Ելից գրքի մեկնություն 3։19

Ա. Լոպուխին

19-22. Եվ Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան ձեզ թույլ չի տա գնալ, եթե մի զորավոր ձեռք չստիպի նրան: [19] Եվ Ես կմեկնեմ Իմ ձեռքը ու կհարվածեմ Եգիպտոսին Իմ բոլոր հրաշագործություններով, որ պիտի անեմ նրա մեջ, և ապա նա թույլ կտա ձեզ գնալ: Ես եգիպտացիների ներկայությամբ շնորհներ եմ տալու Իմ ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա։ Ամեն մի կին թող իր հարևանից և նրա տանը բնակվող կնոջից արծաթյա և ոսկե զարդեր, նաև հանդերձներ խնդրի, և դրանցով դուք կզարդարեք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին և այդպիսով կողոպտած կլինեք եգիպտացիներին: (Սինոդական թարգ․)
   
   Չնայած որ փարավոնը համառ էր ( Ելք 3:19), Մովսեսն ու ծերերը չպետք է կասկածեն հրեաներին Եգիպտոսից դուրս հանելու աստվածային վճռին: Առաջիկա ելքի իրականացումն իր անվիճարկելիությամբ համընկնում է Աբրահամին տրված կանխագուշակման հետ, քանի որ եթե նրան ավետվել է, որ «Տերը դատ պիտի անի այն ժողովրդի վրա, որի հետնորդները պիտի ստրկացվեն, որից հետո նրանք մեծ կալվածքով դուրս պիտի գան» (հմմտ. Ծննդ. 15:14), ապա ուրեմն հենց այդպես էլ կլինի: Եգիպտոսից դուրս գալուց առաջ Աստված «կերկարացնի Իր ձեռքը» (Ելք 6:6, 7:5, 9:15), կհարվածի հրաշքներով, նշաններով, «պատիժներով», «մեծ դատաստաններով» (Ելք 7:3-4, 11:9, Բ Օր. 6:22, Նեեմիա 9:10, Սաղմ. 104:27, 134:9, Երեմ. 32:20, Գործք. 7:36), որից հետո «փարավոնը ազատ կարձակի ձեզ, և դուք կգնաք…» ոչ թե դատարկաձեռն (Ելք 3:20-21), այլ «…կկողոպտեք եգիպտացիներին» (Ելք 3:22): «Կկողոպտեք եգիպտացիներին» արտահայտությունը համապատասխանում է եբրայերեն «նացալ» (nazal) բայի երրորդ ձևի թարգմանությունը, որը բառացիորեն նշանակում է «ինչ որ բան վերցնել ուժով, իշխանությամբ՝ իբրև ավար»: Հրեաները եգիպտացիներից իրեր կվերցնեն, ինչպես հաղթողները՝ պարտվածներից: Հրեաների կողմից բռնության գործադրման հավանականությունը վերանում է այն պատճառով, որ Ելից գրքի 12-րդ գլխի 36-րդ համարում առկա նկարագրության մեջ (Ելք 12:36) կա մի արտահայտություն՝ «եգիպտացիները տվեցին», որը եբրայերենից բառացիորեն թարգմանվում է «նվիրեցին» («շա’ալ» բայի 5-րդ ձևն է):

   «Շա’ալ» բայը, որը մեկ անգամ ևս գործածվում է Ա Թագ. 1:28-ի այն պատումի մեջ, ուր Աննան՝ Սամուելի մայրը, նրան Աստծուն ծառայելուն հանձնեց, մատնանշում է կամավոր, ոչ հարկադրական նվիրատվությունը: Նույն եզրակացությունը հաստատվում է «ես եգիպտացիների ներկայությամբ շնորհներ եմ տալու Իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք» արտահայտությամբ (Ելք 3:21), որը հավասարազոր է 12-րդ գլխի 36-րդ համարին՝ «Տերը շնորհ պարգևեց Իր ժողովրդին եգիպտացիների առաջ…և նրանք կողոպտեցին նրանց» ( Ելք 12:36): Հենց Ինքը՝ Աստված է Իր զորությամբ եգիպտացիներին առատաձեռնության մղում: Այն արտահայտությունը՝ «և դուք կզարդարեք, այսինքն՝ ձեռք բերված իրերո՛վ կզարդարեք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին» (Ելք 3:22) մատնանշում է, որ խոսքը զարդերի՛ մասին է (Ծննդ. 24:53, Ելք 35:22, Թվ. 31:50):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան:
(Արարատ թարգ․) Եվ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, եթե մի զորավոր ձեռք չստիպի նրան:
(Գրաբար) Եւ ես գիտեմ, եթէ ոչ թողուցու զձեզ արքայն Եգիպտացւոց գնալ, եթէ ոչ հզաւր ձեռամբ: