Ծննդոց գրքի մեկնությունց 4:7

Ա. Լոպուխին

Եթե բարիք ես գործում, արդյոք չե՞ս բարձրացնում դեմքդ, իսկ եթե բարիք չես գործում, ապա դռների մոտ մեղքն է պառկած. այն քեզ կձգի դեպի իրեն, բայց դու իշխիր նրա վրա»։ (Սինոդական թարգ․)[7]

   

   Եթե բարին չես գործում … դռների մոտ մեղքն է պառկած … Այս հատվածը Աստվածաշնչի դժվար մեկնելի տեղերից մեկն է, գլխավորապես այն պատճառով, որ ռուսական և սլավոնական Սուրբ Գրքերում ընթերցվում է միանգամայն տարբեր կերպ: Վերջինս, առաջնորդվելով LXX (Յոթանասնից) թարգմանությամբ, այդ հատվածը ներկայացնում է այնպիսի տեսքով, որը հաղորդում է նրան միանգամայն նոր իմաստ՝ նման թարգմանության համար բնագրում չունենալով որևէ հիմք: Այս թյուրիմացությունը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ հույն թարգմանիչներն այստեղ բավականաչափ ճշգրիտ չեն հասկացել եբրայերեն հիմնական տերմինի՝ «նաշատ» բայի իմաստը, և թույլ տալով մեկ անճշտություն, որոշ չափով վերափոխել և հարմարեցրել են դրան մնացած ողջ պարբերությունը: Իսկ ռուսերեն տեքստը ավելի մոտ է բնագրին, որի միտքը գուցե առավել հստակ կարող է արտահայտվել հետևյալ նախադասության մեջ. քանի որ դեմքը հոգու հայելին է, ապա մռայլ տեսքն ու գլխահակ հայացքը մթին մտքերի և տրամադրության արտացոլաքն են: Երբ դու ճիշտ ես վարվում, և քո խիղճը մաքուր է, ապա հոգեպես թեթևացած և լավ ես զգում քեզ, ուրախությամբ ու խնդությամբ ես բարձրացնում դեմքդ: Իսկ երբ դու ինչ-որ մի վատ բան ես անում, ապա ճնշող հոգեկան ապրումները տանջում են քո սիրտը և ստիպում քեզ խոնարհել հայացքդ: Քանի որ այն արդեն պատահել է, իմացի՛ր, որ մեղքը սրտիդ դռների մոտ է, և դու անկմանը մոտ ես: Ուստի, քանի դեռ շատ ուշ չէ, հավաքի՛ր ողջ ուժերդ և ջանա՛ դիմագրավել մոտալուտ մեղսական գայթակղությանը: 

   այն քեզ կձգի դեպի իրեն, բայց դու իշխիր նրա վրա ... Վերջացնելով Կայենին խրատելը՝ Աստված կարծես թե նրան այսպես էր ասում. «Քեզ հրապուրում է չար հակումը, բայց դու զգո՛ն եղիր և ճնշի՛ր այն, թույլ մի՛ տուր, որ քո մեջ բույն դրած և գազանի տեսքով սրտիդ դռների առջև պառկած չարիքը, հասունանա ընդհուպ մինչև չարագործություն կատարելու վճռականություն»: Այսպիսով, աստվածաշնչյան այս ամբողջ բաժնում տրվել է մարդու հոգեբանության խորը վերլուծությունը և տարատեսակ մղումների դրամատիկ պայքարին զուգընթաց, նրա ներքին գաղտնածածուկ ձգտումների գեղարվեստորեն ճիշտ արտացոլումը, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է նաև մարդու արտաքին տեսքի վրա:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»:
(Արարատ թարգ․) Չէ՞ որ եթե բարիք գործես, գլուխդ բարձր կպահես, բայց եթե բարիք չգործես, մեղքը պառկած է դռանդ մոտ և քեզ է ցանկանում, բայց դու իշխի՛ր նրա վրա:
(Գրաբար) Ո՛չ ապաքէն եթէ ուղի՛ղ մատուցանես, և ուղիղ ո՛չ բաժանես՝ մեղա՛ր. լո՛ւռ լեր, առ քե՛զ լիցի դա՛րձ նորա, և դո՛ւ տիրեսցես նմա։