Եզեկիելի մարգարեության մեկնություն 25։8

Ա. Լոպուխին 

«Այսպես է ասում Տեր Աստված․ «Որովհետև Մովաբն ու Սեիրն ասում են. «Ահա և Հուդայի տունը բոլոր ազգերի պես է»»։[8] (Սինոդական թարգ․)
   

   Մովաբացիների դեմ մարգարեացել են Բաղաամը (Թվ․ 24:18-19), Ամոսը (2-րդ գլուխ), Եսային (15-րդ և 16-րդ գլուխներ), Երեմիան (48-րդ գլուխ): Իսրայելի դեմ գործած Մովաբի մեղքը, թեպետ ըստ էության նույնն է, ինչ նրա եղբայր Ամմոնի մեղքը (Դ Թագ․ 24:2; Երեմ․ 27:3), բայց Եզեկիելի մարգարեության պարագայում Մովաբի մեղքն ավելի փոքր է թվում, այդ իսկ պատճառով էլ՝ ա) 10-րդ համարում նրա դեմ ուղղված սպառնալիքը վերադառնում է դեպի Ամմոնը, բ) Մովաբի կողքին զետեղվում է Սեիրը, այսինքն՝ Եդովմը, որը, հավանաբար, որպես հարևան, Մովաբին հրապուրեց Իսրայելի դեմ մեղք գործելու համար, բայց Յոթանասնից թարգմանությունն այստեղ չի տարընթերցում «Սեիր» (չնայած որ սլավոներեն թարգմանության մեջ հենց այդպես է)։ Հետագայում իսկապես նրա դեմ ուղղված մի ամբողջ խոսք է հնչեցվում (12-14-րդ համարներ)։

   «Ահա և Հուդայի տունը (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Իսրայելի տունը և Հուդան») բոլոր ազգերի պես է» - սրանից հետևում է, որ այն օրհնությունները, որոնք Տերը հեղեց Իսրայելի վրա, առաջացրին Իսրայելի հարևանների նախանձը: Նմանատիպ խոսակցություններն անհրաժեշտ արձագանքն էին Հուդայի ունեցած կարգավիճակի վերաբերյալ. Հուդան իրեն առանձնահատուկ օրհնված էր զգում ողջ մարդկության մեջ՝ այն ժամանակից ի վեր, երբ օրենքի մեջ և տաճարում տիրապետում էր մի շոշափելի իշխանության, որին մյուսներն անհաղորդ էին (Երեմ․ 7:4, 8:8): Ծաղրալից հեգնանքն այստեղ ավելի հանգիստ և մեղմ է, քան Ամմոնի պարագայում էր (հմմտ․ 3-րդ համարը):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մովաբի դէմ: «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ Մովաբն ու Սէիրն ասացին, թէ ահա ինչպէս որ ազգերն են, այնպէս էլ Իսրայէլի եւ Յուդայի տունն է, -
(Արարատ թարգ․) «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է,
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի ասացին Մովաբ և Սէիր, թէ ահա որպէս ամենայն ա՛զգ են, նո՛յնպէս և տունն Իսրայէլի և Յուդայ: