Ա. Լոպուխին
.6-13 «Ահա, Իսրայելի իշխանավորները, ամեն մեկն իր ուժի չափով քեզ հետ էին, որպեսզի արյուն հեղեին»։ [6] «Քեզ մոտ հոր ու մոր մասին չարախոսում են, օտարականին վիրավորում են քո մեջ, որբին և այրուն ճնշում են քեզանում»։ «Իմ սրբությունները դու չես հարգում և Իմ շաբաթները խախտում ես»։ «Բանսարկու մարդիկ կան քո մեջ, որպեսզի արյուն հեղեն, և լեռների վրա քեզ մոտ ճաշակում են կուռքերի զոհաբերությունները, քո մեջ գարշելիություններ են գործում»։ «Հոր մերկությունը բացում են քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարում են քեզանում»։ «Մեկը պղծություն է գործում իր մերձավորի կնոջ հետ, մյուսը պղծում է իր հարսին, մեկ ուրիշը բռնաբարում է իր քրոջը՝ իր հոր դստերը»։ ««Քեզանում կաշառք են վերցնում, որպեսզի արյուն թահեղեն, դու վաշխ ու տոկոս ես վերցնում և բռնությամբ շահ ես կորզում քո մերձավորից, իսկ Ինձ մոռացել ես»,- ասում է Տեր Աստված»։ «Եվ ահա, Ես Իմ ձեռքերն իրար զարկեցի քո ագահության պատճառով, որն ի հայտ է գալիս քո մեջ, և այն արյունահեղության պատճառով, որը տեղի է ունենում քո մեջ»։ (Սինոդական թարգ․)
Այս հատվածում թվարկվում են Երուսաղեմի գործած մեղքերը (6-13-րդ համարներ), և այդ թվարկումն իրականացվում է առանց որևէ հատուկ հերթականության, այլ դեռ նույնիսկ որոշակի կրկնություններով (օրինակ, 6-րդ համարը՝ 9-րդ և 12-րդ համարների հետ համեմատությամբ)։ Սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս թվարկման ժամանակ Եզեկիելի մտքում պտտվում էր տասնաբանյան։ Նախևառաջ մատնանշվում են առաջնորդների մեղքերը (որոնց հիման վրա կարելի էր կարծել, որ նրանց հարցն առանձնաբար պիտի քննարկվեր, բայց այդ մասին անդրադարձ է կատարվում միայն 25-րդ և հաջորդող համարներում), քանի որ առաջին հերթին նրանք էին մեղավոր համընդհանուր այլասերվածության մեջ․ մեծերի օրինակին է, որ հետևում են նաև փոքրերը։
«Իշխանավորները» - հազիվ թե այստեղ խոսքը թագավորների մասին է (հմմտ․ Երեմ․ 22-րդ գլուխ), չնայած որ նախկին թագավորներից, օրինակ, Հովակիմը (Դ Թագ. 24:4) և Մանասեն (21:16) քահանայական շրջանակներին պատկանող պատմիչների կողմից մեղադրվում են հենց արյուն հեղելու մեջ, և քանի որ նկարագրված է Երուսաղեմի ներկայիս վիճակը, ուստի պետք է որ նկատի առնվի Սեդեկիայի կառավարման ընթացքը։
«Ամեն մեկն իր ուժի չափով» - արյունալի բռնություններ գործադրելիս մեծ հաջողության հասնելու և անպատժելիություն ձեռք բերելու նպատակով իշխանավորները դաշինքներ են կնքել միմյանց հետ։
«Քեզ հետ էին» - և այդ ամենը տեղի ունեցավ Երուսաղեմում։
«Որպեսզի արյուն հեղեին» - նրանք մտածում էին միայն արյուն հեղելու մասին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա Իսրայէլի այդ տան իշխանները. քո մէջ իւրաքանչիւրն իր ազգի մերձաւորների հետ էր խառնակւում, որ արիւն թափէր.
(Արարատ թարգ․) Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժով քո մեջ է, որպեսզի արյուն թափի։
(Գրաբար) Ահաւասիկ առաջնորդք տանդ Իսրայէլի, իւրաքանչիւր ընդ մերձաւորս ազգի իւրեանց խառնակէին ‘ի քեզ՝ զի հեղցե՛ն արիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: