Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։16

Ա. Լոպուխին

«Քո առևտրի առատության պատճառով քո ներսն անիրավությամբ լցվեց, և դու մեղանչեցիր․ և Ես քեզ որպես անմաքուր ցած իջեցրի Աստծո լեռից և վտարեցի քեզ՝ հովանի եղող քերովբեիդ, հրե քարերի միջից»։ [16] (Սինոդական թարգ․)
   

    «Ներսը» - այսինքն՝ սիրտը, սլավոներենում՝ «գանձարանը»։

   «Անիրավությամբ» - բառացիորեն՝ «բռնություն», «խաբեություն»։ Չես խաբի, չես վաճառի: Այստեղից էլ սկսվեց Տյուրոսի բարոյական անկումը։

   «Ցած իջեցրի» - եբրայեցերենում՝ «խալալ» - «պղծել»։ Տյուրոսի թագավորը, որ սրբազան անձնավորություն էր, աստվածային ոլորտից ցած ընկավ աշխարհային ոլորտ։ Յոթանասնից թարգմանությունն այս բառին վերագրում է նրա մեկ այլ նշանակությունը՝ «վիրավորել». «Դու վիրավորված (խոցված) ես Աստծո լեռից»։ Ամբարշտի համար անհնար էր հրե լեռան վրա անվնաս մնալը։

   «Վտարեցի քեզ․․․քերովբեիդ» - Յոթանասնից թարգմանությունը վերջին ենթական տարընթերցում է Ծննդոց 3։24-րդ համարի տեսանկյունից։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Քո առեւտրի շատութիւնից՝ անիրաւութիւններով ես լցրել շտեմարաններդ. մեղանչել ու խփուել ես: Վարսաւոր քերովբէն իջեցրել է քեզ Աստծու լեռից, հրէ քարերի միջից:
(Արարատ թարգ․) Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։
(Գրաբար) ’Ի բազմութենէ վաճառաց քոց լցեր զշտեմարանս քո անիրաւութեամբք. մեղա՛ր՝ և վիրաւորեցար։ ‘Ի լեռնէն Աստուծոյ իջոյց զքեզ քերովբն վարսաւոր, ‘ի միջոյ հրեղէն վիմացն․