Ելից գրքի մեկնություն 29։19

Ա. Լոպուխին

19-20. Մեկ այլ խոյ էլ կվերցնես, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն: [19] Կմորթես այդ խոյը, կվերցնես դրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին ու նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքի բթամատին և նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը կցողես զոհասեղանի շուրջբոլորը: (Սինոդական թարգ․)
   
   Այնուհետև նկարագրվում է ընծայվող զոհի ծիսակարգը: Ընծայվող զոհի առաջին առանձնահատկությունը նրա արյունը ընծայվողների աջ ականջների բլթակներին, աջ ձեռքերի և ոտքերի բթամատներին քսելն էր: Ականջները, ձեռքերն ու ոտքերը օծվում են այն պատճառով, քանի որ դրանց միջոցով քահանաները կատարում են իրենց ծառայությունը: Ականջը օծվում է նրա համար, որպեսզի այն ավելի լավ լսի Աստծո օրենքները, ձեռքը՝ նրա համար, որպեսզի այն ճշգրիտ կերպով իրականացնի Աստծո պատվիրաններն ու քահանայի պարտականությունները, իսկ ոտքը՝ այն բանի համար, որպեսզի այն անարատ կերպով մուտք գործի սրբարան: «Օծվում են,- ասում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին,- աջ հատվածի բոլոր անդամները, այսինքն՝ նրանց ծայրերը՝ իբրև այդ անդամների վերջին մասնիկը. ականջի, ձեռքի ու ոտքի ծայրերը, որովհետև ցանկացած բարի գործ ազնիվ ու ճշմարիտ է և ոչ մի կապ չունի «չար» համարվող ձախ հատվածի վերջույթների հետ, քանի որ Աստծուն ընծայվածները պետք է մինչև վերջ սրբված ու համբերատար լինեն, ուստի և բացարձակապես խելամիտ չէր լինի հետ վերադառնալ՝ հրաժարվելով բարի գործը մինչև վերջ իր ավարտին հասցնել»:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես մյուս խոյը, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն:
(Գրաբար) Եւ առցես զխոյն երկրորդ. եւ դիցեն Ահարոն եւ որդիք նորա զձեռս իւրեանց ի վերայ գլխոյ խոյին: