Ա. Լոպուխին
«Եվ Իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն Իմ գաղտնարանը, և ավազակները պիտի մտնեն այնտեղ և պիտի պղծեն այն»։[22] (Սինոդական թարգ․)
Պիտի ոչնչացվի նաև կործանվող թագավորության երրորդ, ըստ երևույթին ամենազորեղ և հուսալի հենարանը՝ տաճարը, որը կդադարի տաճար (սրբավայր) լինելուց, երբ պղծվի այն բանով, որ անմաքուրները կմտնեն տաճարի անհասանելի ու սրբասուրբ հատվածները («պիտի մտնեն այնտեղ») և կթալանեն սրբարանի անոթները, որոնք անձեռնմխելի են աշխարհիկների համար («ավազակներ» բառի փոխարեն Յոթանասնից թարգամնությունն ունի «ոչ վտանգավոր» արտահայտությունը, ասել է թե՝ նրանք անվնաս կերպով մուտք կգործեն տաճար): Տաճարն այստեղ կոչվում է մի բառով, որով ոչ մի այլ տեղ չի անվանվում, սակայն որը լեցուն է տաճարի կործանման կապակցությամբ Աստծո ունեցած խորը վշտով։
«Իմ գաղտնարանը» - այսինքն՝ կա՛մ «անմատչելի-թաքնված» մի բան, կա՛մ «Իմ գանձը» (Յոթանասնից թարգամնության մեջ գրված՝ «Իմ դիտարանը» - «episkophn»՝ սրբազան ժողովրդին հսկելու և կառավարման վայրը)։ Նկատի ունենալով տաճարի սույն անվանման հազվադեպ կիրառությունը՝ որոշ մեկնաբաններ առանց բավարար հիմնավորումների կարծում են, որ այստեղ նկատի է առնվում ոչ թե տաճարը, այլ կա՛մ սրբարանը, կա՛մ տաճարի գանձերը, կա՛մ էլ, վերջապես, սուրբ Քաղաքը։ Տաճարի պղծումը հնարավոր է դառնում միայն այն բանի պատճառով, որ Աստված «թեքում է Իր դեմքը» հրեաներից (մի արտահայտություն, որը հազվադեպ չէ հանդիպում Եզեկիելի մարգարեության մեջ, սակայն այս գլխում միայն մեկ անգամ է գործածվում), քանի որ անտանելի էր նայել Իր համար այդքան ծանր այդ տեսարանին։ Քանի դեռ տաճարը գոյություն ուներ, Յահվեն ողորմությամբ Իր երեսն ուղղել էր դեպի ժողովուրդը, սակայն այժմ Նա երես կշրջի երկրից ու ժողովրդից։ Հատկանշական է, որ ո՛չ այստեղ, ո՛չ էլ 8-11-րդ գլուխներում Եզեկիելը չի կանխագուշակում տաճարի կործանումը, այլ միայն դրա պղծումն ու Աստծո կողմից լքվելը։ Տաճարը, որը Նաբուգոդոնոսորի կողմից այրվեց, սակայն ոչ ամբողջությամբ, շուտով էլ վերականգնվեց, ուստի մարգարեական խորհրդածության դիտանկյունից տաճարը ոչ թե նյութապես կործանվեց, այլ միայն հոգեպես, ինչն էլ ավելի սարսափելի էր։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:19
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ պղծելու են դրանք: Երեսս շուռ եմ տալու նրանցից: Պղծելու են իմ սրբարանը, անխտիր մտնելու են այնտեղ, պղծելու են այն, խառնակութիւն են անելու,
(Արարատ թարգ․) Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։
(Գրաբար) Եւ դարձուցից զերեսս իմ ‘ի նոցանէ՝ և զոր արարէք ձե՛զ ինքեանց պէսպէս զարդս, և պղծեսցեն զնոսա։ Եւ պղծեսցեն զայցելութիւնս իմ, և մտցեն ‘ի նոսա անխտի՛ր. և պղծեսցեն զնոսա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: