և զարմանալի: Իսկ ինչի՞ց է սա հայտնի: Նախ՝ նրա ընթացքից, որովհետև աստղերին հատուկ չէ ճանապարհն այդպիսի ընթացքով ցույց տալ, այնպես, որ մարդկանց ընթացքով շարժվեն, կանգ առնեն, երևան ու անհայտանան, ինչպես այդ աստղը, որը շարժվում էր, երբ շարժվում էին մոգերը, և կանգնում էր, երբ նրանք էին կանգնում, ինչպես այն ամպի սյունը, որն ըստ Իսրայելի որդիների կարիքի նստում ու բարձրանում էր 56: Որովհետև [մոգերի] երկրից մինչև Պաղեստին [աստղը] երևաց ու առաջնորդեց, իսկ երբ Երուսաղեմ հասան, անհայտացավ: Դարձյալ հայտնվեց, երբ ելան այնտեղից, մինչև որ ցույց տվեց տեղն ու Մանկանը: Սա ոչ թե աստղի ընթացքին է հատուկ, այլ խոսուն ու իմաստուն ինչ-որ զորության: Որովհետև ոչ թե երկնքում մնալով էր ցույց տալիս տեղը, ինչը հնարավոր էլ չէր, այլ իջնելով՝ կանգնեց այն վայրի վրա, ուր Մանուկն էր՝ ըստ ավետարանչի  57: Իսկ այդ քարանձավը միայն մի փոքր խուղի չափն ունի. աստղն այդքան բարձրությունից ինչպե՞ս կարող էր ցույց տալ այն «եթե վերևից չիջներ «քանի որ ոչ թե գամված էր երկնքին, այլ մի իշխանական աստղ էր, որն իր կամքով իջնում էր և բարձրանում օդով: Այլև՝ բոլոր լուսատուներն արևելքից արևմուտք են շարժվում, իսկ սա գնում էր հյուսիսից հարավ, որովհետև Պաղեստինի երկիրը Պարսից երկրի հարավ–արևմուտքում է: Բայց ավելի զարմանալին այն է, որ արևի լույսը՝ գիշերը, և լուսնինն ու աստղերինը ցերեկը ծածկվում են, իսկ սրանը ամբողջ [ժամանակ] պայծառ էր, այն էլ այնքան, որ աղոտացնում էր արևի ճառագայթները: Այլապես ինչպե՞ս կերևար ցերեկն ու կառաջնորդեր [մոգերին], երբ նույնիսկ այս լուսատուները չեն կարող երկրի վրա մնալ սահմանված ժամանակից ավելի և երկրի տակ չթաքնվել:

    Բայց ընդհանրապես ինչո՞ւ աստղ երևաց նրանց. սրա պատճառով ճշմարտության թշնամիները խոսքով ընդդիմադրում են՝ [ասելով], թե Քրիստոսի ծննդյան ժամանակ [աստղ] երևաց, որովհետև աստղաբաշխության արվեստն Աստծով է: Նրանց կասենք, որ եթե աստղագիտության խորհրդով էր [Քրիստոսը] ծնվել, ինչպե՞ս է, որ Նա խափանեց աստղագիտությունը, դևերին ըմբերանեց, նրանց մոլորությունը հալածեց և այսպիսի մեքենայությունները վերացրեց: Իսկ մոգերը Նրա աստղից իմացան միայն այն, որ Նա բոլոր արարածների թագավորն է: Սա երևում է նրանց մատուցած խորհրդանշական ընծաներից: Բայց աստղի՝ նրանց երևալու իրական պատճառը սա է. որպեսզի մղվեին երկրպագելու [Քրիստոսին]՝ [հետևյալ] մարգարեության իրականացման համար. «Նրա առաջ [նախ] հնդիկները  58 կերկրպագեն» (Սաղմ. 70։9): Նաև քանի որ այդ ժամանակ սպառվել էին Իսրայելի մարգարեները, աստղը երևաց մարգարեների փոխարեն՝ ի հանդիմանություն հրեաների, որպեսզի այն, ինչ մարգարեներից չէին կամենում սովորել, պարսից լեզվով լսեին, և որպեսզի մոգերի միջոցով [Աստված] բացեր հեթանոսների դուռը: Ուրեմն քանի որ այս բոլոր պատճառներով անհրաժեշտ էր, որ [մոգերը] գային, իսկ ուրիշ միջոց չկար՝ [հնարավոր չէր սա անել] ոչ մարգարեի, ոչ հրեշտակի միջոցով, ուստի [Աստված] նրանց կանչեց այն եղանակով, որին սովոր էին, ինչպես որ Պողոսն էլ աթենացիներին՝ բագինի 59  և հրեաներին Օրենքի միջոցով էր սովորեցնում, որովհետև ամենուր էլ ընդունելի է թվում այն, ինչին սովոր են: Այդպես էլ Աստված մոգերին աստղի պատկերով հրավիրեց, որպեսզի ինչով որ դևերին էին ծառայում աստղահմայության աղանդով, դրանով էլ սակավ առ սակավ նրանց բերի դեպի աստվածպաշտության բարձրագույն կրոնը: Որովհետև աստղագիտությունն առաջ է եկել [այդ աղանդից], [որը հմայության համար գործածում է] ամպերի խոնավությունից օդի պարզվելը, ուստիև [Աստված] այդ նույն արվեստի միջոցով [մոգերին] ընդունել տվեց [ճշմարիտ աստվածպաշտությունը]:

    [Մոգերը] գիտեին նաև Բաղաամի մարգարեությունը, որ ասաց. «Կծագի Հակոբի աստղը, Իսրայելից մի մարդ կհայտնվի» (Թվեր 24։17), և Նրանով կփրկվեն երկրի բոլոր ազգերը: Նրանով նախ արևելյան [ժողովուրդները] փրկվելով լուսավորվեցին և եկան երկրպագելու [ճշմարիտ Աստծուն], ինչպես որ ասվում է. «Արևելքը բարձունքներից լույս կտեսնի» 60:

    Աստղն ուղիղ չեկավ Բեթղեհեմ, այլ [միառժամանակ] թաքցրեց իրեն մոգերից, որպեսզի Երուսաղեմ գալով՝ նրանք օրենսգետներից լսեն Մանկան մասին կանխասաց մարգարեությունը, Հերովդեսն ու հրեաները նախանձից տանջվեն՝ Նրա ծննդյան լուրն առնելով, և հայտնապես երևա, որ նրանց կամքը հակառակ է ճշմարտությանը: Այս բաների մասին է պատմում ավետարանիչը՝ [ասելով].
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»:
   
    « Որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում »:
    Ինչպես այն մեծ աստղերը, որոնք գիսավորներ են կոչվում, իրենց երևումով նոր բաներ են խորհրդանշում, [այնպես էլ այս] աստղը, առավելագույնս հրաշափառ երևաց Փրկչի ծնվելու ժամանակ, կամ էլ նույնիսկ մի հրեշտակ երևաց՝ աստղի նմանությամբ:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Որտե՞ղ է հրեաների նոր ծնված Թագավորը, որովհետև մենք Նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք երկրպագելու Նրան»։ (Սինոդական թարգ․)[2]
   
    Մոգերի տեսած աստղի վերաբերյալ առկա են մի շարք տեսակետներ և ենթադրություններ։
    Ըստ որոշ մեկնությունների` մոգերին հայտնված աստղը սովորական աստղ չէր, այլ մի հրաշք-աստղ։ Այսպես է ենթադրում Հովհան Ոսկեբերանը, ում տեսակետը կիսում են բազմաթիվ էգզեգետներ, այդ թվում նաև՝ նորագույն շրջանի աստվածաշնչագետներ։ Այսպիսով, Մատթեոսի Ավետարանի մեկնությամբ զբաղվող անգլիացի աստվածաշնչագետ Մորիսոնը, առարկելով Կեպլերի տեսակետին (տե՛ս ստորև), պնդում է, որ այդ վարկածը զուրկ է հիմնավոր լինելուց` թե՛ գիտական, և թե՛ էգզեգետիկ դիտանկյունից. «2-րդ համարից մենք եզրակացնում ենք, որ մոգերի տեսած աստղը, իրականում, այնպիսի մի աստղ չէր, որը երկնքում հայտնվում է «աստղ» եզրույթի ժամանակակից և գիտական ընկալմամբ: Այն ո´չ մշտապես առկայծող մի աստղ էր, որը գտնվում էր Երկիր մոլորակից մեծ հեռավորության վրա, և ո´չ էլ մեր Արեգակնային համակարգի կենտրոնի շուրջը պտտվող մի մոլորակ: Մոգերը երբևէ աստղերը չեն ընդունել որպես հեռավոր գալակտիկաներ: Նրանց համար աստղը երկնքում հայտնված մի լուսավոր կետ էր միայն։ Եվ ահա այդպիսի մի լուսավոր կետ հայտնվեց նրանցից դեպի արևմուտք ընկած երկնակամարում, երբ նրանք դիտում էին երկինքը: Այդ աստղը հայտնվեց մոգերին՝ ցույց տալով Հրեաստանը և նրանց այնտեղ ուղղորդելով։ Ինչո՞ւ այն չէր կարող հրաշք-աստղ լինել: Հիսուս Քրիստոս Ինքը գերբնական երևույթների կազմած հսկայական շրջագծի կենտրոնում էր, և այդ շրջագիծը շատ հաճախ «հատվում» էր թե՛ արտաքին ազդեցություններով, թե՛ Փրկչի մարդկային բնությամբ: Ահա թե ինչու Քրիստոսի հայտնության նախապատրաստությունները ոչ միայն հրեաների մեջ էին կատարվում, այլ նաև` շրջակա հեթանոսների´ մեջ...Ուստի և Փրկչի Ծննդյան, կյանքի ու մահվան հրաշքները կենտրոնական տեղ են զբաղեցնում գերբնական իրադարձությունների հիշյալ շրջածիրի ներսում: Այս համատքեստում է բացատրվում նաև (և ինչու՞ ոչ) մոգերի տեսած աստղը»։
    Սակայն այս տեսակետին կարելի է հակադարձել` նշելով, որ ո´չ Ավետարանից, և ո´չ էլ այլ աղբյուրներից (որոնք, ի դեպ, անգամ գոյություն չունեն) ամենևին էլ չի բխում, որ մոգերի աստղը նրանց առաջնորդել է հենց դեպի Երուսաղեմ տանող ճանապարհով։ Եթե մոգերի ճամփորդությունն իրականացվել է աստղի առաջնորդությամբ, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ այն նրանց հասցրեց Երուսաղեմ, այլ ոչ թե անմիջապես Բեթղեհեմ։ Մի՞թե հրեաների Թագավորի Ծննդյան վայրի մասին մոգերի տված հարցն ինքնին չի հակասում նմանօրինակ ենթադրություններին։ Դեռ ավելին, Ավետարանից պարզ է դառնում, որ մոգերը Բեթղեհեմ գնացին ոչ թե այն պատճառով, որ դեպի այդ բնակավայր ճանապարհը նրանց ցույց տրվեց աստղի միջոցով, այլ քանի որ նրանք իմացան Քրիստոսի Ծննդյան վայրի մասին (նույնիսկ եթե իրենք անձամբ չիմացան, այլ ուրիշների օգնությամբ` «քահանայապետների ու դպիրների» միջոցով (4-րդ համար):
    Երբ աստղը դարձյալ երևաց մոգերին դեպի Բեթղեհեմ տանող ճանապարհին, դա միայն հաստատումն էր ավելի վաղ նրանց ստացած այն հայտնության, ըստ որի` աստղի բացառիկ հրաշագործ առաջնորդությունն էր ուղեկցելու իրենց…Եվ վերջապես, Մորիսոնի տեսակետն այն մասին, որ աստղը մոգերին հայտնվել է նրանցից դեպի արևմուտք ընկած հատվածում` Երուսաղեմի ուղղությամբ, լիովին կամայական է և հակասում է հենց մոգերի հստակ հաստատմանը, որ աստղը հայտնվել է իրենց արևելքում:
    Եթե այս և նմանօրինակ հայտնություններից դուրս հանենք այն ամենը, ինչը բնականորեն ապացուցելի է, ապա դա կնշանակի ոչ միայն արհամարհել Ավետարանական բնագիրը, այլ նաև նսեմացնել բուն Ավետարանական իրադարձությունների հրաշագործ նշանակությունը: Ի՞նչ օգուտ, եթե մի որևէ հրաշք բացատրենք մեկ այլ հրաշքով: Արդյո՞ք նմանատիպ բացատրություններն օգնում են, որ որևէ հրաշք ավելի պարզ ու հասկանալի դառնա։ Հրաշքն այլ հրաշքների օգնությամբ կատարվող գործողություն կամ իրադարձություն չէ, այլ ինքնին, ինքն իրենով հրաշք է: Սույն պարագայում հրաշքն այն է, որ Աստված հայտնվում է մարմնով: Բնությունն այս հրաշքի մասին կարող էր վկայել միայն բնական եղանակով՝ ոչ մի կերպ չնվազեցնելով գլխավոր հրաշքի զորությունը, ինչպես որ արևը որևէ կերպ չի խամրում կամ առավել չի պայծառանում, երբ մենք կեսօրին մեր սենյակում լամպն անջատում կամ վառում ենք։ Ճշմարիտ է, որ Փրկչի աշխարհ գալն ուղեկցվել է հրաշքներով, սակայն այդ հրաշքների կողքին եղել են նաև այնպիսի երևույթներ և իրադարձություններ, որոնք մենք լիովին կարող ենք և պարտավոր ենք դասակարգելու բնական և մինչև իսկ ոչ նորմալ աստիճանի բնական (ասել է թե` դաժան, օրինակ՝ նորածինների կոտորածը) դեպքերի շարքին:
    Մյուս տեսակետը պատկանում է նշանավոր աստղագետ Կեպլերին (1571-1630 թթ.), որը 1603-1604 թվականներին հետևելով Յուպիտեր և Սատուրն մոլորակների միացմանը, որոնց էլ հաջորդ տարի միացավ նաև Մարս մոլորակը, այնպես որ այդ երեք մոլորակները ձևավորեցին մեկ մոլորակի պատկեր, որը մի քանի անգամ փայլատակեց երկնքում: Անշուշտ, այդ միացումը միայն տեսողական, օպտիկական բնույթի էր, իսկ իրականում այդ երեք մոլորակները նույնքան հեռու էին միմյանցից, որքան սովորաբար: Միայն աչքին կարող էր թվալ, թե դրանք միաձուլվել, միացել էին իրար։ Մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ Կեպլերը պարզել է, որ մոլորակների նմանօրինակ միացում տեղի է ունենում 800 տարին մեկ անգամ։ Եթե 1604 թվականից հանենք 800 տարի, ապա դարձյալ 800 տարի, ապա կստացվի, որ մոլորակների միացման ժամանակը համընկնում է հենց Քրիստոսի Ծննդյան ժամանակի հետ…
Կեպլերի առաջ քաշած տեսակետն այժմ ընդունվում է շատ լուրջ մեկնաբանների կողմից և, կարելի է ասել, որ այն լավագույնն ու ամենահիմնավոր տեսակետն է։ Եթե ընդունենք այս տեսակետը, ապա նույնիսկ կարիք էլ չի լինի անդրադառնալու մյուս ենթադրություններին, ինպիսին է, օրինակ, այն կարծիքը, համաձայն որի` Բեթղեհեմ տանող ճանապարհին մոգերի տեսած աստղը տարբերվում էր նախորդիվ նրանց տեսած աստղից և մեկ ուրիշ աստղ էր։
    «Արևելքում» արտահայտությունը նույնպես հակասական մեկնաբանությունն է առաջացնում և բացատրություն է պահանջում։ Որոշ մեկնիչներ պաշտպանում են այն տեսակետը, որ այս արտահայտությունն ունի «բարձրանալիս» նշանակությունը: Մեկնիչների մյուս մասն առարկում են հետևյալ պատճառաբանությամբ, ըստ որի` նախորդ տեսակետի ճշմարտացիության դեպքում հունարենում պետք է գրված լիներ` «նրա բարձրանալու ժամանակ» (ἐν τῇ ἀνατολῇ αύτοῦ): Այս առարկությունն այնքան էլ զորավոր չէ։ «Բարձրանալիս» ասելով՝ մոգերը մատնանշում են ոչ միայն այն հանգամանքը, որ իրենք տեսել են, թե այդ աստղն ինչպես է ծագել կամ թե ինչպես է բարձրանում, այլև անուղղակիորեն մատնացույց են անում նաև այդ աստղի երևալու ժամանակը: Մոգերն աստղը տեսան հենց ամենասկզբում, երբ այն նոր-նոր էր սկսում ծագել կամ բարձրանալ։
    Շատ ավելի դժվար է պատասխանել այն հարցին, թե մոգերն ինչ եղանակով են աստղից իմացել, որ հենց թագավո´ր է ծնվել, և այն էլ, առավել ևս, հրեաների´ թագավորը։ Այստեղ մենք կարող ենք քննարկել միայն հիշյալ խնդրին առնչվող հավանական ենթադրությունները, ու ի դեպ, պետք է նաև ինչ-որ չափով հրաժարվենք «աստղային երկնքի» մասին ժամանակակից պատկերացումներից և հնարավորինս մուտք գործենք մոգերի ներքին-հոգեբանական ոլորտ:
    Աստղագիտության գրանցած հաջողությունների արդյունքում աստղազարդ երկնքին հնում ապրած մարդկանցից տարբերվող կերպով նայող ժամանակակից մարդուն նույնիսկ կարող է այնպես թվալ, որ երկնակամարը լեցուն է խորհրդավոր գրություններով, որոնք դեռևս ոչ մի մարդ չի կարողացել ընթերցել և վերծանել: Այստեղ ինչ-որ հատուկ լեզու է գործում՝ աստղերի լեզուն։ Այստեղ կան մի շարք հատուկ գրավոր նշաններ, որոնք շատ ավելի խորախորհուրդ են, քան եգիպտական ցանկացած հիերոգլիֆ: Այդ գրությունները, որոնք մենք կարող ենք տեսնել երկնակամարում, միաձուլված չեն իրար: Բացառությամբ Ծիր Կաթին համաստեղության, որում աստղերն ասես միաձույլ են թվում և մեր հայացքի առջև են ներկայանում որպես գրեթե շարունակական միգամածության մի դրսևորում, մեզ ավելի մոտ գտնվող ոչ մի աստղ չի խոչընդոտում մյուսին կամ չի միաձուլվում մյուսի հետ: Եթե այդպես լիներ, ապա աստղային աշխարհում քաոս կտիրեր։ Այդ եղանակով էլ աստղերը մեզ կարող են պատմել այն կարգուկանոնի մասին, որով նրանք շարժվում են` Ամենակարողի հրամանների և սահմանած կանոնների համաձայն: Սակայն հնում մարդիկ կարող էին աստղերի թողած «գրությունները» կարդալ մեզանից տարբեր ձևով: Նրանց աչքերում երկնակամարը չէր ներկայանում որպես իրարից մեծ հեռավորության վրա գտնվող բազմաթիվ համաստեղությունների հավաքածու, այլ միայն այնպիսի փայլփլուն կետիկների շարան, որոնց շարժումներն այս կամ այն կերպ պատկերում էին մեր երկրային կյանքը։ Գտնվում էին մարդիկ, որոնք իրենց նվիրում էին այդ փայլփլուն կետիկների ուսումնասիրությանը և դրանց միջոցով փորձում էին կանխատեսել առանձին մարդկանց, ժողովուրդների և թագավորությունների ճակատագիրը: Այդպիսով, երկնքի մասին գիտելիքը գիտական բնույթ չուներ, այլ առավելաբար ծառայում էր գործնական և երկրային նպատակների: Սակայն խնդիրն առանց ուսումնասիրության չէր կարող մնալ նաև գիտական մեթոդաբանության բացակայության պարագայում։ Աստղերի թիվը հաշվելը, դրանց բաշխումը համաստեղությունների միջև, որոշ աստղերի համեմատությունը մյուսների հետ, աստղերի շարժումները հետազոտությունը` այս ամենի համար մենք պարտական ենք հին ժամանակներում ապրած, գերակշիռ կերպով ազգությամբ արաբ աստղագուշակներին…
    Մոգերին հայտնված աստղը միայն իրենք` մոգե´րը նկատեցին երկնքում և, հավանաբար նաև, ոչ մեծ թվով մի քանի այլ մարդիկ, որոնք հետաքրքրված էին երկնային երևույթներով։ Այն նույն ժամանակ, երբ մոգերն անհանգստացած էին իրենց տեսած արտասովոր, երկնային երևույթի պատճառով, հազարավոր և միլիոնավոր շատ այլ մարդիկ այդ նույն ժամանակ երկնքում առանձնահատուկ որևէ բան չնկատեցին, քանի որ մոգերի տեսած հիշյալ աստղը, ամեն դեպքում, այնքան մեծ չէր, որ ի զորու լիներ իր վրա կենտրոնացնելու աստղագուշակությունից հեռու եղող մարդկանց հայացքները: Նույնիսկ այն ժամանակ, երբ աստղագուշակությունը վերածվեց աստղագիտության և դարձավ գիտություն, կարելի է ասել, որ աստղագետներից միայն Կեպլերը «տեսավ» այդ աստղը և նկարագրեց այն, իսկ ուրիշ շատերը, միգուցե, բոլորովին անտարբեր էին այդ երևույթի նկատմամբ:
    Մոգերի պատկերացումների համաձայն` երկնքում հայտնված այդ արտասովոր աստղը պետք է կանխագուշակեր մի արտասովոր իրադարձության մասին։ Եթե այդ աստղը հայտնվել էր Քրիստոսի Ծնունդից երկու տարի առաջ, ապա մոգերն իրար մեջ կարող էին խոսել աստղի մասին, և հավանաբար, հենց այդժամ էլ հանդիպել հրեաների, որոնք այդ ժամանակաշրջանում սփռված էին աշխարհով մեկ, ու նրանցից տեղեկանալ, որ Երուսաղեմում սպասում են մի մեծ Թագավորի, ու այնուհետև գնաց այնտեղ` Նրան երկրպագելու համար:
    «Երկրպագել» բառը հունարենում գրեթե միշտ նույն իմաստն ունի՝ դեմքով գետնին ընկնել և խոնարհվել ինչ-որ մեկի առաջ: Այստեղ մենք ականատես ենք լինում մաքուր արևելյան, ընդ որում՝ զուտ հեթանոսական սովորույթի։ Հրեաները, պահելով երկրորդ պատվիրանը, չէին խոնարհվում երկրային տիրակալների առաջ, այլ միայն Աստծո´ առաջ: Հրեա գրող Փիլոնը «De Sos. 28»-ում Ծննդ. 42։6-րդ համարում պատմվածն արդարացնում է հին սովորույթ լինելու հանգամանքով։ Մարդկանց երկրպագություն մատուցելու երևույթը բողոք է հարուցել արդեն Նոր Կտակարանում (Գործք 10:26, Հայտն. 19:10):
    Հեթանոսների համար ընդունված կարգն այլ էր. Համաձայն Հերոդոտոսի խոսքերի (Պատմ. 1:134` սկզբնամասում), հեթանոսները «ուրիշներին ողջունելու ժամանակ համբուրում էին նրանց բերանը, իսկ եթե մյուսը կարգով մի փոքր ավելի ցածր էր, ապա համբուրում էին նրա այտերը, իսկ եթե մեկը մյուսից շատ ավելի ցածր դասի էր պատկանում, ապա այդ վերջինը երկրպագում էր ավելի բարձր դասի անձին՝ վայր ընկնելով նրա առջև (προσκυνέει)»:
Այսպիսով` «երկրպագել» բառը նշանակել է հարգանք ցուցաբերել ստորադաս մարդու կողմից ավելի բարձր աստիճանի մարդու նկատմամբ և, միևնույն ժամանակ, այդ նույն բառը նշանակում է նաև աստվածներին կամ Աստծուն մատուցվող պաշտամունք։ Սակայն խոսելով Քրիստոսին երկրպագելու իրենց մտադրության մասին` հազիվ թե մոգերը Նրան ընկալում էին որպես Աստված: Բայց կասկածից վեր է, որ մոգերի համար Քրիստոս ներկայանում էր որպես Թագավոր, և ընդ որում՝ արտասովոր մի Թագավոր, Որի Ծննդյան մասին ավետել էր աստղը։
    Կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ Կեպլերի բացահայտած բնական երևույթին (որը հավանաբար գրավել է մոգերի ուշադրությունը) Մատթեոսի Ավետարանի տեղեկությունների հետ մեկտեղ ավելացնում ենք նաև Ղուկասի պատումն ա´յն հովիվների մասին, որոնք տեսան հրեշտակներին և լսեցին Մեսիայի Ծննդյան մասին նրանց պատգամն ու անձամբ գնացին Նրան տեսնելու: Հավանաբար հաջորդ առավոտ Մարիամը` Հովսեփի և մանուկ Հիսուսի հետ, մարդահամարի ենթարկվելով, վերադարձան իրենց տուն, և հովիվները, բնականաբար, իրենց շրջակա տարածքներում հայտարարեցին Մեսիայի Ծննդյան և այդ ավետիսը հայտնելու համար իրենց երևացած հրեշտակների մասին լուրերը: Ամենայն հավանականությամբ հովիվները մսուրի տերերից իմացել էին նաև, որ այդ ընտանիքը Նազարեթից էր։
    Բնականաբար, բոլորովին արտասովոր այդ լուրերը մեկ-երկու տարի անց հասան նաև Քաղդեա և այնտեղի իմաստուններին, որոնք էլ, համեմատության մեջ դնելով հրեական կանխասացությունները և իրենց ուսումնասիրությունները, ուրախությամբ արձանագրեցին այդ զուգադիպությունը….

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»:
(Արարատ թարգ․) և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։
(Գրաբար) եւ ասեն. Ո՞ւր է որ ծնաւ արքայն Հրէից. զի տեսաք զաստղն նորա յարեւելս, եւ եկաք երկի՛ր պագանել նմա: