Ա. Լոպուխին
«Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և իմ աչքերի առաջ բարձրացան երկրից․ երբ նրանք հեռացան, անիվներն էլ նրանց հետ էին․ և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքի մոտ, և Իսրայելի Աստծո փառքը վերևից նրանց վրա էր»։ [19] (Սինոդական թարգ․)
«Իմ աչքերի առաջ» - տե՛ս 9:1-ին համարում «իմ ականջներին» արտահայտությանը տրված բացատրությունը։
«Անիվներն էլ նրանց հետ էին» - Անիվներն այնքան անջատ մաս էին կազմում տեսիլքի մեջ և օդում նրանց «սավառնելն» այնքան տարօրինակ էր թվում, որ մարգարեն քերովբեների բարձրանալու մասին խոսելիս մշտապես հիշատակում է նաև անիվների մասին (Եզեկ․ 3:13, 11:22)։
«Եվ կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքի մոտ» - Դա տաճարի գլխավոր դարպասն էր, որով էլ, բնականորեն, Տերը պիտի լքեր Իր տաճարը, ինչպես որ հետագայում էլ այդ միևնույն դարպասով Տիրոջ փառքը վերադարձավ տաճար (Եզեկ․ 43:2)։ Ավելին, այս դարպասները տեղադրված էին հենց տաճարի դռների՝ սրբարանի և Սրբություն Սրբոցի կառույցների դիմաց, և դրանց միջով էին մուտք գործում քաղաք: Հետևաբար հենց տաճարի դարպասների մոտ՝ տաճարի տարածքի ամենածայրամասային անկյունում, Տիրոջ փառքը կանգ է առնում ճիշտ այն նույն նպատակով, որով կանգ էր առնում տաճարի մուտքի մոտ՝ «որպես նշան որոշակի դժկամության և ափսոսանքի, որոնցով լեցուն նա հեռանում էր տաճարից» (Կնաբենբաուեր)։ Այստեղ կանգ առնելու համար պատճառ կարող էր հանդիսանալ նաև այդ դարպասի մոտ 25 երեցների անմաքուր հավաքը (Եզեկ․ 11:1 և այլն):
«Իսրայելի Աստծո» - տե՛ս 8։4-րդ համարի հետ համեմատության համատեքստում։ Այս արտահայտությունն այն գաղափարն է արտահայտում, համաձայն որի՝ Աստված այլևս ուխտի Աստվածը չի լինելու, և Նա պատրաստվում է լքել Իր ժողովրդին:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից: Եւ կանգնեցին Տիրոջ տան շեմին, որ նայում էր դէպի արեւելք. Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց վերեւում էր:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։
(Գրաբար) Եւ ամբարձին քերովբէքն զթևս իւրեանց, և վերացան յերկրէ առաջի իմ, յելանելն նոցա և անիւքն զհետ նոցա. և կացին առաջի դրանդեաց դրան տանն Տեառն որ հայէ՛ր ընդ արևելս․ և փառքն Աստուծոյ Իսրայէլի ի վերայ նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: