Ա. Լոպուխին
9-10. Կողային սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և բաց տարածություն կար տաճարի կողային սենյակների մոտ»։ [9] «Եվ սենյակների միջև հեռավորությունը քսան կանգուն էր՝ ամբողջ տաճարի շուրջբոլորը»։ (Սինոդական թարգ․)
Տաճարի կողային սենյակները միանում էին տաճարի երկրորդ՝ արտաքին պատին, որը, բնականաբար, ուներ այն նույն հաստությունը, ինչ դրա շարունակությունը՝ նախասրահի պատն էր (Եզեկ․ 40:48), այսինքն՝ 5 կանգուն հաստություն, որը մեկ կանգունով ավելի բարակ էր, քան առաջին պատը։ Ներկայիս ճարտարապետական «պահանջների» համաձայն՝ այդ հաստությունը չէր համապատասխանում այս պատին հարակից կողային սենյակների 4 կանգուն լայնությանը, սակայն՝
 1) հնագույն ճարտարապետությունը «սիրում» էր հսկայածավալ պարիսպներ, և ասորա-բաբելոնական շինություններում հազվադեպ չէին հանդիպում անհամաչափ հաստ պատերով պարփակված փոքր տարածքները։
 2) Այս պատը պարսպում էր ոչ այնքան տաճարի կողային սենյակները, որքան հենց տաճա՛րը՝ լինելով նրա համար երկրորդ, իսկ եթե սենյակներն էլ հաշվենք՝ երրորդ պարիսպը, որը տաճարը «պաշտպանում» էր աշխարհից և նրա ամբողջ պղծությունից։ Այդպիսի պարիսպը նաև ազատ, բաց տարածություն էր ստեղծում տաճարի համար, սակայն այդ տարածությունը, բնականաբար, բոլորին չէ, որ հասանելի էր․ եբրայեցերեն բնագրի այս հատվածում կիրառված է «մունա» բառը, Յոթանասնից թարգմանության մեջ՝ «այլ», «ta aploipa» - «տաճարի կողային սենյակների (սլավոներենում՝ «կողմերի») միջև» տարընթերցումը, այսինքն և ավելի ստույգ՝ տաճարի երկրորդ պատի և 10-րդ համարում հիշատակված մյուս «սենյակների միջև» ընկած տարածքը․․․Վուլգաթայում (9 բ համարում) ասվում է. «Եվ մի ներքին տուն կար տաճարի պատերի մեջ», այսինքն՝ պետք է հասկանալ այսպես՝ «տաճարի սենյակները նման էին մի ամբողջ տան, որը թաքնված էր տաճարի պատերի մեջ»: 10-րդ համարի եբրայեցերեն բնագրում սենյակները չեն կոչվում «ցելաոտ», ինչպես որ կոչվում էին տաճարային կառույցի կողային սենյակները, այլ անվանվում են «լեշախոտ»՝ ճիշտ այնպես, ինչպես որ կոչվում են տաճարի արտաքին պատի մոտ գտնվող սենյակները (Եզեկ․ 40:17 - տե՛ս այդ համարի բացատրությունը)։ Սլավոներենում այն թարգմանվում է «խոչընդոտներ», հունարենում՝ «exedrwn»՝ ակնհայտորեն մատնանշելով այն սենյակները, որոնք գտնվում էին տաճարի ներքին պատի մոտ, որոնք շատ մանրամասնորեն նկարագրվելու են 42-րդ գլխում և որոնք մարգարեն այստեղ հիշատակում է առանց համապատասխան բացատրություն տալու՝ ենթադրելով, որ ներքին գավթում դրանց առկայությունն ընթերցողի համար ինքնին հասկանալի և հայտնի էր դեռևս Սողոմոնի տաճարի պատկերից ու ներկայիս տաճարի արտաքին պատի հետ դրանց ունեցած նմանությունից։ Տաճարի այս ամենախորհրդավոր, սրբազան շրջանակն ուներ 20 կանգուն լայնություն, բայց այս թվին մի փոքր ավելի հետո (11-րդ համարում) ավելացվում է ևս 5 կանգուն եզրագծով մեկ այլ բաց տարածություն, որն ավելի մոտ էր տաճարային կառույցին, ինչի պատճառով էլ այն ուներ 25 կանգուն լայնություն։ Դա ինքնին ենթադրելի էր տաճարի ներքին գավթի մեծությունից․ 100 կանգուն գավթի լայնությունն էր, 50 կանգուն՝ երկու պատերով և սենյակներով տաճարի լայնությունը, ասել է թե՝ 50:2 = 25 կանգուն: Այս բաց տարածությունը ձգվում էր տաճարի «շուրջբոլորը» (սլավոներենում՝ «տաճարի շուրջը եղող շրջակայքը», այսինքն՝ տվյալ տարածությունը կազմում էր տաճարի շրջագիծը)՝ մի արտահայտություն, որն այստեղ կարող է ունենալ միայն խիստ սահմանափակ նշանակություն՝ մատնանշելով հյուսիսային, հարավային ու արևմտյան ուղղությունները, քանի որ տաճարի դիմաց՝ արևելյան կողմում կար հարյուր կանգուն կողմերով մի քառակուսի տարածք (որը մարգարեի կողմից արդեն իսկ հիշատակվել էր Եզեկ․ 40:47-րդ համարում), որը բուն տաճարից մի փոքր ավելի քիչ սրբություն «ուներ»․ դա այն քառանկյուն տարածքն էր, որի մեջտեղում գտնվում էր զոհասեղանը։ Կարծես թե «շուրջբոլորը» բառի իմաստային այս կիրառությունը եբրայական տեքստում (ինչպես 5-րդ համարի պարագայում էր – տե՛ս այդ համարի բացատրությունը) կրկնվում է երեք անգամ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Արտաքին կողմի որմի հաստութիւնը հինգ կանգուն էր,
(Արարատ թարգ․) Կողմնակի սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և այն տարածությունը տաճարի կողմնակի սենյակների
(Գրաբար) Եւ լայնութիւն որմոյ արտաքին կողմանն 'ի հինգ կանգնոյ. և առանցք 'ի մէջ կողմանց տանն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: