Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:15

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

15-18․ «Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն»։ «Եվ հերովդեսականների հետ Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ Դու արդար ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և չես հոգում որևէ մեկին հաճոյանալու մասին, որովհետև ոչ մեկի երեսին չես նայում»»։ «Արդ ասա՛ մեզ, Դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ «Իսկ Հիսուս հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր»»։
   
   «Այդ ժամանակ», այսինքն՝ ե՞րբ։ Երբ ամենից շատ հարկավոր էր սրտով խոնարհվել, հիանալ Աստծու մարդասիրությամբ, սարսափել գալիք դատաստանից և, նայելով արդեն իսկ կատարվածին, հավատալ, թե ինչ պիտի կատարվի։ Փրկչի խոսքերը հստակորեն հաստատվում էին բուն իրադարձությունների միջոցով։ Իսկապես, մաքսավորներն ու պոռնիկները հավատի էին գալիս, մարգարեներն ու արդարները մահվան էին մատնվում։ Սա իմանալով՝ փարիսեցիները չպիտի կասկածեին այն բանում, ինչ լսում էին իրենց կորստյան մասին, այլ պիտի հավատային ու մտափոխվեին։ Բայց և սա չի կանգնեցնում նրանց չարությունը, որը չի դադարում տանջել նրանց և ավելի ուժգնանալ։ Իսկ քանի որ նրանք չէին կարող բռնել Հիսուսին (որովհետև վախենում էին ժողովրդից), ուստի ընտրեցին մեկ այլ ուղի և, Քրիստոսին վտանգի ենթարկելու համար, մտադրվեցին մեղադրել Նրան հասարակական օրենքների խախտման մեջ։ «Հերովդեսականների հետ, - ասվում է, - Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ Դու ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։ Արդ ասա՛ մեզ, Դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ» (Մատթ. 22:16-17)։ Նրանք հարկ վճարում էին այն ժամանակից սկսած, երբ իրենց հասարակական գործերի կառավարումն անցել էր հռոմեացիների իշխանության տակ։ Այսպիսով, իմանալով, որ ոչ վաղ անցյալում Թևդասն ու Հուդան, մտադրվելով ապստամբություն հարուցել, այդ իսկ պատճառով էլ սպանվել էին, նրանք ցանկանում էին իրենց հարցով Հիսուսին նույնպես նման կասկածի տակ դնել։ Այս նպատակով նրանք ուղարկեցին ոչ միայն իրենց աշակերտներին, այլև Հերովդեսի զինվորներին՝ մտածելով, թե այդպիսով թե՛ մեկ, և թե՛ մյուս կողմից փոս կփորեն Հիսուսի համար և որոգայթներ կլարեն Նրա դեմ, որպեսզի և՛ մեկ, և՛ մյուս պարագայում որսան Նրան։ Եթե Փրկիչը խոսեր հերովդեսականների կարծիքի համաձայն, այդ դեպքում փարիսեցիները կարող էին հանդիմանել Նրան, եթե համաձայներ փարիսեցիների հետ, Հերովդեսի հետևորդները կմեղադրեին Հիսուսին։ Ճիշտ է, Նա արդեն իսկ վճարել էր երկդրամյան տուրքը, բայց փարիսեցիները չգիտեին այդ մասին, ուստի և թե՛ մեկ, և թե՛ մյուս պարագայում էլ հույս ունեին ծուղակը գցել Քրիստոսին։ Ի դեպ, նրանք ավելի շատ ցանկանում էին, որ Հիսուս հերովդեսականների կարծիքին հակառակ մի պատասխան տար։ Այս մտադրությամբ էլ փարիսեցիներն ուղարկեցին իրենց աշակերտներին, որպեսզի վերջիններիս ներկայությամբ Հիսուսին մղեն այդպիսի պատասխանի, և դրա հիման վրա էլ Նրան՝ որպես օրինական իշխանությունը հափշտակել փորձող մեկի, մատնեն կուսակալի ձեռքը։ Սա է մատնանշում նաև Ղուկաս ավետարանիչը՝ ասելով, թե նրանք նաև ժողովրդի առջև էին Հիսուսին ուղղում այդ հարցադրումը, որպեսզի ավելի շատ վկաներ ունենան։ Բայց տեղի ունեցավ փարիսեցիների մտադրության ամբողջովին հակառակը, և նրանք միայն ավելի մեծ քանակի հանդիսատեսների առջև բացահայտեցին իրենց անմտությունը։ Եվ տե՛ս, թե ինչպիսի՜ շողոքորթությամբ են նրանք մոտենում Քրիստոսին, և որքա՜ն խորամանկորեն են քողարկում իրենց մտադրությունը։ «Գիտենք, - ասում են, - որ Դու արդար ես»։ Ուրեմն ինչպե՞ս էիք դուք ավելի վաղ ասում, թե «Նա մոլորեցնում է ժողովրդին» ու «դև ունի» (Հովհ. 7:12, 10:20), և թե՝ «Աստծուց չէ»։ Այդ ինչպե՞ս է, որ սրանից քիչ առաջ խորհում էիք սպանել Նրան։ Բայց ինչեր ասես, որ չեն անում մարդիկ, երբ ցանկանում են ուրիշներին վնաս պատճառել։ Քանի որ ոչ շատ առաջ նրանք հանդգնությամբ հարցրել էին Հիսուսին՝ «Ի՞նչ իշխանությամբ ես այդ անում» (Մատթ. 21:23), բայց չէին կարողացել պատասխան ստանալ, ուստի այժմ հույս ունեն շողոքորթությամբ շարժել Փրկչի հպարտությունը և Նրան մղել ասելու մի ինչ-որ բան, որը հակառակ կլիներ սահմանված օրենքներին ու գերագույն իշխանությանը։ Ահա թե ինչու փարիսեցիները հայտարարում են Հիսուսի արդարության մասին և, այդպիսով, խոստովանում են Նրան այնպիսին, ինչպիսին Նա իրականում կա, միայն թե դա անում են ոչ մաքուր սրտով ու անհոժարաբար։

   Փարիսեցիներն իրենց խոսքում նաև ավելացնում են. «Չես հոգում որևէ մեկին հաճոյանալու մասին»։ Տե՛ս, թե այս խոսքերում որքան հստակորեն է երևում նրանց մտադրությունը՝ Հիսուսին ստիպելու ասել ինչ-որ բան, որը կարող էր վիրավորել Հերովդեսին և Փրկչի հանդեպ կասկած առաջացնել իշխանության հափշտակման վերաբերյալ՝ որպես մի մարդու, որն ապստամբում է օրենքի դեմ։ Այդպիսով փարիսեցիները նպատակ ունեին պատժի ենթարկել Քրիստոսին՝ որպես ապստամբ ու գերագույն իշխանության հափշտակող մեկի։ Նրան ասելով՝ «չես հոգում որևէ մեկին հաճոյանալու մասին» և «ոչ մեկի երեսին չես նայում»՝ փարիսեցիներն ակնարկում էին Հերովդեսին ու կայսրին։ «Ասա՛ մեզ, Դու ի՞նչ ես կարծում»։ Այժմ դուք հարգում ու «Վարդապետ» եք կոչում Նրան, Ում այնքան անգամ արհամարհում ու վիրավորում էիք, երբ Նա խոսում էր ձեզ հետ ձեր իսկ փրկության մասին։ Ի դեպ, փարիսեցիներն այժմ ևս մտածում են Նրա մասին այնպես, ինչպես ավելի վաղ։ Եվ տե՛ս, թե ինչպիսի՜ խորամանկությամբ են նրանք գործում. չեն ասում՝ «ասա՛ մեզ, թե ինչն է լավ, ինչն է օգտակար, ինչն համապատասխանում է օրենքին», այլ ասում են․ «Դու ի՞նչ ես կարծում»։ Նրանք հետաքրքրված են միայն այն բանով, թե ինչպես մատնեն Հիսուսին ու ցույց տան Նրա հակառակությունը գերագույն իշխանության դեմ։ Սա ցույց է տալիս նաև Մարկոս ավետարանիչը, որը, ավելի հստակորեն բացահայտելով նրանց հանդգնությունն ու կործանարար մտադրությունը, ասում է, թե նրանք այսպես էին հարցնում Փրկչին. «Օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք» (Մարկ. 12:14)։ Այսպես նրանք բարկությամբ էին լցված ու մտատանջվում էին Հիսուսին կործանելու ցանկությունից, թեև կեղծավորությամբ ցույց էին տալիս, թե ասես ցանկանում են հաճոյանալ Նրան։ Իսկ ի՞նչ է ասում Հիսուս․ «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր» (Մատթ. 22:18)։ Չե՞ք տեսնում, թե Նա այժմ արդեն ավելի մեծ խստությամբ է սկսում խոսել նրանց հետ։ Քանի որ փարիսեցիների չարությունն արդեն հասունացել էր և բացահայտորեն էր դրսևորվում, ուստի Փրկիչն ավելի խորն է բացում նրանց վերքը, բացահայտում է նրանց գաղտնի մտածումները և բոլորի առջև ցույց է տալիս, թե նրանք ինչ մտադրությամբ են եկել Իր մոտ։ Եվ այսպիսով Քրիստոս հենց սկզբից ամոթի է մատնում փարիսեցիներին ու ստիպում է լռել։ Իսկ սա Նա անում է՝ ցանկանալով հանդարտեցնել նրանց չարությունը, որպեսզի փարիսեցիներն ապագայում նույնպես այդպիսի ձեռնարկումներով իրենք իրենց վնաս չպատճառեն։ Թեև նրանք իրենց խոսքով մեծ հարգանք էին ցուցաբերում Հիսուսի հանդեպ, Նրան «Վարդապետ» էին կոչում, վկայում էին, որ Նա արդար է և ոչ մեկի երեսին չի նայում (երեսպաշտություն չի անում), սակայն Քրիստոս, Աստված լինելով, չէր կարող սրանով խաբվել։ Այսպիսով, արդեն իսկ Փրկչի խոսքերից փարիսեցիները պիտի եզրակացնեին, որ Նա ոչ թե ենթադրաբար է հանդիմանում իրենց, այլ գիտի նաև իրենց ծածուկ մտածումները։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն:
   

   Այդ ժամանակ փարիսեցիները գնացին ու Նրա մասին խորհրդակցեցին, թե ինչպես խոսքով որոգայթ կազմեն Նրա համար:

   Ավետարանիչը հենց այնպե՛ս չի դնում «այն ժամանակ»ը, այլ որպեսզի ցույց տա, որ երբ վայել էր զղջալ [Տիրոջ] մարդասիրության պատճառով և գալիք [պատիժներից] վախենալ (քանի որ խոսքերին գործերն էին հետևում` մաքսավորներն ու պոռնիկները հավատացին, և մարգարեները կոտորվեցին, ինչ պատճառով պետք էր խոնարհվել և ոչ թե հակառակել), նրանք չհագեցան չարիք գործելուց, այլ է՛լ ավելի մեծ չարություն երկնեցին և նենգությամբ գնացին մեկ այլ ճանապարհով` ըստ այսմ. «Դարանում են հափշտակել Նրան, Ով աղքատացավ մեզ համար, և իրենց որոգայթի մեջ գցել» (հմմտ. Սաղմ. 9։30): Քանի որ ժողովրդի պատճառով [Հիսուսին] բռնել վախենում էին, մտածեցին [Նրան] վտանգավոր ցույց տալ արքունիքի համար և մատնել հռոմեական իշխանություններին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

15-22․ Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում: Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»: Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»:
   
   Քահանայապետերը, դպիրներն ու ծերերը, որոնք նույն օրը չէին համարձակվել Հիսուսին բռնել (Մատթ. 45-46), նորից ցանկացան խարդախ կերպով Նրան հանցանքի մեջ բռնել և մեղապարտության ենթարկելու փորձ անել: Եվ այս անգամ փարիսեցիները սադուկեցիներից բաժանվեցին՝ յուրաքանչյուրն իր ըմբռնման ձևով ծուղակ լարելու համար: Փարիսեցիների խմբին հերովդիանոսականներն էլ միացան, որոնք, ըստ ոմանց, Հերովդեսին իբրև մեսիա հռչակողներ էին, բայց ավելի հավանականությամբ Հերովդեսի պաշտոնյաներն էին, որոնք ծառայում էին կայսերական տուրքերը հավաքելու համար և ընդհանրապես հետևում էին փարիսեցիական աղանդին: Փարիսեցիական խումբը մտածեց, որ գնա Հիսուսին հարցնի թե հրեաների համար պարտավորություն կա՞ Հռոմի կայսեր տուրքը տալու: Իրենք մտածում էին, թե Հիսուս իբրև խիստ օրինապահ, Մովսեսի օրենքի պաշտպան, և որպես մոլեռանդ մի հրեա, որ հեթանոսների հետ որևէ հարաբերություն պղծություն է համարում, պիտի ասի, թե տուրքը տալու հարկ չկա. և իրենք էլ առիթ կունենան հռոմեացի դատավորի առաջ ամբաստանելու Հիսուսին, որ տուրք տալու արգելք է դնում: Այս որոշումից հետո, իրենք իրենց խստակրոն օրինապահ և արդար ձևացնելով մոտեցան Հիսուսին ու շողոքորթելով սկսեցին առաջարկել:
   «Վարդապետ, գիտենք, որ ճիշտ և առողջ սկզբունքների տեր ես, միայն ճշմարտությանն ու ուղղությանն ես հետևում և ըստ այդմ անաչառ կերպով արդարություն ես քարոզում, ժողովրդին միայն ու միայն Աստծո ճամփան ես սովորեցնում, ոչ մեկից կախում չունես կամ ակնածություն չունես, ինչպես նաև ոչ մեկից վախ չունես, քո կարծիքների համարձակ տերն ես, և չես կաշկանդվում հայտնել այն, ինչ որ զգում ես և ինչում որ համոզված ես. մենք էլ մեր խիղճը հանգստացնելու համար քեզ պես մեկի խորհրդի կարիքն ունենք, քանի որ վախենում ենք հանկարծ հեթանոսների հետ որևէ հարաբերություն մեր վրա պղծություն և Աստծո օրենքին անարժանություն բերի: Ուստի աղաչում ենք, որ մեզ հայտնապես ասես, թե կներվի՞ արդյոք կայսեր տուրքը տալով հեթանոսների հետ հարաբերության մեջ գտնվելը: Ինչ՞ կասես, կայսեր տուրքը տալու՞ ենք, թե՝ ոչ»:
   Այդ ամբողջ շողոքորթ բացատրությունների տակ խաբեության թույն էր ծածկված, ինչ որ Հիսուսի համար գուշակելը դժվար չէր, քանի որ երբեք փարիսեցիները Իր հանդեպ բարեկամական և պատվադիր ձևեր չէին գործածել. և այս անգամ էլ չափից դուրս շատացնում էին շողոքորթությունը:
Հիսուսին դժվար չէր կտրուկ մեկ խոսքով պատասխան տալ, որովհետև օրենքում այդ մասին ոչ մի արգելք չկար և սրբության ու արդարության ձևն էլ այդ հանգամանքում ամենևին տեղ չուներ: Սակայն պարզ պատասխանը միշտ էլ կարող էր զրպարտանքների առիթ տալ հարցնողներին, պետք էր իրենց ամաչեցնելով ու լռեցնելով վերջացնել գործը, որպեսզի ոչ մի անգամ բերան բացելու հանդգնություն չունենային: Նրանք կարծում էին, որ կկարողանան Հիսուսի համար ասել, թե անարդարություն է արել իշխանության կամ հրեական օրենքի դեմ:
   «Կեղծավորներ,- պատասխանեց Հիսուս,-ինչ՞ եք եկել ինձ փորձելու և ձեր խելքով ինձ մեղադրանքի տակ թողնելու: Ձեր կեղծավոր նենգությունը պարզ է, սակայն հնարքը շատ թույլ է: Կայսեր տուրքը դրամով է վճարվում. այդ դրամի մի հատ ցույց տվեք տեսնեմ»: Հարցնողները, իսկույն գրպաններից հռոմեական մի դահեկան հանելով, ցույց տվեցին հիսուսին: Հիսուս հարցրեց. «Այս դահեկանի վրա պատկեր և գիր կա՞. ու՞մ պատկերն է և ու՞մ անունն է»: Հարցնողներն առանց մտածելու, թե Հիսուս հարցումից ինչ հետևություն կանի, միանգամից պատասխանեցին.
   «Պատկերը Հռոմի կայսեր պատկերն է, գիրն էլ նույն կայսեր անունն է»: «Ինչու՞ եք ուրեմն վարանում,- ասում է Հիսուս,-Գնացեք, ինչ որ կայսեր է պատկանում, տվեք կայսեր, իսկ ինչ որ Աստծուն է պատկանում, այն էլ Աստծուն տվեք»: «Երթայք, դուք զկայսերն կայսեր, եւ զԱստուծոյն զԱստուծոյ»: Այնքան պարզ ու համոզիչ էր Հիսուսի դարձվածքը, որ նենգավոր հարցնողներն էլ և իրենց թելադրողներն էլ պապանձվեցին, լռեցին և ոչ մի դիտողություն չկարողացան անել և զարմացան Հիսուսի իմաստության վրա: Թողեցին հեռացան, ցավելով, որ չկարողացան հասնել իրենց նպատակին. «Եւ ոչ կարացին զնա ըմբռնել բանիւք ժողովրդեանն»: