Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն:
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Դուք ամենքդ գայթակղվելու եք Ինձնից այս գիշեր»:
Երբ Իր մահվան խորհուրդն ավանդեց, այդուհետև սկիզբը դրեց իրողությունների պատմության. «Դուք ամենքդ գայթակղվելու եք Ինձնից այս գիշեր»: «Գայթակղվել» է ասում մտքով սայթաքելն ու մարմնով շփոթության մատնվելը, և զարմանալի չէ սա: Եթե այն ժամանակ, երբ Նա ամենքի կողմից փառքով ու պատվով էր շրջապատված, Նրա սովորեցրած մի փոքր խոսքի պատճառով աշակերտներից շատերը թողեցին Նրան ու հեռացան 1500, ապա որքա՛ն ավելի Նրա չարչարանքների ժամանակ սրանք ևս, որ դեռ կատարյալ չէին, երկմտեցին Նրա վերաբերյալ և հեռացան, երբ բռնվեց ու կապվեց` խաչը ելնելու, երբ Նրան անարգանք հասավ, ծաղրվեց ու ձաղկվեց: Իսկ «այս գիշեր» ասելը չարչարանքների մոտ լինելն է ցույց տալիս, կամ էլ «գիշեր» է կոչում Իր փորձությունը կրքերով 1501, որն Իմ մեջ տեսնելով, [ասում է Տերը], հեռանալու եք Ինձնից, ոչ թե մեկդ կամ երկուսդ, այլ բոլորդ:
Որովհետև գրված է. «Կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»:
Զաքարիայի մարգարեությունն 1502 է հիշատակում, որպեսզի ցույց տա, որ կատարվողն [աստվածային] տնօրենություն է, որի մասին մարգարեները նախապես կարապետեցին: Միևնույն ժամանակ հորդորում է [աշակերտներին] միշտ ուշադրություն դարձնել [Սուրբ Գրքում] գրվածներին, այլև ցույց տալիս, որ Աստծո կամքով է խաչվելու, և հայտնում, որ [Ինքն] օտար չէ Հին [ուխտից] և նրանում պատմված Աստծուց [տարբեր Աստված] չէ: Մարգարեի խոսքը հիշատակեց նաև ի մխիթարություն [աշակերտների]. ինչպես որ հովվի հարվածման մասին խոսվեց, այդպես էլ նախապես ցույց տրվեց ձեր` ոչխարներիդ ցրվելու մասին, այն, որ ձեր ցրվելու, այսինքն` գայթակղվելու պատճառը Հովվի հարվածվելն է ըստ այդ մարգարեության:
Մաղաքիա արք. Օրմանյան
31-32․ Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն: Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
Երբ Հիսուս Իր Մարմնի և Արյան երկնային խորհրդի հաստատումը վերջացնում է, մի նոր գործ ավարտած և աստվածային փառքի բարձրացման արժանավոր մի գործ կատարելու գոհունակություն է զգում և ի խորոց սրտի Իր զգացումն է հայտնում։ «Ահա հիմա, - ասում է, - Մարդու Որդին փառավորվեց և նրա փառավորվելով՝ ավելի ևս փառավորվեց Աստված՝ Երկնային հայրս։ Եվ փոխադարձաբար, եթե Աստված Մարդու Որդու գործով փառավորվեց, անշուշտ նա պիտի ջանա առավել ևս փառավորել Մարդու Որդուն։ Իսկ այս փառավորումն այլևս չի ուշանա, մոտ է և շուտով կիրականանա և իրականացումը կտեսնեք»։
Խորին խորհուրդներ էին կատարվում այս նշանավոր վայրկյաններին։ Հիսուսի մահն էր պատրաստվում, մարդկության փրկությունը պիտի կատարվեր։ Հիսուս Իր անհուն սիրո նշանն էր ցույց տալիս Իր փրկագործ մահվամբ, այդ մեծ սիրուն նորօրինակ վեհություն էր տալիս նոր խորհրդի հաստատումը, Մարմնի և Արյան խորհրդի մշտատև ներկայությամբ, որը Հիսուսի փրկագործ մահվան տևողականությունն էր արտահայտում և սեր ու փառք իրար էին կապվում։ Մարդու Որդին մի կողմից տեսնում էր խաչ ու մահ Իր առջև, մյուս կողմից՝ սեր ու փառք նկատում նրանց մեջ և այդ անճառելի միավորման արտահայտությունն էին ավետարանչի խոսքերը․ «Իսպառ սիրեաց զնոսա» և ավետարանյալը հառաչելը. «Փառաւորեցաւ Որդին Մարդոյ»։ Պատմությունը մի կողմից ներկայացնում է ատելություն, չարություն և մատնություն, իսկ մյուս կողմից՝ չարչարանք, մահ և խաչ է գուշակում։
«Վաղվաղակի փառաւորոեսցէ զնա» խոսքը Հիսուսի մտքով՝ «Մահս մոտալուտ է» ասել էր, դրա համար էլ հրաժեշտի խոսքի առիթով վրա է բերում․ «Ի՛մ որդիներ, քիչ ժամեր են մնացել մեզ մեկտեղ լինելու համար, որովհետև շուտով ձեզանից պիտի բաժանվեմ, այս աշխարհից պիտի դուրս գամ, դուք ինձ պիտի փնտրեք, երբ մենակ մնաք, բայց ինձ այլևս չեք կարող ձեզ հետ տեսնել, որովհետև ո՛չ դուք պիտի գաք իմ գնացած տեղը և ո՛չ էլ ես պիտի լինեմ ձեր եղած տեղը, որ միասին գործենք։ Կհիշեք, որ այս խոսքերը ժամանակին հրեաներին էլ էի ասում, բայց ձեզ համար տարբեր է․ նրանցից ընդմիշտ բաժանում էր, իսկ ձեզ հետ՝ ժամանակվոր և մարմնավոր բաժանում է միայն, իսկ հոգով միասին կլինենք, միայն թե՝ դուք հոգու կապը պահեք ինձ հետ։ Այս կապը սերն է։ Հնուց եկած մի պատվիրան, որ ես ձեզ տալիս եմ բոլորովին տարբեր և կատարյալ կերպով՝ իբրև նոր պատվիրան, որովհետև ուզում եմ, որ իմ հրամայած սերը լինի այնպես, ինչպես որ ես ձեզ և բոլոր մարդկանց սիրեցի, երբեք ինձ համար բան չպահանջելով, այլ ամբողջությամբ և ամբողջ հոգով ձեզ և մարդկության համար զոհվելով՝ ինչպես որ իմ մոտալուտ մահով պիտի լրանա։ Եթե իրոք այդ ձևով սեր ունենաք իրար հանդեպ, այն ժամանակ կերևա և կհստատվի, որ իրավամբ իմ աշակերտներն եք։ Վստահ եմ, որ այսպիսի արիական սեր պիտի ունենաք մի օր, բայց հիմա դեռ այդ սերը չունեք․ այս գիշեր իսկ ինձ հասանելիք վտանգին դիմանալու չափ էլ արիություն պիտի չունենաք և ինձ ցույց տված ձեր սերը գործով չպիտի ցույց տաք, այլ բոլորդ էլ կտկարանաք, կսայթաքեք ու կընկնեք և ինձ վտանգի առջև թողնելով՝ ձեր մասին պիտի միայն հոգաք․ ինձ մենակ պիտի թողնեք ու պիտի ցրվեք՝ ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Գրքում է ասված․ «Հարից զհովիւն եւ ցրուեսցին ոչխարք հօտին» Զաք․ 13:7։ Սակայն մի՛ հուսահատվեք, արդեն ասել եմ և նորից եմ կրկնում, թե մեռնելուց հետո նորից պիտի կենդանանամ և թաղվելուց երեք օր հետո հարություն պիտի առնեմ, կրկին Գալիլիա կվերադառնամ և երբ ինձ նորից փնտրեք, կարող եք այնտեղ գալ և գտնել ինձ»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: