Ծննդոց գրքի մեկնություն 33:12

Ա. Լոպուխին

12-14․ Եվ նա ասաց. «Ելնենք գնանք, և ես գնամ քո առջևից»: [12] Հակոբն ասաց նրան. «Իմ տերն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխարն ու արջառը արդեն ծնել են: Եթե դրանց ստիպեմ մի օրվա ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կսատկեն: Ուրեմն իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության ու անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչև որ Սեիրում հասնեմ իմ տիրոջը»: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ  նկարագրված են Եսավի և Հակոբի հանդիպումն  ու բաժանումը: Եսավը, ի նշան անկեղծ եղբայրական բարյացակամության, Հակոբին առաջարկում է  ճանապարհը շարունակել միասին (հ. 12), բայց Հակոբը մերժում է՝ պատճառաբանելով, որ Եսավի և նրա ուղեկիցների հետ արագ ընթանալը կարող է կործանարար լինել  ինչպես փոքրիկ ու քնքուշ երեխաների, այնպես էլ հոտի համար, որտեղ  երիտասարդ կենդանիներ և կթու էգեր կային (հ. 13): Իրականում Հակոբը, ըստ երևույթին, մտավախություն ուներ,  որ հնարավոր էր՝ իր և իր եղբոր համերաշխությունը  խախտվեր իրենց համատեղ ճամփորդության ժամանակ: Փոխարենը նա Եսավին առաջարկում է առաջ գնալ մենակ, իսկ ինքը որոշում է փոքր երեխաների և հոտի հետ դանդաղ շարժվել՝  խոստանալով  գնալ Սեիր՝ նրա մոտ: Հակոբն իր  այս խոստումը,  ըստ երևույթին, չի կատարել՝ ելնելով   Եսավի հանդեպ ունեցած անվստահությունից: Ահա թե ինչ է ասում ռաբբի Աբուգան. «Մենք բոլոր Սուրբ Գրքերում փնտրեցինք և չգտանք այն մասին, որ Հակոբը երբևէ գնացել է Սեիր լեռը՝ Եսավի մոտ: Արդյոք հնարավո՞ր էր, որ ճշմարտախոս Հակոբը խաբեր Եսավին: Ո՛չ: Այդ դեպքում նա ե՞րբ կժամանի Սեիր՝ նրա մոտ:  Հետո կժամանի (Աբդ. 1։17, 21 հմմ. Միք. 7։20» (Beresch. r. Par. 78, s. 335):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եսաւն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առջևից»:
(Գրաբար) Եւ ասէ` Չուեսցուք գնասցուք` եւ երթիցուք զուղորդն: