Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։21

Ա. Լոպուխին

21-22․ «Ամեն մեկը չորսական երես ուներ, և ամեն մեկը՝ չորս թև, և նրանց թևերի տակ մարդկային ձեռքերի նմանություն կար»։ [21] «Իսկ նրանց երեսների նմանությունը նույնն էր, ինչ այն երեսներինը, որ ես տեսել էի Քոբար գետի մոտ. և՛ նրանց կերպարանքը, և՛ հենց նրանց։ Ամեն մեկն ուղիղ այն կողմ էր գնում, որը նրա դիմաց էր»։ (Սինոդական թարգ․)
   
   Այն համոզումը, որ այդ կենդանիները նույնական էին Քոբարում երևացած կենդանիների հետ (հմմտ․ 15-րդ համար), համոզում, որը հատկապես կարևոր էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կենդանիները, ինչպես որ պարզվեց, քերովբեներ էին, մարգարեի համար վերջնականապես հաստատվում է, երբ նրանք՝ քերովբեները, վեր են բարձրանում և Եզեկիելը կարողանում է, ինչպես և Քոբարում, տեսնել նրանց կազմվածքի բոլոր մանրամասները՝ բոլոր 4 դեմքերը, թևերը և մարմնի մյուս մասերը։ Թե՛ այս, թե՛ այն տեսիլքի կենդանիներն էլ կառուցվածքային առումով միանգամայն, կատարելապես համընկնում էին բոլոր մանրամասներում։ Այդ մանրամասներից թվարկվում են միայն ամենակարևորները՝ դեմքերի և թևերի քանակը, ձեռքերը (ոտքերի տեսքը, հասկանալիորեն, բաց է թողնվում), դեմքերի նմանությունը, իսկ մյուս մանրամասները միավորվում են «և՛ նրանց կերպարանքը, և՛ հենց նրանց» արտահայտության մեջ։ Իսկ ահա մնացյալ, չթվարկված մանրամասներից այս պահին ամենակարևորն այն իրողությունն էր, որ քերովբեների՝ տաճարից դուրս ելնելու ժամանակ (որին ինքը՝ մարգարեն, ականատես է լինում) յուրաքանչյուր քերովբե քայլում էր իր դեմքի ուղղությամբ, չնայած որ նրանք տարբեր կողմեր էին նայում։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր: Երեսներն էլ նման էին մարդու երեսի:
(Արարատ թարգ․) Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։
(Գրաբար) Չորք չորք դէմք միոյ միոյ, և ութ թևք միոյ միոյ և նմանութիւն ձեռաց մարդոյ ՚ի ներքոյ թևոց նոցա.