Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։18

Ա. Լոպուխին

18-19. «Սա քի՞չ է ձեզ համար, որ արածում եք լավ արոտում, բայց դրա հետ մեկտեղ ձեր արոտի մնացորդը տրորո՞ւմ եք ձեր ոտքերով. խմում եք մաքուր ջուրը, բայց մնացածը պղտորո՞ւմ եք ձեր ոտքերով»։ [18] «Եվ մի՞թե Իմ ոչխարները պիտի ուտեն այն, ինչ տրորվել է քո ոտքերի տակ, և պիտի խմեն այն, ինչ պղտորվել է ձեր ոտքերով»։ (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես որ թագավորները, իշխանները և ազգային կյանքի մյուս առաջնորդներն են վերաբերվում ժողովրդին, այդ նույն կերպ էլ հենց ժողովրդի ներսում, հետևելով վերևից եկող օրինակին, ամենաուժեղներն են վերաբերվում ամենաթույլերի նկատմամբ: Ուժեղ ոչխարները չեն բավարարվում այն իրողությամբ, որ իրենք, ավելի շուտ կարողանալով հասնել արոտավայրին և ջրին, այդպիսով օգտագործում են ամենալավ խոտն ու չպղտորված ջուրը («խմում եք մաքուր ջուրը», սլավոներենում ավելի ստույգ՝ «խմում եք կանգնած ջուրը»)։ Սակայն այդուհանդերձ այդ ոչխարները, կուշտ կերած և խմած լինելով, շարունակում են մնալ արոտավայրերում և ջրի աղբյուրների մոտ՝ ոտնակոխ անելով դրանք:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Մի՞թէ ձեզ բաւարար չէին առաջներում ձեր արածած գեղեցիկ արօտավայրերը, որ ձեզանից մնացած կերը ոտքի տակ տրորում էիք. զուլալ ջուրը խմում էիք ու մնացածը ոտքի տակ պղտորում:
(Արարատ թարգ․) Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։
(Գրաբար) Չիցէ՞ ձեզ բաւական զգեղեցիկ արօտսն յառաջագոյն արածել. այլ և զմնացեալ ճարակն ‘ի ձէնջ առ ո՛տն կոտորէիք, և զջուրսն յստակ ըմպէիք, և զմնացեալն առ ոտն պղտորէիք: