Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։18

Ա. Լոպուխին

18-19. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [18] «Եվ դու, մարդո՛ւ որդի, պատկերի՛ր քեզ համար երկու ճանապարհ, որոնցով պիտի գնա Բաբելոնի թագավորի սուրը. դրանք երկուսն էլ պիտի դուրս գան մի երկրից. և ձե՛ռք նկարիր, նշի՛ր դեպի քաղաքներ տանող ճանապարհների սկիզբը»։(Սինոդական թարգ․)
   

   Այստեղ արդեն մարգարեն դադարում է փոխաբերական խոսք գործածելուց։ Աստծո սուրը Բաբելոնի թագավորի զորքն է, որն արդեն շարժվել է՝ հնազանդեցնելու համար պաղեստինյան ապստամբներին՝ Հուդային և Ամմոնին, և այդ զորքը կանգնած է երկու ճանապարհների ճամփաբաժանին՝ չկողմնորոշվելով գնալ Երուսաղե՞մ, թե՞ դեպի ամմոնացիները: Նա հենց այս մասին էլ հարցնում է գուշակին (որը և գուշակում է)․ «Աստված հոգ կտանի անհրաժեշտ պատասխանը ցույց տալու համար» (Սմենդ): Այս ամենը մարգարեն պետք է ներկայացնի խորհրդանշական գործողությունների միջոցով, և միգուցե հենց այն ավազների վրա, որոնց վրա կառուցվել է Թել-Ավիվը (Եզեկ․ 3:15), նա պիտի երկու գիծ գծի, որոնք խորհրդանշում են մեկ երկրից (այսինքն՝ Բաբելոնից) դուրս եկող երկու ճանապարհները։

   «Եվ ձե՛ռք նկարիր» - եբրայեցերեն «նադ» բառն այստեղ, հավանաբար, նշանակում է ոչ թե ձեռք, այլ, ինչպես Ա Թագ. 15:22-րդ, Բ Թագ. 18:18-րդ և Եսայու մարգարեության 56:5-րդ համարներում էր, խաչմերուկներում կանգնեցվող մի սյուն, որի վրա նշան կար այն մասին, թե ճյուղավորվող ճանապարհներից յուրաքանչյուրը դեպի ուր է տանում։ Այդպիսի սյուները ներկայումս էլ են տեղադրվում ճանապարհների խաչմերուկներում և, ինչպես ցույց է տալիս այս հատվածը, այդօրինակ սյուների գործածությունը սկսվել է դեռևս այդ հնագույն ժամանակներից ի վեր:

   «Դեպի քաղաքներ» - այսինքն՝ Երուսաղեմ և Ռաբբահ (20-րդ համար)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.