Ա. Լոպուխին
36-40. Հակոբը զայրացած վիճում էր Լաբանի հետ։ Հակոբը, պատասխան տալով Լաբանին, ասաց. «Ի՞նչ վնաս եմ տվել ես, կամ ո՞րն է իմ հանցանքը, որ հետապնդեցիր ինձ… [36] և խուզարկեցիր իմ ողջ ունեցվածքը։ Իմ տանը քո ունեցվածքից որևէ բան գտա՞ր. դի՛ր այն իմ եղբայրների ու քո եղբայրների առաջ, և նրանք թող դատ անեն մեր երկուսի միջև։ Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո մաքիներն ու այծերը չստերջացան, և քո մաքիների խոյերը ես չկերա։ Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում թե´ ցերեկը և թե´ գիշերը գողացվածի վնասը։ Ցերեկը տանջվում էի շոգից, իսկ գիշերը՝ ցրտից։ Քունը փախել էր աչքերիցս։ (Սինոդական թարգ․)
Երբ Լաբանի խուզարկությունը արդյունք չտվեց, Հակոբը, որ երևի թե հակված էր Լաբանի կասկածի մեջ իրեն ուղղված հանիրավի մեղադրանք տեսնելուն, ամբողջ զորությամբ արտահայտում է Լաբանի դեմ ուղղված խոր ցավով լի իր ապրումները, ինչպես վերջին մեղադրանքի, այնպես էլ Լաբանի քսան տարիների ծառայության ընթացքում գործած բոլոր սխալների համար. ծառայություն, որը կատարվել էր մանրազնին կերպով, և հաճախ անձնազոհություն էր պահանջել` Լաբանի ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի դիմաց։ Հովվի կյանքի փորձով թրծված` Հակոբը արտահայտիչ կերպով նկարագրում է իր հովվական կյանքի և ընդհանրապես հովվության դժվարին կողմերը։
Հովվի պարտականությունների մեջ մտնում էր հղի ոչխարների և այծերի ծննդաբերությանը հետևելը։ Մյուս հովիվների նման Հակոբը իրեն թույլ չէր տալիս իր սննդի համար տիրոջ հոտից նույնիսկ մի գառնուկ վերցնել։ Իսկ Լաբանը, ընդհակառակը, անխղճորեն պահանջում էր վարձահատույց լինել կորած ամեն կենդանու համար, եթե նույնիսկ կորուստը լիներ ոչ միայն ցերեկը, երբ հովվելն առավել դյուրին էր, այլ նաև գիշերը, երբ հովվի արթնությունը, բնականաբար, նվազում էր։ Լաբանին ծառայելու ծանր բարոյական պայմաններին գումարվում էր նաև հովվական կենցաղի ֆիզիկական ծանրությունը` ցերեկվա ամենաշոգ եղանակի կտրուկ փոփոխությունը և գիշերվա անտանելի ցուրտը։ Այժմ էլ ճանապարհորդների վկայությամբ ողջ Արևմտյան Ասիայում հատկապես գարնան ամիսներին ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանը գրեթե նույնն է, ինչ ամռանն ու ձմռանը։ Ընդհանրապես ցերեկվա շոգի և գիշերվա ցրտի հակադրությունը հաճախ է հանդիպում Սուրբ Գրքում (Երեմ. 36:30):
Հակոբն այնքան հոգատար էր հոտի նկատմամբ, որ «քունը փախել էր» աչքերից։ «Տեսնո՞ւմ ես հովվի արթնությունը։ Տեսնո՞ւմ ես լարված աշխատանքը» (սուրբ Հովհան Ոսկեբերան, Բան 57)։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Յակոբը զայրացած վիճում էր Լաբանի հետ: Յակոբը, պատասխան տալով Լաբանին, ասաց. «Ի՞նչ վնաս եմ տուել ես, կամ ո՞րն է իմ յանցանքը, որ հետապնդեցիր ինձ
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը բարկացավ ու վիճեց Լաբանի հետ: Նա ասաց Լաբանին. «Ո՞րն է իմ հանցանքը, ի՞նչ մեղք եմ գործել, որ իմ ետևից ես ընկել»:
(Գրաբար) Բարկացաւ Յակոբ եւ կագէր ընդ Լաբանու: Պատասխանի ետ Յակոբ եւ ասէ ցԼաբան. Զի՞նչ վնաս է իմ, կամ զի՞նչ յանցանք են իմ, զի պնդեցար զհետ իմ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: