Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։4

Ա. Լոպուխին

«Իսկ սենյակների դիմաց մի անցում՝ տասը կանգուն լայնությամբ, և դեպի ներս՝ մեկ կանգուն․ դրանց դռները նայում էին դեպի հյուսիս»։ [4] (Սինոդական թարգ․)
   

    Չնայած որ սենյակները, ինչպես որ իմանում ենք հետագայում (4-րդ և 8-րդ համարներում), գտնվում էին 2 առանձին շենքերում, սակայն դրանցից կարևորագույնները և մեծամասնությունը գտնվում էին «մուն»-ի երկայնքով ձգվող շենքում, այնպես որ մյուս խմբի սենյակներին մարգարեն դեռևս չի անդրադառնում և խոսում է միայն առաջին խմբի սենյակների մասին։

    Սենյակների դիմաց («լիֆնեի» - առջևում, ճակատային հատվածում) մի անցում («մագալակ», «peripatoV», «մուտք»)՝ տասը կանգուն լայնությամբ», այսինքն՝ այնքան մեծ, որքան դարպասի լայնությունն էր (Եզեկ․ 40:11), քանի որ զոհաբերության համար անհրաժեշտ ամեն բան հետին շենքից այդ անցումի միջով պիտի տեղափոխվեր: Թե այս անցումն ինչով էր ավելի «նշանավոր» գավթի մնացած մասից՝ չի ասվում (գուցե այն կամրջա՞կ ուներ - Սմենդ), այլ դրա փոխարեն մի անհասկանալի նկատառում է արվում՝ «և դեպի ներս՝ մեկ կանգուն» (բառացիորեն՝ «դեպի ներս», կամ «դեպի ներսի ճանապարհը՝ մեկ կանգուն»), որը կարելի է հասկանալ կա՛մ այնպես, որ այդ անցումը տեղ-տեղ, օրինակ, շենքի դռների մոտ, ևս մեկ կանգունով ավելի խորացել է շենքի մեջ, կա՛մ էլ այնպես, որ բացի այս անցումից, ներսում կար մեկ կանգուն երկարությամբ ևս մեկ անցուղի (մայթ)՝ հենց շենքի մոտ։ Կամ էլ ավելի լավ է սույն նկատառումը տարընթերցել Յոթանասնից թարգմանության որոշ ձեռագրերի համաձայն՝ «երկարությունը («օրեկ» - «երկարություն», որը գրելաձևով նման է «դերեկ» - «ճանապարհ» բառին) հարյուր (կիրառված է «մեա» բառը՝ «էխադ» բառի փոխարեն) կանգուն էր» (որը հավասար էր տաճարի երկարությանը):

    «Սենյակների դռները, - իր նկարագրությունն է շարունակում մարգարեն, - նայում էին դեպի հյուսիս», ու ոչ թե դեպի տաճարը, որն ավելի հավանական էր ակնկալել, ինչի պատճառով էլ այս նկատառումն արվում է, չնայած որ դա ինքնին ենթադրելի էր 1-ին համարի վերջնահատվածից («հյուսիսային կողմի շենքի դիմաց էին»)։ Երկրորդ խմբի սենյակների դռների մասին չի խոսվում այդ սենյակների անկարևորության պատճառով, բայց դրանց դռները չէին կարող ուղղված լինել դեպի հյուսիս, քանի որ այդ դեպքում դրանք չէին տանի դեպի «անցում», այլ արդեն ուղղված կլինեին դեպի այդ անցումը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում:
(Արարատ թարգ․) Եվ սենյակների դիմաց մի ճեմավայր՝ դեպի ներս տասը կանգուն լայնությամբ, և մի ճանապարհ՝ մեկ կանգուն, և նրա մուտքերը դեպի հյուսիս էին նայում։
(Գրաբար) Եւ դէմ ընդ դէմ պատշգամացն գնացք 'ի տասն կանգնոյ լայնութիւն, և հարեւր կանգուն յերկայնութիւն. և ներգսագոյն կողմ ճանապարհին կանգուն մի. և դրունք նոցա ընդ հիւսւսի: