Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

1-4. «Մի՛ դատեք, որ չդատվեք»: «Որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի»։ «Եվ դու ինչո՞ւ ես նայում եղբորդ աչքի միջի շյուղին, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում»։ «Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում. «Թող ես շյուղն աչքիդ միջից հանեմ», երբ ահա քո աչքի մեջ գերան կա»։
   
    Ի՞նչ է, մի՞թե չպետք է մեղադրել մեղանչողներին: Այո´, և Պողոսն էլ է նույնն ասում, կամ՝ ավելի ճիշտ՝ Քրիստոս` Պողոսի միջոցով. «Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը, կամ ինչպե՞ս ես արհամարհում քո եղբորը…Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային» (Հռոմ. 14:10, 4): Եվ դարձյալ. «Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը» (Ա Կորնթ. 4:5): Այդ ինչպե՞ս է, ուրեմն, այդ նույն առաքյալը մեկ այլ տեղում ասում` «հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր» (Բ Տիմ. 4:2): Եվ նաև. «Մեղանչողներին հանդիմանի´ր բոլորի առաջ» (Ա Տիմ. 5:20): Նույն կերպ, Քրիստոս ևս Պետրոսին ասում է. «Գնա´ և հանդիմանի´ր նրան, երբ դու և նա մենակ եք: Իսկ եթե նա չլսի, վերցրու քեզ հետ մեկ ուրիշին, եթե այդ դեպքում էլ չզիջի, ասա եկեղեցուն» (հմմտ. Մատթ. 18:15–17):

    Ուրեմն Քրիստոս ինչո՞ւ է «թույլատրում» այսքան հանդիմանողների, և ոչ միայն հանդիմանողների, այլ նաև պատժողների´ գործունեությունը` այնպես, որ նա, ով չի հնազանդվի վերջիններին, մինչև իսկ կարող է համարվել հեթանոս կամ մաքսավոր: Ի՞նչ նպատակով է Քրիստոս նրանց (խոսքն առաքյալների մասին է) վստահում մեղքերն արձակելու «բանալիները»: Եթե, ի վերջո, նրանք դատելու գործառույթը չեն կատարելու, ապա ոչ մի կարևոր դեր չեն ունենա և, հետևաբար, իզուր են ստացել կապելու և արձակելու իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, եթե ամեն բան այդպես լիներ (առանց դատաստանի ենթակա լինելու), ապա ամեն ինչ խառնաշփոթի կմատնվեր՝ և´ եկեղեցում, և´ քաղաքացիական հասարակություններում, և´ ընտանիքներում: Եթե տերը չդատի իր ծառային, տիրուհին՝ իր աղախնուն, հայրը՝ իր որդուն, և ընկերը՝ իր ընկերոջը, ապա չարիքը կտարածվի ավելի ու ավելի մեծ թափով: Եվ այս ի՞նչ եմ ասում՝ «ընկերն` ընկերոջը»: Նույնիսկ եթե մենք չդատենք մեր թշնամիներին, երբեք չենք կարողանա վերացնել թշնամությունը, այլ ամեն ինչ կատարյալ խառնաշփոթի կվերածվի: Ի՞նչ է նշանակում հիշյալ խոսքը: Եկե´ք այժմ ավելի ուշադիր դիտարկենք, որպեսզի փրկության բժշկությունն ու խաղաղության օրենքները որևէ մեկը չհամարի խորտակման և խռովության օրենքներ: Փրկիչն առողջ միտք ունեցող մարդկանց համար արդեն իսկ լավագույնս բացատրել է տվյալ օրենքի զորությունը` Իր հետևյալ խոսքերով հաստատագրելով. «Եվ դու ինչո՞ւ ես նայում եղբորդ աչքի միջի շյուղին, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում»: Իսկ եթե շատերի համար, ովքեր այդքան խելամիտ չեն, Քրիստոսի այս խոսքը դեռևս բավականաչափ պարզ չի թվում, ես նորից կփորձեմ բացատրել այն: Այստեղ, ինչպես ինձ է թվում, Փրկիչը չի արգելում բոլոր մեղքերը դատելը և ոչ բոլորին է, առանց բացառության, արգելում դա անել, այլ միայն նրա´նց, ովքեր, իրենք անթիվ մեղքերով լեցուն լինելով, մեղադրում են ուրիշներին մանր-մունր տարատեսակ արարքների համար: Ինձ թվում է նաև, որ Քրիստոս այստեղ ակնարկում է հրեաներին, որոնք, մանր ու աննշան արարքների համար իրենց մերձավորների չարամիտ մեղադրողները լինելով, իրենք իսկ անամոթաբար գործում էին առավել մեծ մեղքեր: Դրա համար էլ Տերն Ինքը հանդիմանում էր նրանց և վերջում (խոսքն Իր փրկչական ծառայության վերջնահատվածի մասին է) ասում էր. «Ծանր բեռներ եք կապում… և ինքներդ մատով անգամ չեք կամենում շարժել դրանք»: Եվ նաև. «Տալիս եք անանուխի և սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքի ամենից կարևորները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատը» (Մատթ. 23:4, 23):

    Այսպիսով, կարելի է խորհել, որ Քրիստոս ակնարկում էր նաև նրանց (հրեաներին)՝ ցանկանալով նախապես իսկ հանդիմանել այն բանում, ինչում նրանք հետագայում մեղադրելու էին Փրկչի աշակերտներին: Թեև վերջիններս նման հարցում չէին մեղանչել, բայց հրեաներին մեղք էր թվում, օրինակ, որ աշակերտները չէին պահում շաբաթը, ուտում էին առանց ձեռքերը լվանալու և շփվում էին մաքսավորների հետ, ինչի մասին Փրկիչը մեկ այլ տեղում ասում է. «Մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս» (Մատթ. 23:24):

    Այսուամենայնիվ, Քրիստոս այստեղ նաև ընդհանուր օրենք է սահմանում՝ չդատելու մասին: Պողոսը նույնպես կորնթացիներին ուղղված նամակում արգելում է ոչ թե ընդհանրապես դատելը, այլ միայն դատել վերին պաշտոնյաներին՝ խնդրո առարկա հարցի անհայտության պայմաններում: Նույն կերպ, առաքյալն առհասարակ չի արգելում ուղղել մեղանչողներին: Նա հանդիմանում էր ոչ թե բոլորին` առանց խտրության, այլ, առաջին հերթին, ա´յն աշակերտներին, որոնք այդպես էին վարվում իրենց ուսուցիչների նկատմամբ, և երկրորդ՝ ա´յն մարդկանց, որոնք, իրենք անթիվ մեղքերի մեջ մխրճված լինելով, զրպարտում էին անմեղներին: Այստեղ նույնն է սահմանում նաև Ինքը` Քրիստոս, և ոչ միայն սահմանում է, այլև մեծ վախ է ներշնչում ու սպառնում է անխուսափելի պատժով. «Որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք»: Դու դատում ես, - ասում է Նա, - ոչ թե մերձավորիդ, այլ ինքդ քեզ, և ինքդ քեզ ես ենթարկում սարսափելի դատաստանի ու խիստ հաշվեհարդարի: Ուստի, ինչպես մեղքերի թողության հարցում առաջին քայլը մեզնից է կախված, այնպես էլ այս դատաստանում մենք ինքներս ենք սահմանում մեր դատապարտման որոշակի չափը: Այսպիսով, պետք է ո´չ թե մեղադրել, ո´չ թե հաշվեհարդար տեսնել, այլ խրատել, ո´չ թե պախարակել, այլ խորհուրդ տալ, ո´չ թե հպարտությամբ հարձակվել, այլ սիրով ուղղել, քանի որ ո´չ թե մերձավորիդ, այլ ինքդ քե´զ ես մատնում ամենախիստ պատժի, երբ չես խնայում նրան՝ նրա մեղքերի վերաբերյալ քո դատավճիռը հռչակելով:

    Տեսնո՞ւմ ես, թե այս երկու պատվիրանները, դյուրապես իրագործելի լինելով հանդերձ, ինչպես են նաև մեծամեծ օգուտներ բերում հնազանդներին, և ընդհակառակը, մեծ վնաս՝ անհնազանդներին: Նա, ով իր մերձավորին ներում է նրա մեղքերը, ազատում է մեղադրանքից ոչ այնքան նրան, որքան ինքն իրեն, և դա անում է առանց որևէ ջանք գործադրելու: Եվ նա, ով ողորմածությամբ ու հանդուրժողությամբ է քննում ուրիշների հանցանքները, իր այդպիսի դատաստանով ինքն իր համար մեծ գրավ է դնում` սեփական մեղքերի թողությանն արժանանալու համար: Իսկ ի՞նչ անեմ այն պարագայում, - կհարցնես դու, - երբ մեկը շնություն է գործում. մի՞թե ես չպետք է ասեմ, որ շնությունը չարիք է, և մի՞թե չպետք է ուղղեմ անառակին: Ուղղի´ր, բայց ոչ որպես թշնամի, ո´չ որպես հակառակորդ՝ պատժի ենթարկելով նրան, այլ որպես բժիշկ՝ դեղամիջոց կիրառելով: Փրկիչը չի ասել՝ մի՛ կանգնեցրու մեղանչողին, այլ՝ մի՛ դատիր, այսինքն՝ մի՛ եղիր դաժան դատավոր: Ընդ որում, սա ասված է ոչ թե կարևոր և ակնհայտորեն արգելված մեղքերի մասին, ինչպես ես իսկ արդեն նշեցի, այլ այնպիսի արարքների վերաբերությամբ, որոնք նույնիսկ մեղքեր էլ չեն համարվում: Ահա թե ինչու Հիսուս ասաց «Ինչո՞ւ ես նայում եղբորդ աչքի միջի շյուղին»: Շատերն այսօր էլ այդպես են վարվում. տեսնելով, որ վանականը մեկ հագուստ «ավել» ունի, սովորաբար նրա առջև ի ցույց են դնում Տիրոջ օրենքը, թեև իրենք անընդհատ զբաղված են միայն գողությամբ և ավարառությամբ: Կամ էլ թե տեսնելով, որ վանականն առատ սնունդ է օգտագործում, դառնում են անողոք մեղադրողներ, թեև իրենք ամեն օր խմում և հարբում են՝ չիմանալով, որ մեղադրելով ուրիշին, իրենց մեղքերից զատ իրենք իրենց համար ավելի մեծ կրակ են պատրաստում և զրկում են իրենց ամեն տեսակի արդարացումից: Ի վերջո, քո արարքների համար էլ պետք է խիստ հաշվետվություն պահանջվի, քանի որ դու ինքդ ես առաջինն այդպիսի օրենք սահմանել՝ խստորեն դատելով մերձավորիդ արարքները: Այսպիսով, ծանր մի՛ համարիր այն չափը, ըստ որի` դու էլ պետք է ենթարկվես նույնանման դատաստանի:

    Այսպիսով, Փրկչի սահմանած պատվիրանն այս իմաստն ունի. նա, ով ինքը բազում արատների տակ է, չպետք է խիստ դատավոր լինի ուրիշների փոքր սխալների համար` հատկապես եթե դրանք աննշան զանցանքներ են: Հետևաբար, Քրիստոս չի արգելում հանդիմանել կամ ուղղել մյուսներին, այլ արգելում է անտեսել սեփական մեղքերն ու հարձակվել ուրիշների վրա: Եվ սա ա´յն պատճառով, որ ուրիշների դատապարտումը (ըստ մեղավորների հաստատած անարդար չափի) մեծապես կնպաստեր չարիքի աճին՝ խորացնելով ամենքի արատավորությունը: Իսկապես որ, նա, ով սովոր է անտեսել իր մեծ հանցանքները և խստորեն դատել ուրիշների փոքր ու աննշան սխալները, կրկնակի վնաս է կրում, նախ, որովհետև անտեսում է իր մեղքերը, և երկրորդ, քանի որ բոլորի նկատմամբ թշնամություն ու ատելություն է տածում, և ամեն օր միտվում է ծայրահեղ դաժանության ու անողոքության:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

1-2. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար:
   
    Մի՛ դատեք, որ չդատվեք: Որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք:
    Այս խոսքը հինգ կերպ ենք հասկանում: Նախ՝ ոչ թե դատելն է արգելում Նա, Ով դատավորներ կարգեց Հին և Նոր [ուխտերում], այլ ուղի՛ղ դատաստան է պահանջում՝ ըստ այսմ. «Աչքի տեսածո՛վ մի դատեք», այլ՝ «Արդա՛ր դատաստանով դատեք» (հմմտ. Հովհ. 7։24): [Նախ]՝ այս խոսքն ուղղված է իշխաններին թե՝ «Ձեր անձերի համար վրեժ մի՛ լուծեք» (Հռոմ. 12։19) և օտարի [խնդիրը] մի՛ արհամարհեք, որպեսզի դուք ևս նույնին չմատնվեք. այլ աղքատների համար վրեժխնդիր եղեք այնպես, ինչպես ձեր անձերի՝ ըստ Աստծո օրենքի ուղիղ և արդարությամբ քննելով: Երկրորդ՝ [միմյանց] հավասար [մարդկանց] է ասվում, թե մի՛ դատեք միմյանց՝ ըստ առաքյալի. «Դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում» (Հռոմ. 14։10), որովհետև դա անելով՝ Աստծո և իշխանների իրավունքը ջանում ես յուրացնել, ինչ պատճառով դու ևս դատվում ես ըստ քո անիրավության և անարդար դատելուդ չափի. որովհետև հնազանդությանդ չափը թողած՝ հպարտ կամքով հանդգնեցիր շատ բարձրանալ, ինչի դեմ զգուշացնում է Պողոսը. «Մի՛ հպարտացիր, որպեսզի սատանայի դատապարտության տակ չընկնես» (հմմտ. Ա Տիմ. 3։6): Երրորդ՝ հրամայվում է չդատել իրողության անհայտության պատճառով. քանի որ մեր կարծիքները կասկածալից են, պետք չէ երկբայությամբ չարիք հասցնել ուրիշներին, որոնց ժամանակից շուտ չդատել է խրատում Տերը, մինչև գա Ինքը, որ լույս է սփռում խավարի գաղտնիքների վրա, և հայտնի սրտի խորհուրդները, որովհետև միայն Աստծուն է հատուկ առանց կասկածի դատել՝ ըստ մարգարեի  (Սաղմ. 9։9, Դան. 3։27-31), իսկ դու՝ արարված բնությունդ, փաստերով պիտի քննես և ճշգրտությամբ հասու լինես [իրողությանը], որպեսզի որևէ մեկին անհարկի դատելով՝ դու ևս չընկնես նմանատիպ չարիքների մեջ: Չորրորդ՝ դատողներին հրամայում է մեղքից մաքուր լինել և իմաստությամբ լի, որովհետև այս երկուսը հույժ պիտանի են դատավորին. չլինի թե ինքն էլ ընկնի այն [մեղքի] մեջ, որում մեղադրեց մեկին՝ ըստ այսմ. «Երանի՜ նրան, ով ինքն իրեն չի դատում այն բանում, որով ընկերոջն Է փորձում» (Հռոմ. 14։22), որպեսզի կարողանա համարձակությամբ դատել՝ ազատ լինելով հանցանքներից, ինչպես ցույց է տալիս [ավետարանական] հաջորդ [խոսքը]: Այլապես ինչ որ ասում է, նույնն էլ կլսի, և ինչ որ անում է, նույնն էլ կկրի՝ կա՛մ մարդկանցից, կա՛մ Աստծո նախախնամությունից: Եվ հինգերորդ՝ հրամայում է ճշգրտորեն չքննել ընկերների հանցանքները, որովհետև ո՞վ է մաքուր մեղքի աղտից. քանզի թեպետ գրված է, որ Աստված դատավոր է  (Բ Տիմ. 4։8, Սաղմ. 9։8-9), սակայն նաև իբրև ողորմած է վկայվում, և թեպետ «առյուծ» Է կոչվում, բայց նախ «գառ» անվանվում (Հայտ. 5։5-6, Հովհ. 1:29), ուստի նաև մեզ Է հորդորում Իր նման [լինել]՝ ըստ այսմ. «Եղջյուրդ յուղո՛վ լցրու» (Ա Թագ. 16։1), այսինքն՝ հարվածող իշխանությանդ նաև ողորմության յուղ խառնիր, որպեսզի միայն պատառող չլինես, այլև սփոփող՝ ըստ առաքյալի. «Սաստի՛ր, մխիթարի՛ր» (Բ Տիմ. 4։2), և՝ «Այնպիսինին սատակեցրե՛ք մարմնի սատակմամբ» (հմմտ. Ա Կոր. 5։5), և ավելացնում է [առաքլը]. «Սե՛ր ցուցաբերեք նրա հանդեպ» (հմմտ. Բ Կոր. 2։8):

    Ուրեմն՝ այսպես վարվելով՝ արդար դատավոր կլինես, իսկ եթե ոչ՝ անիրավ դատավորին կնմանվես՝ Աստծուց չերկնչելով ու մարդկանցից չամաչելով և անիրավությամբ դատելով կամ մինչև մանրուքները զննելով: Իմացի՛ր, ասում է, որ դու էլ նույնպիսի դատաստանի կհանդիպես, որովհետև քեզնից սկսվեց անվրեպ պատժելը և հենց դո՛ւ սովորեցրիր այդպես դատել: Ինձ թվում է՝ այսպիսին էին հրեաները, որ իրենք մեծ չարիքներով ներկված՝ ճշգրտությամբ քննում էին ուրիշներինը՝ ըստ այսմ. «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում» (Մատթ. 23։25։6), և թե՝ «Թողել եք Օրենքի ծանր [պատվերները], ողորմությունն ու դատաստանը» և «մժղուկը քամում եք, իսկ ուղտը կուլ տալիս» (հմմտ. Մատթ. 25։23-24): Ուստիև արդար Դատավորի կողմից չափվեց նրանց համար այս կյանքում և [կչափվի] հանդերձյալում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

1-2․ Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար:
   
    «Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար»:

    Ոչ ամեն ոք, ով դատում է, պիտի դատվի, քանի որ դատում էին և՛ Մովսեսը և՛ մյուս օրենսդիրները, նաև թագավորները՝ ըստ Աստծու հրամանի և այս [դատաստանի] համար նրանք չեն դատվելու: Նաև Ինքն իսկ Քրիստոս պիտի դատի բոլոր արարծներին: Իսկ երանելի Պողոսն ասում է. «Չգիտե՞ք, թե մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թե՝ երկնավորներին» (Ա Կորնթ. 6։13): Ապա ուրեմն դատելու համար չէ, որ դատելու է, այլ պետք է իմանալ [այսպես]՝ մի՛ դատեք զուր տեղը, կամ էլ այնպես, ինչպես իսկ ավելացնում է. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում» (Մատթ. 7։3):

    Այսինքն՝ եթե քո եղբոր հոգու թեթևագույն հանցանքները տեսնում ես, նրան նախատում ես և [հետը] թշնամանում, և գիտես, որ քո հոգու մեջ ավելի մեծ հանցանքներ ունես. արդ, նախ պարտ է քեզ նախատվել քո մեծագույն հանցանքների համար և ինքդ քեզ դատապարտել, ապա նոր հանդիմանել ու դատել քո եղբորը փոքրագույն հանցանքների համար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-27․ «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար: Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան: Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»: «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»: «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ անապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»: «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն: Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ:  Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»: «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած: Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»:
   
    Ինչպես վերը նշեցինք (Մատթ․ 6։19-34 ), Լեռան Քարոզի այս վերջին մասը պարունակում է ուրիշի հետ հարաբերությունների մեջ մտնելու կատարելության պայմանները կամ ուրիշ բառով՝ ընկերական առաքինությունները, սակայն, որովհետև սա ամփոփումն է, պետք չէ շատ պնդել, եթե ինչ-ինչ մասնավոր ակնարկներ էլ հանդիպեն, որոնք բնավ ընկերական հարաբերությունների շրջանակին չեն պատկանում։ Այս մասի մեջ հատված հատված տարբեր նյութերի պիտի հանդիպենք, որ խորին նկատողությամբ ներքին նմանություն ունեն իրար հետ, թեպետ առաջին հայացքից իրարից հեռու են երևում։

   Առաջին կետը հանդուգն և անխորհուրդ կերպով ընկերոջ գործերը դատափետողների համար է։ «Մարդիկ կան, - ասում է Հիսուս,- որ ընկերոջ աչքի մեջ շյուղ տեսնելով, անմիջապես նրա երեսովն են տալիս՝ առանց մտածելու, որ իրենք իրենց գործերի մեջ մեծ ու մեծ թերություններ են գործում, կամ այլաբանական լեզվով, առանց նկատելու՝ որ իրենք իրենց աչքի մեջ ոչ թե շյուղ, այլ գերան ունեն»։ Այստեղ էլ աչքի մեջ գերան ունենալ, տառական առմամբ անհնարին բացատրություն է, այլ կարծում եմ թե այլևս հարկ չկա ամեն անգամ հիշեցնելու․ թե Հիսուսի բացատրություններն արևելյան և ռամկական սաստկության ոճի են պատկանում՝ ժողովրդին հասկանալի լինելու համար։ Այսպիսիններին է խրատում Հիսուս, նախ ուղղել սեփական թերությունները, և հետո ընկերոջ թերությունների նախանձախնդրությունը ունենալ, և սպառնում է նրանց, որ իրենց արածները իրենք կգտնեն, և թե ուրիշին հասցված բաները իրենց գլխին կգա։ Ինչպես դատափետում են, նույնպես և կդատափետվեն, ինչպես չափում են, նույնպես էլ իրենց կչափեն, հետևաբար պետք է, որ չդատեն․ չարիք չպատճառեն, որպեսզի չարիք չգտնեն, այլ ներողամիտ լինեն, որ ներողամտության հանդիպեն, բարիք անեն, որպեսզի բարիք գտնեն։ Ով որ ինչ բարիք է անում, կամ տալիս է, արածի փոխարենը առատ, լեցուն և լեփլեցուն չափով իրեն կտրվի։
    Հիսուս այստեղ խրատական երկու օրինակ է բերում (Ղուկ․ 6։39-40)։ Երկու կույրեր իրար առաջնորդելու են դուրս գալիս, բայց երկուսն էլ չտեսնելով, թե ու՞ր են գնում, երկուսն էլ մեկտեղ խորխորատի մեջ են ընկնում։ Մի աշակերտ էլ, որ իր չափը չգիտե և հանդգնում է վարդապետել, ինքն իրեն վարդապետից ավելի է կարծում, խիստ սխալվում է, քանի որ այն, ինչ որ ունի, իր վարդապետից է սովորել, և որքան էլ շատ բան վերցրած լինի, վարդապետի ունեցածից ավելին չի կարող վերցնել։ Երկու օրինակներն էլ իրենց բացարձակ և բնական իմաստով պետք է հասկանալ։ Կույրեր կան, որ կատարյալ վարժված են ինչ որ տեղի կամ ճանապարհի, և հնարավոր է, որ այդ տեղը չիմացող մի ընկերոջ օգնի։ Կան աշակերտներ, որ իրենց վարդապետի մոտ դասընթացներն ավարտելուց հետո, նորանոր աշխատությունների կամ ունկնդրությունների շնորհիվ իրենց առաջին վարդապետից կարող են ավելի շատ բան իմանալ։ Հիսուսի օրինակները ոչ թե այսպիսի բացառիկ, այլ սովորական պարագաների բուն իմաստը գերանի և շյուղի օրինակի նման է, այսինքն, պետք է, որ մարդ չափավորությամբ գործի և իր չափից այն կողմ չանցնի։
    Հաջորդ խրատը մի կերպ մեղմացնում է առաջինները (Մատթ․7։6 ), Հիսուս երբ որ խրատում է սեփական թերությունները հիշելով ընկերոջ թերությունները երեսով չտալ, չի ցանկանում ասել, որ բնավ պետք չէ ընկերոջ թերություններին ուշադրություն դարձնել և բոլորի հետ հավասար և նմանօրինակ հարաբերություններ ունենալ։ Ամեն մարդ նույնը չէ։ Մեր գործերը և խրատները, բարիքները և օրհնությունները սրբությունների նման նվիրական և մարգարիտների նման հարգի են․ սրբությունները պիղծերին և ազնվություններն անարգողներին անխտիր բաժանելը՝ խելացիություն չէ, քանի որ ոչ դրանց հարգը կիմանան, ոչ էլ կարող են օգտվել դրանցից, ընդհակառակը՝ կամ տգիտությամբ, կամ չարությամբ ոտնակոխ կանեն տրվածը, և տվողի դեմ կդառնան, և շնորհքը հակառակության առիթ կդարձնեն։
    Սրան հետևում է Աստծո և մարդու հարաբերություններին պատկանող մի խրատ (Մատթ․ 7։7-12, Ղուկ․ 11։9-13), ուր բացատրվում է աղոթքի ուժը, որ հաստատվելով աստվածային բարության, բարեսիրության վրա, հնարավոր չէ, որ մերժվի դիմումը կամ չտրվի խնդրվածը։ Սա աղոթքի վարդապետության մի մասն է, որի մասին արդեն խոսեցինք (Մատթ 6։1-18), բայց այնտեղ Հիսուս աղոթելու կերպն էր սովորեցնում, այստեղ աղոթքի զորությունն է սովորեցնում։ Թեպետև ընկերական հարաբերությունների շրջանակից դուրս մի կետ է, բայց միշտ ընդհանուր հարաբերությունների մեջ են, և Հիսուսի հիմնական վարդապետությունն է «Խնդրեցեք, և խնդրանքները կկատարվեն, աղաչեցեք և կլսվեն աղաչանքներդ, բախեցեք գթության դուռը և այն կբացվի։ Ով որ խնդրի, նրան կտրվի, ով որ փնտրի, նա կգտնի, ով որ բախի, նրան կբացվի»։ Հիսուսի բացարձակ և վճռական խոսքերը հիմնվում են աստվածային բարության վրա։ Վերևում սովորեցինք Աստծուն իբրև Հայր ճանաչել, և այստեղ Հիսուս Հոր օրինակից է բերում Իր պատճառաբանությունը։ «Եթե, - ասում է նա, - որդին հորից հաց ուզի, հայրը չի կարող նրան քար տալ․ եթե ձուկ ուզի, չի կարող օձ տալ, եթե ձու ուզի, չի կարող կարիճ տալ։ ՈՒրեմն եթե մարդիկ, որ թերի են և չարիք գործելու են միտված, չեն կարող իրենց զավակների խնդրանքները մերժել, այլ միշտ բարիք են անում, որքան առավել ձեր Երկնավոր Հայրը, որ իր բնությամբ ամենաբարի և կատարյալն է, բարիքներ կտա նրանց, որ իրենից ուզում են»։
    Երկրորդ օրինակն էլ է առաջ քաշում Հիսուս նույն կետի համար՝ հիմնավորվելով բարեկամության տեսակետով (Ղուկ․ 11։4-18): Մի մարդու բարեկամ գիշերվա կեսին հանկարծ իրեն հյուր է գալիս, բայց այս մարդը հաց չի ունենում նրա առջև դնելու, որը հեռավոր ճամփից գալով, քաղցած է լինում։ Սա հարևանի մոտ է գնում, և իրավիճակը բացատրելով երեք նկանակ է պարտք ուզում։ Սակայն հարևանը ներսից ձայնում է, թե արդեն դռները փակել անկողին է մտել, երեխաներն էլ քնած են իր կողքին, իսկ հաց տալու համար շատ պետք է չարչարվի և գուցե արթնացնի երեխաներին, ուստի թող ուրիշին դիմի։ Բայց այս մարդը նորից է աղաչում, աղերսում է․ թախանձում, և վերջապես հարևանի սիրտը փափկում է, մարդու անհրաժեշտությունը և սաստիկ թախանձանքները շարժում են նրա գութը, և նա կամաց անկողնուց ելնելով՝ երեք նկանակ է վերցնում, դուռը բացում ու տալիս նրան, այդպիսով բավարարում նրա խնդրանքը։ Այս օրինակը աղոթքի ուժը հասկացնելու համար է․ «ի փոքուէ առ մէծն» համեմատությամբ։ Եթե բարեկամ մարդն էլ աղաչանքների չի դիմանում և այն կատարում է, որքա՜ն ևս առավել՝ Աստված։ Այս օրինակը իր նպատակով և կերպով նմանվում է դատավորի և այրի կնոջ առակին, որն իր հերթին պիտի հիշենք (Ղուկ 18։1-8
    Դառնալով ընկերական հարաբերություններին Հիսուս եղբայրական սիրո հիմնական օրենքն է տալիս հետևյալ խոսքերով (Մատթ․ 7։17)․ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց։ Այս է սիրո մասին օրենքների և մարգարեների խոսվածի էությունն ու ամբողջությունը»։ Խոսքը հստակ է, խնդիրն էլ դյուրին, և որովհետև մեր ասածը մեկնություն չէ, այլ նույնի շարադրությունը՝ հասկանալի խոսքերի վրա չենք ուզում ծանրանալ։
    Հիսուսի քարոզությունների քաղվածքը, նորից մի ուրիշ կետ է ակնարկում, որն է հոգու կյանքը կամ հոգու փրկությունը, որպես հետևանք մարդու բովանդակ գործունեության, նրա հարաբերությունների՝ ընկերոջ կամ Աստծու հետ։ Հիսուս ասում է․ «Երբ մարդու կյանքը լայն ու արձակ է, հանգիստ ու դյուրին կերպով է ընթանում․ այնպես որ մարդու գնացած ճամփի դուռը լայն է, իսկ ուղին ընդարձակ, իմացեք, որ նրա վերջը հաջող չէ, և ընդհակառակն, երբ դուռն անձուկ է, իսկ ուղին նեղ, վստահ եղեք, որ նրա վերջը հաջող է։ Սովորաբար շատերն են կարծեցյալ լայն ճանապարհով քայլում և միայն քչերն են նեղ ճամփան մտնում, բայց դուք եթե ձեր օգուտն եք ուզում՝ մտեք նեղ դռնից և նեղ ճամփով քայլեցեք»։
    Լայն դուռն ու ճամփան՝ մարդու արտաքին կերպով հանգիստ և աշխարհի մոլորություններով առատ, աշխարհի փառքով ճոխ կյանքն է, իսկ նեղ դուռն ու ճամփան՝ արտաքին նեղություններով և վշտերով կյանքն է, որ մարդու հոգին այս աշխարհում ուղղության մեջ է պահում և հանդերձյալ աշխարհի մեջ՝ փրկության տանում։ Իր քարոզության սկզբում էլ, սգավորներին և հալածյալներին երանի ասելու ժամանակ, միևնույն սկզբունքն էր հայտնում։
    Հիսուս իր քարոզության վրա նոր ակնարկ է նետում և իր աշակերտների միտքն է ցանկանում բացել (Մատթ․ 7, 8, Ղուկ․ 6։43-46)։ Աստվածային օրենքները բացատրող և աստվածային պատվիրանները ավանդողն է ինքը, և կարծես թե պահանջում է․ որ մարդիկ ընդունեն իր ասածները։ Սակայն այդ պաշտոնը կատարող իրենից բացի ուրիշներ էլ կան․ փարիսեցիներն ու դպիրներն էլ նույնն էին անուն, և այսուհետև պիտի անեն։ Սակայն նրանք ճշմարտության վարդապետներ չեն, ուղղություն չեն սովորեցնում, բայց ժողովուրդը, որ ներքինը կշռել և որոշել չգիտե, կարող է սխալվել և մոլորվել։ Սրա համար է, որ Հիսուս ժողովրդին զգուշացնում է նրանցից, որոնց անվանում է սուտ մարգարեներ և ոչխարի մորթով ծածկված գայլեր։ Բայց ինչպե՞ս զգուշանան, ինչպե՞ս ճանաչեն, ինչպե՞ս տարբերեն։ «Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա» իսկ նրանց պտուղներն էլ նրանց գործերն են։ Եթե մարդու մտքերը հայտնի չեն, գործերն են հայտնի, եթե ասվածը դժվար է հասկանալ, ապա արածը դյուրին է հասկացվում։ Ծառի ինչ և ինչպիսի լինելը պտղից է ճանաչվում, տեսնում ես, որ այսինչ պտուղն է տալիս, իմանում ես, որ այսինչ ծառն է։ Երբ որ ծառը խաղող է տալիս, չես ասի, թե փուչ է, և երբ թուզ է տալիս, չես ասի թե տատասկ է և հակառակը, երբ գիտես, թե փուչ է, խաղող չես փնտրի․ երբ տատասկ լինելը գիտես, թուզ քաղելուն չես սպասի։
    Պտուղի ինչ լինելուն նման է ինչպես լինելու խնդիրը։ Եթե ծառը բարի է, այսինքն լավն է, առողջ և զորավոր է, պտուղն էլ բարի է, այսինքն՝ լավ, համով և անթերի։ Իսկ եթե խառը չար է, այսինքն՝ տկար է, փտած և որդնած է՝ պտուղն էլ չար է՝ այսինքն՝ թերի է, անհամ ու փտած։ ՈՒրեմն, երբ չար պտուղը տեսնես՝ իմացիր, որ ծառը չար է, այսինքն՝ երբ կտեսնես, որ գործերը չար են, իմացիր, գործողն էլ չար է։ Ծառը մարդու սիրտն է, պտուղը՝ նրա գործերը, և ինչպես մարդու սիրտն է, այնպես էլ նրա գործերն են։ Վատ ծառը, որ այլևս լավ պտեւղ չի տալիս, որպես անպետք փայտ կտրվում և վառվելու է սահմանվում, այդպես էլ չար վարդապետները, սուտ մարգարեներն ու գառնազգեստ գայլերը արժանի են աստվածային պատուհասին և պիտի զրկվեն Աստծո շնորհքից։ Երկնքի Արքայություն մտնելու համար բավական չէ բերանով Աստծուն պատվել, և «Տեր, Տեր» ասելով փառաբանություններ երգել, այլ պետք է բարի գործերով Երկնավոր Հոր պատվիրանները գործադրել։ Բավական չէ Աստծո անունով մարգարեություններ անել, դևեր հալածել և հրաշքներ գործել, որպեսզի մարդն Աստծուն ընդունելի լինի, եթե միևնույն ժամանակ նա ապօրինի գործեր է անում։ Այդպիսիններին Հիսուս դատաստանի օրը պիտի ասի․ «Ձեզ բնավ չեմ ճանաչում, դուք ինձ հետ գործ չունեք, հեռացեք, մի կողմ գնացեք, դուք օրենքները չպահեցիք, և ապօրինի գործեր արեցիք»։
    Հիսուսի խրատն ու դատաստանը հայտնի են, և մտածելու տեղիք է տալիս այն, թե չար մարդիկ իրականում կարո՞ղ են արդյոք մարգարեություն անել, դևեր հալածել և հրաշքներ գործել։ Մարգարեությունը, հրաշքն ու բժշկությունը աստվածային զորության արդյունք են և այստեղ մարդկային արդյունավորությունն ու արժանավորությունը որևէ դեր չեն խաղում, և Աստված կարող է որևէ մեկի ձեռքով իր զորությունը հայտնել, սակայն մյուս կողմից Աստված չի ներում, երբ իր զորության արտահայտությունը մարդկանց սխալեցնելու, չարությունը պաշտպանելու և մոլորություններ քարոզելու պատճառ լինի, դրա համար թույլ չի տալիս, որ զորությունները անարժանների ձեռքով գործվեն։ Իսկ այստեղ հիշված սուտ մարգարեները, որոնք պարծենում են, թե հրաշքներ, բժշկություններ ու մարգարեություններ են անում, ճշմարիտ հրաշք, բժշկություն և մարգարեություն անողներ չեն, այլ՝ խաբեբաներ և ձևացողներ։ Այս է մեկնիչների ընդունած կարծիքը, բայց կան էլ, որ մարգարեություն անել, դևեր հալածել և զորություններ կատարելը պարզապես մեկնում են, որպես ի պաշտոնե գործողությունների կատարում, այսինքն, Ավետարան քարոզել, խորհուրդներ տալ և հովվություն անել և այդ առիթի մեջ ստույգ է, որ անարժան պաշտոնյաների գործերը օրինական և վավերական են, թեպետև նրանք անարժան և դատապարտելի են։
    Հիսուս եզրափակում է իր քարոզությունը, վերջին խրատը տարածելով իր բացատրած և ավանդած բոլոր կետերի վրա (Մատթ․ 7։24-27, Ղուկ․ 7։47-49)։ Աշակերտներն ու ժողովուրդը կլանված լսում էին Հիսուսի խոսքերը, բայց դա բավական չէր դրանցից օգտվելու համար, պետք էր ի կատար ածել լսածները։ Հիսուս իր խոսքը լուսաբանում է շինության օրինակով։ Ով որ Հիսուի խոսքերը լսում և գործադրում է՝ նմանվում է իմաստունի, որ իր տան հիմքը գցելու համար փորեց և այն խորացրեց, գտավ հաստատուն քարը և նրա վրա հիմք դրեց, և երբ տեղատարափ անձրևներ եկան, գետերը բարձրացան և ողողեցին, փոթորկալից քամիները ամեն կողմից փչեցին, տունը հաստատուն մնաց և չկործանվեց։ Իսկ ով որ Հիսուսի խոսքերը լսում, բայց չի գործադրում՝ նա անխելք մարդու է նմանվում, որ իր շինած տան հիմքը ավազի՝ այսինքն միայն հողի վրա դրեց, և երբ տեղատարափներ եկան, գետեր ողողեցին և փոթորկալից քամիները շինվածքը ծեծեցին, տունը չդիմացավ ու կործանվեց։ «Այսպես պիտի լինի, - ասում է Հիսուս, - բոլորի հետ։ Հերիք չէ լսել խոսքերս, պետք է գործադրել, որ օգուտը երևա»։ Ահա Լեռան Քարոզի վախճանը։