Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։24

Ա. Լոպուխին

«Իսկ Բաբելոնի թագավորի բազուկները պիտի զորացնեմ և նրա ձեռքը պիտի տամ Իմ սուրը, իսկ փարավոնի բազուկներն էլ կոտրելու եմ, և նա, խոցված լինելով, ուժգին պիտի հառաչի նրա առաջ»։ [24] (Սինոդական թարգ․)
   

   «Իսկ Բաբելոնի թագավորի բազուկները պիտի զորացնեմ» - Աստված էլ ավելի պիտ մեծացնի Նաբուգոդոնոսորի՝ առանց այդ էլ ահռելի եղող զորությունը (Եգիպտոսին վերջնականապես պարտության մատնելու համար)՝ նոր հաղթանակներ ընձեռելով նրա, այդ թվում նաև՝ հաջողությամբ պսակելով Երուսաղեմի գրավումը։

   «Իմ սուրը» - որին անհնար է դիմակայել։ Եզեկիելի մարգարեության մեջ հաճախակի է կրկնվում այն միտքը, որ Նաբուգոդոնոսորն Աստծո դատաստանների իրագործման գործիքն է հանդիսանում:

   «Իսկ փարավոնի բազուկներն էլ կոտրելու եմ, և նա, խոցված լինելով, ուժգին պիտի հառաչի նրա առաջ» - այս հատվածը լիովին տարբերվում է Յոթանասնից թարգմանության մեջ, ուր ասվում է՝ «և այն մեկնելու է Եգիպտոսի վրա, և գերելու է նրա գերությունն ու կեղևազրկելու է այն»։ Ահավասիկ, Աստվածաշնչյան տեքստի երկու այսքան հեղինակավոր ներկայացուցիչների անհամաձայնության մի վառ օրինակ (ի հակադրություն սույն խոսքերի՝ «և նա, խոցված լինելով, ուժգին պիտի հառաչի նրա առաջ»)։ Սա պետք է որ ցուցում լինի Օֆրա փարավոնի անձնական ճակատագրի վերաբերյալ, և իրոք, այդ փարավոնն իսկապես որ սպանվել է:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, եւ իմ սուրն էլ տալու եմ նրա ձեռքը: Եւ նա այն քաշելու է Եգիպտացիների երկրի վրայ, աւարի է մատնելու այն եւ կողոպտելու:
(Արարատ թարգ․) Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։
(Գրաբար) Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց, և տա՛ց զսուր իմ 'ի ձեռս նորա. և ածցէ զայն 'ի վերայ երկրին Եգիպտացւոց, և աւարեսցէ զաւար նորա, ողոպտ կողոպտեսցէ զկապուտ նորա: