Ա. Լոպուխին
5-6․ Շմավոնն ու Ղևին եղբայրներ են, իրենց սրերը բռնության գործիքներ են: [5] Իմ հոգին նրանց խորհուրդների մեջ թող չմտնի, իմ փառքը նրանց ժողովի հետ թող չմիանա, քանզի բարկությամբ լցված մարդ սպանեցին և իրենց քմահաճույքի համար ցուլի ջիղ կտրեցին: (Սինոդական թարգ․)
Հաշվի առնելով Շմավոնի ու Ղևիի բարոյական կերպարների և գործելակերպի նմանությունը՝ նրանց միօրինակ ակտիվ մասնակցությունը ինչպես սյուքեմյան արյունահեղության (Ծննդ. 34։25-27), այնպես էլ (ավանդության համաձայն) Հովսեփին վաճառելու գործում (Ծննդ. 37։27-28) Հակոբը դիտավորյալ է նրանց եղբայրներ անվանում և նրանց համար ընդհանուր ու նույնական անբարենպաստ ապագա կանխատեսում: Կամայականորեն ու անհիմն կերպով Բոլենն ու այլք այստեղ դատավորաց շրջանում երկու ցեղերի պատմական դաժանության մարմնացումն են տեսնում. պատմությանը սակայն այդպիսի փաստեր հայտնի չեն: Նման որակումը, ավելի շուտ, հարմար կլիներ Բենիամինի ցեղին (Դատ. 20, 21), բայց Բենիամինի մասին (Ծննդ․ 49:27) այլ կանխասացություն է տրվում: Այստեղից, ինչպես նաև Ղևիի ցեղի պատմական ճակատագրից (Ծննդ․ 49:7 ) երևում է, թե ինչ անհաջող է որոշ նոր աստվածաշնչագետների կողմից Հակոբի բոլոր մարգարեությունները որպես «vaticinium ex eventu» դիտարկելու փորձը, որով Իսրայելի ցեղերի պատմական ճակատագրերը արհեստականորեն կապվում են իրենց նահապետների հետ, և որով մարգարեության խմբագրումը հասցվում է Դավթի և Սողոմոնի ժամանակները:
Ռուսերեն Աստվածաշնչում եբրայերեն «mecherotheihem» բառը թարգմանված է «նրանց սրերը»: «Mecherah» բառը, որի իմաստն անհայտ է, թարգմանություններում բավական տարբեր ձևերով է փոխանցվում: Ընդունված ռուսերեն ընթեցումը առավել հավանական տարբերակներից մեկն է. այստեղ եբրայերեն բառը մոտենում է հունարեն «μάχαιρα» բառին: Ծննդ․ 49:6 համարը Շմավոնի ու Ղևիի արյունարբու դաժանության մասին խոսում է նույնքան գարշանքով, որքան Ռուբենի այրունապղծության մասին (Ծննդ․ 49:4)։ Հակոբի հոգին, որը հետագայում, ինչպես Սաղմոս. 7։6−ում և այլ տեղերում, անվանվում է «փառք», որևէ կապ չուներ Շմավոնի ու Ղևիի արյունարբու գործողությունների հետ, որոնք Սյուքեմի դատաստանի ժամանակ ոչ միայն կոտորեցին քաղաքի տղամարդկանց, այլև (ջլակոտոր անելով) բնաջնջեցին կամ այլանդակեցին սյուքեմի բնակիչների հոտերը (Բ Թագ. 8։4, Հեսու. 11։6, 9. Վուլգաթայում ընթերցված է փոխաբերական՝ «suffoderunt murum» իմաստով):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին անիրաւութիւն գործեցին կամովին:
(Արարատ թարգ․) Շմավոն ու Ղևի եղբայրներ, Անիրավության գործիքներ են նրանց սրերը:
(Գրաբար) Շմաւոն եւ Ղեւի եղբարք. կատարեցին զանիրաւութիւն ի կամաց իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: