Ա. Լոպուխին
«Նա քո դուստրերին երկրի վրա սրով պիտի սպանի և քո դեմ պաշարման հողապատնեշներ պիտի շինի, և քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի ու քո դեմ ասպարներ պիտի բարձրացնի»։ [8] (Սինոդական թարգ․)
Տյուրոսի դեմ ուղղված իր արշավանքի ժամանակ Նաբուգոդոնոսորն առաջին հերթին առնչվելու է 6-րդ համարում հիշատակված մայրցամաքային («երկրի վրա») Տյուրոսի բնակավայրերին («քո դուստրերը»)։ Այս փոքր քաղաքները հազիվ թե կարողանան դիմադրություն ցույց տալ Նաբուգոդոնոսորին («սրով պիտի սպանի»): Ընդհակառակը, Տյուրոս կղզու վերաբերությամբ անհրաժեշտ կլինի դիմել կանոնավոր պաշարման գործողությանը, ինչի համար ոչ փոքր դժվարություններ կհարուցի Տյուրոսի ծովային դիրքը։
«Պաշարման հողապատնեշներ (աշտարակներ)» - եբրայեցերենում՝ «դայեկ»․ տե՛ս 4։11-րդ համարը։
«Պատվարներ» - այս դեպքում այդ պատվարները պետք է անցկացվեին ծովային նեղուցի միջով, սակայն քաղդեացիները վարպետացած էին պաշարման աշխատանքների մեջ (Ամբ․ 1:10, Ես․ 23:13)։
«Ասպարներ (վահաններ)» - հավանաբար խոսքն այստեղ վահաններից կազմված մի ամբողջական ծածկի մասին է՝ պաշարման ժամանակ պաշարողական աշխատանքներ իրականացնողներին թշնամու նետերից պաշտպանելու համար։ Նկատի են առնվում հռոմեական «testitudo»-ները, և ոչ թե սովորական վահանները, որոնց վերաբերությամբ բայ չէր գործածվի: Այնուամենայնիվ, ասորա-բաբելացիներն ունեին հատուկ տեսակի ավելի մեծ, մարդու հասակի չափ վահաններ, որոնք դրվում էին գետնին և որոնց քողի տակ ականապատվում էր պաշարման ենթակա քաղաքի շրջակայքը (Beitrage zur Assyrologie und semitisch. Sprachwissenschaft III, 75):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նա քո արուարձանների բնակիչներին դաշտում սրով է կոտորելու, շուրջդ պահակ է դնելու եւ փոս փորելու, պատնէշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու,
(Արարատ թարգ․) Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստրքաղաքներին և քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։
(Գրաբար) Նա զդստերս քո ‘ի դաշտի սրո՛վ կոտորեսցէ. և շուրջ զքև պա՛հ դիցէ, և փո՛ս փորեսցէ, և պատնէշ կանգնեսցէ. և զամրութիւն զինուց,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: