Ա. Լոպուխին
20-30․ Սրանք են Սեիրում բնակվող Սեիր Քոռացու որդիները՝ Ղովտանը, Սովբաղը, Սեբեգովնը, Անան, [20] Դեսոնը, Ասերը և Ռիսոնը: Սրանք Սեիր Քոռացու որդիների իշխաններն են Եդովմի երկրում: Ղովտանի որդիներն են Քոռին և Եմմանը, իսկ Ղովտանի քույրը Թամնան էր: Սովբաղի որդիներն են Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սովփարը և Օնանը: Սեբեգովնի որդիներն են Այիեն և Օնանը: Սա այն Օնանն է, որ անապատում աղբյուր գտավ, երբ արածեցնում էր իր հոր՝ Սեբեգովնի էշերին: Անայի որդին է Դեսոնը, իսկ դուստրը՝ Ողիբաման: Դեսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Հեթրանը և Քառանը: Ասերի որդիներն են Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը և Ուկամը: Ռիսոնի որդիներն են Ովսը և Առանը: Քոռեցիների իշխաններն են իշխան Ղովտանը, իշխան Սովբաղը, իշխան Սեբեգովնը, իշխան Անան, իշխան Դեսոնը, իշխան Ասերը և իշխան Ռիսոնը: Սրանք քոռեցի իշխաններն են Եդովմի երկրում: (Սինոդական թարգ․)
Թվարկվում են քոռեցիների (Եդովմում)՝ բնիկների ցեղերը (Ծննդ. 14:6, Բ Օր. 2։12), այսինքն՝ իրենց նախահոր՝ Սեիրի 7 որդիները և 19 թոռները: Ի դեպ, Եսավի նվաճած քոռեցիների ցեղից (Ծննդ. 36:24) էին Եսավի կին Ողիբաման՝ Անայի դուստրը, և Թամնան՝ Եղիփազի հարճը (Ծննդ. 36:22): Ողիբամանի հոր՝ Անայի մասին տեղեկանում ենք, որ նա իր հոր էշերն անապատում արածեցնելիս «անապատում յեմիմ (hajemim) գտավ»: Ի՞նչ էին իրականում այդ «յեմիմ»–ները. այդ մասին մեկնիչների կարծիքները խիստ տարբեր են: Յոթանասնիցի թարգմանիչների համար այս հատվածի իմաստը, հավանաբար, հստակ չէր. այս բառը թողել են առանց թարգմանության՝ «իամին» (սլավ.): Շատ րաբբիներ և ընդհանրապես հրեա մեկնիչներ, «hajemim» բառը նմանեցնելով հունարեն ἡμίονος (hemionos – ծանոթ. թրգմ.) բառին, եբրայերեն բառը թարգմանում էին որպես «ջորի» և պնդում, որ Անան առաջինն էր, որը սկսեց բազմացնել ձիու և էշի խառնուրդ՝ ջորիներ: Սակայն, ի հեճուկս այս վարկածի տարածվածությանը (այս կարծիքին էր նաև Լյութերը, որն այս վիճելի բառը թարգմանել էր որպես «Malpferde»), այն մերժելի է, որովհետև ո՛չ եբրայերենում (եբր. ջորի՝ pered), ո՛չ ազգակից սեմական լեզուներում չկա այնպիսի արմատ, որը նման լիներ «jemim» բառին և նշանակեր ջորի: Ընդ որում՝ Սեիրում այդ հին ժամանակներում ձիեր չկային, և 24–րդ համարում էլ խոսքը միայն էշեր արածեցնելու մասին է:
Ուրիշ մեկնիչներ էլ, հետևելով Անկելոսի Թարգումին («gigantes»), «jemim»–ը նույնացնում են «emim» բառի (Բ Օր. 2;10)՝ էմիմների՝ հսկաների հետ, որոնց իբրև թե Անան հանդիպել է անապատում և հաղթել: Սակայն բանասիրորեն և հենց իմաստային տեսանկյունից էլ այս կարծիքը հարմար չէ:
Մնում է ընդունել 3–րդ վարկածը, որի կողմնակիցն են երանելի Հերոնիմոսը, երանելի Թեոդորիտը, Սուրբ Գրքի որոշ թարգմանիչներ և նոր մեկնիչների մեծամասնությունը, ըստ որի՝ Անան անապատում տաք ջրեր է գտել (aquas calidas՝ Վուլգաթա, ռուսերեն սինոդալ թարգմանությունում՝ «տաք ջրեր», իսկ ըստ Մանդելշտամի թարգմանության՝ «վայրի աղավնիներ») 3: Երանելի Թեոդորիտը գրում է. «Ասորերեն թարգմանիչն ասում է, որ նա աղբյուր է գտել, որովհետև ասորերեն «աղբյուր» բառը թարգմանվում է աինա» (պատ. 94–րդ հարցին): Նույնը հաստատում են նաև երանելի Հերոնիմոսը՝ հիմք ընդունելով փյունիկերենը (պունիկերեն), և Միքայելիսը՝ հիմք ընդունելով արաբերենը: Այս կարծիքը ամրապնդում է նաև այն հանգամանքը, որ Քարաշատ Արաբիայում, Եդովմում և Մեռյալ ծովից հարավ–արևելք գտնվող տարածքներում շատ են հանդիպում տաք աղբյուրներ, որոնցից հնում հատկապես հայտնի էր Կալլիրոյե բուժիչ տաք աղբյուրը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Սէիրում բնակուող քոռեցի Սէիրի որդիներն են՝ Ղոտանը, Սեբաղը, Սեբեգոնը, Անան,
(Արարատ թարգ․) Եվ այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիներն էին Ղոտան, Սոբաղը, Սեբեգոնը, Անան,
(Գրաբար) Եւ այս են որդիք Սէիրայ Քոռացւոյ որ բնակեալ էր ի Սէիր. Ղովտան, Սեբաղ, Սեբեդոն, Անա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: