Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ երբ աղոթք եք անում, ավելորդ խոսքեր մի՛ ասեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն»։
Քրիստոս առաջարկում է նաև աղոթքի բուն խոսքերը: «Երբ աղոթք եք անում, - ասում է Նա, - ավելորդ խոսքեր մի՛ ասեք հեթանոսների պես»: Երբ Քրիստոս խոսում էր ողորմության մասին, Նա միայն վերացնում էր հպարտությունից (փառասիրությունից) բխող վնասը և այլ բան չէր առաջարկում: Հիսուս, օրինակ, չասաց, որ ողորմություն պետք է տալ արդար աշխատանքից, այլ ոչ թե գողացված կամ ագահությամբ յուրացված միջոցներից, քանի որ դա բոլորին քաջ հայտնի էր, և ավելի վաղ էլ Փրկիչն արդեն իսկ ակնարկել էր այդ մասին՝ մասնավոր երանության արժանացնելով արդարության ծարավն ունեցողներին:
Իսկ ահա աղոթքի մասին խոսելիս Քրիստոս ավելացնում է նաև, որ պետք չէ ավելորդ խոսքեր ասել: Եվ ինչպես այնտեղ Նա ծաղրում է կեղծավորներին, այդպես էլ այստեղ ծաղրում է հեթանոսներին, որպեսզի հիշյալ ստորաքարշ մարդկանց օրինակով խրատի Իր ունկնդիրներին: Քանի որ մերժելի համարվող մարդկանց հետ համեմատությունը հատկապես տխրեցնում և վիրավորում է մարդուն, ուստի Փրկիչն այդ եղանակով զգուշացնում է Իր ունկնդիրներին աղոթքի ժամանակ հեռու մնալ սնապարծությունից և շատախոսությունից: Իսկ շատախոսություն ասելով էլ` այստեղ հասկանում ենք դատարկախոսությունը, ինչպես օրինակ՝ երբ մենք Աստծուց խնդրում ենք ինչ-որ անվայել բաներ, ինչպիսիք են իշխանությունը, փառքը, թշնամիների նկատմամբ հաղթանակը, մեծ հարստությունը, մի խոսքով՝ մեզ համար բոլորովին անօգուտ բաներ. «…որովհետև ձեր Հայրը գիտի, - ասում է, - թե դուք ինչի կարիք ունեք» (Մատթ. 6:8):
Բացի այդ, այստեղ, ինչպես ինձ է թվում, Փրկիչն արգելում է երկարահունչ աղոթքները, սակայն, երկար ոչ թե ժամանակի, այլ խոսքերի բազմության և կրկնողության առումով, քանի որ համբերությամբ պետք է սպասել այն ամենին, ինչ խնդրում ենք. «Աղոթքի մեջ հաստատո´ւն եղեք», - ասում է առաքյալը (հմմտ. Հռոմ. 12:12): Ընդ որում, Փրկիչն Ինքն էլ, այրի կնոջ մասին առակով, ա´յն այրու, որն անողոք և դաժան դատավորին համոզեց իր խնդրանքի համառությամբ, և ա´յն ընկերոջ մասին առակով, որը կեսգիշերին եկավ և անկողնուց վեր կացրեց քնածին` ոչ թե բարեկամությունից դրդված, այլ դիմացինի համառ խնդրանքի շնորհիվ, այլ բան չհանձնարարեց, քան այն, որ բոլորը պետք է անդադար աղոթեն Իրեն: Այդուամենայնիվ, Քրիստոս հրամայում է բազմաթիվ տողերից կազմված աղոթքներ չուղարկել Իրեն, այլ պարզապես Իր առջև բացել մեր խնդրանքները: Սրա մասին իսկ էր Նա ակնարկում Իր հետևյալ խոսքերով. «Քանի որ նրանք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն… ձեր Հայրը գիտի, թե դուք ինչի կարիք ունեք» (Մատթ. 6:7 հմմտ. Մատթ. 6:8):
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն:
Եվ երբ աղոթում եք, շատախոս մի՛ եղեք հեթանոսների պես, ովքեր համարում են, թե իրենց շատխոսքերի պատճառով լսելի կլինեն:
Այս խոսքը քննության կարիք ունի: Ինչո՞ւ չասաց՝ «երբ նվիրում եք», այլ թե՝ «երբ աղոթում եք»: Պետք է գիտենալ, որ այս անունները տարբերվում են. «նվեր» ենք ասում բարեպաշտական որևէ ընծայի խոստումը՝ նախքան պաղատանքի դիմելը, իսկ «աղոթք»՝ բարիքներ հայցելը: Նվեր տալուց հետո ենք համարձակություն ունենում, ինչպես որ մեկը, իշխանին մոտենալով, նախ իր աղերսն է նվիրում, որով համարձակ դառնալուց հետո խնդրանքն է մատուցում: Ուրեմն՝ իմացանք, թե ինչ է նվերը, ինչ՝ աղոթքը, և որ նախ նվերն է և ապա՝ աղոթքը, ինչպես որ նախ սերմն է և ապա՝ հունձը: Իսկ [Քրիստոսի] աշակերտներն այդ նվերը կանխավ մատուցել էին արդեն, այսինքն՝ մտքի մաքրությունն ու մարմնի սրբությունը՝ ըստ առաքյալի. «Ես այսուհետև նվիրված եմ» (Բ Տիմ. 4:6), և թե՝ «Նվիրվում եմ ձեր ծառայության [և] զոհաբերության համար» (Փիլպ. 2:17): Ուստի [Տերը] չասաց. «[Երբ] նվիրում եք», այլ՝ «Երբ աղոթում եք»: Եվ ժամանակ չի սահմանում, քանի որ մարդու ամբողջ կյանքն աղոթքի ժամանակ է՝ ըստ առաքյալի. «Անդադա՛ր աղոթեք» (Ա Թես. 5:17), և՝ «Հաճա՛խ աղոթեք» (Հռոմ. 12:12):
Իսկ աղոթելիս, ասում է, շատախոս մի՛ եղեք, ինչպես [հեթանոսները]: Այս շատախոսությունը երկու կերպ ենք հասկանում: Մեկն այն է, որ աղոթքի ժամանակ հոռի և ցոփ մտքով դատարկ բաների համար են պաղատանքը վատնում՝ հարստություն խնդրելով կամ փառք, կամ թշնամիների հանդեպ հաղթանակ՝ անմիտ երեխաների նման, ովքեր ոչ թե ըստ իրենց կարողության, այլ ըստ ազատ մտքի իշխանության են ցանկանալով մտածում գանձերի կամ թագավորությունների, կամ իրենց անունով կառուցված քաղաքների մասին, կամ որ ավելի վատ է՝ երիտասարդ տարիքում մնալ և չծերանալ, կամ լեռները ձեռքով շարժել, կամ աստղերի նման փայլել, կամ երկինքը ճանապարհ դարձնել, որն անհնար է: Ուրեմն՝ երեխաներից նրանք, որ այսպիսի բաներ են խնդրում, սա շատախոսություն ու անիմաստ բան ենք համարում, որովհետև գործի ժամանակը թողած՝ անօգուտ դատարկաբանում են: Այսպես ով աղոթելիս հիվանդ մտքի շարժումների մեջ է ցնորվում, իսկապես խելագար է և շատախոս, քանի որ չգիտի՝ ինչ է խնդրում: Ինչպես որ մեկը ծայրահեղ աղքատության ու անօթևանության պատճառով խեցեղեն ամանն ավելի պատվական է համարում և ապա մոտենալով թագավորին, ով կարող է բազմաթիվ թանկարժեք բաներ նվիրել, դրանք թողնելով՝ կավե աման է նրանից խնդրում, [թագավորի կողմից] անարգվում է, այդպես էլ ով անմտորեն իրեն չի հանում դեպի Աստծո բարձրությունը և ըստ Նրա մեծապարգև բնության՝ արժանավոր խնդրանքներ չի մատուցում, այլ [խնդրում է] մարմնական բաներ, որոնք խեցեղենի պես դյուրավ փչանում են, [Տերը խնդրանքը] չի շնորհում, այլև անարգում է և անմիտ խնդրանքի պատճառով «շատախոս» անվանում: Մի շատախոսությունը սա է՝ կարծում եմ:
Երկրորդը, կարծում եմ, շատ խոսքերն են, [որոնցից Տերը] հրաժարվել է թելադրում, երբ աղոթքի բազմաթիվ տներ հերթով անգիր արած՝ անմտաբար լցնում են [Նրա] առաջ: Բայց ժամանակի՛ երկարության մասին չեմ խոսում, այլ բառերի՛ առատության: Իսկ [աղոթքի] ժամանակը երկարեցնել պե՛տք է. որովհետև եթե այրին պաղատանքով ու թախանձանքով համոզեց անիրավ դատավորին (Ղուկ. 18: 2-5), և համառ թախանձանքը մահճում քնած բարեկամին ուշ գիշերն արթնացրեց (Ղուկ. 11:5-8), որքա՛ն ավելի երկնավոր Հորը դեպի բարետրություն կշարժի [խնդրանքը] երկար մատուցելը: Բայց խոսքը չափավոր պիտի լինի և պատշաճ է խնդրանքը խոհեմությամբ կազմել և ոչ թե խոսքերի շատությամբ Աստծո ականջը հոգնեցնել՝ ըստ այսմ. «Ի՞նչ շահ ունեք շատ [խնդրելուց] և Իմ չլսելուց» (հմմտ. Ես. 58:4), և թե՝ «Իմ գավիթները շատ մի՛ կոխոտեք» (հմմտ. Ես. 1:12): Եվ որ շատախոսությունը երկու տեսակ է, [Տերը] հաջորդ [բառերով] է ցույց տալիս:
«Շատախոս մի՛ եղեք հեթանոսների պես, ովքեր համարում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն»: Այս բառերի հավելմամբ հասկացրեց նրանց հիմարությունը: Ասում է՝ «հեթանոսների պես», որովհետև ապականացու բաների մասին հոգալը հատուկ է նրանց, ովքեր չունեն հանդերձյալ կյանքի հույսը կամ դատաստանի երկյուղը, գեհենի սպառնալիքը կամ [հանդերձյալ] բարիքների հանդեպ հավատը՝ ըստ առաքյալի. «...ինչպես ուրիշները, ովքեր հույս չունեն» (Ա Թես. 4:12), ովքեր աստված են համարում որկորի և որովայնի հաճույքները, [որոնցով են ցանկանում] լավ վիճակի հասնել: Նրանցն է, ասում է, այդպիսի բաներ խնդրելը, ուստի աղոթքը երկար խոսքերով պարարտացնելով՝ կարծում են, թե Աստված կլսի և իրենց անտեղի ցանկության [իրականացմանը] կգործակցի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: