Ա. Լոպուխին
«Եվ վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձունքներ շինեցիր ու պոռնկացար նրանց վրա այնպես, ինչպես որ երբևէ չի եղել և չի լինելու»։ [16] (Սինոդական թարգ․)
«Գույնզգույն բարձունքներ» - Հին Կտակարանում ամենուր «բարձունքներ» են կոչվում այն բլուրները, որոնց վրա կռապաշտություն էր տեղի ունենում, իսկ ահա ի մասնավորի այս դրվագում, ինչպես կարծում են մեկնաբանները, այդ անվամբ են կոչվում կռապաշտության համար «նախատեսված» նմանատիպ բլուրների վրա գտնվող վրանները։ Այդօրինակ վրանները, ամենայն հավանականությամբ, տեղադրվել են հիմնականում Աստարտի (ավելի ստույգ՝ Աշերայի) պաշտամունքի համար, որն ուղեկցվում էր անառակությամբ ու խրախճանքներով (հմմտ․ Դ Թագ․ 23։7, Ամոս 2:8՝ ըստ եբրայական տեքստի; տե՛ս նաև Եզեկ․ 23:7-րդ համարի բացատրությունը)։ Այդ վրանները, հավանաբար, տեղադրվելուց հետո ծածկվել են երփներանգ գորգերով կամ էլ ի սկզբանե պատրաստված են եղել գունավոր գործվածքներից։ Որքան էլ սրտաշարժ է թվում, սակայն հավանաբար այստեղ ակնարկվում է, որ այդ գույնզգույն վրանները կարված են եղել ա՛յն հագուստի կտորներից, որոնցով Յահվեն զգեստավորել էր Իր հարսին։ Սակայն հնարավոր է նաև, որ «գույնզգույն բարձունքներ» ասելով այստեղ նկատի են առնվում ոչ թե վրանները, այլ մեկ այլ բան՝ գծավոր զոհասեղանները (Կիմխի), կուռքերը կամ կուռքերի զգեստները (հմմտ. Դ Թագ. 23:7) կամ էլ մի որոշակի տարածք՝ կռապաշտության համար (Կրեչմար):
«Ինչպես որ երբևէ չի եղել և չի լինելու» - այդ ամենը գործադրելով՝ Իսրայելն աննախադեպ անհավատարմություն ցուցաբերեց Աստծո նկատմամբ, մի այնպիսի դավաճանություն, որը հետագայում այլևս երբեք նմանը չի ունենա։ Բայց այս մեկնաբանությունը եբրայեցերեն անհասկանալի արտահայտության ոչ միանշանակ թարգմանության արդյունք է։ Միտքն այն է, որ հրեաներն այդուհետև կուռքերի առաջ չեն գնալու՝ պոռնկություն անելու համար, և դա այլևս տեղի չի ունենալու, քանի որ Աստված վերջ է դնելու կռապաշտությանը:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր: Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու:
(Արարատ թարգ․) Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։
(Գրաբար) Եւ առեր 'ի հանդերձիցն քոց և արարեր քեզ կուռս կարկատունս, և պոռնկեցար ընդ նոսա. և մի՛ մտցես անդր, զի ո՛չ էին՝ և ո՛չ լիցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: