Ա․ Լոպուխին
20-23. Եվ Մովսեսն առավ իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա ու վերադարձավ Եգիպտոսի երկիրը: Եվ Մովսեսն Աստծո գավազանն իր ձեռքն առավ: [20] Եվ Տերն ասաց Մովսեսին. «Երբ գնաս ու վերադառնաս Եգիպտոս, տե՛ս, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք Ես շնորհեցի քո ձեռքը: Ես կխստացնեմ նրա սիրտը, ու նա չի արձակի ժողովրդին: Եվ ասա՛ փարավոնին. «Այսպես է ասում Տերը. Իսրայելն Իմ որդին է՝ Իմ անդրանիկը: Ասում եմ քեզ՝ արձակի՛ր Իմ որդուն, որպեսզի նա պաշտի Ինձ: Իսկ եթե չկամենաս արձակել, ահա Ես կսպանեմ քո որդուն՝ քո առաջնեկին»»: (Սինոդական թարգ․)
Մովսեսի՝ դեպի Եգիպտոս ճանապարհորդելու ժամանակ նրան տրվում է երրորդ աստվածհայտնությունը, ըստ որի Տերը ցույց է տալիս այն իրերն ու միջոցները, որոնց օգնությամբ պիտի իրականացվեր աստվածային ծրագիրը: Մովսեսը հրեաներին ազատ արձակելու, անապատում Աստծուն զոհաբերություն մատուցելու իր խնդրանքը (Ելք 3:18) փարավոնի առաջ պիտի համոզիչ դարձներ այն բոլոր երեք հրաշքների իրագործմամբ, որոնց զորության մասին ասվել էր Մովսեսին («որոնք անելու շնորհը տվել եմ քո ձեռքը», Ելք 4:21): Եվ չնայած որ հրաշքներով լի այս գործողությունները՝ ոչ միայն վերը նշված երեքը, այլև գալիք բոլոր հրաշագործությունները ևս (23-րդ համարում խոսվում է վերջին պատժի մասին), ոչ մի ազդեցություն չէին թողնելու փարավոնի վրա, քանի որ Աստծո կամքով նրա սիրտը կարծրանալու էր, սակայն Մովսեսը չպետք է շփոթվեր նման իրադրության առջև:
Փարավոնը հրեաներին ազատ արձակելու պահանջը կկատարեր վերջին պատժից՝ իր անդրանիկի սպանությունից հետո (Ելք 12:29-33), որը հանդիսանում է Տիրոջ վրեժխնդրությունն այն բանի համար, որ փարավոնը Իսրայելին՝ Աստծո անդրանիկին, ազատ չէր արձակում: Իսրայելն իբրև Աստծո սիրո առարկա Նրա անդրանիկն է (Ովս․ 11:1), սիրելի որդին, և հետևաբար պատշաճ չէ, որ նա, ով նախասահմանված է Աստծուն ծառայելու համար (Ելք 23:1, 19:6), ծառայում է մարդուն: Իսրայելի իրավունքները չճանաչելու համար փարավոնը վճարում է իր ավագ որդու կյանքով.«Խստասիրտ կդարձնեմ փարավոնին» (Ելք 4:21): Փարավոնի սրտի կարծրության «հեղինակը» մեկ Աստված է (Ելք 7:3, 12:12, 10:1, 20, 27, 11:10, 14:4, 8, 17), մեկ էլ նա ինքը՝ փարավոնը (Ելք 7:13, 14:22, 8:15, 19, 32, 9:7, 34, 35, 13:15):
Փարավոնը հենց ինքն էր այդ իրավիճակի մեղավորը, քանի որ նա, ինչպես նաև նրա շրջապատի մարդիկ չէին ցանկանում հնազանդվել աստվածային վերին կամքին՝ ելնելով սեփական հպարտությունից ու շահամոլությունից (Ելք 8:19, 9:27): Փարավոնը պատժի ժամանակ պատրաստ էր ազատ արձակել հրեաներին, սակայն երբ պատիժը վերանում էր, նա դարձյալ հրաժարվում էր այդ քայլը կատարելուց: Բայց մյուս կողմից էլ փարավոնի մեղսալից հակումներն այդ աստիճան չէին զարգանա, եթե նրան ուղղված չլիներ հրեաներին ազատ արձակելու աստվածային հրամանը: Այս առումով նրա սրտի կարծրության «պատճառն» Աստված էր:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն առավ իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա ու վերադարձավ Եգիպտոսի երկիրը: Եվ Մովսեսն Աստծո գավազանն իր ձեռքն առավ:
(Գրաբար) Եւ առեալ Մովսիսի զկին իւր եւ զմանկունս իւր, եւ եհան զնոսա ի գրաստս, եւ դարձաւ յԵգիպտոս: Առ Մովսէս զգաւազանն որ յԱստուծոյ ի ձեռին իւրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: