Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։23

Ա. Լոպուխին

23-27․ «Շղթա՛ շինիր, որովհետև այս երկիրը լցված է արյունալի ոճիրներով, և քաղաքը լի է բռնությամբ»։ [23] «Ես ժողովուրդներից ամենաչարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին։ Եվ վերջ պիտի դնեմ հզորների ամբարտավանությանը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն»։ «Գալիս է կործանումը․ խաղաղություն պիտի որոնեն, բայց չեն գտնելու»։ «Թշվառության վրա թշվառություն պիտի գա, և գույժի վրա գույժ է լինելու. և նրանք տեսիլք պիտի խնդրեն մարգարեից, և ուսուցումը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից»։ «Թագավորը պիտի սգա, և իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան։ Ես նրանց հետ իրենց ճանապարհների համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց, և կիմանան, որ Ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Մեղքերի չափը հասել է իր գագաթնակետին, և Աստված հռչակել է Իր դատաստանը, որը շուտով իրականացվելու է աշխարհի ամենավատթար և դաժանագույն ժողովուրդների կողմից: Հարվածը հարվածի հետևից խոցելու է հպարտ քաղաքին, որն անկում է ապրելու։ Ոչ ոք մի լավ խորհուրդ չի տալու և օգնության ձեռք չի մեկնելու, այլ խուլ հուսահատություն է տիրելու հասարակության թե՛ բարձր, թե՛ ցածր խավերի շրջանակներում։ Այդպես է պահանջում Յահվեի արդարադատությունը, Նրա՛, Ով վերջապես ցանկանում է բացահայտել Ինքն Իրեն՝ Իր ճշմարիտ էության մեջ: Այդպիսով, մարգարեն Երուսաղեմի գալիք անկման մասին իր ակնարկում՝ այդ աղետի վերջնահատվածից ընթանալով դեպի դրա սկզբնահատվածը, իր խոսքի այս բաժնում հասնում է այդ արհավիրքի նկարագրության սկզբնական շրջանին, երբ արյունարբու նվաճողի ներխուժման լուրն առաջին անգամ հասավ Երուսաղեմ և զարհուրեցրեց ամենքին։

   «Շղթա՛ շինիր, որովհետև այս երկիրը լցված է արյունալի ոճիրներով, և քաղաքը լի է բռնությամբ» - «Շղթա՛ շինիր»՝ որպես գերության նշան։ Հրամայական եղանակն այստեղ հազիվ թե իրեն հատուկ նշանակությունն ունի, այլ դա մեկ այլ նպատակ է հետապնդում, ինչպես Ամոսի մարգարեության 9։1-ին համարում է։ Դեռ ավելին, արտահայտության վավերականությունը կասկածելի է։ Եբրայեցերենում գրված է՝ «ռատտօկ», որը նշանակում է ոչ թե շղթա, այլ շղթայավորում։ Հնագույն թարգմանությունները, սակայն, չեն հաստատում եբրայական ընթերցումը։ Յոթանասնից թարգմանությունը փոխանցում է հետևյալ ձևով․ «Նրանք ապստամբություն կառաջացնեն» (այսինքն՝ հավանաբար, նախքան թշնամական ներխուժումը երկրում ապստամբություն տեղի կունենա, որը կհեշտացնի թշնամու նվաճողական ձեռնարկումը)։ Վուլգաթայում ասվում է՝ «եզրակացություն անել»՝ խոսքի վերաբերյալ։ Այստեղ, ինչպես 9:9-րդ, 11։6-րդ և համեմատությամբ նաև՝ 8:17-րդ համարներում՝ ի տարբերություն 5-րդ, 6-րդ և 8-րդ գլուխների, Հուդայի մեղքերի «դերում» հանդես է գալիս մեկ այլ բան․ «Այս երկիրը լցված է արյունալի ոճիրներով, և քաղաքը լի է բռնությամբ»: Հավանաբար, այստեղ ի նկատի են առնվում բոլոր տեսակի արյունահեղություններն ու բռնությունները, որոնք սկսել էին տեղի ունենալ Հեքոնիայի վերաբնակեցումից հետո ամեն տեսակի հարաբերությունների կատարյալ այլասերման ճանապարհով (հմմտ․ Եզեկ․ 7:12, 26:18, 22-րդ, 24-րդ գլուխներ, հատկապես 22:25-րդ, 27-րդ համարներ՝ համեմատությամբ Ողբ 4։12-15-րդ համարներ)։ Այստեղ հնչող երկրորդ նախատինքն առաջինից ավելի թույլ է թվում, սակայն քաղաքում չէին կարող այդքան շատ սպանություններ տեղի ունենալ, որքան ողջ պետության սահմաններում։

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) որովհետեւ երկիրը լցուել է նրանց արիւնալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրէնութիւններով:
(Արարատ թարգ․) Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։
(Գրաբար) և արասցեն խառնակութիւն. զի լցա՛ւ երկիր ‘ի դատաստանաց արեանց նոցա, և քաղաքք լի՛ եղեն անօրէնութեամբք։