Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին:
Հարությունից հետո Հիսուսի երկրի վրա մնացած լինելու մասին չորս ավետարաններից բնավ ճիշտ տեղեկություններ պիտի չկարողանայինք քաղել, եթե Ղուկասն իր երկրորդ գրությամբ, որ առաքյալների գործերին էր նվիրված, այդ մասին հպանցիկ ձևով մի հիշատակություն թողած չլիներ: Դրանով ենք միայն ճշգրիտ իմացել որ Հիսուս յետ չարչարանց իւրոց եւ մահվանից հետո հարություն առավ և իր առաքյալներին յանդիման կացոյց զինքն կենդանի՝որոշ ժամանակ, այսինքն` յաւուրս քառասուն և այդ ընթացում հոգ տարավ հաճախ երեւել նոցա, և նրանց կրթել և պատրաստել, սովորեցնել իրենց պաշտոնին վերաբերող գործերն ու իրենց քարոզելիք վարդապետությունը, և ասել՝ վասն Արքայութեանն Աստուծոյ:
Մինչև հիմա պատմած երևումները` չորս անգամ միայն տեղի ունեցան առաքյալների խմբի առջև` երկուսը
Երուսաղեմի վերնատան մեջ` իրարից մի յոթնյակ հեռավորությամբ, և երկուսն էլ Գալիլիայում` Կափառնայումի ծովեզերքին ու լեռան վրա: Այդ վերջին օրերի երևումների օրերը ճշտված չեն, բայց եթե դրանց էլ մի յոթնյակ տանք, հարությունից գրեթե քսան օր անցած կլինենք, և դեռ քսան օր էլ կմնա քառասուն օրերը լրացնելու, որի մասին ոչ տեղեկություն և ոչ պատմություն չունենք: Ինչը որ Ղուկասի ավետարանի վերջում և Գործք Առաքելոցի սկզբում է հիշվում` բոլորն էլ քառասուն օրերի վերջին օրվան են պատկանում և բոլորովին չեն օգնում այդ դատարկ ժամանակահատվածը լցնելուն:
Այդ ժամանակահատվածն, ուրեմն պիտի լրացնենք Ղուկասի` ընդհանուր կերպով հիշած երևումներով, թե Հիսուս իրեններին երևաց և խոսեց, սովորեցրեց ու հրահանգներ տվեց, և այդ ընթացքում առաքյալները Հիսուսից լսեցին բոլոր կարևոր տեղեկությունները, սովորեցին ամբողջ Ավետարանի վարդապետությունները, ստացան բոլոր պետք եղած հրահանգները, դրանցով առաջնորդվեցին հետագայում իրենց առաքելական քարոզությունների և շրջագայությունների մեջ, դրանցով կազմեցին քրիստոնեական վարդապետության ավանդը:
Այդ ամբողջը Հիսուս բանավոր հանձնեց իրենց և Հիսուսը, որպես կանոն, գրավոր ոչինչ չթողեց յուրայիններին: Ամբողջ Նոր Կտակարանը տարիներ հետո գրվեց առաքյալների կողմից, և այն էլ ոչ թե կանոնավոր, գեղարվեստական և լիակատար մի աշխատություն կազմելու միտումով, այլ պարզապես հանգամանքների պահանջի համաձայն` պատահական գրվածքներ գրառելով:
Այդ երևումների ոչ թիվը, ոչ էլ քանի անգամ լինելը կարող ենք ճշտել, այլ պետք է ընդունենք, որ եթե առաջին հատվածում երևումները հազվադեպ եղան, ապա հետզհետե ավելի հաճախակի տեղի ունեցան, այնպես որ արդեն ոչ թե պատահական երևումների, այլ սովորական կենցաղի մի հարաբերություն հաստատեց Հիսուսը յուրայինների հետ, ինչպես վերջին օրվա տեսակցության հանգամանքներն են ցույց տալիս և ինչպես կատարյալ ուսուցման գործն էլ պահանջում էր: Իսկ տեղի մասին նախընտրելի կարծիքն այն էր, որ առաջին ութօրեքից հետո Հիսուս, Գալիլիա փոխադրվելով, շարունակ այնտեղ մնաց, մինչև վերջին միաշաբթին, որ հարության երեսունվեցերորդ օրն է և դրանից հետո Երուսաղեմ վերադարձավ իր հետ բերելով առաքյալներին ու իր գլխավոր աշակերտներին, Տիրամորն ու յուղաբերներին:
Պողոս Առաքյալն էլ մի քանի երևումներ է հերթով հիշում, թե` երևաց Կեփասին, ապա` Տասներկուսին, ապա` հինգ հարյուր եղբայրների, ապա` Հակոբին, ապա` բոլոր առաքյալներին, ամենավերջում` իրեն Ա Կորնթ. 15:4-8: Այս երևումներից Կեփասինը կամ Պետրոսինը արդեն պատմեցինք (Ղուկ. 24:12), իսկ Տասներկուսին կամ, ավելի ճիշտ Տասնմեկին երևալը պետք է երկրորդ միաշաբթի երեկոյի երևումը լինի (Հովհ. 20:26-29), իսկ Տասներկու կոչումը ընդհանուր ձևով Տասներկուսի Խումբ ասելու փոխարեն է գործածվել: Ինչպես տեսնում ենք, Պողոսն ամբողջական հաջորդականությունը չի կազմում, այլ մի քանի գլխավորներն է հերթով հիշատակում` իրեն եղած երևմանը գալու համար, կամենալով ցույց տալ, որ այն ևս եղել է Հարուցյալ Հիսուսի երևումներից մեկը, համբարձումից առաջ կատարվածների նման: Իսկ մյուս երևումը, որը եղել է աւելի եւս քան զհինգ հարիւր եղբարց, յորոց, -ասում է Պետրոսը, - բազումք կան մինչեւ ցայժմ, եւ ոմանք ննջեցին, հնարավոր չէ Գալիլիայից դուրս որևէ տեղում լիներ, որովհետև այնտեղ էր միայն հնարավոր ժողովրդի այդպիսի բազմություն հավաքել Հիսուսի շուրջ, այն էլ եղբարց բազմություն, այսինքն` հավատացյալ անձանց բազմություն: Ղուկասն ասում էր, որ Հիսուս քառասուն օրվա ընթացքում երևաց ի բազում արուեստս, ինչը որ հրաշալի և սքանչելի գործերի, կամ պարզապես հրաշալիքների համար պետք է հասկանալ, և Հիսուսի հրաշքները, քարոզությունների առաջին օրերի նման, Հիսուսի շուրջը ժողովրդի մեծ բազմություն հավաքելու պատճառ են եղել:
Հակոբ կոչվածը, որին էլ` մի երևում եղել, անշուշտ Տեառնեղբայրն է, քանի որ նա է Պողոսի ճանաչած միակ Հակոբոսը Գաղ. 1:19, իսկ երևումն էլ կարող ենք հավանաբար ասել, որ Գալիլիայում է եղել, ուր վերադարձել էին առաքյալները, ուր և անշուշտ, վերադարձել էին Տեառնեղբայրները, անգամ եթե Զատիկի տոնի համար Երուսաղեմ էլ զգնացած լինեին: Վերջապես բոլոր առաքյալներին երևալը, կարծում ենք, պետք է նույնացնել վերջին օրվա երևման հետ, որը նույն Համբարձման օրն է:
Ահա, բոլոր պատմական հիշատակությունները, որ Նոր Կտակարանի զանազան տեղերից հավաքելով, կարող ենք լրացնել Հիսուսի քառասուն օրերի պատմությունը, թեկուզ և դրանց պակաս լինելը հայտնի է, բայց մենք չենք սիրում երբեք ավելորդ ենթադրություններով լրացնել դատարկները:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: