Ա. Լոպուխին
«Եվ տարավ ինձ այնտեղ։ Եվ ահա մի մարդ, որի տեսքը նման էր փայլուն պղնձի տեսքի, և նրա ձեռքին՝ քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դարպասի մոտ»։ [3] (Սինոդական թարգ․)
«Մի մարդ» - հիմնվելով Եզեկիելի մարգարեության 44:2-րդ և 5-րդ համարների վրա, որոնցում, ինչպես թվում է, այդ նույն «մարդը» Տերն Ինքն է (Յահվեն է), և քանի որ այդ «մարդը» մարգարեին դիմում է, ինչպես որ Եզեկիելի գրքում ամենուր է Աստված այդ կերպ դիմում մարգարեին՝ «մարդու որդի» անունով, ոմանք կարծում են, որ դա եղել է. «Ուխտի Հրեշտակը», Աստծո Որդին, Որը որպես ճարտարապետ մարգարեին ցույց է տալիս Իր նախագծած ապագա շինության փառքը: Սակայն հնարավոր է, որ այստեղ նկատի է առնվում մի պարզ Հրեշտակ, ինչպես որ Եզեկիելի մարգարեության 9:2-րդ համարի դեպքում էր (հմմտ․ Եզեկ․ 43:6)։ Բացի այդ՝ նա փայլում էր միայն քերովբեների՛ նմանողությամբ, և ո՛չ թե ինչպես Տերը։
«Որի տեսքը նման էր փայլուն պղնձի տեսքի» - որպես հոգևոր զորության, ռազմականության նշան, որն ուղեկցվում էր փայլատակումով (տես Եզեկ․ 1։7-րդ համարի բացատրությունը․ փայլը նույնքան պայծառ չէ, որքան Եզեկ․ 1:27-րդ համարի պարագայում էր)։ Եբրայեցերենում «փայլուն» բառը բացակայում է․․․
«Քաթանի մի լար» - մեծ չափումների համար, ինչպես, օրինակ, Եզեկիելի մարգարեության 47:3-րդ համարի դեպքում էր: Յոթանասնից թարգմանությունն ավելի ազատորեն է թարգմանել՝ «շինարարի լար», այսինքն՝ «պարան» (Զաք․ 2:5, Հայտն․ 21։15)։
«Եվ նա կանգնած էր դարպասի մոտ» - հնարավոր է, որ հյուսիսայի՛ն դարպասի մոտ, քանի որ մարգարեն տաճարի շենքը տեսնում էր հարավային կողմից (3-րդ համար) և ինքն էլ տաճար էր բերվել հյուսիսից՝ Քաղդեայից։ Սակայն մասնավոր տվյալների բացակայության պայմաններում այստեղ, ամենայն հավանականությամբ, պետք է նկատի ունենալ արևելյան դարպասը՝ որպես գլխավոր դարպաս։ Այնուհետև՝ 6-րդ համարում, Հրեշտակը միայն մոտենում է այդ դարպասին։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր: Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր: Ինքն էլ կանգնած էր դռան վրայ:
(Արարատ թարգ․) Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։
(Գրաբար) և տարաւ զիս 'ի ներքս։ Եւ ահա ա՛յր մի, և տեսիլ նորա իբրև զտեսիլ փայլուն պղնձոյ. և 'ի ձեռին նորա էր լա՛ր շինողաց, և ձո՛ղ չափոյ. և ինքն կա՛յր 'ի վերայ դրանն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: