Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։26

Ա. Լոպուխին

«Թշվառության վրա թշվառություն պիտի գա, և գույժի վրա գույժ է լինելու. և նրանք տեսիլք պիտի խնդրեն մարգարեից, և ուսուցումը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից»։[26] (Սինոդական թարգ․)
   

   «Թշվառության վրա թշվառություն․․․» - եբրայեցերեն «գովա» բառը Յոթանասնից թարգմանությունը փոխադրում է «վիշտ» իմաստով՝ «οὐαι ἐπι οὐαι»։ Հերոնիմոս Երանելին սրանց հակադրում է ա՛յն խոսքով, որն ասվում է սրբերի համար. «Ուրախացե՛ք և դարձյա՛լ ուրախացեք»:

   «Գույժի վրա գույժ» - գերմաներենում՝ «Hiobpost» - «Հոբի նամակը, լուրը»։ Երկիրն ասպատակող զորքերի ժամանման և դաժանության մասին սարսափելի լուրերը մեկը մյուսի հետևից հնչելու են բոլոր կողմերից։ Այնուհետև նկարագրվում է նախկինում այդքան հանդուգն հոգևոր առաջնորդների խառնաշփոթը, նրա՛նց․ ովքեր «զետեղված» են հետևյալ 5 դասերում (ժողովրդի հետ մեկտեղ՝ 6)․ մարգարեներ, քահանաներ, ծերեր, թագավորներ և իշխաններ:

   «Տեսիլք պիտի խնդրեն մարգարեից» - այսինքն՝ նրա միջոցով պիտի խնդրեն Աստծո հայտնությունը (13-րդ համար)՝ այնհարցի վերաբերյալ, թե արդյոք դեռ միջոց մնացե՞լ է՝ խուսափելու համար սպառնալից աղետներից։ Համաձայն Երեմիայի մարգարեության 38։14-րդ համարի՝ հենց այդպես էլ արեց Սեդեկիան։ Սակայն քանի որ Աստծո կողմից լքված լինելու պատճառով այլևս մարգարեներ չեն լինելու, ուստի զուր է լինելու հայտնություններ փնտրելը: Խոսքը վերաբերում է նաև կեղծ մարգարեներին:

   «Եվ ուսուցումը (բառացիորեն՝ «օրենքը», «թորա»-ն) պիտի կորչի քահանայից» - Քահանաներն անկարող են լինելու օրենքից բխող ցուցումներ տալ գործողությունների ընթացքի վերաբերյալ: Ուշադրության է արժանի քահանաների մասին այս նկատառումը. «Ո՛չ թե որպես զոհաբերություններ կատարողներ, այլ որպես ցուցումներ տվող անձեր՝ քահանաներն այստեղ ներկայանում են կյանքի հոգևոր ոլորտում իրենց գործունեությամբ, իսկ օրենքը՝ «թորա»-ն, հանդիսանում է կենդանի զորություն, որը պատասխանատու է ամեն պարագայի համար և երբևէ չի դադարում գորևծելուց» (Վելհաուզեն, Proll. 3rd ed., 414):

   «Ծերեր» հասկացությունը ոչ թե հասարակական դաս կամ խավ էր մատնանշում (երեցները ցեղերի ղեկավարներն էին, որոնց մասին խոսվում է հաջորդ համարում), այլ մի տարիք, որը հարուստ էր կենսափորձով։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:23
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Դժբախտութիւնը դժբախտութեան վրայ է գումարուելու, գոյժը՝ գոյժի: Մարգարէների մօտ տեսիլքներ են փնտռելու, քահանայի մօտ՝ ցանկալի օրէնքներ, ծերերի մօտ՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու:
(Արարատ թարգ․) Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։
(Գրաբար) Վա՛յ ‘ի վայի՛ վերայ եղիցի, և գո՛յժ ‘ի գուժի. խնդրեսցին տեսիլք ‘ի մարգարէից, և օրէնք դիւրիչք ‘ի քահանայէ, և խորհուրդք ‘ի ծերոց. և ո՛չ գտանիցին։