Ա. Լոպուխին
Եվ Աստված հիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, (բոլոր թռչուններին ու բոլոր սողուններին)։ Եվ Աստված հողմ բարձրացրեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։ (Սինոդական թարգ․)[1]
Աստված հիշեց Նոյին... «Սիրելինե՛ր, պետք է հասկանալ այս բառերն աստվածահաճո կերպով և ոչ թե ընկալել այն կոպիտ իմաստով, որ բնորոշ է մեր տկար բնությանը, - ասում է Հովհան Ոսկեբերանը այս կապակցությամբ,- ի՞նչ է նշանակում հիշեց: Այսինքն՝ Աստված ողորմած գտնվեց տապանում ապրող արդարի հանդեպ, գթաց նրան, երբ նա այդքան նեղ ու դժվար կացության մեջ էր և չգիտեր, թե ինչով կավարտվեն իր թշվառությունները»: Սուրբգրային լեզվով Աստծո կողմից իր ծառաներին «հիշելը» նշանակում է խոստումների կատարում և շնորհների բաշխում (Ծննդ. 19:29, Ելք. 2:24, 32:13, Սաղմ. 131:1):
Աստված հողմ բարձրացրեց երկրի վրա... Անձրևաբեր ամպերը ցրող ուժեղ քամին Աստվածային ամենակարող ձեռքերում ջրհեղեղի դադարեցման միջանկյալ կամ բնական պատճառ էր: Տվյալ դեպքում, ինչպես նաև ուրիշ նմանատիպ դեպքերում (Ելք. 10:13–19, 14:21), Աստված օգտագործում է իր կողմից սահմանված բնական երևույթներն ու օրենքները՝ որպես Իր կամքի արտահայտման միջոց:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց:
(Արարատ թարգ․) Եվ Աստված հիշեց Նոյին, բոլոր կենդանիներին և բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին: Աստված հողմ բարձրացրեց երկրի վրա, ու ջրերը հետ քաշվեցին:
(Գրաբար) Եւ յիշեաց Աստուած զՆոյ և զամենայն գազանս, և զամենայն անասունս, և զամենայն թռչունս որ էին ընդ նմա ի տապանի անդ. և ած Աստուած հողմ ի վերայ երկրի, և դադարեաց ջուրն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: