Ա. Լոպուխին
6-7. Սյուքեմի հայրը՝ Եմորը, գնաց Հակոբի մոտ՝ նրա հետ խոսելու: [6] Դաշտից եկան նաև Հակոբի որդիները: Երբ իմացան կատարվածի մասին, զայրացան: Նրանք շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին: Դա չպետք է լիներ: (Սինոդական թարգ․)
Դեռ մինչ այժմ արաբների մոտ քրոջ բռնաբարությունը եղբոր համար ավելի մեծ խայտառակություն է համարվում, քան նույնիսկ ամուսնու համար կնոջ պղծումը: Հաշվի առնելով արևելյան այս բարքերը՝ Եմորը Սյուքեմի անունից ամուսնության առաջարկով դիմում է Շմավոնին և Ղևիին, այլ ոչ թե Հակոբին, ովքեր մինչ այդ չափազանց զայրացած էին քրոջ պատվազրկության լուրից (nebalah՝ խելագարություն, նաև՝ խայտառակ անարգանք, Բ Օրենք 22։21, Դատ. 20։10; առավելապես բիրտ վիրավորանք, Բ Թագ. 13։12, ընդհանրապես ծանրագույն, զզվելի հանցագործություն՝ ըստ աստվածաբանական հիմունքների, Հեսու 7։15), որում նրանք նկատեցին իրավունքների բարոյական և հասարակական կոպիտ խախտում. խախտում, որ չի ներվում ոչ մի պատճառաբանությամբ («դա չպետք է լիներ», հմմ. Բ Թագ. 13։12): Նրանց մեջ խոսում էր նաև «Իսրայելի» պատվի և մաքրության համար ունեցած արդար խանդը, քանի որ անթլպատ այլազգին «պղծեց» (timme, հ. 5) Աստծո ընտրյալ ազգի մաքուր արյունը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:
(Արարատ թարգ․) Եվ Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ:
(Գրաբար) Եւ ել Եմովր Սիւքեմայ առ Յակոբ խաւսել ընդ նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: