Սրբ. Եփրեմ Ասորի
Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին:
Եվ քանի որ ասում է. «Բացվեցին նրանց աչքերը», որովհետև մերկացան իրենց փառքի հանդերձից և մնացին մերկ, ամոթալից և խայտառակված, ինչպես ասվում է` քողարկված էին նրանց սրտերը և չգիտեին: Նույնպես և այստեղ մերկ էին և չգիտեին, որովհետև քողարկված էր նրանցից, քանի որ պատվիրանի պահպանության ներքո էին: Եվ երբ խախտեցին պատվիրանը նրանց վրայից վերցվեց փառքի հանդերձը, որը վարագույրի պես ծածկում էր նրանց, մտածեցին և հասկացան, թե որտեղից ընկան: Ահա տեսեք ձախողվածներին. ոչ թե աստվածներ են, ինչպես ասաց օձը, այլ մերկ են, ինչպես և երկիրն է փշաբեր ու փշալից է դրախտի վայելչության փոխարեն: Ուրախության ցնծության համար նրանց ասաց, թե՝ «Կբացվեն ձեր աչքերը», իսկ նրանց աչքերը բացվեցին անարգանքի ամոթի համար: Հրամանի վճռից առաջ ծառը ինքը նրանց մերկությամբ ցույց տվեց սուրը, որովհետև այն գիտությունը, որ նրանք ունեին այս էր՝ արու և էգ էին, բայց նախքան ծառից ուտելը միմյանցից չէին ամաչում: Բարու և չարի գիտության ծառն իր բնությամբ բարի կամ չար չէր, այլ պատվիրանը պահելը և մեղանչելն է, որ կոչվեց բարի կամ չար, որովհետև ոչ թե պտղի կերակուրն էր խիստ, այլ կերակրի հանդեպ ունեցած մտադրությունը... Արդ խախտելով պատվիրանը նա զրկվեց կյանքից և ոչ թե ծառը ապականվեց...
...Մարդը կկարողանար ուտել այդ ծառից, եթե համբերեր ժամանակի ալիքներին և անարգեր օձի խրատը: Ադամը պետք է հետևեր իր Տիրոջ պատվերին, եթե նույնիսկ օձը ճշմարիտ էր ասում: Այդ պատճառով Աստված փութալով և տագնապով հեռացնում է մարդուն օրհնված ծառից ... որպեսզի գա այս անիծված երկիր, որն իր փշերով կամաչեցնի հանցավորներին... Եթե մարդը պահեր պատվիրանը կատարյալ կլիներ բարու և չարի գիտությամբ, ապա կհասկանար, թե պատվիրանը պահելը բարի է, իսկ խախտելը՝ չար:
Երբ Ադամը տեսավ կենաց ծառը, ցանկացավ այն և ծածուկ տեսիլով մտածեց նրա գեղեցկության մասին, ինչպես գառներն են նկատում գավազանների գեղեցկությունը (տե՛ս Ծննդ. 30։37-40): Եվ կյանքի այս սկզբունքը գաղտնի կերպով տարածվեց նրա սերունդների վրա...
Այն կենաց ծառ է, որպեսզի խայտառակվելով հանդիմանվեն հերձվածող աղանդները, ովքեր ասում են, թե մարմնի բնությունը մահկանացու է և չի կարող ապրել...քանի որ Նա ստեղծեց նաև ծառը, որ կարող է փրկել նրան: Նախկինում, երբ դեռ Ադամը չէր մեղանչել, նրա մարմինն այնպիսին էր, որ մահն առանց մեղքի, այն քայքայել չէր կարող, ինչպես երկաթը, որ վարպետը չի կարող հալեցնել առանց կրակի: Երկաթը կարող է կրակի միջոցով ընդունել դարբինների չարչարանքը, ինչպես և մարմինը մեղքի պատճառով ընդունում է պատուհասների պատիժների չարչարանքները: Ինչպես օրինակ՝ Թամարի տեսքը մեղքից առաջ այլ էր, իսկ մեղքից հետո այլ: Հեմնոնը սիրեց նրան իր գեղեցկության համար, իսկ հետո ատեց նրան , երբ փոխվեց նրա գեղեցկությունը: Այնպես էլ ծառը. այլ էր նրա գեղեցկությունն ուտելուց առաջ և այլ էր ուտելուց հետո: Հեմնոնի նման պատվիրանը խախտելուց առաջ սիրեցին ծառը, իսկ հետո ատեցին նրան, ինչպես Հեմնոնը մեղքին ծառայելուց հետո:
Ա. Լոպուխին
Եվ երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերևներն իրար կարեցին եւ իրենց համար ծածկոց շինեցին։ (Սինոդական թարգ․)[7]
Եվ երկուսի աչքերն էլ բացվեցին... Այսպիսով՝ գայթակղիչի կանխատեսումն իրականություն դարձավ, բայց ուրախության և բավարարվածության զգացումի փոխարեն անկումը բերեց սարսափելի վիշտ ու անհանգստություն:
և նրանք հասկացան, որ մերկ են... Եթե նախկինում առաջին մարդկանց համար մերկությունը մանկական անմեղության ու մաքրության հոմանիշն էր (Ծննդ. 2։25), այժմ դրա տանջալի զգացումը վերածվեց, կոպիտ զգացողության և մեղքի հաղթության նշանի (Հռոմ. 6։12–14, 7։4-8, Կող․ 3։5): «Արտաքին աչքը,- ըստ Որոգինեսի խորիմաստ արտահայտության,- բացվեց այն բանից հետո, երբ փակվեց հոգևորը»:
Նրանք թզենու տերևներն իրար կարեցին եւ իրենց համար ծածկոց շինեցին... Աստվածաշնչի վկայության համաձայն՝ այսպիսին էր մարդկության առաջին զգեստը, որն ամբողջովին համապատասխանում է հին աշխարհի համաընդհանուր ավանդությանը և մարդկային մշակույթի պատմությանը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին:
(Արարատ թարգ․) Եվ բացվեցին նրանց երկուսի աչքերը ու իմացան, որ մերկ են: Եվ թզենու տերևներից իրենց համար ծածկոցներ պատրաստեցին:
(Գրաբար) Եւ բացան աչք երկոցունց, և գիտացին զի մե՛րկ էին. և կարեցին տերևս թզենւոյ, և արարին իւրեանց սփածանելիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: